Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.04.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.05.21/29(619)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
23.04.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
23.04.2008
Дата вступления в силу
23.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-4144/2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 167(ՎԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան  

Դատավորներ՝ Տ. Սահակյան

               Ն. Հովսեփյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի ապրիլի 23-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Կոլյա Հայրապետյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.12.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվի (այսուհետ՝ Կոոպերատիվ) ընդդեմ Կոլյա Հայրապետյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Կոոպերատիվը պահանջել է Կոլյա Հայրապետյանից բռնագանձել 1.152.000 ՀՀ դրամ որպես առուվաճառքի պայմանագրով գնված ապրանքի համար վճարվելիք գումար և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները՝ մինչև վճռի փաստացի կատարման պահը:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 03.05.2006 թվականի վճռով հայցը մերժվել է:

Քաղաքացիական վերաքննիչ դատարանի 27.06.2006 թվականի վճռով հայցը 1.152.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով բավարարվել է, իսկ մնացած մասով՝ մերժվել:

Վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի որոշմամբ Քաղաքացիական վերաքննիչ դատարանի 27.06.2006 թվականի վճիռը բեկանվել է, իսկ գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.12.2007 թվականի վճռով հայցը 1.152.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով բավարարվել է, իսկ մնացած մասով՝ մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոլյա Հայրապետյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ մասը, 53-րդ և 218-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 782-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր, և կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, անտեսելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 20.02.2007 թվականի դատավճռով հաստատված հանգամանքները, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 05.09.2007 թվականի որոշումը, ըստ էության կայացրել է սխալ վճիռ:

Դատարանը, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է վճիռը նոր երևան եկած հանգամանքի հիմքով, քանի որ այդ հանգամանքները անհայտ են եղել գործին մասնակցող անձանց և դրանք հայտնի լինելու և դատարան ներկայացնելու պարագայում դատարանը կկայացներ ըստ էության այլ վճիռ: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը 2007 թվականի դեկտեմբերի 14-ին կայացրել է նույն վճիռը:

Բացի այդ, դատարանը բազմակողմանի, լրիվ և ճիշտ չի գնահատել գործում առկա «ստացական» վերտառությամբ փաստաթուղթը, որով ուղղակիորեն հաստատվում է միայն այն հանգամանքը, որ Կ.Հայրապետյանը Ս.Խաչատրյանից ստացել է 5760 կգ կարտոֆիլի տնկանյութ:

5760 կգ կարտոֆիլը Կոլյա Հայրապետյանը ստացել է Անուշ Համբարյանի համար և նրա հանձնարարությամբ, հետևաբար, դրա դիմաց վճարման պարտավորությունն անմիջականորեն ծագել է Անուշ Համբարյանի մոտ:

Դատարանը, վճռի հիմքում դնելով սույն քաղաքացիական գործում առկա ստացականը, հաշվի չի առել, որ այդ ստացականը հիմք չէ Կոոպերատիվի և Կոլյա Հայրապետյանի միջև պայմանագրային իրավահարաբերությունների առկայությունն ապացուցված համարելու համար:

Դատարանը չի նշել այն փաստերը, որոնց հիման վրա մասնակիորեն բավարարել է հայցը, ինչպես նաև վճռի հիմքում չի դրել համապատասխան իրավական նորմերն ու փաստերը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.12.2007 թվականի վճիռը՝ հայցը բավարարելու մասով, և օրինական ուժ տալ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 03.05.2006 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 20.06.2004 թվականին Կոլյա Հայրապետյանը ստորագրել է «Ստացական» վերնագրված փաստաթուղթ հետևյալ բովանդակությամբ. «Ես Կոլյա Հայրապետյանս, Սամվել Խաչատրյանից ստացա 5760 կգ կարտոֆիլի տնկանյութ, որի համար ստորագրում եմ»:

2. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի 27.12.2007 թվականի դատավճռով (այսուհետ՝ Դատավճիռ) հաստատված է համարվել այն փաստը, որ Անուշ Համբարյանը, 18.06.2004 թվականին չարաշահելով Կոոպերատիվի նախագահ Սամվել Խաչատրյանի վստահությունը, երկշաբաթյա ժամկետում վճարելու պայմանով Կոլյա Հայրապետյանի միջոցով ստացել է 1 կիլոգրամը 200 ՀՀ դրամ արժողության 5760 կգ կարտոֆլի տնկանյութ, սակայն հետագայում հրաժարվել է վճարել ստացված 1 152 000 ՀՀ դրամ կազմող սերմացուի արժեքը:

3. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 20.02.2007 թվականի դատավճռով ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 27.12.2006 թվականի դատավճիռը թողնվել է անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքները՝ առանց բավարարման:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քրեական գործով oրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:

Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ վճռի մեջ պետք է նշվեն վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցները, ինչպես նաև այն օրենքները, ՀՀ միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՜ փաստական և թե՜ իրավական հիմնավորումները:

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին: Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տե´ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ընդդեմ «Քնար-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, քաղ. գործ թիվ 3-2504(ՏԴ) (գումար բռնագանձելու պահանջով)):

Սույն քաղաքացիական գործով հայցապահանջի բավարարման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ դատավճռով հաստատված հանգամանքները սույն գործի համար նախադատելի նշանակություն չեն կարող ունենալ, քանի որ Սամվել Խաչատրյանի և Կոլյա Հայրապետյանի միջև եղել են քաղաքացիաիրավական բնույթի հարաբերություններ:

Վերաքննիչ դատարանի վերոնշյալ եզրահանգումն անհիմն է, քանի որ դատավճռով հաստատվել են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք, որոնք նախադատելի նշանակություն ունեն սույն քաղաքացիական գործի համար, քանի որ դրանցով հիմնավորվում է Անուշ Համբարյանի և Սամվել Խաչատրյանի միջև պարտավորական հարաբերությունների առկայությունը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով այն հանգամանքը, որ Անուշ Համբարյանի և Կոլյա Հայրապետյանի միջև առկա են եղել «որոշակի իրավահարաբերություններ, որոնք սույն քաղաքացիական վեճի առարկա չեն հանդիսանում», չի հիմնավորել նշված պնդումը:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել և գնահատման առարկա չի դարձրել Անուշ Համբարյանի և Կոլյա Հայրապետյանի միջև համատեղ գործունեություն իրականացնելու վերաբերյալ համաձայնության առկայության հանգամանքը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործը պետք է ուղարկել նոր քննության՝ Անուշ Համբարյանի և Կոլյա Հայրապետյանի միջև համատեղ գործունեություն իրականացնելու վերաբերյալ համաձայնությունը հիմնավորող ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.12.2007 թվականի վճռի՝ հայցը բավարարելու մասը և գործն այդ մասով ուղարկել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան