«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2002 թվականի N 1925-Ն
«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հանրապետական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
2. Հաստատել «Հանրապետական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի:
3. Ստեղծել «Հանրապետական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցչություններ՝ համաձայն N 2 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա» պետական հիմնարկի տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Հանրապետական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա» պետական հիմնարկի տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հանրապետական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով՝ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
5. Սահմանել, որ՝
ա) «Հանրապետական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակը՝
կենդանիների հիվանդությունների (այդ թվում՝ թռչունների, մուշտակամորթ գազանների, ձկների և մեղուների) լաբորատոր ախտորոշման սահմանումն է,
վարակիչ հիվանդություններով կամ նյութափոխանակման խախտումների և օրգանիզմի գործունեության այլ շեղումների հետ կապված հիվանդություններով հիվանդ կենդանիների, ինչպես նաև կենդանիների զանգվածային հիվանդությունների պատճառների հայտնաբերումն է,
կենդանական ծագման մթերքի (միս, կաթ, ձու, մեղր, պահածոներ) և հումքի փորձաքննության կազմակերպումն է,
օտարերկրյա պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցումը կանխելու, պետական անասնաբուժական հսկման ենթակա բեռների փոխադրումների ժամանակ անասնաբուժասանիտարական պահանջների ապահովումն է.
բ) «Հանրապետական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևով:
6. «Հանրապետական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական պետական տեսչությանը:
7. Թույլատրել «Հանրապետական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
ա) կենդանական ծագման մթերքի և հումքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացում.
բ) լաբորատոր մեթոդներով կենդանիների հիվանդությունների ախտորոշում:
8. «Հանրապետական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ու դրոշակնիքի ձեռքբերման, ինչպես նաև պետական կազմակերպությանը սույն որոշման համաձայն հանձնվող գույքի գրանցման ծախսերը կատարվում են «Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա» պետական հիմնարկի պահպանման ծախսերի հաշվին:
9. «Հանրապետական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Հանրապետական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:
2. Կազմակերպությունն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1925 - Ն որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա» պետական հիմնարկի վերակազմակերպման միջոցով և հանդիսանում է նրա իրավահաջորդը:
(2-րդ կետը լրաց. 13.03.03 N 240-Ն)
3. Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:
4. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, սահմանված կարգով բացված բանկային հաշիվներ, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, իր անվանմամբ (հայերեն, ռուսերեն, անգլերեն) կլոր կնիք և դրոշմակնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
5. Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար:
6. Կազմակերպությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփական գույքով: Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություն, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
Կազմակերպությունը հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող (ոչ առևտրային) կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան:
7. Կազմակերպության անվանումն է՝
հայերեն լրիվ՝ «Հանրապետական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
հայերեն կրճատ՝ «Հանրապետական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ,
ռուսերեն լրիվ՝ "Республиканский противоэпизоотический и диагностический центр" государственная некоммерческая организация,
ռուսերեն կրճատ՝ "Республиканский противоэпизоотический и диагностический центр" ГНКО,
անգլերեն լրիվ` "Republican antiepizootic and diagnostic center" state non commercial organization,
անգլերեն կրճատ՝ "RADC" SNCO:
8. Կազմակերպության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Էրեբունու 12:
II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ
9. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակն են՝
ա) կենդանիների հիվանդությունների (այդ թվում՝ թռչունների, մուշտակամորթ գազանների, ձկների և մեղուների) լաբորատոր ախտորոշման սահմանումը.
բ) վարակիչ հիվանդություններով կամ նյութափոխանակման խախտումների և օրգանիզմի գործունեության այլ շեղումների հետ կապված հիվանդություններով հիվանդ կենդանիների հայտնաբերումը.
գ) կենդանիների զանգվածային հիվանդությունների պատճառների հայտնաբերումը.
դ) կենդանական ծագման մթերքի (միս, կաթ, ձու, մեղր, պահածոներ) և հումքի փորձաքննության կազմակերպումը.
ե) օտարերկրյա պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցումը կանխելու նպատակով պետական անասնաբուժական հսկման ենթակա բեռների փոխադրումների ժամանակ անասնաբուժասանիտարական պահանջների ապահովումը:
III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
10. Կազմակերպությունը՝
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում կատարում է անասնապահությամբ զբաղվող տնտեսություններից կամ մարզերի տարածաշրջանային անասնաբուժական ծառայություններից ստացված նմուշների, կենդանիների (այդ թվում՝ թռչունների, մուշտակամորթ գազանների, ձկների, մեղուների և այլ կենդանիների) հիվանդությունների ախտորոշման նպատակով լաբորատոր հետազոտություններ.
բ) կենդանիների անվտանգությունն ապահովելու նպատակով հետազոտում է կերերը և ջուրը.
գ) տնտեսություններին, կազմակերպություններին, տնտեսավարող սուբյեկտներին հայտնում է սահմանված կարգով հետազոտված նյութերի հետազոտությունների արդյունքները և դրանց մասին տալիս եզրակացություններ՝ համապատասխան առաջարկություններով.
դ) հատուկ վտանգավոր հիվանդություններ հայտնաբերելու դեպքում որոշում է ախտորոշիչ հետազոտությունների բնույթը, ծավալը և կարգը, ապահովում է սեղմ ժամկետում դրանց իրականացումը.
ե) իրականացնում է տարածաշրջանային անասնաբուժական ծառայությունների ախտորոշիչ բաժինների մեթոդական ղեկավարումը.
զ) կենդանական ծագման մթերքի և հումքի անվտանգության ապահովման նպատակով անցկացնում է անասնաբուժասանիտարական փորձաքննություն.
է) պրոպագանդում է կենդանիների հիվանդությունների դեմ պայքարի առաջավոր փորձը:
IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
11. Կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակներն են՝
ա) կենդանական ծագման մթերքի և հումքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացումը.
բ) լաբորատոր մեթոդներով կենդանիների հիվանդությունների ախտորոշումը:
V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
12. Կազմակերպության կառավարման մարմիններն են՝
ա) հիմնադիրը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը,
բ) լիազորված պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը,
գ) գործադիր մարմինը (տնօրենը):
13. Կազմակերպության հիմնադիրն իրավունք ունի վերջնական լուծում տալու կազմակերպության գործունեությանն ու կառավարմանը վերաբերող ցանկացած հարցի՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Նրա բացառիկ լիազորություններն են՝
ա) կազմակերպության ստեղծումը և կանոնադրության հաստատումը.
բ) կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում՝ նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
գ) կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը.
դ) օրենքով նախատեսված այլ հարցերի լուծումը:
14. Լիազորված պետական մարմինը՝
ա) հաստատում է կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող՝ պետությանը պատկանող գույքի կազմը.
բ) ստեղծում է կազմակերպության լուծարման հանձնաժողով և հաստատում լուծարման հաշվեկշիռը.
գ) իրականացնում է կազմակերպության ընդհանուր կառավարումը, ապահովում դրա բնականոն գործունեությունը և կրում պատասխանատվություն դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.
դ) ձևավորում է կազմակերպության կառավարման մարմինները, իրականացնում նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
ե) իրականացնում է վերահսկողություն կազմակերպության նկատմամբ.
զ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կազմակերպության տնօրենի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, կարգադրությունները և ցուցումները.
է) լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները, քննում դրա գործունեության վերստուգման արդյունքները.
ը) իրականացնում է վերահսկողություն կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.
թ) իրականացնում է վերահսկողություն կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ, Հայաստանի Հանրապետության օրենքով և հիմնադրի որոշմամբ համաձայնություն է տալիս նրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնելու համար.
ժ) հաստատում է կազմակերպության տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը.
ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմնադրի որոշմամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
15. Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմնի ղեկավարը:
16. Կազմակերպության տնօրենն իրեն վերապահված լիազորության սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
17. Լիազորված պետական մարմնի ղեկավարը հիմնադրի անունից կազմակերպության տնօրենի գործառույթներ իրականացնող անձի հետ կնքում է պայմանագիր:
18. Կազմակերպության տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից:
19. Կազմակերպության տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետական կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար:
20. Տնօրենի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
21. Տնօրենը պարտավոր է չկատարել վերադաս կառավարման մարմինների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:
22. Տնօրենի բացակայության դեպքում, նրան պաշտոնի նշանակած մարմնի գրավոր որոշման համաձայն, տնօրենի լիազորություններն իրականացնում է այլ անձ:
Տնօրենը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է օրենքով սահմանված կարգով:
23. Կազմակերպության տնօրենը՝
ա) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում պայմանագրեր.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով ու սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
գ) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
ե) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
զ) սահմանում է կազմակերպության կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
է) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
ը) օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կազմակերպության կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ.
ժ) հաստատում է կազմակերպության ներկայացուցչությունների կանոնադրությունները.
ժա) պաշտոնի է նշանակում ներկայացուցչությունների ղեկավարներին և տալիս համապատասխան լիազորագրեր:
VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
24. Կազմակերպության ներկայացուցչություններն են՝
ա) մարզերի անասնաբուժական պետական տեսչության ներկայացուցչություններ,
բ) սահմանային անասնաբուժական հսկիչ կետերի ներկայացուցչություններ,
գ) տրանսպորտային անասնաբուժասանիտարական տեղամասերի ներկայացուցչություններ:
25. Կազմակերպության ներկայացուցչություններն իրավաբանական անձինք չեն և գործում են իրենց կանոնադրություններին համապատասխան:
26. Կազմակերպության ներկայացուցչություններն ունեն իրենց անվանմամբ դրոշմակնիք:
VII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
27. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է հիմնադրի կողմից՝ սեփականության իրավունքով նրան հանձնվող և իր գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից:
28. Կազմակերպությունն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենքներին, հիմնադրի որոշումներին և սույն կանոնադրությանը համապատասխան՝ իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
29. Կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ հիմնադիրը չունի իրավունքներ՝ բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:
30. Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:
31. Կազմակերպության սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով:
VIII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ
32. Հիմնադրի որոշմամբ կազմակերպությանն անժամկետ և անհատույց ամրացվում է գույք:
33. Կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու և հանձնելու անհատույց օգտագործման:
34. Կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի՝ բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի:
35. Ամրացված գույքի օգտագործման արդյունքում կազմակերպության ստացած եկամուտները նրա սեփականությունն են:
36. Ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:
37. Հիմնադրի կողմից գույքը կազմակերպությանն ամրացնելը չի կարող հիմք հանդիսանալ այդ գույքի նկատմամբ հիմնադրի իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:
38. Հիմնադրի կողմից կազմակերպությանն ամրացված գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ կազմակերպության կողմից օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:
IX. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
39. Կազմակերպության շահույթն օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար՝ հետևյալ ուղղություններով՝
ա) կազմակերպության աշխատանքային գործունեությունն ապահովող գույքի և նյութերի ձեռքբերում.
բ) կազմակերպության աշխատողների կենսաապահովման բարձրացում, պարգևատրումներ, հավելավճարներ և խրախուսում.
գ) կազմակերպության տեխնիկական հագեցվածության բարելավում, այդ թվում՝ հիմնական միջոցների ձեռքբերում.
դ) պետական կազմակերպության աշխատողների որակավորման բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպում, դասընթացներին մասնակցություն.
ե) հիմնադրի և սույն կանոնադրություններով նախատեսված այլ նպատակներ:
X. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
40. Կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, լիազորված պետական մարմինը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ:
41. Կազմակերպությունը պարտավոր է հրապարակել իր տարեկան հաշվետվությունը:
XI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
42. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ և Հայասատանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
43. Կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է առանց իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
44. Կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով, ինչպես նաև սնանկության հետևանքով:
45. Կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
46. Կազմակերպության լուծարման դեպքում նրա պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
(հավելվածը լրաց. 13.03.03 N 240-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ
I. Մարզային ներկայացուցչություններ
Արագածոտնի մարզային ներկայացուցչություն
Արարատի մարզային ներկայացուցչություն
Արմավիրի մարզային ներկայացուցչություն
Գեղարքունիքի մարզային ներկայացուցչություն
Լոռու մարզային ներկայացուցչություն
Կոտայքի մարզային ներկայացուցչություն
Շիրակի մարզային ներկայացուցչություն
Սյունիքի մարզային ներկայացուցչություն
Վայոց ձորի մարզային ներկայացուցչություն
Տավուշի մարզային ներկայացուցչություն
Երևանի ներկայացուցչություն
II. Սահմանային հսկիչ անասնաբուժական կետերի ներկայացուցչություններ
Բավրայի սահմանային հսկիչ կետի ներկայացուցչություն
Բագրատաշենի սահմանային հսկիչ կետի ներկայացուցչություն
Գոգավանի սահմանային հսկիչ կետի ներկայացուցչություն
Ագարակի սահմանային հսկիչ կետի ներկայացուցչություն
Մարգարայի սահմանային հսկիչ կետի ներկայացուցչություն
Երևանի սահմանային հսկիչ կետի ներկայացուցչություն
Գյումրու Ախուրիկի սահմանային հսկիչ կետի ներկայացուցչություն
«Զվարթնոց» օդանավակայանի սահմանային հսկիչ կետի ներկայացուցչություն
III. Տրանսպորտային անասնաբուժասանիտարական տեղամասերի ներկայացուցչություններ
Երևանի երկաթգծի տրանսպորտային տեղամասի ներկայացուցչություն
Գյումրու երկաթգծի տրանսպորտային տեղամասի ներկայացուցչություն
Վանաձորի երկաթգծի տրանսպորտային տեղամասի ներկայացուցչություն
Այրումի երկաթգծի տրանսպորտային տեղամասի ներկայացուցչություն
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.03.2003, N 240-Ն | 03.04.2003, N 1925-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|