Գլխավոր տեղեկություն
Номер
N 202
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (08.05.2000-18.08.2000)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.04.28/8(106)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
18.04.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.04.2000
Дата вступления в силу
08.05.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 ապրիլի 2000 թվականի N 202
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» N 84 որոշմանը համապատասխան`

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարության կանոնադրությունը (կցվում է).

բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարության կոլեգիայի անդամների թիվը սահմանել 13 մարդ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 15-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման հավելվածից հանել «11. ՀՀ բնապահպանության և ընդերքի նախարարություն» տողը.

որոշման հավելվածի «14. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. ՀՀ գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարություն 210 4 1»:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հուլիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 405 որոշման 1-ին կետը, 1997 թվականի նոյեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 528 որոշման 1-ին կետը, 1997 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 548 որոշման 2-րդ կետը, 1998 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 116 որոշման 1-ին և 2-րդ կետերը, 1998 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 629 որոշման 1-ին կետը, 1999 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 411 որոշման 1-ին կետը, 1999 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 682 որոշման 1-ին կետը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
ապրիլի 18-ի N 202 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության եվ բնօգտագործման նախարարության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարությունը (այսուհետև` նախարարություն) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է:

2. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր խնդիրները լուծելու նպատակով իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններ:

Նախարարությունն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից իր գործողություններով կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ, ինչպես նաև հանդես գալ դատարանում:

3. Նախարարությունն իր իրավասության սահմաններում ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր:

4. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ:

5. Նախարարության կենտրոնական ապարատի պահպանման և գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

II. Նախարարության խնդիրներն ու գործառույթները

 

6. Նախարարության ագրոպարենային և բնօգտագործման ոլորտի (այսուհետև` ոլորտ) խնդիրներն ու գործառույթներն են`

ա) ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության իրականացումը.

բ) գիտատեխնիկական միասնական քաղաքականության հիման վրա Հայաստանի Հանրապետության բնատնտեսական պոտենցիալի առավելագույնս օգտագործման և դրա հիման վրա գյուղատնտեսության զարգացման, գյուղատնտեսական և բնօգտագործման գործունեության արդյունավետության բարձրացման աշխատանքների կազմակերպման ապահովումը.

գ) ոլորտում կատարվող գործընթացների համալիր վերլուծությունների, համապատասխան կանխատեսումների հիման վրա ագրարային, բնօգտագործման և ինվեստիցիոն քաղաքականության հիմնադրույթների, հայեցակարգերի, ծրագրերի մշակումն ու իրականացումը, շուկայական հարաբերությունների ձևավորման և համապատասխան ենթակառուցվածքների զարգացման գործընթացին մասնակցությունը.

դ) օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման գործընթացի նախապատրաստման աշխատանքներին մասնակցությունը.

ե) իր իրավասության սահմաններում` պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման և օգտագործման նկատմամբ վերահսկողությունը.

զ) ոլորտում ձեռնարկատիրական գործունեությանը նպաստող համալիր ծրագրերի մշակումը և իրականացումը.

է) ոլորտին առնչվող օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակումը.

ը) մարքեթինգային կազմակերպման ու իրականացման միջոցով հայրենական արտադրողների շահերի պաշտպանությունը և գյուղատնտեսական մթերքների ու հումքի ներմուծման և արտահանման հաշվեկշռի բարելավումը.

թ) օրենքով սահմանված կարգով հակամենաշնորհային քաղաքականության իրականացման միջոցառումների իրագործումը, կոոպերացիայի զարգացումը, շուկային արագ հարմարվող վերամշակող արդյունաբերության վերագործարկման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, ոլորտում տեխնոլոգիական քաղաքականության վարումը.

ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական պատվերով կատարվող կապիտալ ներդրումների հաշվին շինարարական աշխատանքների իրականացումը և դրանց նկատմամբ վերահսկողությունը.

ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակմանը մասնակցելը և հատկացված բյուջետային միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողությունը.

ժբ) իր իրավասության սահմաններում` օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ արտադրական, առևտրատնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության միջազգային ծրագրերի մշակումը և իրականացումը.

ժգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ոլորտին վերաբերող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստմանը մասնակցությունը.

ժդ) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության պարենային ապահովության քաղաքականության ծրագրերի մշակումը և կատարման նկատմամբ վերահսկողությունը.

ժե) սերմնաբուծական և տոհմային տնտեսություններին աջակցումը, գյուղատնտեսական մշակաբույսերի կարանտին հիվանդությունների և առավել վնասակար օրգանիզմների դեմ պայքարի, հակահամաճարակային անասնաբուժական սպասարկումների կազմակերպումը, կարանտինային սահմանափակումների իրականացումը.

ժզ) օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում սելեկցիոն նվաճումների փորձաքննության, գրանցման, արտոնագրման, փորձարկման և իրավական պահպանության իրականացումը.

ժէ) նյութատեխնիկական մատակարարումների, արտադրական ու ջրատնտեսական սպասարկումների բարեփոխման միջոցառումների իրականացումը, նոր տեխնոլոգիաների և գյուղատնտեսական մեքենաների ձեռքբերման գործընթացի կարգավորումը, բարձր տեխնոլոգիաների ներդրմանն աջակցումը.

ժը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան Հայաստանի Հանրապետության հողային ռեսուրսների օգտագործման կառավարման սկզբունքների մշակումը և իրագործումը, մարզային հողային հաշվեկշիռների ամփոփումը, Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռի ամփոփումը, գյուղատնտեսական հողատեսքերի և անտառային ֆոնդի հողերի վիճակի համակարգված դիտարկումը և բազմաբնույթ կադաստրի վարումը, հողաշինարարական աշխատանքների կազմակերպումը, հողի շուկայի ձևավորման միջոցառումների իրականացումը, հողահատկացման նյութերի ուսումնասիրումը, եզրակացությունների նախապատրաստումը և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը, հողային օրենսդրության խախտումների կանխմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

ժթ) ջրային ռեսուրսների պետական կառավարումը, միջպետական, միջմարզային ու միջհամայնքային ջրաբաշխման իրականացումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրային կադաստրի վարումը:

Ջրատնտեսական համակարգերի (ոռոգում, ցամաքեցում, ջրարբիացում), ինչպես նաև հատուկ ռազմավարական նշանակություն ունեցող ջրամբարների ու թունելների շահագործման կազմակերպումը, ջրատնտեսական համակարգերի, ջրամբարների, թունելների ու դրանց ջրատեխնիկական կառուցվածքների նորոգումն ու պահպանումը, ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի պահպանումը, հակահեղեղային միջոցառումների իրականացումը, ոռոգման ջրի անխափան մատակարարման կազմակերպումը.

ի) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրումը և դրանց պայմանների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

իա) սննդամթերքի անվտանգությունն ապահովող տեխնոլոգիական սարքավորումներով անհրաժեշտ հագեցվածության և արտադրության ընթացքում տեխնոլոգիական նորմերի և պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը.

իբ) գիտատեխնիկական առաջընթացի հիմնական ուղղությունների որոշումը, համակարգի գիտահետազոտական հաստատությունների, Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի և այլ ուսումնական հաստատությունների ու խորհրդատվական կազմակերպությունների միջոցով ոլորտի գիտության և կրթության ապահովման կազմակերպումը, գիտահետազոտական աշխատանքների պետական պատվերների ձևավորումը, խորհրդատվական ծառայությունների մատուցումը, կադրերի պատրաստման, վերապատրաստման ու մասնագիտական որակավորման բարձրացման կազմակերպումը.

իգ) օրենքով սահմանված կարգով ագրարային տեսչական վերահսկողության իրականացումը.

իդ) անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պետական կառավարումն ու այդ աշխատանքների համակարգումը.

իե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաժնետիրական ընկերություններում պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինումը.

իզ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը:

 

III. Նախարարության աշխատանքի կազմակերպումը

 

7. Նախարարության համակարգն ընդգրկում է իր ենթակայության գերատեսչությունների և պետական հիմնարկների ամբողջությունը:

8. Նախարարությունը`

ա) այլ նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման տարածքային մարմինների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն` ոլորտին վերաբերող հարցերի լուծման նպատակով.

բ) Հայաստանի Հանրապետության անունից իրականացնում է համակարգի պետական գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման լիազորությունները.

գ) անհրաժեշտության դեպքում այլ նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ.

դ) ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան ոլորտում, մշակում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ և դրանք սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին.

ե) ոլորտի կառավարմանը վերաբերող բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպվում են կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման սկզբունքի հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պարտականությունների և պատասխանատվության ճշտորոշ սահմանմամբ.

զ) կազմակերպում է նախարարության կենտրոնական ապարատի և համակարգի աշխատողների մասնագիտական ուսուցում ու որակավորման ստուգում, մասնակցում ոլորտի աշխատողների մասնագիտական համապատասխանության և որակավորմանն առաջադրվող պահանջների սահմանման գործին, համակարգում ղեկավար կադրերի ընտրության, տեղաբաշխման ու մասնագիտական որակավորման բարձրացման աշխատանքները.

է) կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու բողոքների) ժամանակին քննարկումը, ապահովում այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծումը, իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում աշխատանքներում տեղ գտած թերությունները վերացնելու համար:

9. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

10. Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

11. Նախարարը`

ա) պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.

բ) արձակում է հրամաններ, տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է համակարգի պետական հիմնարկների և պաշտոնատար անձանց համար.

գ) սահմանում է նախարարի տեղակալների, նախարարության կենտրոնական ապարատի վարչությունների ու բաժինների պետերի և մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասությունների սահմանները.

դ) կատարում է նախարարի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.

ե) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թիվը.

զ) հաստատում է նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների և նախարարության համակարգի պետական հիմնարկների կանոնադրությունները.

է) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կոլեգիայի անդամների թիվը և անհատական կազմը.

ը) կազմակերպում և ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.

թ) սահմանված կարգով աշխատանքային պայմանագրեր է կնքում նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների, պետական հիմնարկների ղեկավարների հետ.

ժ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

12. Նախարարի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:

13. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (նախագահ), նախարարի տեղակալները` ի պաշտոնե, և նախարարության այլ ղեկավար աշխատողներ:

14. Նախարարության կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում ոլորտի զարգացման հիմնական հարցերը և նախարարության գործունեությանն առնչվող այլ հարցեր, քննարկում համակարգի գործնական ղեկավարման, ղեկավար կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների ու հրահանգների նախագծերը, լսում նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, հիմնարկների գործունեության վերաբերյալ հաշվետվությունները և նախարարության լիազորությունների հետ կապված այլ հարցեր:

15. Նախարարության կոլեգիայի նիստ գումարվում է առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` նախարարի հաստատած կոլեգիայի աշխատանքի կազմակերպման կարգին համապատասխան:

16. Կոլեգիայի նիստերին դրա անդամների ներկայությունը պարտադիր է:

Կոլեգիայի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է կոլեգիայի անդամների կեսից ավելին:

Կոլեգիայի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ և կենսագործվում նախարարի հրամաններով:

17. Նախարարի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնությունների առկայության դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության վարչապետին:

18. Նախարարությունը գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, ոլորտում հիմնավորված միասնական գիտատեխնիկական քաղաքականություն իրականացնելու և տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարականներ մշակելու համար ստեղծում է գիտատեխնիկական խորհուրդ` կազմված մասնագետներից, փորձագետներից (այդ թվում օտարերկրյա), ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:

19. Գիտատեխնիկական խորհրդի կազմը և խորհրդի կանոնադրությունը հաստատում է նախարարը:

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
ապրիլի 18-ի N 202 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության եվ բնօգտագործման նախարարության կենտրոնական ապարատի

 

Նախարարի աշխատակազմ

 

Ագրարային քաղաքականության զարգացման վարչություն

 

Ագրոբիզնեսի զարգացմանն աջակցության վարչություն

 

Գյուղատնտեսական արտադրության զարգացման գլխավոր վարչություն

 

Գյուղատնտեսության սպասարկումների վարչություն

 

Գիտության և կրթության վարչություն

 

Հողաշինարարության վարչություն

 

Ջրատնտեսական ենթակառուցվածքների զարգացման վարչություն

 

Որակի հսկողության և լիցենզավորման վարչություն

 

Ֆինանսաբյուջետային վարչություն

 

Անասնաբուժական պետական տեսչություն

 

Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչություն

 

Երկրագործության պետական տեսչություն

 

Հողային պետական տեսչություն

 

Իրավաբանական վարչություն

 

Հաշվապահական հաշվառման վարչություն

 

Արտաքին կապերի վարչություն

 

Վարչատնտեսական վարչություն

 

Առաջին բաժին

 

(Կառուցվածքը փոփ. 26.04.00 N 220)