Գլխավոր տեղեկություն
Номер
N 508-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (19.06.2008-12.05.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2003.06.04/31(266) Հոդ.491
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.04.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.05.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.05.2003
Дата вступления в силу
05.06.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.08.2012

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

17 մայիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2003 թվականի N 508-Ն

 

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 12.04.07 N 428-Ն)

 

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ ու 11-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2042-Ն որոշման 1-ին կետի «զ» և 2-րդ կետի «ա» ենթակետերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հավատարմագրման գործակալության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 12.04.07 N 428-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 


2003 թ. մայիսի 14
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

ապրիլի 23-ի N 508-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

(Վերնագիրը փոփ. 12.04.07 N 428-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հավատարմագրման գործակալությունը (այսուհետ՝ գործակալություն) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մատուցում է ծառայություններ հավատարմագրման բնագավառում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։

(1-ին կետը փոփ. 12.04.07 N 428-Ն, 15.05.08 N 550-Ն)

2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։

3. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան։

4. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող։

5. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ։

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

6. Գործակալության նպատակները և խնդիրներն են՝

ա) համապատասխանության հավաստման, չափումների միասնականության ապահովման բնագավառներում հավատարմագրման գործառույթների իրականացման ապահովումը.

բ) միջազգային, տարածաշրջանային և միջպետական հավատարմագրման կազմակերպություններում գործակալության անդամակցությունը, ինչպես նաև հավատարմագրման արդյունքների փոխադարձ ճանաչման համար պայմանների ստեղծումը.

գ) համապատասխանության հավաստման, չափումների միասնականության ապահովման գործընթացի նկատմամբ արտադրողների և սպառողների վստահության բարձրացումը.

դ) հավատարմագրման բնագավառում միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ապահովումը.

ե) համապատասխանության հավաստման բնագավառում տեխնիկական խոչընդոտների վերացմանը նպաստումը։

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

7. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) ընդունում է որպես սերտիֆիկացման մարմիններ, փորձարկման, ստուգաչափման և ստուգաճշտման լաբորատորիաներ հավատարմագրման ենթակա իրավաբանական անձանց (այսուհետ՝ հայտատու) կողմից ներկայացված հավատարմագրման հայտերը, կատարում է փաստաթղթերի փորձաքննություն.

բ) ստեղծում է անկախ փորձագետների աշխատանքային խմբեր, մշակում և հաստատում է փաստաթղթերի փորձաքննության ու հայտատուների՝ տեղում գնահատման ծրագրերը, կատարում է հավատարմագրման չափանիշներին հայտատուների համապատասխանության գնահատում.

գ) նախապատրաստում է սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրմանը վերաբերող նյութերը համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների ու փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) քննարկման համար, կազմակերպում խորհրդի նիստերը և իրականացնում հավատարմագրման գործընթացին վերաբերող այլ գործառույթներ.

դ) հանձնում է հավատարմագրման վկայագրերը, վարում է հավատարմագրված իրավաբանական անձանց գրանցամատյանը.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում է հավատարմագրման չափանիշներին հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների համապատասխանության նկատմամբ հսկողությունը՝ պայմանագրի հիման վրա, և ըստ արդյունքների խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների ու փորձարկման լաբորատորիաների հավատարմագրումը կասեցնելու, վերականգնելու, դադարեցնելու, հավատարմագրման ոլորտն ընդլայնելու կամ կրճատելու վերաբերյալ.

զ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով չափումների միասնականության ապահովման բնագավառում նախապատրաստում է փորձարկումներ, ստուգաչափում և ստուգաճշտում կատարող լաբորատորիաների հավատարմագրմանը վերաբերող նյութերը, դրանք ներկայացնում նախարարություն հավատարմագրման, իրականացնում է փորձարկումներ, ստուգաչափում և ստուգաճշտում կատարող լաբորատորիաների համապատասխանության նկատմամբ հսկողությունը՝ պայմանագրի հիման վրա, և ըստ արդյունքների նախարարություն է ներկայացնում առաջարկություններ դրանց հավատարմագրումը կասեցնելու, վերականգնելու, դադարեցնելու, հավատարմագրման ոլորտն ընդլայնելու կամ կրճատելու վերաբերյալ.

է) սահմանված կարգով նախապատրաստում է առաջարկություններ հավատարմագրման միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին միանալու վերաբերյալ.

ը) ապահովում է հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների, փորձարկման, ստուգաչափման և ստուգաճշտման լաբորատորիաների մասին տեղեկատվությունը և այն սահմանված կարգով ներկայացնում միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններ.

թ) կազմակերպում է անձնակազմի ուսուցումը, ինչպես նաև հավատարմագրման հարցերով սեմինարներ, գիտաժողովներ, այլ միջոցառումներ և մասնակցում դրանց.

ժ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ.

ժա) վարում և արդիականացնում է հավատարմագրման բնագավառի նորմատիվ իրավական ակտերի ու նորմատիվ փաստաթղթերի ֆոնդը։

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

8. Գործակալությունը կառավարում է Հանրապետության էկոնոմիկայի նախարարը (այսուհետ՝ նախարար)։ Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է օրենքով սահմանված կարգով:

(8-րդ կետը փոփ. 15.05.08 N 550-Ն)

9. Իր գործունեության ընթացքում գործակալության պետը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

10. Գործակալության պետը պատասխանատու է հավատարմագրման բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց՝ օրենքների և այլ իրավական ակտերի համապատասխանության համար։

11. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, նախարարի՝ գործակալության գործունեությունը համակարգող համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին։

12. Գործակալության պետը՝

ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

է) սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

ը) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

թ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.

ժ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։

13. Գործակալության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Օրենքով, այլ իրավական ակտերով, սույն կանոնադրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը։

15. Գործակալությունը կարող է ունենալ կառուցվածքային ստորաբաժանումներ։ Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով գործակալության ենթակայությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

16. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով։

 
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան