Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.03.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.04.30/25(615)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
27.03.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
27.03.2008
Дата вступления в силу
27.03.2008

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-3273

Քաղաքացիական գործ թիվ 3-183 (ՎԴ)
2008թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան

Դատավորներ՝ Ն. Հովսեփյան

                   Մ. Ասատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի մարտի 27-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Կարինե Սերոպյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.10.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ Վլադիմիր Բալասանյանի հայցի ընդդեմ Կարինե Սերոպյանի, ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտարի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականներն անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքի վկայականը համապատասխան բաժիններով տրամադրելու, Սերյոժա Բալասանյանի 01.02.1994 թվականի կտակը մասնակիորեն անվավեր ճանաչելու, Թամարա Բալասանյանի մահից հետո փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած միակ ժառանգ ճանաչելու և Այգեստանի 10-րդ փողոցի 2-րդ շենքի թիվ 58-րդ բնակարանի և ավտոտնակի նկատմամբ Կարինե Սերոպյանի սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու, ինչպես նաև ըստ Կարինե Սերոպյանի հայցի ընդդեմ Վլադիմիր Բալասանյանի՝ բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը կողմերից յուրաքանչյուրի բաժնին համաչափ բաշխելու կամ ըստ սեփականության վկայականի 1/2 բաժնի դիմաց փոխհատուցելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Վլադիմիր Բալասանյանը պահանջել է անվավեր ճանաչել ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայականը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի գրացման վկայականները, մասնակիորեն անվավեր ճանաչել Սերյոժա Բալասանյանի 01.02.1994 թվականի կտակը, ճանաչել Թամարա Բալասանյանի մահից հետո փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած միակ ժառանգ, ինչպես նաև փոխհատուցմամբ դադարեցնել Կարինե Սերոպյանի սեփականության իրավունքն Այգեստանի 10-րդ փողոցի 2-րդ շենքի թիվ 58-րդ բնակարանի և ավտոտնակի նկատմամբ:

Դիմելով դատարան՝ Կարինե Սերոպյանը պահանջել է Այգեստանի 10-րդ փողոցի 2-րդ շենքի թիվ 58-րդ բնակարանը վաճառել հրապարակային սակարկություններով և ստացված գումարը բաշխել կողմերից յուրաքանչյուրի բաժնին համաչափ կամ ըստ սեփականության վկայականի 1/2 բաժնի դիմաց փոխհատուցել:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 20.07.2006 թվականի որոշմամբ վերը նշված քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 04.07.2007 թվականի վճռով Վլադիմիր Բալասանյանի և Կարինե Սերոպյանի հայցերը բավարարվել են մասնակիորեն:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 19.10.2007 թվականի վճռով Վլադիմիր Բալասանյանի հայցը բավարարվել է, իսկ Կարինե Սերոպյանի հայցը՝ բավարվել մասնակիորեն:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարինե Սերոպյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Վլադիմիր Բալասանյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.       

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի, 53-րդ հոդվածի 1-ին մասը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա գրավոր ապացույցները, որն էլ հանգեցրել է գործի սխալ լուծման: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել Երևանի պետական համալսարանի կողմից տրված թիվ 194 արխիվային տեղեկանքը, Երևանի պետական համալսարանի թիվ 18 տեղեկանքը, «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲ ընկերության 26.09.2003 թվականի և 06.10.2006 թվականի գրությունները, «Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տրված թիվ ԿՂ-81 տեղեկանքը:

Վլադիմիր Բալասանյանը չի ներկայացրել որևէ ապացույց, որպես Թամարա Բալասանյանի մահից հետո փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած միակ ժառանգ:

Վերը նշված ապացույցներն անտեսելու արդյունքում Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները, դրանց կիրառմամբ Թամարա Բալասանյանի ժառանգությունը փաստացի ընդունած ժառանգ Սերյոժա Բալասանյանի փոխարեն ճանաչելով Վլադիմիր Բալասանյանին:

2) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ կետը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Կարինե Սերոպյանը պնդել է բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու իր պահանջը և նշել, որ չի ցանկանում ստանալ որևէ փոխհատուցում Վլադիմիր Բալասանյանից:

3) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը:

Կտակը մասնակիորեն անվավեր ճանաչելով, Վերաքննիչ դատարանը չի վկայակոչել որևէ իրավական նորմ, որով խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի պահանջը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.10.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.     

 

Անհիմն են վճռաբեկ բողոքում նշված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումները, քանի որ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ գնահատել է բոլոր ներկայացված ապացույցները, որի արդյունքում ճիշտ են մեկնաբանվել նյութական իրավունքի նորմերը և կայացվել է արդարացի վճիռ:

Բողոքի պատասխան ներկայացրած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սերյոժա Բալասանյանը չի ընդունել Թամարա Բալասանյանի մահից հետո թողնված ժառանգությունը, քանի որ 1996 թվականից գրանցված է ք. Մոսկվա, Սվետլագորսկիյ նրբանցք, տուն 5, բնակարան 53 հասցեում:

Սերյոժա Բալասանյանը մահացել է 2003 թվականին և չէր կարող 2004 թվականին «Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժանորդ լինել: Հետևաբար, անհիմն է բողոք բերած անձի այն պատճառաբանությունը, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասը և դրա արդյունքում սխալ մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

Անհիմն է նաև այն պնդումը, որ Վլադիմիր Բալասյանյանի կողմից որևէ ապացույց չի ներկայացվել Երևանի Այգեստանի 10-րդ փողոցի, 2-րդ շենքի 58-րդ բնակարանը փաստացի տիրապետելու վերաբերյալ, քանի որ գործում առկա է տեղեկանք «Կենտրոն» համատիրության կողմից, որի համաձայն՝ Վլադիմիր Բալասանյանը բնակվել է այդ բնակարանում:

Վերոգրյալի հիման վրա խնդրել է մերժել Կարինե Սերոպյանի կողմից բերված վճռաբեկ բողոքը՝ Վերաքննիչ դատարանի 19.10.2007 թվականի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Երևանի Այգեստանի 10-րդ փողոցի, 2-րդ շենքի 58-րդ բնակարանի և 19.84 քմ ավտոտնակի սեփականատերը Սերյոժա Իշխանի Բալասանյանն է (գ.թ. 7, 9, 10): Թամարա (մահացած 01.05.1999 թվականին (գ.թ. 18)) և Սերյոժա (մահացած 03.10.2003 թվականին (գ.թ. 104)) Բալասանյաններն օրինական ամուսնության մեջ գտնվող անձինք են (գ.թ. 8):

2. 01.02.1994 թվականի կտակի համաձայն Սերյոժա Բալասանյանն իր գույքը հավասար բաժիններով կտակել է որդուն՝ Վլադիմիր Բալասանյանին և դստերը՝ Կարինե Սերոպյանին (գ.թ. 11):

3. 01.12.1994 թվականի նվիրատվության պայմանագրով Սերյոժա Բալասանյանը նվիրել է Վլադիմիր Բալասանյանին Երևանի, Այգեստանի 10-րդ փողոցի 2-րդ շենքի 58-րդ բնակարանի 15.5 քմ բնակելի սենյակը և 4.42 քմ օժանդակ տարածքը, որի համար Թամարա Բալասանյանը 26.11.1994 թվականին տվել է գրավոր համաձայնություն (գ.թ. 12-13, 132): 15.12.1994 թվականին Վլադիմիր Բալասանյանն ստացել է սեփականության իրավունքի վկայական (գ.թ. 13):

4. Մոսկվայի թիվ 3 թաղային համայնքի 18.03.2004 թվականի տեղեկանքի համաձայն՝ Սերյոժա Իշխանի Բալասանյանը մինչև մահը՝ 03.10.2003 թվականը, ապրել և հաշվառված էր Մոսկվա, Սվետլագորսկիյ նրբանցք, տուն 5, բնակարան 53 հասցեում (գ.թ. 123):

5. Երևանի «Կենտրոն» թաղային համայնքի «Կենտրոն» համատիրության 01.09.2006 թվականի տեղեկանքի համաձայն՝ Վլադիմիր Բալասանյանի հայրը՝ Սերյոժա Բալասանյանը, մինչ մահը բնակվել է Երևանի Այգեստանի 10-րդ փողոցի 2-րդ շենքի 58-րդ բնակարանում (գ.թ. 88) և նույն մարմնի 05.03.2007 թվականի տեղեկանքի համաձայն՝ Սերյոժա Բալասանյանը չի բնակվել է Երևանի Այգեստանի 10-րդ փողոցի 2-րդ շենքի 58-րդ բնակարանում (գ.թ. 192):

6. Երևանի պետական համալսարանի 28.08.2006 թվականի թիվ 18 տեղեկանքի համաձայն՝ Սերյոժա Բալասանյանն աշխատել է Երևանի պետական համալսարանում 1953 թվականից մինչև 2003 թվականի հոկտեմբեր ամիսը, որպես ամբիոնի պատվավոր վարիչ (գ.թ. 89, 92):

7. «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ի 26.09.2006 թվականի թիվ 09/173 գրության համաձայն՝ «մինչև 20.07.2004 թվականն Այգեստանի 10-րդ փողոցի 2-րդ շենքի 58 բնակարան հասցեում գործող 556817 հեռախոսահամարի բաժանորդ է հանդիսացել Սերյոժա Բալասանյանը» (գ.թ. 190) և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 12.09.2006 թվականի տեղեկանքի համաձայն «բաժանորդական N 9802058-ով 15.07.1998 թվականից մինչև 01.07.2004 թվականը էլեկտրացանցի բաժանորդ է հանդիսացել Սերգեյ Բալասանյանը, իսկ 01.07.2004 թվականից առ այսօր՝ Վլադիմիր Բալասանյանը» (գ.թ. 193):

8. Երևանի «Կենտրոն» թաղային համայնքի «Կենտրոն» համատիրության 05.03.2007 թվականի տեղեկանքի համաձայն Վլադիմիր Բալասանյանը բնակվել է Երևանի Այգեստանի 10-րդ փողոցի 2-րդ շենքի 58-րդ բնակարանում (գ.թ. 192):

9. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի Մարաշ տարածքային ստորաբաժանման 15.05.2006 թվականի գրության համաձայն վիճելի բնակարանը հավասար բաժիններով հնարավոր չէ բաժանել երկուսի միջև, քանի որ բնակելի սենյակներն անհամաչափ են դասավորված, իսկ կոմունալ և օժանդակ մակերեսները, ինչպես նաև մուտքը տեխնիկապես անբաժանելի են (գ.թ. 53):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.        

 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցին պատասխանելու համար Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձնի հետևյալ իրավական հարցը.

Արդյո՞ք Սերյոժա Բալասանյանը փաստացի տիրապետման հիմքով ընդունել է Թամարա Բալասանյանի ժառանգությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի համաձայն՝ ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի: Ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում: Նույն օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը՝ ներառյալ, երբ ժառանգը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր, իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:

Սույն գործի փաստերի համաձայն` Սերյոժա Իշխանի Բալասանյանը դեռևս 03.05.1996 թվականից դուրս է գրվել Երևանի Այգեստանի 10-րդ փողոցի 2-րդ շենքի 58-րդ բնակարանի հասցեից և հաշվառվել Մոսկվա, Սվետլագորսկիյ նրբանցք, տուն 5, բնակարան 53 հասցեում: Գործում առկա 18.03.2004 թվականի տեղեկանքով հաստատվել է, որ Թամարա Բալասանյանի մահից հետո Սերյոժա Բալասանյանը չի բնակվել Երևանի Այգեստանի 10-րդ փողոցի 2-րդ շենքի թիվ 58-րդ հասցեում գտնվող բնակարանում, որը վկայում է, որ նա փաստացի չի տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը, հետևաբար, այն չի ընդունել:

Ինչ վերաբերում է «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ի 26.09.2006 թվականի թիվ 09/173 գրությանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 12.09.2006 թվականի տեղեկանքին, որոնք վկայում են Սերյոժա Բալասանյանի բաժանորդ լինելու մասին, ինչպես նաև Երևանի պետական համալսարանում աշխատելու վերաբերյալ տեղեկանքներին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանցով չի կարող հիմնավորվել Սերյոժա Բալասանյանի կողմից վեճի առարկա գույքը փաստացի տիրապետելու փաստը:

Իսկ ինչ վերաբերում է Երևանի «Կենտրոն» թաղային համայնքի «Կենտրոն» համատիրության 01.09.2006 թվականի տեղեկանքին, ապա այն հերքվում է նույն մարմնի կողմից տրված մեկ այլ 05.03.2007 թվականի տեղեկանքով, հետևաբար, Վճռաբեկ դատարանն այն չի համարում Սերյոժա Բալասանյանի կողմից փաստացի տիրապետման ուժով ժառանգության ընդունումը հիմնավորող ապացույց:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Վլադիմիր Բալասանյանը հաշվառված լինելով շարունակել է բնակվել Երևանի Այգեստանի 10-րդ փողոցի, 2-րդ շենքի, թիվ 58-րդ հասցեում գտնվող բնակարանում, հաստատված է համարել, որ Վլադիմիր Բալասանյանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով` փաստացի տիրապետման եղանակով ընդունել է ժառանգությունը:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից սույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:

Վերոնշյալ հոդվածով ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու համար սահմանվել են պարտադիր նախապայմաններ, այն է` ընդհանուր գույքը բաժանելու, կամ նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարությունը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 197-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու դատարանի իրավունքը կարող է կիրառվել միայն բացառիկ, այսինքն` վերը նշված պարտադիր պայմանների առկայության դեպքում:

Սույն քաղաքացիական գործի փաստերի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատաքննության ընթացքում չի հիմնավորվել վեճի առարկա բնակարանից Կարինե Սերոպյանի բաժինը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարությունը:

Հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ կետի կիրառելիության վերաբերյալ վճռաբեկ բողոքի հիմնավորումները:

3) Վճռաբեկ բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1211-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կտակն անվավեր է ճանաչվում կտակի ձևի մասին կանոնները և գործարքների անվավերության մասին` սույն oրենսգրքի այլ դրույթները խախտելու հետևանքով:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ, (գումար բռնագանձելու պահանջով)):

Սակայն կարևորելով սույն բողոքի հիմքում ընկած իրավական հարցադրումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ նշված հարցին:

Վերաքննիչ դատարանում գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ համաձայն՝ վճռի մեջ պետք է նշվեն վերաքննիչ դատարանի կողմից պարզված հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցները, ինչպես նաև այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է դատարանը վճիռ կայացնելիս:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՜ փաստական և թե՜ իրավական հիմնավորումը:

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանն եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը մասնակիորեն անվավեր ճանաչելով կտակը՝ չի նշել ոչ մի օրենք կամ այլ իրավական ակտ, որոնցով ղեկավարվել է դատարանը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին մասի ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման oրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն՝ վեճի առարկա տունը և ավտոտնակը Սերյոժա և Թամարա Բալասանյանները ձեռք են բերել համատեղ կյանքի ընթացքում: Բացի այդ, Սերյոժա Բալասանյանը 01.02.1994 թվականի կտակը կազմելուց հետո՝ 01.12.1994 թվականի նվիրատվության պայմանագրով, իր գույքը՝ Երևանի Այգեստանի 10-րդ փողոցի 2-րդ շենքի 58-րդ բնակարանի 15.5 քմ բնակելի սենյակը և 4.42 քմ օժանդակ տարածքը, նվիրել է Վլադիմիր Բալասանյանին: Հետևաբար, ժառանգության բացման օրն այն չի պատկանել Սերյոժա Բալասանյանին և չի մտել ժառանգության զանգվածի մեջ:

Հիմք ընդունելով վերոնշյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճելի անշարժ գույքի մի մասը ժառանգության բացման ժամանակ չի մտել ժառանգության զանգվածի մեջ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կտակն անվավեր ճանաչելու հիմքերը սույն քաղաքացիական գործով բացակայում են:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի 3-րդ հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-րդ կետի համաձայն՝ Վերաքննիչ դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում 01.02.1994 թվականին կազմած կտակը մասնակիորեն անվավեր ճանաչելու հայցի մասով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մասնակիորեն բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.10.2007 թվականի վճիռը և այն փոփոխել՝ Վլադիմիր Բալասանյանի հայցը բավարարել մասնակիորեն: Սերյոժա Բալասանյանի կողմից 01.02.1994 թվականին կազմված կտակն անվավեր ճանաչելու պահանջի մասով հայցը՝ մերժել:

2. Վճիռը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան