Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.03.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.04.30/25(615)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
27.03.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
27.03.2008
Дата вступления в силу
27.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-3549

Քաղաքացիական գործ թիվ 3-237 (ՎԴ)
2008թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան

Դատավորներ՝ Ն. Հովսեփյան

                   Լ. Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի մարտի 27-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Արման Միքայելյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ Արման Միքայելյանի հայցի ընդդեմ Հայարփի Կարապետյանի, Արագածոտնի մարզպետարանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխաների տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Արման Միքայելյանը պահանջել է սահմանել երեխաների տեսակցության կարգ` շաբաթվա ընթացքում չորս օր:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 26.07.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.12.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արման Միքայելյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հայարփի Կարապետյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ ընտանեկան օրենսգրքի1 49-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածները և խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի2 53-րդ, 218-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածների համաձայն` երկու ծնողներն էլ հավասար իրավունքներ ունեն երեխաների նկատմամբ և կրում են հավասար պարտականություններ նրանց դաստիարակության հարցում: Ծնողները պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին: Սույն գործով հիմնավորվել է, որ հայցվորը ևս ունի բոլոր հնարավորությունները վերը նշված հոդվածներով սահմանված իր պարտականությունները կատարելու համար: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Արման Միքայելյանի իրավունքների և պարտականությունների կատարման հնարավորությունները` հայցվորի համար սահմանելով շաբաթվա ընթացքում ընդամենը մի քանի ժամ տեսակցություն:

Վերաքննիչ դատարանը խախտել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները` չկատարելով գործի ապացույցների օբյեկտիվ հետազոտություն և վերլուծություն: Վերաքննիչ դատարանը ընդհանրապես չի անդրադարձել այն հարցին, թե ինչու գործում առկա մի քանի եզրակացություններից վճռի հիմքում դրել է միայն Արմավիրի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի տվել վճռի փաստական և իրավական հիմնավորումը:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.12.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 26.07.2007 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.

 

Հայարփի Կարապետյանն ունի երեխաների կենսական անհրաժեշտությունները հոգալու բոլոր պայմանները, ինչպես նաև անհրաժեշտ և բավարար ժամանակ նրանց դաստիարակությամբ զբաղվելու համար: Մինչդեռ, Արման Միքայելյանի աշխատանքի վայրը գտնվում է Երևանի Արաբկիր համայնքում, հետևաբար չի հիմնավորվում Արման Միքայելյանի փաստարկը, որ վերջինս կարող է կազմակերպել երեխաների անհրաժեշտ դաստիարակությունը, թեկուզ ժամանակի անբավարարության պատճառով: Այսինքն` Արման Միքայելյանի կողմից երեխաների տեսակցությունը չէր կարող հավասարապես սահմանվել Հայարփի Կարապետյանի հետ, ինչը և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից իրականացվել է` սահմանելով Արման Միքայելյանի կողմից երեխաներին տեսակցության շաբաթական երկու օր` որոշակի ժամանակահատվածներով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Արման Միքայելյանը և Հայարփի Կարապետյանը 27.07.2001 թվականից գտնվում են գրանցված ամուսնության մեջ, ունեցել են երկու երեխա` 26.07.2001 թվականին ծնված Անահիտ Միքայելյանը և 14.10.2004 թվականին ծնված Սերգո Միքայելյանը:

2) Ըստ քննվող քաղաքացիական գործի տվյալների` Արման Միքայելյանը և Հայարփի Կարապետյանն ապրում են միմյանցից առանձին, ընդ որում` Արման Միքայելյանն ապրում է Թալին քաղաքում, իսկ Հայարփի Կարապետյանը` Արմավիր քաղաքում:

3) Երեխաները ներկայումս ապրում են մոր` Հայարփի Միքայելյանի հետ:

4) Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի երեխաների պաշտպանության բաժնի եզրակացությունների համաձայն` Արման Միքայելյանի և Հայարփի Կարապետյանի կողմից երեխաների դաստիարակությամբ հավասարաչափ զբաղվելը, ինչպես նաև նրանց հավասարաչափ տեսակցելը և խնամելը բխում է երեխաների շահերից:

5) Արմավիրի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացության համաձայն` Արման Միքայելյանի տեսակցությունը երեխաների հետ նպատակահարմար է շաբաթը մեկ անգամ` առավոտից մինչև երեկո, պարտադիր վերադարձման պայմանով:

6) 09.10.2004 թվականին ծնված Սերգո Միքայելյանը հաճախում է մանկապարտեզ, որտեղ նախադպրոցական տարիքի երեխաներին կրթելու համար սահմանված ուսումնական շաբաթն ավարտվում է ուրբաթ օրը, ժամը 16:00-17:00-ի սահմաններում: 26.07.2001 թվականին ծնված Անահիտ Միքայելյանը հաճախում է դպրոց, որտեղ ուսումնական շաբաթն ավարտվում է շաբաթ օրը, ժամը 13:00-14:00-ի սահմաններում:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ): Նույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակելու իրենց երեխաներին, ծնողները պատասխանատվություն են կրում իրենց երեխաների դաստիարակության և զարգացման համար: Նրանք պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին:

Նշված հոդվածներից հետևում է, որ ծնողների վրա է դրված երեխաների դաստիարակության, այդ թվում` առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման հարցերի լուծման պարտականությունները, ընդ որում` նշված պարտականությունները ծնողների միջև բաշխված են հավասարապես, ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ` իհարկե հաշվի առնելով երեխաների շահերը:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 54-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` երեխայից առանձին ապրող ծնողը իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու: Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը:

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը Արման Միքայելյանի համար սահմանելով տեսակցության կարգ, ըստ էության հաշվի չի առել այն հանգամանքը, որ շաբաթ և կիրակի օրերին (ընդամենը 9 ժամ) երեխաներին տեսակցելու համար յուրաքանչյուր անգամ այլ քաղաք գնալը, ինչպես նաև տեսակցությունը Հայարփի Կարապետյանի տանն իրականացնելն անհարկի սահմանափակում է Արման Միքայելյանի՝ երեխաների խնամքով ու դաստիարակությամբ զբաղվելու իրավունքը, ինչպես նաև չի բխում երեխաների շահերից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան