Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
1996 թվականի հոկտեմբերի 30-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության Կառավարության և Մոլդովայի Հանրապետության Կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Մոլդովայի Հանրապետության Կառավարությունը` այսուհետ Պայմանավորվող կողմեր,
ելնելով երկկողմ տնտեսական և առևտրային հարաբերությունների խորացման անհրաժեշտությունից,
ձգտելով դյուրացնել ավտոմոբիլային հաղորդակցության երկկողմանի իրականացումը,
առաջնորդվելով 1969 թվականի մայիսի 23-ին ընդունված` Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի դրույթներով,
պայմանավորվեցին 1996 թվականի հոկտեմբերի 30-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Մոլդովայի Հանրապետության Կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» Համաձայնագրում ներքոնշյալ փոփոխությունները կատարելու մասին.
1. Համաձայնագրի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Երկու երկրների միջև կամ նրանց տարածքներով տարանցիկ բեռների փոխադրումներն իրականացվում են բեռնատար տրանսպորտային միջոցներով` կցորդներով կամ առանց դրանց, կամ քարշակ կիսակցորդներով՝ առանց թույլտվությունների, իսկ բեռների փոխադրումները դեպի երրորդ երկրներ և երրորդ երկրներից իրականացվում են Կողմերի իրավասու մարմինների կողմից տրվող թույլտվությունների հիման վրա:
Կողմերի իրավասու մարմիններն ամեն տարի միմյանց կփոխանցեն դեպի երրորդ երկրներ և երրորդ երկրներից թույլտվությունների ձևաթղթերը` փոխադարձաբար համաձայնեցված քանակությամբ: Այդ ձևաթղթերը պետք է ունենան թույլտվությունը տվող իրավասու մարմնի կնիքը և ստորագրությունը:
Սույն Համաձայնագրով նախատեսված բեռների փոխադրումներն իրականացվում են բեռնագրերի հիման վրա, որոնց ձևը պետք է համապատասխանի ընդունված միջազգային նմուշին»:
2. Համաձայնագրի 19-րդ հոդվածը համարել 20-րդ հոդված:
3. Համաձայնագրում ներառել նոր՝ 19-րդ հոդված՝ հետևյալ խմբագրությամբ.
«Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ՝ ձևակերպված առանձին արձանագրություններով, որոնք հանդիսանում են Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 20-րդ հոդվածին համապատասխան»:
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 30-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Մոլդովայի Հանրապետության Կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» Համաձայնագրի 20-րդ հոդվածին համապատասխան:
Սույն Արձանագրության գործողությունն իրականացվում է այն պայմաններով, որոնցով իրականացվում է Համաձայնագրինը:
Կատարված է Քիշնևում 2015 թվականի մայիսի 13-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, մոլդովերեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են:
Սույն Արձանագրության դրույթների մեկնաբանության կամ կիրառման ժամանակ տարաձայնություններ ծագելու դեպքում Կողմերը կառաջնորդվեն ռուսերեն տեքստով:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015թ. օգոստոսի 27-ին
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|