Գլխավոր տեղեկություն
Номер
N 17-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (30.05.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.01.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.01.2008
Дата вступления в силу
18.01.2008

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

17 հունվարի 2008 թվականի N 17-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետի «ա», 67-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետերին և 68-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող և հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավ-Կովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագրի համաձայն կոնցեսիոներին փոխանցելու համար նախատեսվող գույքով (հաշվեկշռային արժեքով` շենքեր, շինություններ, երկաթգծեր, հարմարանքներ, կառուցվածքներ և այլ գույք) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց` դրանց ձեռքբերման և մարման արդյունքում համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

1.1. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության տնօրինությանը:

1.2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի համաձայն «Հայկական երկաթուղի» փակ բաժնեետիրական ընկերության գույքի կազմից գույքի առանձնացման արդյունքում առաջացած ավելացված արժեքի հարկը ենթակա է վճարման «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով:

1.3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը:

(1-ին կետը խմբ. 22.05.08 N 493-Ա)

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողով, որի կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչներին:

3. Լուծարման հանձնաժողովին`

1) «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո այդ ընկերության դեբիտորական պարտքերի ստացման ու այլ պահանջների իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը.

2) «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության տնօրինությանը.

3) «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գույքի հանձնումն ավարտել սույն որոշման 5-րդ կետում նշված պայմանագրով նախատեսված կոնցեսիոների կողմից երկաթուղային տրանսպորտի գործունեությունն սկսելու պահին:

(3-րդ կետը փոփ. 22.05.08 N 493-Ա)

4. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 18-ի «Հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու մրցույթի անցկացման կարգը հաստատելու և մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին» N 1323-Ն որոշմամբ ստեղծված մրցութային հանձնաժողովի 2008 թվականի հունվարի 16-ի նիստի արձանագրությունը` Հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցման մրցույթում հաղթող ճանաչել «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերությանը:

5. Հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցել «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում ստեղծվող «Հարավ-Կովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը:

6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշման ընդունման պահից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիայով փոխանցման մասին պայմանագրի նախագիծը:

7. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ավարտել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները` «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին, մինչև Հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիայով փոխանցման պայմանագրով նախատեսված կոնցեսիոների կողմից երկաթուղային տրանսպորտի գործունեությունն սկսելու պահը:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`

1) «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել Միջազգային զարգացման ընկերակցության և Հայաստանի Հանրապետության միջև 2000 թվականի հուլիսի 7-ին կնքված Զարգացման վարկի համաձայնագրի պայմաններին համապատասխան «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը որպես ենթավարկ տրամադրված 12.6 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով վարկի պարտավորություններից.

2) Հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիայով փոխանցման մասին պայմանագրով նախատեսված կոնցեսիոն վճարները մուտքագրել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

9. Սահմանել, որ ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի կազմակերպություններն օրենքով սահմանված դեպքերում և կարգով ունեն այլ անձանց պատկանող հողամասերի, դրանցում ամրակայված շենքերի և շինությունների սահմանափակ օգտագործման իրավունք (սերվիտուտ)` երկաթուղու պահպանման, սպասարկման և դրանց անվտանգության գոտիների և մուտքի իրավունքի համար։

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից ներկայացված ցանկերի համաձայն:

(10-րդ կետը լրաց. 22.05.08 N 493-Ա)

11. Սույն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության տրասնպորտի և կապի նախարարությանը հանձնվող գույքի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

(11-րդ կետը լրաց. 22.05.08 N 493-Ա)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2008 թ. հունվարի 26
Երևան