Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.04.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.05.21/29(619)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
23.04.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
23.04.2008
Дата вступления в силу
23.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 08-1123

Քաղաքացիական գործ թիվ 3-247(ՎԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան  

Դատավորներ՝ Տ. Սահակյան

               Տ. Նազարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի ապրիլի 23-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Հ.Գևորգյանի և Է.Սարգսյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.01.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ դիմումի Հ.Գևորգյանի և Է.Սարգսյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` Երևանի Հարավ-արևմտյան Բ-2 թաղամասի թիվ 131 շենքի թիվ 49 բնակարանի (այսուհետ՝ բնակարան) նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման մերժումն անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Հ.Գևորգյանը և Է.Սարգսյանը պահանջել են անվավեր ճանաչել բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման մերժումը և պարտավորեցնել Կադաստրին կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում:

Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 24.10.2007 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.01.2008 թվականի վճռով դիմումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Հ.Գևորգյանը և Է.Սարգսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ բնակարանային օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 301-րդ հոդվածի առաջին մասի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դիմողները հանգուցյալ Ռ.Սարգսյանի և Վ.Գևորգյանի ընտանիքի անդամներն են և վարձակալ Ռ.Սարգսյանի հետ միասին մասնակցել են վեճի առարկա բնակարանի սեփականաշնորհմանը, որի հիմքով բնակարանի համասեփականատերեր են: Բնակարանը, որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ սեփականություն, ընտանիքի անդամների համաձայնությամբ, գրանցվել է վարձակալ Ռ.Սարգսյանի անվամբ և տրվել է սեփականության իրավունքի գրանցման վկայական: Այն հանգամանքը, որ բնակարանի սեփականաշնորհմանը մասնակցել են նաև դիմողները հիմնավորվում է գործում առկա բնակարանը սեփականաշնորհելու մասին դիմումով, ինչպես նաև արխիվային տեղեկանքով:

Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները` չկատարելով գործի ապացույցների օբյեկտիվ հետազոտություն և վերլուծություն, ինչի արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ հետևության:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 23.01.2008 թվականի վճիռը և այն փոփոխել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 23.01.1992 թվականին Ռ.Սարգսյանը, Հ.Գևորգյանը, Է.Սարգսյանը և Վ.Գևորգյանը դիմում են ներկայացրել Երևան քաղաքի Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեին բնակարանը սեփականաշնորհելու մասին:

2) Երևան քաղաքի Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 09.04.1992 թվականի որոշմամբ թույլատրվել է բնակարանի սեփականաշնորհումը:

3) 22.05.1992 թվականին Ռ.Սարգսյանի անվամբ տրվել է սեփականության իրավունքի գրանցման վկայական բնակարանի նկատմամբ:

4) Հայաստանի ազգային արխիվի Երևանի քաղաքային մասնաճյուղի 08.05.2007 թվականի տեղեկանքի համաձայն` բնակարանի սեփականաշնորհմանը մասնակցել են Ռ.Սարգսյանը, Հ.Գևորգյանը, Է.Սարգսյանը և Վ.Գևորգյանը:

5) 26.04.1994 թվականին գրանցվել է Վ.Գևորգյանի մահվան փաստը:

6) 30.09.2002 թվականին գրանցվել է Ռ.Սարգսյանի մահվան փաստը:

7) Ռ.Սարգսյանի և Վ.Գևորգյանի ժառանգական գույքի նկատմամբ Հ.Գևորգյանին և Է.Սարգսյանին տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր:

8) Կադաստրը մերժել է Հ.Գևորգյանի և Է.Սարգսյանի իրավունքների գրանցումը` պատճառաբանելով, որ բնակարանի սեփականատերը Ռ.Սարգսյանն էր:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն վեճի հիմքում ընկած իրավահարաբերությունների ծագման պահին գործող ՀՀ բնակարանային օրենսգրքի 53-55-րդ հոդվածների համաձայն` վարձակալի ընտանիքի այն անդամները, որոնք բնակվում են նրա հետ համատեղ, վարձակալի հետ հավասար օգտվում են բնակտարածության վարձակալության պայմանագրից բխող իրավունքներից:

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն՝ Վ.Գևորգյանը, Հ.Գևորգյանը և Է.Սարգսյանը բնակարանի օրդերում Ռ.Սարգսյանի հետ միասին գրանցված լինելով` որպես տվյալ բնակտարածության օգտագործման իրավունք ունեցող ընտանիքի անդամներ, փաստացի ապրելով բնակարանում` ՀՀ բնակարանային օրենսգրքի 53-55-րդ հոդվածների ուժով օգտվել են բնակտարածության վարձակալության պայմանագրից բխող բոլոր իրավունքներից, այդ թվում՝ բնակարանի սեփականաշնորհումից բխող իրավունքից:

Հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հ.Գևորգյանը և Է.Սարգսյանը սեփականաշնորհման հիմքով վեճի առարկա բնակարանի համասեփականատերերն են: Հետևաբար, նրանց սեփականության իրավունքը ենթակա է պաշտպանության ՀՀ Սահմանադրության և օրենքների ուժով:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է Կադաստրի կողմից իրավունքների պետական գրանցումը մերժելու հիմնավորվածության հարցին (տե´ս օրինակ՝ Բորիս Մկրտչյան ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Մարաշ տարածքային ստորաբաժանում՝ պետական մարմնի ապօրինի գործողությունները վիճարկելու պահանջի մասին թիվ 3-1640 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի որոշումը):

Սույն գործով Հ.Գևորգյանի և Է.Սարգսյանի սեփականության իրավունքի գրանցման մերժման համար Կադաստրը հիմք է ընդունել այն հանգամանքը, որ վեճի առարկա բնակարանի միակ սեփականատերը Ռ.Սարգսյանն է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝ պետական գրանցումը մերժվում է, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, այսինքն՝

ա) չեն համապատասխանում օրենսդրությանը կամ դրանցով խախտվել են օրենսդրության պահանջները, կազմված են օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան,

բ) բացակայում է պետական գրանցման վճարի անդորրագիրը,

գ) ներկայացվել են մատիտով գրված, ջնջումներով, ուղղումներով, ինչպես նաև ոչ պատշաճ ձևակերպված փաստաթղթեր:

Արգելվում է այլ պատճառներով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մերժումը, այդ թվում՝ աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

Տվյալ դեպքում Կադաստրը միայն ծագած իրավունքները գրանցող պետական մարմին է և չի կարող անձանց համար սահմանել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով չնախատեսված փաստաթղթեր կամ հիմնավորումներ ներկայացնելու պարտականություններ:

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը, իսկ 31-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն` վավերացված միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են կազմում: Եթե նրանցում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք:

Սույն քաղաքացիական գործով Հ.Գևորգյանի և Է.Սարգսյանի նկատմամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի չկիրառումը խախտում է վերջինիս՝ ՀՀ Սահմանադրության 31-րդ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.01.2008 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 24.10.2007 թվականի վճռին:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան