Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.05.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.06.18/38(628)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
23.05.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
23.05.2008
Дата вступления в силу
23.05.2008

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-3531

Քաղաքացիական գործ թիվ 3-357(ՎԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան  

Դատավորներ՝ Լ. Գրիգորյան

                   Լ. Սոսյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի մայիսի 23-ին,

 

դռնբաց դատական նիստում, քննելով Մանյա Գալուստյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.12.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ Մանյա Գալուստյանի հայցի ընդդեմ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ կարգապահական տույժն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի և անաշխատունակության ողջ ժամանակաշրջանի համար վճարելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Մանյա Գալուստյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության գլխավոր տնօրենի 21.05.2007 թվականի թիվ 76/Կ կետ 4 և 30.05.2007 թվականի թիվ 82/Կ հրամանները, վերականգնել նախկին աշխատանքում որպես իրավապայմանագրային բաժնի գլխավոր իրավախորհրդատու՝ վճարելով հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձը, մինչև աշխատանքում փաստացի վերականգնելու օրը:

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 29.08.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 12.12.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մանյա Գալուստյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասը, չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 117-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա «Պրոմեթեյ բժշկական կենտրոն» ՍՊԸ-ի կողմից տրված տեղեկանքը, 22.05.2007 թվականին Ընկերությանը ներկայացված Մանյա Գալուստյանի դիմումը, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման:

Այսպես, 22.05.2007 թվականին հերթական արձակուրդ տրամադրելու խնդրանքով Մանյա Գալուստյանը դիմել է Ընկերությանը և դիմումին կից ներկայացրել է «Պրոմեթեյ բժշկական կենտրոն» ՍՊԸ-ի կողմից տրված տեղեկանքը, որի համաձայն՝ Մանյա Գալուստյանի մոտ առկա է եղել 23 շաբաթական հղիություն: Մինչդեռ, գործատուն, հաշվի չառնելով նշված հանգամանքը, 30.05.2007 թվականին Մանյա Գալուստյանի հետ լուծել է աշխատանքային պայմանագիրը:

2) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգքրի 121-րդ հոդվածի 3-րդ մասը, 221-րդ, 224-րդ և 226-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Մանյա Գալուստյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս և նրա հետ աշխատանքային պայմանագիրը լուծելիս, գործատուն չի պահպանել կարգապահական պատասխանատվության կիրառման կարգը, այն է` մինչև 21.05.2007 թվականի թիվ 76/Կ հրամանով կարգապահական տույժի կիրառումը հայցվորից չի պահանջել խախտման մասին գրավոր բացատրություն:

3) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.      

Վերաքննիչ դատարանը փաստել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մեկամսյա ժամկետի խախտում, մինչդեռ, նման խախտում առկա չէ:

Մասնավորապես, աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ Ընկերության հրամանը հայցվորն ստացել է 06.06.2007 թվականին և հայցադիմում է ներկայացրել 03.07.2007 թվականին:

4) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը:

Վերաքննիչ դատարանը, 26.11.2007 թվականին նշանակված քաղաքացիական գործի քննությունը հետաձգելով, պատշաճ ձևով չի ծանուցել հայցվորին դատական նիստի ժամանակի և վայրի մասին` դրանով իսկ խախտելով Մանյա Գալուստյանի դատական պաշտպանության իրավունքը, իրավահավասարության և մրցակցության սկզբունքները:

5) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասը և 213-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր:

 Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ բողոքը բերվել է նման լիազորություններ չունեցող անձի կողմից և ըստ էության անձը, որն ստորագրել է վերաքննիչ բողոքը գլխավոր տնօրենի փոխարեն, չունի դատական ակտը բողոքարկելու իրավունք, քանի որ գործի նյութերում բացակայում է բողոք բերողի լիազորությունները հավաստող որևէ ապացույց:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.12.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Արմավիրի մարզի առաջին ատյանի 29.08.2007 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.

 

«Պրոմեթեյ բժշկակական կենտրոն» ՍՊԸ-ի կողմից տրված տեղեկանքն անօրինական է, իրավական հետևանքներ չի կարող առաջացնել, քանի որ այն հակասում է ՀՀ առողջապահության նախարարի 03.08.2006 թվականի թիվ 879-Ն և ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնդրամի 08.08.2006 թվականի թիվ 116-Ն համատեղ հրամանի պահանջներին: Ինչ վերաբերում է հայցվորի ֆիզիոլոգիական վիճակին, ապա այդ վիճակը հիմնավորող որևէ փաստաթուղթ նրա կողմից չի ներկայացվել և Ընկերությունը չի խախտել օրենքը:

27.02.2006 թվականի «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը վերաբերում է այն հղի կնոջը, որը բարեխղճորեն կատարում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները և իր վրա դրված պարտականությունները: Հայցվորն աշխատանքային կարգապահությունը կոպիտ կերպով խախտել է դեռևս 2006 թվականի նոյեմբեր ամսից, ողջ հղիության ընթացքում աշխատանքի չի ներկայացել, բուժման մեջ գտնվելու և հղիությունը պահպանելու վերաբերյալ անաշխատունակության թերթիկ չի ներկայացրել:

Բացի այդ, Մանյա Գալուստյանը դատական պաշտպանության իրավունքից օգտվել է ՀՀ աշխատանքային օրենսգքրի 265-րդ հոդվածով նախատեսված մեկամսյա ժամկետի ավարտից հետո:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Մանյա Գալուստյանը 22.05.2007 թվականին դիմել է Ընկերությանը՝ իրեն հերթական արձակուրդ տրամադրելու մասին: Դիմումին կցվել է «Պրոմեթեյ բժշկական կենտրոն» ՍՊԸ-ի 17.05.2007 թվականի թիվ 23 տեղեկանքը, որի համաձայն՝ Մանյա Գալուստյանի մոտ առկա է 23 շաբաթական հղիություն:

2. Ընկերության գլխավոր տնօրեն Գ. Մարկոսյանի 30.05.2007 թվականի թիվ 82/Կ հրամանի համաձայն՝ Մանյա Գալուստյանի և Ընկերության միջև կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է:

3. Ընկերության գլխավոր տնօրեն Գ. Մարկոսյանի 21.05.2007 թվականի թիվ 76/Կ հրամանի համաձայն՝ Մանյա Գալուստյանին աշխատանքային կարգապահությունը խախտելու համար հայտարարվել է խիստ նկատողություն:

4. Վերաքննիչ դատարանը Մանյա Գալուստյանին պատշաճ ձևով տեղեկացրել է 26.11.2007 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

5. Մանյա Գալուստյանը 26.11.2007 թվականին ներկայացրել է միջնորդություն գործն իր բացակայությամբ քննելու մասին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ աշխատանքային օրենսգքրի 117-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը չի կարող լուծվել հղի կնոջ հետ հղիության ամբողջ ժամանակահատվածում (անհրաժեշտության դեպքում` բժշկական եզրակացության առկայության դեպքում), ծննդաբերության արձակուրդի և դրան հաջորդող ամսվա ընթացքում, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի հետ:

Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ վճռի մեջ պետք է նշվեն վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցները, ինչպես նաև այն օրենքները, ՀՀ միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՜ փաստական և թե՜ իրավական հիմնավորումները:

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տե՜ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ընդդեմ «Քնար-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, քաղ. գործ թիվ 3-2504(ՏԴ) (գումար բռնագանձելու պահանջով)):

Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածից բխում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՜ս Անժելա Ղազարյան, Արփիկ և Արմինե Գասպարյաններ ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը, թիվ 3-1843(ՎԴ)): Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից գործի քննության ընթացքում պետք է ուսումնասիրվեին գործում առկա բոլոր ապացույցները, վերլուծության ենթարկվեին կողմերի ներկայացրած և դատաքննությամբ հետազոտված ապացույցները, դրանցով համապատասխան հանգամանքները հիմնավորված կամ անհիմն համարելու համար:

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, հայցապահանջը մերժելիս գնահատման առարկա չի դարձրել «Պրոմեթեյ բժշկական կենտրոն» ՍՊԸ-ի 17.05.2007 թվականի թիվ 23 տեղեկանքը, որով հիմնավորվում է, որ աշխատանքային պայմանգիրը լուծվել է Մանյա Գալուստյանի հղիության ժամանակաշրջանում, և չի նշել այդ ապացույցի մերժման պատճառները:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ՝

ՀՀ աշխատանքային օրենսգքրի 121-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն նույն հոդվածին համապատասխան` աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուն պարտավոր է պահպանել կարգապահական պատասխանատվության կիրառման կանոնները:

ՀՀ աշխատանքային օրենսգքրի 226-րդ հոդվածի համաձայն՝ մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության:

Նշված հոդվածից հետևում է, որ գործատուն աշխատանքային կարգապահության խախտման մասին գրավոր բացատրությունը պետք է աշխատողից պահանջի մինչև կարգապահական տույժի կիրառումը՝ սահմանելով այդ բացատրությունը տալու համար ողջամիտ ժամկետ:

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Ընկերության գլխավոր տնօրեն Գ. Մարկոսյանի 21.05.2007 թվականի թիվ 76/Կ հրամանի 4-րդ կետի համաձայն՝ Մանյա Գալուստյանին աշխատանքային կարգապահությունը խախտելու համար հայտարարվել է խիստ նկատողություն և պահանջվել բացատրագիր աշխատողից:

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ գործատուն Մանյա Գալուստյանից աշխատանքային կարգապահության խախտման մասին գրավոր բացատրությունը պահանջել է 21.05.2007 թվականի թիվ 76/Կ հրամանով՝ կարգապահական տույժ կիրառելիս, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության կողմից չի պահպանել ՀՀ աշխատանքային օրենսգքրի 121-րդ հոդվածի 3-րդ մասի և 226-րդ հոդվածի ուժով կարգապահական պատասխանատվության կիրառման կանոնները:

3) Վճռաբեկ բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ՝

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան հրամանն ստանալու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում իրավունք ունի դիմելու դատարան:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով այն հանգամանքը, որ հայցվորը բաց է թողել մեկամսյա ժամկետում դատարան դիմելու իրավունքը չի հիմնավորել իր այդ պնդումը:

Մասնավորապես, դատարանի կողմից պատշաճ գնահատման առարկա չի դարձվել և չի որոշվել այդ ժամկետի հաշվարկման սկիզբը՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ Ընկերության հրամանը Մանյա Գալուստյանի կողմից ստանալու օրը:

4) Վճռաբեկ բողոքը չորրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին, իսկ 2-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով:

Սույն քաղաքացիական գործով 26.11.2007 թվականի դատական նիստի մասին Մանյա Գալուստյանին պատշաճ ձևով ծանուցելու փաստը հաստատվում է քննվող քաղաքացիական գործում առկա ծանուցագրով, ինչպես նաև գործն իր բացակայությամբ քննելու մասին Մանյա Գալուստյանի կողմից ներկայացված միջնորդությամբ:

Հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի խախտման վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկը գտնում է անհիմն:

5) Վճռաբեկ բողոքը հինգերորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:

Սույն քաղաքացիական գործով վերաքննիչ բողոքը բերվել է Ընկերության տնօրենի կողմից, իսկ վերջինիս մոտ նման լիազորության առկայությունը չի վիճարկվել:

Հետևաբար, անհիմն է վճռաբեկ բողոքի հիմքն այն մասին, որ վերաքննիչ բողոքը բերվել է նման լիազորություններ չունեցող անձի կողմից:

Վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկները մասնակիորեն հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի 1-ին, 2-րդ և 3-րդ հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով՝ Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.12.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 29.08.2007 թվականի վճռին:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան