Գլխավոր տեղեկություն
Номер
N 792-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (26.04.2003-12.06.2004)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.07.03/23(198) Հոդ.557
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.05.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.06.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.06.2002
Дата вступления в силу
13.07.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.06.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 հունիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 մայիսի 2002 թվականի N 792-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 30-ի «Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն ստեղծելու մասին» N 82 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հունիսի 11
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 16-ի N 792-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը (այսուհետ՝ գործակալություն) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ ջրային ռեսուրսների (մակերևութային և ստորերկրյա) կառավարման բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։

2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի (այսուհետ՝ նախարար) ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան։

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող։

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ։

 

II. Գործակալության նպատակները եվ խնդիրները

 

7. Գործակալության նպատակները և խնդիրներն են՝

ա) ջրի ազգային ծրագրի շրջանակներում ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման (այսուհետ՝ բնագավառ) ապահովումը.

բ) ջրի ազգային ծրագրի մշակմանը և իրականացմանը մասնակցությունը.

գ) բնագավառում իրականացվող ծրագրերի ներդաշնակության ապահովումը.

դ) բնագավառի հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների արդյունքների ներդրման գործընթացի համակարգումը.

ե) ջրային ռեսուրսների որակական և քանակական մոնիտորինգի պահանջարկի ձևավորումը.

զ) ջրային ռեսուրսների պետական կադաստրի ապահովումը։

 

III. Գործակալության գործառույթները

 

8. Գործակալության նպատակների և խնդիրների իրագործման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ գործակալության կողմից իրականացվող գործառույթներն են՝

ա) բնագավառին առնչվող նորմատիվ ակտերի մշակման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

բ) ջրային օբյեկտների և ռեսուրսների դասակարգումն ու գնահատումը՝ ըստ ջրօգտագործման նշանակության.

գ) ջրային ռեսուրսների հաշվեկշռի կազմումը.

դ) ջրային օբյեկտների գույքագրման և անձնագրավորման աշխատանքներին մասնակցությունը.

ե) ջրապահանջի գնահատումը և ջրային ռեսուրսների առաջարկի ձևավորումը.

զ) ջրային օբյեկտների բնապահպանական և էկոլոգիական նվազագույն հոսքերի սահմանման աշխատանքներին մասնակցությունը.

է) ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը.

ը) սահմանված նորմաների հիման վրա ջրօգտագործման և ջրահեռացման ծավալների անհատական չափաքանակների հաստատումը.

թ) բաց ջրավազան կամ կոյուղու կոլեկտոր հեռացվող կեղտաջրերում պարունակվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի անհատական չափաքանակների հաստատումը և թույլտվությունների տրամադրումը.

ժ) ջրային օբյեկտներից ջրառի և կեղտաջրերի թափման վերաբերյալ պայմանագրերի կնքումը.

ժա) ջրառի, նպատակային ջրօգտագործման և ջրային օբյեկտներ թափվող հոսքաջրերի, ինչպես նաև դրանցում պարունակվող վնասակար նյութերի քանակության հաշվառման ապահովումը.

ժբ) ջրաչափական դիտակետերի չափաբերման և դրանց անձնագրավորման աշխատանքների կազմակերպումը և դրանց մասնակցությունը.

ժգ) առանձին ջրատնտեսական համակարգերի ջրակորուստների չափաքանակների հաստատումը՝ համաձայնեցնելով ջրային համակարգերի կառավարման պետական լիազոր մարմնի հետ.

ժդ) ջրային ռեսուրսների պահպանության պլանների մշակումը (ըստ ջրավազանների), ջրի միջնաժամկետային բաշխումը տարբեր բնագավառների և առաջնային ջրօգտագործողների միջև։

 

IV. Գործակալության կառավարումը

 

9. Գործակալությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը: Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին, մինչև քաղաքացիական պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:

Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

10. Գործակալության պետը հաշվետու է նախարարին։

11. Գործակալության պետը՝

ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում առաջարկություններ է ներկայացնում նախարարության աշխատակազմի ղեկավարին գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների իրավասությունները.

ը) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժա) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժբ) առաջարկություններ է ներկայացնում նախարարին գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմինների ստեղծման մասին.

ժգ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։

12. Գործակալության պետի բացակայության դեպքում, գործակալության պետի ներկայացմամբ և նախարարի հանձնարարությամբ, կամ դրա անհնարինության դեպքում՝ նախարարի անմիջական հանձնարարությամբ գործակալության պետի պարտականությունները կատարում է գործակալության պետի տեղակալներից մեկը։

 

V. Գործակալության աշխատանքների կազմակերպումը

 

13. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին գործակալության մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը։

14. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և կարող է ունենալ տարածքային մարմիններ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ։

15. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

16. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 16-ի N 792-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Ջրային ռեսուրսների ծրագրերի բաժին

Ջրային ռեսուրսների հաշվառման բաժին

Ջրօգտագործման թույլտվությունների և պայմանագրերի բաժին

Ջրավազանային հսկողության բաժին

 

II. Տարածքային ստորաբաժանումներ

 

Հյուսիսային ջրավազանային մարմին

Սևան-Հրազդան ջրավազանային մարմին

Արարատյան ջրավազանային մարմին

Ախուրյանի ջրավազանային մարմին

Հարավային ջրավազանային մարմին

(կառուցվածքը խմբ. 27.03.03 N 300-Ն)