Գլխավոր տեղեկություն
Номер
N 238
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (16.12.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.04.01/11(186) Հոդ.216
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.03.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.03.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.03.2002
Дата вступления в силу
14.03.2002

040.0238.14.03.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 մարտի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մարտի 2002 թվականի N 238
քաղ. Երևան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության կանոնադրությունը (կցվում է)։

2. Սույն որոշումը տարածվում է միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության այն մշտական ներկայացուցչությունների վրա, որոնց գործունեության ապահովումը դրված է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության վրա։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 14-ից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
մարտի 14-ի N 238 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը (այսուհետև՝ մշտական ներկայացուցչություն) հանդիսանում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին, որը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը համապատասխան միջազգային կազմակերպությունում:

2. Մշտական ներկայացուցչությունն ստեղծվում է, եթե դա թույլատրվում է համապատասխան միջազգային կազմակերպության կանոնադրությամբ կամ այլ կանոններով, միջազգային կազմակերպության կենտրոնակայանի գտնվելու վայրում կամ տվյալ միջազգային կազմակերպության առանձնացված ստորաբաժանման գտնվելու վայրում:

Մշտական ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանում է, որն իր գործունեությամբ ենթակա և հաշվետու է նրան:

Մշտական ներկայացուցչությանը կից կարող են գործել մասնագիտացված միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ կամ ներկայացուցչություններ:

Սույն կետում նշված ներկայացուցիչները կամ ներկայացուցչությունները գործում են մշտական ներկայացուցչության ընդհանուր քաղաքական ղեկավարությամբ:

(2-րդ կետը լրաց. 11.11.04 N 1641-Ն)

3. Մշտական ներկայացուցչությունն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության նորմատիվ ակտերով, ինչպես նաև միջազգային պայմանագրերով և միջազգային իրավունքի այլ նորմերով, միջազգային կազմակերպությունների կանոններով՝ հաշվի առնելով միջազգային կազմակերպությունը հյուրընկալող պետության օրենսդրությունը:

4. Մշտական ներկայացուցչությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության միասնական արտաքին քաղաքական կուրսի իրականացումը համապատասխան միջազգային կազմակերպության հետ և այդ նպատակով սահմանված կարգով համակարգում է միջազգային կազմակերպության մարմիններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, պատվիրակությունների ու մասնագետների խմբերի գործունեությունը և աջակցում նրանց:

Նշված պատվիրակությունները և մասնագետների խմբերն օժանդակում են մշտական ներկայացուցչության գործունեության իրականացմանը, սահմանված կարգով տեղեկատվություն են ներկայացնում մշտական ներկայացուցչություն իրենց գործունեության մասին:

5. Մշտական ներկայացուցչության ծառայողական շենքերի վրա կամ դրա տարածքում բարձրացվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը և ամրացվում է Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը (տվյալ միջազգային կազմակերպության անվանումը)՝ «Միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչություն» հայերեն վերտառությամբ և միջազգային կազմակերպության պաշտոնական լեզուներից որևէ մեկով, ինչպես նաև միջազգային կազմակերպությունը հյուրընկալող պետության պետական լեզվով կամ լեզուներով: Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներն օգտագործվում են՝ հաշվի առնելով միջազգային կազմակերպությունը հյուրընկալող պետության արարողակարգային պրակտիկան:

6. Մշտական ներկայացուցչության աշխատողներն ու նրանց ընտանիքների անդամները պարտավոր են պահպանել միջազգային կազմակերպությունը հյուրընկալող պետության օրենքները և հարգել սովորույթները, ձեռնպահ մնալ ցանկացած այնպիսի գործողություններից, որոնք կարող են մեկնաբանվել որպես միջամտություն այդ պետության ներքին գործերին:

 

II. Մշտական ներկայացուցչության հիմնական խնդիրները ԵՎ գործառույթները

 

7. Մշտական ներկայացուցչության հիմնական խնդիրներն են՝

ա) Հայաստանի Հանրապետությունը համապատասխան միջազգային կազմակերպությունում ներկայացնելը և պաշտոնական հարաբերություններ ապահովելը միջազգային կազմակերպության հետ.

բ) Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը.

գ) Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականության պարզաբանումը.

դ) համապատասխան միջազգային կազմակերպության հետ կամ դրա շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերի կատարմանը նպաստելը.

ե) միջազգային կազմակերպության հետ բանակցություններ վարելը.

զ) տվյալ միջազգային կազմակերպությունում տեղի ունեցող իրադարձությունների մասին օրինական միջոցներով տեղեկություններ հավաքելը, մշակելը և դրանք Հայաստանի Հանրապետության մարմիններին տրամադրելը։

(7-րդ կետը փոփ., լրաց. 11.11.04 N 1641-Ն)

8. Մշտական ներկայացուցչությունն իր առջև դրված խնդիրներն իրագործելու նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) միջազգային կազմակերպության շրջանակներում պաշտպանել Հայաստանի Հանրապետության ազգային շահերը, նպաստել տվյալ միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական կուրսի իրականացմանը.

բ) միջազգային կազմակերպությունների շրջանակներում մասնակցել միջազգային պայմանագրերի և միջազգային կազմակերպությանը վերաբերող այլ հարցերով որոշումների նախագծերի մշակմանը.

գ) աջակցել տվյալ միջազգային կազմակերպության նպատակների և սկզբունքների իրականացմանը.

դ) կապ պահպանել տվյալ միջազգային կազմակերպության քարտուղարության, կազմակերպության անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների (մշտական ներկայացուցչությունների) և միջազգային կազմակերպությանն առընթեր մշտական դիտորդների առաքելությունների հետ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունը հյուրընկալող պետության պետական մարմինների, հասարակական միավորումների, գործարար, գիտական և մշակութային ոլորտների, զանգվածային լրատվամիջոցների հետ այն հարցերով, որոնք մտնում են տվյալ միջազգային կազմակերպության իրավասության սահմաններում.

ե) մասնակցել միջազգային կազմակերպության շրջանակներում կազմակերպվող միջոցառումների հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց և պաշտոնական պատվիրակությունների այցերի նախապատրաստմանը և իրականացմանը.

զ) պարզաբանել և վերլուծել տվյալ միջազգային կազմակերպության գործունեությունը, միջազգային կազմակերպության մասնակից պետությունների ու միջազգային կազմակերպություններին կից դիտորդների՝ տվյալ միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցության զարգացման հիմնական ուղղվածությունը և իրավիճակը.

է) տվյալ կազմակերպության հարցերով տեղեկատվություն տրամադրել Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, սահմանված կարգով առաջարկություն ներկայացնել տվյալ միջազգային կազմակերպության գործունեությանը Հայաստանի Հանրապետության մասնակցության ապահովման մասին.

ը) այլ գործառույթներ իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, համապատասխան միջազգային կազմակերպության կանոնադրությանը և այլ կանոններին, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ հաշվի առնելով միջազգային կազմակերպությանը հյուրընկալող պետության օրենսդրությունը:

 

III. Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության կառուցվածքը եվ գործունեության կազմակերպումը

 

9. Մշտական ներկայացուցչությունը ղեկավարում է միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչը (այսուհետ` մշտական ներկայացուցիչ):

(9-րդ կետը փոփ. 11.11.04 N 1641-Ն) 

10. Մշտական ներկայացուցիչը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով։

(10-րդ կետը փոփ. 11.11.04 N 1641-Ն)

11. Մշտական ներկայացուցիչն անմիջականորեն ղեկավարում է մշտական ներկայացուցչության աշխատանքները, անձնական պատասխանատվություն է կրում մշտական ներկայացուցչության վրա դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար, մշտական ներկայացուցչության աշխատողների միջև բաշխում է պաշտոնական պարտականությունները:

Մշտական ներկայացուցչի բացակայության ժամանակ նրա գործառույթներն իրականացնում է մշտական ներկայացուցչի ղեկավարի պարտականությունները կատարողը, որը նշանակվում է սահմանված կարգով՝ նրա տեղակալներից կամ մշտական ներկայացուցչության ավագ դիվանագիտական աշխատողներից:

Եթե մշտական ներկայացուցչության ղեկավարը համատեղում է դեսպանընկալ պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը, ապա նրա բացակայության դեպքում մշտական ներկայացուցչության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը կամ ավագ դիվանագիտական աշխատողներից որևէ մեկը, որը նշանակվում է սահմանված կարգով:

(11-րդ կետը փոփ. 11.11.04 N 1641-Ն)

12. Մշտական ներկայացուցիչն ապահովում է մշտական ներկայացուցչության անձնակազմի աշխատանքների կազմակերպումը:

(12-րդ կետը փոփ. 11.11.04 N 1641-Ն)

13. Մշտական ներկայացուցչության հաստիքացուցակը սահմանված կարգով հաստատվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:

14. Մշտական ներկայացուցչությունում կարող են ստեղծվել բաժիններ կամ խմբեր՝ ներկայացուցչության տարբեր գործառական գործունեության ուղղվածությամբ:

15. Մշտական ներկայացուցչության պաշտոններում նշանակումները, ինչպես նաև աշխատողների ռոտացիան իրականացվում է «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

IV. Եզրափակիչ դրույթներ

 

16. Մշտական ներկայացուցչությունն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանով և իր անվամբ կլոր կնիք և դրոշմ, ձևաթղթեր, ինչպես նաև կարող է բանկերում ունենալ հաշիվներ:

17. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող մշտական ներկայացուցչության հողամասերը, շենքերը, շինությունները և այլ գույք ամրակցվում են վերջինիս՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Մշտական ներկայացուցչությունն իրեն ամրակցված գույքը սահմանված կարգով տիրապետում, օգտագործում և տնօրինում է՝ հաշվի առնելով դեսպանընկալ պետության օրենսդրությունը։

18. Մշտական ներկայացուցչությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, ինչպես նաև այլ աղբյուրներից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: