Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.03.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.04.30/25(615)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
27.03.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
27.03.2008
Дата вступления в силу
27.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-3993

Քաղաքացիական գործ թիվ 3-132 (ՎԴ)
2008թ.

Նախագահող դատավոր՝ Վ. Ավանեսյան

Դատավորներ՝ Գ. Մատինյան

                   Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի մարտի 27-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Ա. Եփրեմյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ Ա. Եփրեմյանի հայցի ընդդեմ Ն. Մանվելյանի` անհիմն հարստացման գումարները վերադարձնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Ա.Եփրեմյանը պահանջել է Ն.Մանվելյանից բռնագանձել 4.042.000 ՀՀ դրամ՝ որպես անհիմն խնայած վարձավճարի գումար և 50.526 ՀՀ դրամ՝ որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ:

Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 15.10.2007 թվականի վճռով հայցը մերժվել է։

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.30.2007 թվականի վճռով հայցը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ա.Եփրեմյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:

1) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածը

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած 28.06.2007 թվականի վճռով հաստատվել է, որ Ն.Մանվելյանի կողմից առևտրային տարածքն առանց հայցվորի համաձայնության օգտագործվելու հետևանքով որպես անհիմն խնայված գումար Ն.Մանվելյանը պարտավոր է Ա.Եփրեմյանին վճարել մեկ ամսվա համար 385.000 ՀՀ դրամ, ինչպես նաև տոկոսներ:

Օրինական ուժի մեջ մտած վերոհիշյալ դատական ակտով հաստատված հանգամանքը սույն քաղաքացիական գործը քննելիս չպետք է կրկին անգամ ապացուցվեր:

2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի պահանջները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092 -րդ, 191-րդ, 193-րդ, 197-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Բողոքարկվող վճռում չեն պահպանվել օրենքով վճռին առաջադրված պահանջները և կայացվել է չհիմնավորված վճիռ: Վճռում չի տրվել դրա իրավական և փաստական հիմնավորումները:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ տվյալ դեպքում Ն. Մանվելյանն առանց Ա. Եփրեմյանի համաձայնության է օգտագործել ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքը, որի արդյունքում Ա. Եփրեմյանի հաշվին խնայել է գումարներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 193-րդ և 197-րդ հոդվածների խախտման վերաբերյալ հիմնավորումները վճռաբեկ բողոքում բացակայում են:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.11.2007 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Երևանի Վարդանանց 22 հասցեի տարածքը ընդհանուր սեփականության իրավունքով պատկանում է Ա. Եփրեմյանին և Ն. Մանվելյանին:

2) Վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած 28.06.2007 թվականի վճռով Ա.Եփրեմյանի հայցն ընդդեմ Ն. Մանվելյանի բավարարվել է, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածը: Վճռով հաստատված է համարվել, որ «Նարինե Մանվելյանը միայնակ շարունակել է գործունեությունը վիճելի տարածքում, ինչի հետևանքով ստացել է եկամուտներ», որի արդյունքում վճռվել է բռնագանձել անհիմն խնայած մեկ ամսվա վարձավճար որպես ուրիշի հաշվին խնայված գույք:

3) Վեճի առարկա տարածքը զբաղեցնում է Ընկերությունը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.

1) բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը, որոշելու համար վճռաբեկ բողոքի հիմքի հիմնավորվածությունը, բողոքի սահմաններում պետք է քննարկման առարկա դարձնի հետևյալ իրավական հարցը.

Արդյո՞ք օրենքի մեկնաբանության մասին դատարանի իրավական դիրքորոշումը ընդգրկվում է դատական ակտի պրեյուդիցիալ կապի (նախադատելիության) օբյեկտիվ սահմաններում, այսինքն ունի նախադատելի նշանակություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

Այսինքն` օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված հանգամանքներին:

Գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև արգելք կրկին ապացուցելու կամ հետագա դատավարություններում հերքելու նման հանգամանքները: Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն ներմուծելու նման հանգամանքը նոր կայացվող դատական ակտում:

Դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության օբյեկտիվ սահմանները որոշվում են հանգամանքների այն շրջանակով, որոնք պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս: (տե՜ս՝ «Սաթնէ» ՍՊԸ ընդդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների՝ հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագիրը լուծելու, Ընկերությանը պատկանող և 17.02.2003 թվականին կնքված հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագրով ձեռք բերված օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում 0,04 հա հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջի մասին թիվ 3-93(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):

Սույն քաղաքացիական գործով Ա.Եփրեմյանի և Ն.Մանվելյանի միջև նույնանման փաստական հանգամանքներով այլ քաղաքացիական գործով կայացված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած 28.06.2007 թվականի վճռով հաստատվել է, որ « ...Նարինե Մանվելյանը միայնակ շարունակել է գործունեությունը վիճելի տարածքում, ինչի հետևանքով ստացել է եկամուտներ»: Վերաքննիչ դատարանը այս վեճի նկատմամբ կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածը` պատասխանողից բռնագանձելով «անհիմն խնայած մեկ ամսվա վարձավճար» որպես ուրիշի հաշվին խնայված գույք:

Այսինքն, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած 28.06.2007 թվականի վճռով այլ վերաբերելի փաստերի հետ մեկտեղ հաստատված է համարվել Նարինե Մանվելյանի կողմից վեճի առարկա տարածքում ձեռնարկատիրական գործունեության իրականացման փաստը, որի նկատմամբ Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածը և եկել եզրահանգման, որ Նարինե Մանվելյանը անհիմն խնայել է վեճի առարկա տարածքի մեկ ամսվա վարձավճարը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նախկինում քննված գործով նախադատելի փաստ կարող է որակվել Նարինե Մանվելյանի կողմից վեճի առարկա տարածքում միայնակ ձեռնարկատիրական գործունեության իրականացումը, իսկ դրա արդյունքում մեկ ամսվա վարձավճարի անհիմն խնայած լինելը կամ չլինելը դատարանի իրավական որակումն է, որը կատարվել է վերոնշյալ և մի շարք այլ վերաբերելի փաստերի հետազոտության և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092 -րդ հոդվածի մեկնաբանության արդյունքում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նարինե Մանվելյանի կողմից գումար խնայած լինելը կամ չլինելը սույն քաղաքացիական գործով նախադատելի հանգամանք չէ և չի կարող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման հիմք հանդիսանալ:

Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման համար հիմք է ընդունում դատավորի անկախության սկզբունքը և որպես այդ սկզբունքի կարևոր դատավարական երաշխիք` օրենքի մեկնաբանության և դրա հիման վրա որոշման կայացման լիարժեք անկախությունը:

Այսպես, ՀՀ Սահմանադրության 97-րդ հոդվածի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, ենթարկվում է միայն Սահմանադրությանը և օրենքին: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանը կիրառում է իրավունքի նորմը` ղեկավարվելով դրա բովանդակության սեփական ընկալմամբ: Դատարանի պարտականությունների մեջ է մտնում որոշելը, թե տվյալ գործով ինչ օրենքներ են ենթակա կիրառման և ինչպես պետք է դրանք կիրառվեն: Ընդ որում, դատարանները պարտավոր են ղեկավարվել նորմատիվ նյութի սեփական ընկալմամբ (Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 13.10.1994 թվականի թիվ R(94)12 հանձնարարական, 5-րդ սկզբունք), քանի որ գործում է դատարանի կողմից օրենքի պատշաճ իմացության կանխավարկածը (jսra novit cսria):

Բացի այդ, իրավունքի նորմի բովանդակության կամ դրա մեկնաբանության հարցը գործով ապացուցման առարկայի սահմաններից դուրս է, այն չի հաստատվում ապացույցներով: Իրավունքի նորմի մեկնաբանությունը հատուկ տրամաբանական գործընթաց է, որը նույնական չէ ապացուցման գործընթացին: Կողմերն իրավասու են իրենց իրավական դիրքորոշումներով ազդել դատարանի կարծիքի ձևավորման վրա, սակայն օրենքի կիրառումը, ինչը օրենքի մեկնաբանության հետևանք է, վերջին հաշվով դատարանի մենաշնորհն է:

Ինչ վերաբերում է դատական նախադեպի ինստիտուտին որպես իրավունքի աղբյուր, ապա ինքնին դատական նախադեպը` լինելով ինքնուրույն ինստիտուտ, չի կարող ածանցյալ լինել նախադատելիության դատավարական ինստիտուտից: Նախադեպը դատական իրավաստեղծության արդյունք է, իսկ նախադատելիությունը` դատական ակտի օրնական ուժի և վերջնականության հետևանք: Նախադատելիության սահմանները էապես նեղ են և արտահայտվում են միայն ապացուցման ոլորտում:

Բացի դա, դատական ակտի հիմնավորումների (այդ թվում` օրենքի մեկնաբանությունների) պարտադիր բնույթը սահմանված է միայն Վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտերի համար (ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ կետ):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դատարանի իրավական դիրքորոշումը նախադատելի հանգամանք չէ: Իրավունքի սեփական ընկալման հիմքով դատարանն իրավասու է կատարել որոշակի եզրահանգումներ: Նախադատելի այս դեպքում կարող է լինել հաստատված հանգամանքը, սակայն ոչ դատարանի իրավական դիրքորոշումը:

2) Բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը), բացառությամբ սույն օրենսգրքի 1099 հոդվածով նախատեսված դեպքերի:

Վերոգրյալ հոդվածից հետևում է, որ անհիմն հարստացման հետևանքով պարտավորության առաջացման համար անհրաժեշտ է երկու վավերապայմանների միաժամանակյա առկայությունը՝

1. որպեսզի անձը ուրիշի հաշվին ձեռք բերի կամ խնայի գույք

2. գույքի ձեռք բերումը կամ խնայումը տեղի ունենա իրավական հիմքի բացակայությամբ:

Հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է վճռաբեկ բողոքի փաստարկն այն մասին, որ Նարինե Մանվելյանը անհիմն խնայել է վեճի առարկա տարածքի մեկ ամսվա վարձավճարը, քանի որ`

ա) վեճի առարկա տարածքը օգտագործում է ոչ թե Նարինե Մանվելյանը, այլ Ընկերությունը.

բ) Նարինե Մանվելյանի` որպես ֆիզիկական անձի կողմից ուրիշի հաշվին գույք ձեռք բերելու կամ խնայելու փաստը գործով հաստատված չէ:

Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով Նարինե Մանվելյանը պատշաճ պատասխանող չէ, որի հիմքով հայցը ենթակա էր մերժման:

Ինչ վերաբերում է 197-րդ և 193-րդ հոդվածների խախտման մասին վճռաբեկ բողոքի փաստարկներին, Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում, քանի որ վճռաբեկ բողոքում բացակայում են խախտման հիմնավորումները:

Միաժամանակ, հիմք ընդունելով վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը մասնակիորեն հետաձգելու վերաբերյալ Ա.Եփրեմյանի միջնորդությունը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Եփրեմյանից ենթակա է բռնագանձման չվճարված 92.775,78 (իննսուներկու հազար յոթ հարյուր յոթանասունհինգ դրամ յոթանասունութ լումա) ՀՀ դրամ պետական տուրքը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2007 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Ա.Եփրեմյանից բռնագանձել 92.775,78 (իննսուներկու հազար յոթ հարյուր յոթանասունհինգ դրամ յոթանասունութ լումա) ՀՀ դրամ պետական տուրքը:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան