ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2008 թվականի N 418-Ն
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը 13 մլն յուան (ներառյալ փոխադրման ծախսերը) գումարի չափով` որպես նվիրատվություն տրամադրված գյուղատնտեսական տեխնիկայի տնօրինումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը որպես նվիրատվություն տրամադրված 13 մլն յուան գումարի հաշվին 2008 թվականին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համար նրա ներկայացուցիչ «Նուռնուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հասցեով ներմուծված 50 միավոր տրակտորը` համալրված 50-ական կցվող գյուղատնտեսական գործիքներով (գութան, խոտհնձիչ), մեկական միավոր եգիպտացորենահավաք և հատիկաընդեղենահավաք կոմբայնը, 50 միավոր կցասայլակը, 9 միավոր հավաքիչ-մամլիչը, 3 միավոր մեքենայական շարժաբերով փոցխը, 10 միավոր սրսկիչը և 5 միավոր եգիպտացորենի շարքացանն իրացնել բաց աճուրդով:
2. Սահմանել աճուրդով վաճառվող գյուղատնտեսական տեխնիկայի նվազագույն մեկնարկային գինը` մեկ միավոր տրակտորի և կցվող գյուղատնտեսական գործիքների (գութան, խոտհնձիչ) համար` 2,5 մլն դրամ, եգիպտացորենահավաք կոմբայնի համար` 6,0 մլն դրամ, հատիկաընդեղենահավաք կոմբայնի համար` 5,5 մլն դրամ, կցասայլակի համար` 0,4 մլն դրամ, հավաքիչ-մամլիչի համար` 1,0 մլն դրամ, մեքենայական շարժաբերով փոցխի համար` 0,3 մլն դրամ, սրսկիչի համար` 0,5 մլն դրամ, եգիպտացորենի շարքացանի համար` 0,5 մլն դրամ:
3. Սահմանել, որ`
1) աճուրդի կազմակերպիչն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) աճուրդն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգով.
3) աճուրդով վաճառվող գյուղատնտեսական տեխնիկայի իրացումից գոյացած միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված հատուկ հաշվին և սահմանված կարգով օգտագործվում գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորման համար.
4) առաջիկա 5 տարվա ընթացքում աճուրդով գնված գյուղատնտեսական տեխնիկայի արտահանման դեպքում սեփականատերը պարտավոր է վճարել դրա իրական (ինվոյսային) և աճուրդային վաճառքի գների տարբերությունը՝ հանած շահագործման յուրաքանչյուր տարվա բնականոն մաշվածության գումարը` սահմանված նորմատիվային չափին համապատասխան.
5) աճուրդն իրականացնող գործակալի կողմից կատարված ծախսերը փոխհատուցվում են գյուղատնտեսական տեխնիկայի իրացումից գոյացած միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` «Նուռնուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցով ապահովել գյուղատնտեսական տեխնիկայի ստացումը, մաքսային ձևակերպումը, սերտիֆիկացումը, բեռնաթափումը, ապակոնսերվացումը, հավաքումը, կարգաբերումն ու պահպանումը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրել աճուրդն իրականացնող գործակալ` նրա հետ կնքելով պայմանագիր.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գյուղատնտեսական տեխնիկայի ստացման, մաքսային ձևակերպման, սերտիֆիկացման, բեռնաթափման, ապակոնսերվացման, հավաքման, կարգաբերման և պահպանման ծախսերը փոխհատուցել սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված հատուկ հաշվից` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված ծախսերի նախահաշվի.
3) 10-օրյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետություն ներկրված գյուղատնտեսական տեխնիկայի` աճուրդով իրացման կարգը:
6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գյուղատնտեսական տեխնիկան եռամսյա ժամկետում չիրացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն դրա հետագա տնօրինման վերաբերյալ:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. մայիսի 14 Երևան |