Գլխավոր տեղեկություն
Номер
N 1860-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (05.06.2008-26.05.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2007.01.17/4(528) Հոդ.65
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.12.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.12.2006
Дата вступления в силу
28.12.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.12.2011

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 28 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 դեկտեմբերի 2006 թվականի N 1860-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԵՏԱՂԱՓՈՐՁԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 15.05.08 N 499-Ն)

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժգ» ենթակետը`  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների  նախարարության աշխատակազմի մետաղափորձական վերահսկողության տեսչության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

(«ա» ենթակետը փոփ. 15.05.08 N 499-Ն)

բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների  նախարարության աշխատակազմի մետաղափորձական վերահսկողության տեսչության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի։

(«բ» ենթակետը փոփ. 15.05.08 N 499-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության մետաղափորձական վերահսկողության տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1399-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի դեկտեմբերի 28-ին:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 27
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
դեկտեմբերի 14-ի N 1860-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԵՏԱՂԱՓՈՐՁԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
(Վերնագիրը փոփ. 15.05.08 N 499-Ն)

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների  նախարարության աշխատակազմի մետաղափորձական վերահսկողության տեսչությունը (այսուհետ` տեսչություն) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու արտադրության, ստանդարտացված ձուլակտորների արտադրության, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացման բնագավառում և պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

(1-ին կետը փոփ. 15.05.08 N 499-Ն)

2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և դրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

(2-րդ կետը փոփ. 15.05.08 N 499-Ն)

3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան։

5. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Տեսչության նպատակները և խնդիրներն են`

ա) թանկարժեք մետաղների զտարկմանը, բանկային ոսկու արտադրությանը, ստանդարտացված ձուլակտորների արտադրությանը, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշմանը և հարգադրոշմմանը, մանրածախ առուվաճառքի իրականացմանը ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ տեսչական վերահսկողության ապահովում և դրանց հետ կապված գործարքների իրականացման բնագավառում իրավախախտումների բացահայտման դեպքերում` պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին առաջարկություններ ներկայացնելը.

(«ա» ենթակետը փոփ. 15.05.08 N 499-Ն)

բ) հսկողության իրականացում պետական մարմիններում, պետական հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշիռներում հաշվառված թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի, թանկարժեք մետաղներ պարունակող մեքենաների, սարքավորումների հաշվառման, պահպանման, ինչպես նաև թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ջարդոնի և թափոնի հավաքման, հաշվառման և հանձնման նկատմամբ:

8. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) օրենքով սահմանված դեպքերում վաճառքի համար նախատեսված ինչպես ներքին արտադրության, այնպես էլ օտարերկրյա պետություններից ներմուծված թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական և այլ կենցաղային իրերի հարգի ու հարգադրոշմի համապատասխանության նկատմամբ վերահսկողության իրականացում, իրի վրա դրոշմանիշի դրոշմահետքի փորձաքննություն, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի և թանկարժեք մետաղների փորձաքննության, թանկարժեք մետաղների ստուգիչ տարրալուծումների կատարում և փորձագիտական աշխատանքների փորձաքննության իրականացում.

բ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում կամ հարգադրոշմում իրականացնող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների, պայմանների պահպանման նկատմամբ փաստաթղթային հսկողության և տեղում ստուգումների իրականացում.

գ) թանկարժեք մետաղներ զտարկող, բանկային ոսկի, ստանդարտացված ձուլակտորներ արտադրող կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների, պայմանների պահպանման նկատմամբ փաստաթղթային հսկողության և տեղում ստուգումների իրականացում.

դ) թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական և այլ կենցաղային իրերի մանրածախ առուվաճառքի տարածքներում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգի և հարգադրոշմի համապատասխանության, ինչպես նաև օրենքով սահմանված պահանջների, պայմանների պահպանման նկատմամբ փաստաթղթային հսկողության և տեղում ստուգումների իրականացում.

ե) թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր պարունակող, թանգարանային նմուշների ու արխիվային արժեքների փորձաքննության կատարում.

զ) հարգորոշում և հարգադրոշմում իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի տարբերանիշերի հաշվառում.

է) թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր արտադրող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի անվանանիշերի հաշվառում.

ը) նախաքննության, հետաքննության մարմինների և դատարանների կողմից ընդունված որոշումների հիման վրա կատարվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի փորձաքննություն.

թ) «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալություն մուտքագրվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական և կենցաղային իրերի փորձաքննության կատարում, ինչպես նաև թանկարժեք քարերի անվանման որոշում և որակական գնահատման ապահովում.

ժ) oրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով տնտեսավարող սուբյեկտներից հաշվետվությունների, տեղեկությունների ընդունում և ամփոփում.

ժա) թանկարժեք մետաղներ զտարկող, բանկային ոսկու, ստանդարտացված ձուլակտորների արտադրության, հարգորոշման և հարգադրոշմման սարքավորումների համապատասխանության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պահանջների պահպանման վերաբերյալ լիցենզավորող մարմին առաջարկություն ներկայացնելը։

 

III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Տեսչությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը (այսուհետ` նախարար): Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը։ Տեսչության պետի պաշտոնը քաղաքացիական ծառայության պաշտոն է։ Նրան պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը:

Իր գործունեության ընթացքում տեսչության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

(9-րդ կետը փոփ. 15.05.08 N 499-Ն)

10. Տեսչության պետը պատասխանատու է թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու արտադրության, ստանդարտացված ձուլակտորների արտադրության, ինչպես նաև թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի, հարգորոշման, հարգադրոշմման ու դրանցով գործարքների իրականացման բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման համար և պատասխանատվություն է կրում թույլ տրված իրավախախտումների արձանագրման, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

11. Տեսչության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին: Տեսչության գործունեությունը համակարգում է նախարարի համապատասխան տեղակալը:

12. Տեսչության պետը`

ա) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը և պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) կազմում է տարեկան հաշվետվություն տեսչության գործունեության (տեսչական ստուգումներ, վերստուգումներ, թույլ տրված խախտումներ և կիրառված վարչական տույժեր) մասին և այն ներկայացնում է լիազորված մարմին.

գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

դ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ե) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

զ) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

է) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

ը) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

թ) լսում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժ) իրականացնում է վերահսկողություն տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանման նկատմամբ.

ժա) իր իրավասությունների սահմաններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների, պայմանների խախտումների դեպքում պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին.

ժբ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի, աշխատողների թվի, ինչպես նաև տեսչության խորհրդակցական մարմինների ստեղծման վերաբերյալ.

ժգ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման այլ մարմինների հետ.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Տեսչության պետի բացակայության դեպքում, տեսչության պետի ներկայացմամբ և նախարարի համաձայնությամբ կամ, դրա անհնարինության դեպքում, նախարարի անմիջական հանձնարարությամբ, տեսչության պետի պարտականությունները կատարում է տեսչության պետի տեղակալը:

 

IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Օրենքով, այլ իրավական ակտերով նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

15. Տեսչությունը կարող է ունենալ կառուցվածքային ստորաբաժանումներ:

16. Տեսչության պետի տեղակալը և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

17. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
 դեկտեմբերի 14-ի N 1860-Ն որոշման

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՏԱՂԱՓՈՐՁԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
(Վերնագիրը փոփ. 15.05.08 N 499-Ն)

Վերահսկողության և փորձագիտական բաժին

Փաստաթղթերի հաշվառման և վերլուծության բաժին

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

* - Ծանոթություն -

համաձայն ՀՀ Արդարադատության նախարարության Թիվ 36 պաշտոնական տեղեկատվության սույն օրենքն ուժի մեջ է մտնում 27.01.2007 թ.