ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N ԱԽ-2-Ո-4
2008 թ.
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԷԴ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ |
Հ. Մանուկյանի |
մասնակցությամբ ԱԽ անդամներ |
Վ. Աբելյանի, Ս. Անտոնյանի, Տ. Բարսեղյանի, Ա. Թումանյանի,Ա. Խաչատրյանի, Մ. Մարտիրոսյանի, Տ. Պետրոսյանի, Ն. Տավարացյանի |
մասնակցությամբ դատավոր |
Էդ. Ավետիսյանի |
քարտուղարությամբ |
Շ. Վարդանյանի |
2008 թվականի փետրվարի 29-ին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Էդ. Ավետիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.
2008 թվականի փետրվարի 6-ին Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի թիվ N-Կ-2-3/08 որոշմամբ Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Էդ. Ավետիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ դատարաններում կատարված դատական պրակտիկայի ամփոփման տեղեկանքը:
2. Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.
Կարգապահական հանձնաժողովը Արդարադատության խորհրդին է ներկայացրել եզրակացություն՝ կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող ներքոհիշյալ խախտումների վերաբերյալ, որոնք հանձնաժողովը գնահատել է որպես նյութական և դատավարական նորմերի ակնհայտ խախտումներ:
Ըստ եզրակացության՝
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր Էդ. Ավետիսյան) քննության է առել և վճիռ կայացրել թիվ 2-3885/07, թիվ 2-2608/07 և թիվ 2-3534/07թ. քաղաքացիական գործերով, որոնց պահանջները վերաբերում են ավտոմեքենան արգելանքից հանելուն, մաքսազերծելուն և հաշվառելուն (պետական գրանցման ենթարկելուն):
Այսպես, 2007 թվականի դեկտեմբերի 12-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը քննել է թիվ 2-3885/07թ. քաղաքացիական գործն ըստ հայցի Գառնիկ Հովհաննիսյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության` «Մերսեդես Բենց Սպրինտեր» մակնիշի WDB903663R864529 նույնացման, 61198151135885 շարժիչի, 7116201562483 փոխանցման տուփի համարներով ավտոմեքենան արգելանքից հանելու պահանջի մասին:
12.12.2007թ. դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ և 277-րդ հոդվածներով, հայցը բավարարել է` վերացրել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 3-րդ վարչության 3-րդ բաժնի ավագ օպերլիազոր Ա. Սուքիասյանի 13.08.2007թ. որոշմամբ 2005թ. արտադրության «Մերսեդես Բենց Սպրինտեր» մակնիշի WDB9036631 R864529 նույնացման համարով ավտոմեքենայի վրա դրված կալանքը ՀՀ-ում և թույլատրել ավտոմեքենան հաշվառել առկա նույնացման համարով:
Թիվ 2-2608/07 քաղաքացիական գործն ըստ դիմումի Հրաչյա Մինասյանի, երրորդ անձ Գագիկ Գրիգորյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության, ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի` պետական մարմինների գործողությունները վիճարկելու պահանջի մասին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից քննության է առնվել 19.07.2007թ.:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 275-րդ և 277-րդ հոդվածներով, հայցը բավարարել է` վերացրել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ վարչության որոշմամբ 2000թ. արտադրության «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վրա դրված արգելանքը ՀՀ-ում, պարտավորեցնել պատասխանող ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին` ավտոմեքենան մաքսազերծելուն և պետական գրանցման ենթարկելուն:
Թիվ 2-3534/07 քաղաքացիական գործն ըստ հայցի Հարություն Հարությունյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության` ավտոմեքենան կալանքից հանելու, հաշվառման վերցնելու պահանջների մասին դատարանի կողմից քննության է առնվել 07.12.2007թ.:
07.12.2007թ. դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ և 277-րդ հոդվածներով, հայցը բավարարել է` վերացրել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 3-րդ վարչության 3-րդ բաժնի ավագ օպերլիազոր Ա. Սուքիասյանի 01.10.2006թ. որոշմամբ հայցվոր Հարություն Հարությունյանին պատկանող 1994թ. արտադրության «Մերսեդես Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենայի վրա դրված կալանքը ՀՀ-ում և թույլատրել ավտոմեքենան հաշվառել:
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով քաղաքացիական գործերը, եզրակացրել է, որ Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Էդ. Ավետիսյանը նույնական փաստական հանգամանքների առկայության պայմաններում արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել նյութական և դատավարական օրենքների ակնհայտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի ուժով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք են հանդիսացել:
Այն է` ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 3-րդ վարչության` գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումը կայացվել է քրեական դատավարության շրջանակներում կատարվող գործողությունների ընթացքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն ենթակա է բողոքարկման դատախազին: Ուստի, դատարանն իրավասու չէր քրեական դատավարության կարգով բողոքարկման ենթակա որոշումը վերացնելու մասին հայցադիմումն ընդունել վարույթ և քննել քաղաքացիական դատավարության կարգով:
Հետևաբար, տվյալ պարագայում, դատարանը պետք է ղեկավարվեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն որի դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:
Դատավոր Էդ. Ավետիսյանի կողմից կիրառված՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը վերաբերում է բարեխիղճ ձեռք բերողից գույքը հետ պահանջելուն, այսինքն՝ պետք է սեփականատիրոջ կողմից գույքը հետ վերադարձնելու պահանջ ներկայացված լինի, որպեսզի քննարկվի այն հարցը, թե արդյոք այդ գույքը ձեռք բերողը բարեխիղճ ձեռք բերող է, թե` ոչ: Իսկ տվյալ գործերով ավտոմեքենայի «սեփականատիրոջ» կողմից գույքի պահանջ ներկայացված չէ: Բացի դա, եթե առկա է ավտոմեքենայի առուվաճառքի օրինական պայմանագիր, որն անվավեր ճանաչված չէ, դիմումատուն արդեն իսկ հանդիսանում է նշված գույքի օրինական սեփականատերը և բարեխիղճ ձեռք բերող ճանաչելու որևէ իրավական հիմք չկա:
Բարեխիղճ ձեռք բերողից գույքը պահանջելու իրավունքը ծագում է, եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր և չէր կարող իմանալ, ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը, հանձնել է տիրապետման կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:
Իսկ ինչ վերաբերում է դատարանի կողմից կիրառված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածին, ապա Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ նշված հոդվածի դրույթները որևէ կերպ չեն առնչվում վերոնշյալ գործերով քննարկվող հարաբերությունների հետ:
3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Էդ. Ավետիսյանը չառարկելով եզրակացության մեջ նշված փաստերի առկայության դեմ` վիճարկեց դրանց որակումը որպես կարգապահական խախտում:
Այսպես.
Դատավոր Էդ. Ավետիսյանն իր բացատրության մեջ նշում է, որ իր կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնելիս դատավարական օրենքի նորմերի խախտումը չի բխում վիճելի իրավահարաբերության բնույթից այն պատճառաբանությամբ, որ նշված պահանջները հայցվորները չէին կարող քրեական դատավարության կարգով վիճարկել և վերականգնել իրենց խախտված գույքային իրավունքները, քանի որ Ոստիկանության համապատասխան ծառայությունն արձանագրելով հայցվորների կողմից օրինական կարգով ձեռք բերված ավտոմեքենաների փոխանցման տուփի կամ շարժիչի նույնացման համարների վերադաջված լինելու հանգամանքը, 13.08.2007թ., 01.10.2006թ., 02.05.2007թ. որոշում է կայացրել գույքն արգելանքի տակ վերցնելու մասին, որից հետո որևէ քրեադատավարական գործողություն չի կատարվել (քրեական գործ հարուցելու, մեղադրանք առաջադրելու քրեական գործի հարուցումը մերժելու մասին):
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հետաքննությունը կարող է լինել քննության սկզբնական փուլ` քրեական գործ հարուցելու պահից` 10 օրվա ընթացքում: Հետաքննություն իրականացնող մարմինը գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումները կայացնելով մի դեպքում 9 ամսվա, մյուս դեպքերում 4 և 7 ամիսների ընթացքում որևէ գործողություն չի կատարել, հետևաբար, քաղաքացին չէր կարող քրեական դատավարության կարգով, մասնավորապես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի կարգով վերականգնել իր խախտված գույքային իրավունքները:
Իսկ նյութական օրենքի նորմի սխալ կիրառման վերաբերյալ, մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275 հոդվածի, դատավորն իր բացատրության մեջ նշել է, որ դատարանը քննարկվող քաղաքացիական գործերով որևէ հայցվորի չի ճանաչել բարեխիղճ ձեռք բերող, թեև նյութական օրենքի նորմը նշվել է դատական ակտի պատճառաբանական մասում, սակայն հաշվի առնելով, որ բարեխիղճ ձեռք բերողից գույքի պահանջատեր չկա, վճռի եզրափակիչ մասում տվյալ նորմից բխող պահանջ չի բավարարվել:
Դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275 հոդվածին անդրադարձել է այն պարզ պատճառով, որ հայցապահանջները հիմնականում ձևակերպվել են այդ նորմի դրույթներին համապատասխան, հայցվորները ցանկացել են հիմնավորել, որ նույնիսկ սեփականատիրոջ պահանջի դեպքում իրենք օրենքի ուժով հանդիսանում են բարեխիղճ ձեռքբերողներ, իսկ դատարանը, դատական ակտի միայն պատճառաբանական մասում անդրադառնալով, հիմնավորել է տվյալ փաստի առկայությունը:
Դատավորը նշել է, որ դատարանի կողմից ճիշտ է կիրառվել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածը, քանի որ այն կազմում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 16-րդ գլխով նախատեսված «սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների պաշտպանությանը» վերաբերող նորմերի բաղկացուցիչ մասը, կոնկրետ դեպքում նշված նորմի կիրառումը վերաբերել է սեփականատիրոջ խախտված իրավունքների վերականգնմանը, որը կապված չի եղել տիրապետումից զրկելու հետ:
4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Խորհուրդը հիմք է ընդունում վերոնշյալ քաղաքացիական գործերով արձանագրված հետևյալ փաստական հանգամանքները.
1. Դատարանի կողմից կիրառված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, այն է` սեփականության իրավունքը սուբյեկտի օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված և պաշտպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:
2. Դատարանի կողմից կիրառված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածը, այն է` սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում:
3. Դատարանի կողմից կիրառված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը, որը վերաբերում է բարեխիղճ ձեռք բերողից գույքը հետ պահանջելուն:
4. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի 06.02.2008թ. Կ-2-03/08 որոշմամբ դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը, որի արդյունքում Կարգապահական հանձնաժողովը Խորհրդին միջնորդություն է ներկայացրել դատավոր Էդ. Ավետիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Միջնորդությանը կից ներկայացվել է նաև կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը:
5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Խորհուրդը որպես կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք արձանագրում է այն, որ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածով, այն է` սեփականության իրավունքը սուբյեկտի օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված և պաշտպանվող իրավունքն է իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը, և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ, 277-րդ հոդվածներով, հայցերը բավարարել է` վերացրել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 3-րդ վարչության 3-րդ բաժնի ավագ օպեր լիազորի որոշումներով ավտոմեքենաների վրա դրված կալանքը ՀՀ-ում և թույլատրել դրանց հաշվառումը:
Խորհուրդը գտնում է նաև, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 3-րդ վարչության` գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը կայացվել է քրեական դատավարության շրջանակներում կատարվող գործողությունների ընթացքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն ենթակա է բողոքարկման դատախազին: Ուստի, դատարանն իրավասու չէր քրեական դատավարության կարգով բողոքարկման ենթակա որոշումը վերացնելու մասին հայցադիմումն ընդունել վարույթ և քննել քաղաքացիական դատավարության կարգով:
Տվյալ պարագայում, դատարանը պետք է ղեկավարվեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն որի դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:
Խորհուրդը նկատի է ունենում այն հանգամանքը, որ դատավորը նման որոշման կայացմամբ իրեն չի օժտել լրացուցիչ իրավասությամբ, այլ կիրառել է օրենքի դրույթ, որը կոնկրետ տվյալ իրավահարաբերության նկատմամբ կիրառելի չէր: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277 հոդվածի դրույթներին, համաձայն որի սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ, և նույն օրենսգրքի 275 հոդվածի դրույթներին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը վերաբերում է բարեխիղճ ձեռք բերողից գույքը հետ պահանջելուն, այսինքն՝ պետք է սեփականատիրոջ կողմից գույքը հետ վերադարձնելու պահանջ ներկայացված լինի, որպեսզի քննարկվի այն հարցը, թե արդյոք այդ գույքը ձեռք բերողը բարեխիղճ ձեռք բերող է, թե` ոչ: Իսկ տվյալ գործերով ավտոմեքենայի «սեփականատիրոջ» կողմից գույքի պահանջ ներկայացված չէ: Բացի դա, եթե առկա է ավտոմեքենայի առուվաճառքի օրինական պայմանագիր, որն անվավեր ճանաչված չէ, դիմումատուն արդեն իսկ հանդիսանում է նշված գույքի օրինական սեփականատերը և բարեխիղճ ձեռք բերող ճանաչելու որևէ իրավական հիմք չկա:
Բարեխիղճ ձեռք բերողից գույքը պահանջելու իրավունքը ծագում է, եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր և չէր կարող իմանալ, ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը, կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:
Քննարկելով ներկայացված միջնորդությունը, ուսումնասիրելով միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերը և դատավորների բացատրությունները` Խորհուրդը գտնում է, որ սույն գործով կիրառելի է ՀՀ դատական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ եթե Արդարադատության խորհուրդը նպատակահարմար չի գտնում դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժի միջոց, ապա կարող է բավարարվել հարցի քննարկմամբ` որոշմամբ ամրագրելով կարգապահական պատասխանատվության հիմքերի առկայությունը և կարճելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը:
Դատավորի գործողություններում մեղքի առկայության մասին.
Խորհուրդը գտնում է, որ վերը հիշատակված այն խախտումները, որոնք Խորհուրդը կարգապահական պատասխանատվության հիմք համարեց, դատավոր Էդ. Ավետիսյանի կողմից կատարվել են մեղավորությամբ հետևյալ պատճառաբանությամբ:
Սույն կարգապահական վարույթը Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցվել է դատավոր Էդ. Ավետիսյանի կողմից նյութական և դատավարական նորմերի ակնհայտ խախտումներ թույլ տալու հիմքով: Խորհուրդը գտնում է, որ այն դեպքերում, երբ կարգապահական պատասխանատվության հիմք են դատավորի կողմից նյութական կամ դատավարական նորմերի ակնհայտ խախտումները, որոնց առկայությունը հաստատվում է կարգապահական պատասխանատվության գործի քննությամբ, Խորհուրդը ելնում է դատավորի մեղավորության կանխավարկածից, քանի որ դատական ակտերը, որոնք պարունակում են նյութական և դատավարական օրենքի նորմերի խախտումներ, չեն կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ:
Խորհուրդը դատավարական և նյութական օրենքների նորմերի վերը նշված խախտումները բնութագրում է որպես ակնհայտ այն պատճառաբանությամբ, որ դրանցով խախտվել են արդարադատության իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքների, միջազգային պայմանագրերի նորմերի պահանջները, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել վերոհիշյալ իրավական ակտերով երաշխավորված իրավունքների և ազատությունների սահմանափակմանը, դրանցից զրկելուն, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը խոչընդոտելուն և ազդել են կամ կարող են ազդել գործով ճիշտ և օրինական որոշման կայացմանը (Խորհուրդը նյութական կամ դատավարական օրենքի նորմերի ակնհայտ խախտման վերաբերյալ իր իրավական դիրքորոշումն արտահայտել է նախկինում կայացված որոշումներում. տես օրինակ՝ Արդարադատության խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 12-ի ԱԽ-7-Ո-18 թվակիր որոշումը):
Խորհուրդը հարկ է համարում արձանագրել նաև, որ Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Էդ. Ավետիսյանը դատավորի պաշտոնը ստանձնել է 1999 թվականից, աչքի է ընկել օրինավոր վարքագծով, նպաստել է արդարադատության որակի բարձրացմանը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 162-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Խորհուրդը.
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը մերժել: Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Էդ. Ավետիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել` բավարարվելով հարցի քննարկմամբ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ` |
Վ. Աբելյան Ս. ԱնտոնյանՏ. Բարսեղյան Ա. Թումանյան Ա. Խաչատրյան Մ. Մարտիրոսյան Տ. Պետրոսյան Ն. Տավարացյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|