ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2008 թվականի N 395-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 472-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 23-ի «Աշխատանքի տեղավորման, ազատ աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունների ստացման, մասնագիտական կողմնորոշման խորհրդատվության, մասնագիտական ուսուցման հարցերով զբաղվածության պետական ծառայություն դիմող անձանց կողմից ներկայացվող և գործազուրկի կարգավիճակ տալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, անձանց հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը հաստատելու մասին» N 472-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետը.
2) որոշման N 1 հավելվածում՝
ա. 2-րդ կետը «զբաղվածության» բառից հետո լրացնել «մարզային և» բառերով,
բ. 7-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) ապահովագրական ստաժը հաստատող փաստաթուղթը (աշխատանքային գրքույկը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ապահովագրական ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ).»,
գ. 11-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Տարածքային կենտրոնն անձին հաշվառելուց հետո վերադարձնում է նրա կողմից ներկայացված` սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերը, բացառությամբ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի:»,
դ. 12-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային մարմին` անձի աշխատանքային կամ այլ բնույթի գործունեության տեսակներով զբաղված լինելու ժամանակահատվածում կատարված պարտադիր սոցիալական ապահովության վճարումների և կատարման կամ աշխատավարձ ստանալու ժամկետների, ինչպես նաև աշխատանք փնտրող չզբաղված անձի կենսաթոշակ ստանալու մասին և`».
3) որոշման N 2 հավելվածում՝
ա. «ա» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ա.1.» ենթակետով.
«ա.1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային մարմնի կողմից տրված տեղեկանք աշխատանք փնտրող չզբաղված անձի կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի) չստանալու մասին.»,
բ. «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) ապահովագրական ստաժը հաստատող փաստաթուղթ (աշխատանքային գրքույկ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ապահովագրական ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ).»,
գ. «զ» ենթակետը «մասին» բառից հետո լրացնել «բնակության վայրի մշտական կամ ժամանակավոր հաշվառում չունենալու կամ մշտական կամ ժամանակավոր հաշվառման վայրից դուրս բնակվելու դեպքում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|