Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-740
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.03.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.03.19/16(606) Հոդ.232
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
11.03.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
11.03.2008
Дата вступления в силу
11.03.2008

 ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

11 մարտի 2008 թ.

 

1928 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԼՐԱՑՎԱԾ 1948 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի, 1966 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի, 1972 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՎ ՓՈՓՈԽՎԱԾ 1982 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի ԵՎ 1988 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող),

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1928 թվականի նոյեմբերի 22-ին Փարիզում ստորագրված՝ Միջազգային ցուցահանդեսների մասին կոնվենցիայում (լրացված 1948 թվականի մայիսի 10-ի, 1966 թվականի նոյեմբերի 16-ի, 1972 թվականի նոյեմբերի 30-ի արձանագրություններով և փոփոխված 1982 թվականի հունիսի 24-ի և 1988 թվականի մայիսի 31-ի արձանագրություններով) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը՝ մուտքագրված 2008 թվականի փետրվարի 18-ին:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ն. Երիցյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Կոնվենցիան ստորագրվել է 1928 թվականի նոյեմբերի 22-ին` Փարիզում: Այնուհետև լրացվել է արձանագրություններով` 1948թ. մայիսի 10-ին, 1966թ. նոյեմբերի 16-ին, 1972թ. նոյեմբերի 30-ին, և փոփոխվել է 1982թ. հունիսի 24-ին, ինչպես նաև 1988թ. մայիսի 31-ին: Կոնվենցիայի նպատակն է միջազգային ցուցահանդեսների կազմակերպման և կառավարման ընդհանուր պայմանների, գրանցված ցուցահանդեսների կազմակերպիչների և մասնակցող պետությունների պարտավորությունների կանոնակարգումը:

2. Ներկայիս դրությամբ կոնվենցիայի մասնակից է հանդիսանում 140 պետություն։ Ըստ կոնվենցիայի ինստիտուցիոնալ դրույթների` գործում է Ցուցահանդեսների միջազգային գրասենյակ, որի անդամներ են հանդիսանում Պայմանավորվող կողմերի կառավարությունները։ Գրասենյակի գերագույն մարմինն է Գլխավոր վեհաժողովը, որը կազմված է Պայմանավորվող կողմերի պատվիրակներից։

3. Ստորագրելով կոնվենցիան` Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս մասնակից այլ պետությունների, ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

Կոնվենցիան արգելում է որևէ ցուցահանդեսի տրամադրել որևէ կարգի մենաշնորհ, եթե կազմակերպող երկրի օրենքներում չկան հակառակ դրույթներ, իսկ, այնուամենայնիվ, գրանցման կամ ճանաչման պահին Գրասենյակի կողմից ընդհանուր ծառայությունների մենաշնորհի թույլատրման դեպքում սահմանում է որոշակի պայմաններ. նշել դա ցուցահանդեսի կանոնակարգերում և մասնակցության պայմանագրում, որևէ սահմանափակման չենթարկել հանձնակատարների լիազորություններն իրենց համապատասխան տաղավարներում և այլն (հոդված 20, կետ 1)։

4. Կոնվենցիան պարունակում է նաև լրացումներ և փոփոխություններ կատարելու կարգը, վեճերի լուծման, կոնվենցիան չեղյալ հայտարարելու պայմանները։

Կոնվենցիան ունի նաև հավելված, որում շարադրված են միջազգային ցուցահանդեսների մասնակիցների կողմից ապրանքների ներմուծման մաքսային կանոնները։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 1928 թվականի նոյեմբերի 22-ին Փարիզում ստորագրված՝ Միջազգային ցուցահանդեսների մասին կոնվենցիայում (լրացված 1948 թվականի մայիսի 10-ի, 1966 թվականի նոյեմբերի 16-ի, 1972 թվականի նոյեմբերի 30-ի արձանագրություններով և փոփոխված 1982 թվականի հունիսի 24-ի և 1988 թվականի մայիսի 31-ի արձանագրություններով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան


11 մարտի 2008 թ.
ՍԴՈ-740

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան