«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հոկտեմբերի 2002 թվականի N 1591-Ն
«ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» ՇՔԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Տիգրան Մեծ» շքանշանի նկարագրությունը և նմուշը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
«Տիգրան Մեծ» շքանշանի նկարագրությունը
«Տիգրան Մեծ» շքանշանը (այսուհետ` շքանշան) ութաթև աստղ է (իրար վրա դրված 2 հավասարաչափ քառակուսի): Շքանշանի մեծությունը բոլոր անկյունագծերով 5,5 սմ է: Շքանշանը պատրաստված է 585 հարգի ոսկուց և 925 հարգի արծաթից: Շքանշանի վրա ագուցված են տարբեր չափերի 23 ադամանդ և 8 արհեստական սուտակ (ռուբին): Շքանշանի հակառակ երեսը մանրագլանվածքային է, կենտրոնում ամրացման կոճակն է, դրանից ներքև` շքանշանի թվահամարը: Շքանշանի հիմքը պատրաստված է 925 հարգի արծաթից: Շքանշանի դիմային կողմը մանրագլանվածքային է: Դիմային կողմից հիմքի եզրագծով 1,5 միլիմետր լայնությամբ եզրաշերտ է: Քառակուսիների համադրությունը պատրաստված է 585 հարգի ոսկուց, քառակուսիների 8 անկյուններում ագուցված է 0,1 կարատանոց մեկական ադամանդ: Քառակուսիների համադրումից առաջացած 8 եռանկյունաձև անկյուններում ագուցված է 8 եռանկյունաձև արհեստական սուտակ: Մեդալիոնի շրջանակը պատրաստված է 925 հարգի արծաթից, կենտրոնում տեղադրված է Տիգրան Մեծի դիմանկարը` դեմքի աջ ուղղվածությամբ: Դիմանկարը ոսկեզօծ է և եզերապատված 0,07 կարատանոց 15 ադամանդով: Շրջանակի ներքևի հատվածում արծնապատ կարմիր ֆոնի վրա 925 հարգի արծաթով գրված է «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ»: Շքանշանի շերտաձողիկն ունի 2,4x1,2 սմ չափեր: Շերտաձողիկի ֆոնը սպիտակ է, կենտրոնում 8 միլիմետրանոց կարմիր շերտ է, որի երկու կողմից մեկական միլիմետրանոց դեղին շերտեր են:
(հավելվածը խմբ. 14.04.04 N 500-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
«Տիգրան Մեծ» շքանշան