Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.02.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.04.30/26(616)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
29.02.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
29.02.2008
Дата вступления в силу
29.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-1951/2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-85(ՎԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Լ. Գորգորյան

Դատավորներ՝ Կ. Հակոբյան

                   Ա. Խառատյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի փետրվարի 29-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Գագիկ Ղազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.06.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Արթուր Հովհաննիսյանի ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի և երրորդ անձ Գագիկ Ղազարյանի՝ Վանաձորի քաղաքապետի 15.08.2003 թվականի թիվ 670 որոշումն անվավեր ճանաչելու և ապօրինի կառույցը քանդելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Արթուր Հովհաննիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Վանաձորի քաղաքապետի 15.08.2003 թվականի թիվ 670 որոշումը Գագիկ Ղազարյանին ավտոմասերի պահեստ-տաղավար տեղադրելու համար 5 տարի ժամկետով 20 քմ հողատարածք վարձակալությամբ տրամադրելու մասին և պարտավորեցնել Գագիկ Ղազարյանին իր հաշվին քանդել Գեղեցիկ Սերոբյանին հատկացված և Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 40 շենքի հարավային մասում տեղադրված, Գագիկ Ղազարյանի կողմից վերակառուցված և օգտագործվող ավտոտնակը՝ որպես ինքնակամ շինություն:

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 23.03.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 15.06.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. անվավեր է ճանաչվել Վանաձորի քաղաքապետի 15.08.2003 թվականի թիվ 670 որոշումը, Գագիկ Ղազարյանը պարտավորեցվել է քանդել Վանաձոր, Տիգրան Մեծի պողոտայի 40 շենքի հարավային մասում տեղադրված իր կողմից օգտագործվող ավտոտնակի ինքնակամ կառուցված 12 քմ մակերեսով մասը, հայցի մնացած մասը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գագիկ Ղազարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, hիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը` բողոք բերող անձի համար սահմանելով օրենքով չնախատեսված պարտականություն:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վանաձորի քաղաքապետի 09.04.2007 թվականի որոշմամբ և այդ որոշման հիման վրա 12.04.2007 թվականին տրված սեփականության իրավունքի վկայականով հիմնավորվում է այն հանգամանքը, որ վիճելի ավտոտնակով զբաղեցված հողամասի 12 քմ մակերեսը Վանաձոր համայնքի սեփականությունն է:

Վերաքննիչ դատարանը Գագիկ Ղազարյանին պարտավորեցրել է քանդել վերջինիս կողմից կառուցված ավտոտնակի՝ Վանաձոր համայնքին սեփականության իրավունքով պատկանող 12 քմ հողամասի վրա կառուցված մասը: Մինչդեռ, միայն Վանաձորի համայնքը՝ որպես տվյալ գույքի սեփականատեր, իրավունք ունի քանդել իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա կառուցված ավտոտնակը:

Վերաքննիչ դատարանի կայացրած վճիռը Գագիկ Ղազարյանի վրա դնում է օրենքով չնախատեսված պարտականություն:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 15.06.2007 թվականի վճիռը և գործի վարույթը կարճել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը.

Սույն քաղաքացիական գործով պարզված չէ Վանաձոր, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 40 շենքի հարավային մասում տեղադրված ավտոտնակի 12 քմ մասով զբաղեցված հողամասի սեփականատերը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն՝ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` ինքնակամ կառույցը կարող է քանդվել հողամասի սեփականատիրոջ կողմից:

Ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման, իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգման` հողամասի սեփականատիրոջ հաշվին:

Վերոգրյալ հոդվածից հետևում է, որ ինքնակամ կառույցը քանդելու պարտականությունը օրենքով դրված է համապատասխան հողամասի սեփականատիրոջ վրա:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006 թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ, գումար բռնագանձելու պահանջով քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի որոշումը): Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե´ փաստական և թե´ իրավական հիմնավորումը:

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը վճռել է Գագիկ Ղազարյանին պարտավորեցնել քանդելու Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 40 շենքի հարավային մասում տեղադրված ավտոտնակի ինքնակամ կառուցված 12 քմ մասը՝ առանց պարզելու վերոնշյալ գույքով ծանրաբեռնված հողամասի սեփականատեր լինելու հանգամանքը:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ Վանաձորի քաղաքապետի 09.04.2007 թվականի որոշմամբ և այդ որոշման հիման վրա 12.04.2007 թվականին տրված սեփականության իրավունքի վկայականով հիմնավորվում է այն հանգամանքը, որ վիճելի ավտոտնակով զբաղեցված հողամասի 12 քմ մակերեսը Վանաձորի համայնքի սեփականությունն է, ապա Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում տվյալ փաստարկներին, քանի որ վերոնշյալ ապացույցները ո´չ առաջին ատյանի դատարանում և ո´չ էլ վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում չեն ներկայացվել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.06.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Վարչական դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան