Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (23.04.2008-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.05.21/29(619)
Принят
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի առաջին տեղակալ
Дата принятия
23.04.2008
Подписан
Նալբանդյանի գյուղական համայնքի ավագանի
Дата подписания
23.04.2008
Дата вступления в силу
23.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Քաղաքացիական վերաքննիչ

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-3482

Քաղաքացիական գործ թիվ 3-168(ՎԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Վ. Ավանեսյան  

Դատավորներ՝ Գ. Մատինյան

               Լ. Գրիգորյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի ապրիլի 23-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Գևորգ Անտոնյանի վճռաբեկ բողոքը Քաղաքացիական վերաքննիչ դատարանի 05.11.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ Օֆելյա Պետրոսյանի հայցի ընդդեմ Գևորգ Անտոնյանի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանման` սեփականության իրավունքի խախտումները վերացնելու, Երևանի քաղաքապետի 21.05.2005 թվականի թիվ 885-Ա որոշումն անվավեր ճանաչելու, անհատապես որոշվող գույքն ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու և պատճառված վնասը հատուցելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ Օֆելյա Պետրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 21.05.2005 թվականի թիվ 885-Ա որոշումը, կիրառելով անվավերության հետևանքներ, վերականգնել մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը` վերադարձնել Երևանի Գայի պողոտա 57/1 հասցեում գտնվող պարիսպը, քանդել Գևորգ Անտոնյանի կողմից ինքնակամ կառուցված 8,30քմ մակերեսով շինությունը, հեռացնել հողամասով անցնող բարձր հոսանքի էլեկտրական լարերը և հատուցել պատճառված վնասը:

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 17.08.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 05.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գևորգ Անտոնյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Օֆելյա Պետրոսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը, «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով:

Վերաքննիչ դատարանը, անվավեր ճանաչելով Երևանի քաղաքապետի 21.05.2005 թվականի շուրջ 150 անձանց իրավունքներին վերաբերող թիվ 885-Ա որոշումը, չի պատճառաբանել, թե այդ որոշմամբ պատասխանողի ո՞ր իրավունքն է խախտվել:

Վերաքննիչ դատարանը Երևանի քաղաքապետի որոշումն անվավեր ճանաչելու մասին վճռի հիմքում դրել է Գևորգ Անտոնյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին 30.05.2007 թվականի որոշումը և «Փորձագետների եզրակացություն» վերտառությամբ 16.07.2007 թվականի գրությունը: Մինչդեռ դրանք Երևանի քաղաքապետի վերը նշված որոշումն անվավեր ճանաչելու հիմք չեն: Գևորգ Անտոնյանը վարչական պատասխանատվության է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի հիմքով, որը պատասխանատվություն է նախատեսում հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու համար:

2) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով:

Օֆելյա Պետրոսյանին պատկանող պարիսպը Գևորգ Անտոնյանի մոտ գտնվելու փաստը Վերաքննիչ դատարանում գործի քննության ժամանակ չի հաստատվել, ուստի Օֆելյա Պետրոսյանը չէր կարող պահանջել Գևորգ Անտոնյանից վերադարձնել այն:

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գրությամբ նշված չեն Օֆելյա Պետրոսյանին պատկանող շինությանը հասցված վնասի պատճառները, ինչպես նաև այն հանգամանքը, որ Գևորգ Անտոնյանի կողմից իրականացված կառույցը կառուցվել է վեճի առարկա պատին կից:

Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նշված փորձագիտական եզրակացությամբ ուղղակի նշված է, որ Օֆելյա Պետրոսյանին պատկանող «պահակակետ» օժանդակ շինության տանիքի ջրահեռացման համակարգն իրականացված չէ:

3) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-62-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով:

Վերաքննիչ դատարանը, որպես փորձագետի եզրակացություն, գնահատել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից տրված «Փորձագետների եզրակացություն» վերտառությամբ գրությունը: Նշված գրությունը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-62-րդ հոդվածներով սահմանված փորձագետի եզրակացությանը ներկայացվող պահանջներին, քանի որ որպես այդպիսին դիտվում է բացառապես դատարանի որոշման հիման վրա նշանակված փորձաքննությունը, որի դեպքում փորձագետները նախազգուշացվում են կեղծ եզրակացություն տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն այն չի կարող համարվել թույլատրելի ապացույց:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.11.2007 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

 

Օֆելյա Պետրոսյանի իրավունքները խախտվել են ինչպես Երևանի քաղաքապետի 21.05.2005 թվականի թիվ 885-Ա որոշմամբ, այնպես էլ նրա սեփականությունը հանդիսացող պարիսպը որպես սեփական շինության պատ օգտագործելով, սանհանգույցի ինքնակամ կառուցմամբ, ինչպես նաև նրա տարածքում բարձր լարման հոսանքի էլեկտրական լարերի անցկացմամբ:

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 16.07.2007 թվականի եզրակացության, ինչպես նաև Նոր Նորքի թաղապետարանի վարչական իրավախախտումների գործերով հանձնաժողովի 22.05.2007 թվականի և 30.05.2007 թվականի նիստերի արձանագրությունների համաձայն՝ Գևորգ Անտոնյանին պատկանող արտադրամասի արտաքին պատը Օֆելյա Պետրոսյանին պատկանող քարե պարիսպն է, Գևորգ Անտոնյանը առանց համապատասխան շինարարական թույլտվության իրականացնում է շինարարություն, որի համար ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Վերաքննիչ դատարանը գնահատել է գործում առկա «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 16.07.2007 թվականի եզրակացությունը, որը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-62-րդ հոդվածների պահանջներին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 18.02.2000 թվականի թիվ 4-160 նվիրատվության պայմանագրի հիման վրա` Կադաստրի կողմից կատարվել է Օֆելյա Պետրոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցում Երևանի Գայի պողոտայի թիվ 57/1 հասցեում գտնվող 0,0978հա հողամասի և 315,4քմ մակերեսով շինության նկատմամբ:

2) Երևանի քաղաքապետի 21.05.2005 թվականի թիվ 885-Ա որոշմամբ Երևանի Գայի պողոտայի 57-րդ շենքի բակում գտնվող 63,5քմ մակերեսով արտադրամասի և 5,7քմ մակերեսով ծածկոցի նկատմամբ ճանաչվել է Գևորգ Անտոնյանի սեփականության իրավունքը, իսկ 69,2քմ հողամասը տրամադրվել է վարձակալությամբ 5 տարի ժամկետով:

3) «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 16.07.2007 թվականի թիվ 06-0050Պ փորձագետների եզրակացության համաձայն՝ Երևանի Գայի պողոտա թիվ 57/1 հասցեում գտնվող վարչական շենքի թիվ 7 սենյակի կախովի առաստաղը, որն իրականացված էր ՊՎՔ նյութով, հրդեհի հետևանքով ամբողջովին վնասված և ապամոնտաժված էր:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտն անվավեր ճանաչելը, որպես քաղաքացիական իրավունքների պաշտպանության միջոց կիրառելի է, եթե այն խախտում է քաղաքացու կամ իրավաբանական անձի քաղաքացիական իրավունքներն ու օրինական շահերը:

Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի համաձայն` պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց՝ օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու կամ նրանց գործողությունը (անգործությունը) վիճարկելու համար հիմք են նշված ակտն օրենքին հակասելը և դիմողի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքի և (կամ) ազատության խախտման փաստի առկայությունը:

Նշված նորմը սահմանում է վարչական ակտի՝ դատարանի կողմից անվավեր ճանաչման հնարավորություն՝ բացառապես այն դեպքերում, երբ միաժամանակ առկա են երկու հիմք (պայմաններ): Այդ հիմքերն են՝

1. ակտի հակասելն օրենքին.

2. դիմողի՝ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքի և (կամ) ազատության խախտումը:

Յուրաքանչյուր դեպքում վարչական ակտի իրավաչափությունը վերը նշված հիմքերի սահմաններում որոշելիս դատարանը պետք է ստուգի՝

1. ակտն ընդունած մարմնի (դրա պաշտոնատար անձի) նման ակտ ընդունելու իրավասությունը,

2. տվյալ ակտի նյութական իրավաչափությունը:

Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ակտի նյութական իրավաչափությունը գնահատելիս դատարանը պետք է ստուգի գործի փաստերը (այդ թվում նաև՝ վարչական ակտն ընդունելու համար հիմք ծառայած փաստերը) և գնահատի յուրաքանչյուր փաստի իրավական հետևանքները (տե´ս օրինակ՝ Ջավադ Ջաֆարիի ընդդեմ ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտե՝ վարչական տույժ նշանակելու մասին ՀՀ ԿԱ ՄՊԿ հետաքննության և իրավաբանական վարչության պետի 26.04.2006 թվականի որոշումը վերացնելու պահանջի մասին թիվ 3-2133 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը):

Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ վճռի մեջ պետք է նշվեն վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցները, ինչպես նաև այն օրենքները, ՀՀ միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե´ փաստական և թե´ իրավական հիմնավորումները:

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տես՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ընդդեմ «Քնար-88» ՍՊԸ-ի, քաղաքացիական գործ թիվ 3-2504(ՏԴ) (գումար բռնագանձելու պահանջով)):

Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածից բխում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե´ս Անժելա Ղազարյան, Արփիկ և Արմինե Գասպարյաններ ընդդեմ Շուշանիկ Սարգսյան, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյաններ՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի թիվ 3-1843(ՎԴ) որոշումը):

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից գործի քննության ընթացքում պետք է ուսումնասիրվեին գործում առկա բոլոր ապացույցները, վերլուծության ենթարկվեին կողմերի ներկայացրած և դատաքննությամբ հետազոտված ապացույցները՝ դրանցով համապատասխան հանգամանքները հիմնավորված կամ անհիմն համարելու համար:

Մինչդեռ սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, բավարարելով հայցապահանջը, գնահատման առարկա չի դարձրել այն իրավական հարցը, թե Երևանի քաղաքապետի վիճարկվող որոշումը օրենքի որ նորմին է հակասում: Բացի այդ, սույն քաղաքացիական գործով չի հիմնավորվել Երևանի քաղաքապետի որոշմամբ և վեճի առարկա շինություններով Օֆելյա Պետրոսյանի որևէ իրավունքի խախտման փաստը:

2) Բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական աձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը պատասխանողի կողմից հասցված վնասը հատուցելու հայցապահանջի բավարարման հիմքում դրել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների եզրակացությունը, որի համաձայն՝ Երևանի Գայի պողոտա թիվ 57/1 հասցեի թիվ 7 սենյակի կախովի առաստաղը, որն իրականացված էր ՊՎՔ նյութով, հրդեհի հետևանքով ամբողջովին վնասված և ապամոնտաժված էր:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշալ եզրակացությամբ չի հաստատվում այն հանգամանքը, որ Օֆելյա Պետրոսյանին հասցված վնասը Գևորգ Անտոնյանի կողմից կատարված կառուցապատման պատճառով առաջացած անձրևաջրերի հետևանք է:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը վճռել է վերադարձնել Օֆելյա Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող պարիսպը, առանց հիմնավորելու նշված պարիսպը Գևորգ Անտոնյանի կողմից որպես իր շինության պատ օգտագործելու հանգամանքը:

Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների թիվ 07-0050Պ եզրակացությունը, որի համաձայն՝ վեճի առարկա պարսպի փոխարեն առկա պատի ուսումնասիրության համար հարկավոր է Գևորգ Անտոնյանի համաձայնությունը, իսկ արտաքին տեսողական զննմամբ անհնար է պարզել, թե Գևորգ Անտոնյանի կողմից պարսպին կից է իրականացվել պատը, թե պարիսպն է օգտագործվում որպես արտադրամասի արտաքին պատ:

3) Բողոքը երրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ գործով ապացույցներ են սույն oրենսգրքով և այլ oրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են` փորձագետների եզրակացություններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պարունակող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել: Փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը: Փորձագետ նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում:

Վերոնշյալ հոդվածով նախատեսվում է գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պարունակող հարցերի պարզաբանման նպատակով դատարանի կողմից փորձաքննություն նշանակելու հնարավորություն:

Մինչդեռ որևէ հոդվածով նախատեսված չէ դատավարության մասնակցի նախաձեռնությամբ անցկացված փորձաքննության անթույլատրելիությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկները մասնակիորեն հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին և երկրորդ հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով, վերանայվող դատական ակտը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի քաղաքապետի 21.05.2005 թվականի թիվ 885-Ա որոշումն անվավեր ճանաչելու հայցի մասով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով Երևանի քաղաքապետի 21.05.2005 թվականի թիվ 885-Ա որոշումն անվավեր ճանաչելու հայցի մասով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը մասնակիորեն փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Քաղաքացիական վերաքննիչ դատարանի 05.11.2007 թվականի վճռի՝ Երևանի քաղաքապետի 21.05.2005 թվականի թիվ 885-Ա որոշումն անվավեր ճանաչելու, Երևանի Գայի պողոտա թիվ 57/1 հասցեում գտնվող շինության պարիսպն Օֆելյա Պետրոսյանին վերադարձնելու և պատճառված վնասը բռնագանձելու մասերը:

2. Վճռի՝ Երևանի քաղաքապետի 21.05.2005 թվականի թիվ 885-Ա որոշումն անվավեր ճանաչելու մասը փոփոխել՝ հայցն այդ մասով մերժել:

3. Վճռի՝ Երևանի Գայի պողոտա թիվ 57/1 հասցեում գտնվող շինության պարիսպն Օֆելյա Պետրոսյանին վերադարձնելու և պատճառված վնասը բռնագանձելու մասերով գործն ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

4. Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

5. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան