Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.03.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.04.30/25(615)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
27.03.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
27.03.2008
Дата вступления в силу
27.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-3368

Քաղաքացիական գործ թիվ 3-241 (ՎԴ)
2008թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան

Դատավորներ՝ Լ. Գրիգորյան

                   Լ. Սոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի մարտի 27-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով «Ֆինքա» բարեգործական հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ Հիմնադրամի հայցի ընդդեմ Արմեն Գրիգորյանի, Կարապետ և Հռիփսիկ Վարդանյանների` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Հիմնադրամը պահանջել է Արմեն Գրիգորյանից և Կարապետ Վարդանյանից համապարտությամբ բռնագանձել 7210,12 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` բռնագանձումը տարածելով Արմեն Գրիգորյանի և Հռիփսիկ Վարդանյանի կողմից գրավ դրված և անձնական գույքի վրա:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 14.06.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 03.12.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հիմնադրամը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ, 411-րդ, 879-րդ և 881-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով:

Փոխառության պայմանագրի 5.2 կետով նախատեսվել է, որ պայմանագրի կետանցի դեպքում փոխառուն փոխատուին վճարում է տույժ` կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի 2 տոկոսի չափով: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը ոչ թե պակասեցրել է տուժանքի գումարը՝ պարզաբանելով այդ գումարի անհամաչափությունը, այլ առանց հիմնավորումների, հաշվարկված տույժի ամբողջ գումարն ընդհանրապես չի բռնագանձել պատասխանողներից:

Վերաքննիչ դատարանը, խախտելով վերոնշյալ դատավարական նորմերը, պատասխանողներից չի պահանջել իրենց կողմից նշված գումարի չափը հիմնավորող մանրամասն հաշվարկ, իսկ հայցվորի ներկայացրած գրավոր մանրամասն հաշվարկը հիմք չի ընդունել: Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ բռնագանձելու Հիմնադրամի պահանջին և այդ գումարի բռնագանձման հարցը չի լուծել, որը պարտավոր էր, քանի որ այդպիսի պահանջ Հիմանդրամը ներկայացրել էր:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.12.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 14.06.2007 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 11.11.2005 թվականին կնքված նպատակային փոխառության թիվ 119/05 պայմանագրով Հիմնադրամն Արմեն Գրիգորյանին տրամադրել է 8.000 (ութ հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ամսական 1,84 տոկոս տոկոսադրույքով, մինչև 14.05.2007 թվականը մարելու պայմանով:

Որպես պարտավորության տարաժամկետ կատարման ապահովման միջոց պայմանագրի Հավելված 1-ում նշված մարման գրաֆիկով նախատեսված վճարումներից որևէ մեկի չկատարման դեպքում պայմանագրի 5.2 կետով նախատեսվել է տույժ` վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի 2 տոկոսի չափով:

2) Արմեն Գրիգորյանի կողմից փոխառության պարտավորությունը լրիվ և ժամանակին չի կատարվել:

3) Հիմնադրամի կողմից տրված տեղեկանքի համաձայն՝ փոխատվությունների համակարգչային ծրագրում տեղի է ունեցել խափանում, որի պատճառով համակարգչում սխալ տվյալներ են ֆիքսվել: Մասնավորապես, 22.09.2006 թվականի գումարը (260.40 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ) լիովին չի բավարարել տվյալ պահին կուտակված տույժերը մարելու համար, որոնք կազմել են 286,60 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Համակարգչային ծրագիրը ցույց է տվել 42,09 ԱՄՆ դոլար տույժ՝ 286,60 ԱՄՆ դոլարի փոխարեն:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի համաձայն՝ ուրիշի դրամական միջոցներն ապoրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք oգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի oրվանից մինչև պարտավորության դադարման oրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

Նույն օրենսգրքի 417-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ պարտապանը պարտավորությունը չկատարելու և (կամ) անպատշաճ կատարելու համար պատասխանատու է մեղքի առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ oրենքով կամ պայմանագրով: Պարտապանը ճանաչվում է անմեղ, եթե ապացուցում է, որ ինքը պարտավորությունը պատշաճ կատարելու համար ձեռնարկել է իրենից կախված բոլոր միջոցները:

Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի հիմնավորվածությունը որոշելու համար բողոքի սահմաններում պետք է քննարկման առարկա դարձնի հետևյալ իրավական հարցը.

արդյո՞ք Արմեն Գրիգորյանը կարող էր կամ պարտավոր էր գիտակցել փոխառության պայմանագրով նախատեսված պարտավորության կատարման կետանցի հետևանքով լրացուցիչ պարտավորություն առաջանալու հանգամանքը:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, հայցապահանջի մերժման հիմքում դնելով այն հանգամանքը, որ համակարգչային ծրագրում տեղի ունեցած սխալի պատճառով Հիմնադրամի կողմից տուժանքի գումարն իրականում եղածից այլ է ցույց տրվել, եկել է այն եզրահանգման, որ տուժանքի պարտավորության առաջացման հարցում Արմեն Գրիգորյանի մեղքը բացակայում է:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ (գումար բռնագանձելու պահանջով)):

Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՜ փաստական և թե՜ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման՝ վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը:

Մինչդեռ տվյալ դեպքում վճռում չի հիմնավորվել այն հանգամանքը, որ Արմեն Գրիգորյանը չէր կարող և տվյալ պայմաններում պարտավոր չէր գիտակցել, որ իր կողմից կնքված փոխառության պայմանագրով նախատեսված գումարի վճարման կետանցի դեպքում իր նկատմամբ հաշվարկվելու է լրացուցիչ պարտավորություն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ համակարգչային ծրագրում տեղի ունեցած սխալը չի կարող Արմեն Գրիգորյանի մեղքը բացառող հանգամանք հանդիսանալ, քանի որ վերջինս կարող էր և պարտավոր էր գիտակցել, որ փոխառության պայմանագրով իր պարտավորությունների կետանցի դեպքում ապօրինի պահվող գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով ենթակա են հաշվեգրման տոկոսներ:

Ինչ վերաբերում է փոխառության պայմանագրի 5.2-րդ կետով նախատեսված տույժի բռնագանձման ենթակա լինելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը դրանք անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 881-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ եթե փոխառուն սահմանված ժամկետում չի վերադարձնում փոխառության գումարը, ապա փոխառության պայմանագրով նախատեսված տոկոսները դադարում են, իսկ այդ գումարին ենթակա են վճարման միայն սույն oրենսգրքի 411 հոդվածի 1-ին կետով նախատեսված չափով տոկոսներ, սկսած այն oրվանից, երբ գումարը պետք է վերադարձվեր մինչև գումարը փոխատուին վերադարձնելու oրը:

Փոխառության պայմանագրում այլ պայմաններով տոկոսներ վճարելու վերաբերյալ համաձայնությունն առոչինչ է:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փոխառության պայմանագրի 5.2-րդ կետով նախատեսված տույժ վճարելու վերաբերյալ համաձայնությունն առոչինչ է: Հետևաբար, Արմեն Գրիգորյանի կողմից փոխառության գումարի վճարման կետանցի դեպքում այդ գումարին ենթակա են վճարման միայն ՀՀ քաղաքացիական oրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված չափով տոկոսներ:

Այսպիսով, վերոնշյալը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 29.10.2007 թվականի վճռի հայցապահանջի մերժման մասը և այդ մասով գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան