Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.02.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.03.05/14(604)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
01.02.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
01.02.2008
Дата вступления в силу
01.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-479

Քաղաքացիական գործ թիվ 3-19(ՎԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան
Դատավորներ՝ Կ. Հակոբյան, Լ. Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

                                                                                                     

 2008 թվականի փետրվարի 1-ին,

 

դռնբաց դատական նիստում, քննելով Մարինա Հովսեփյանի, Հասմիկ, Աննա, Լիլիթ Օհանջյանների, Մերի Ստեփանյանի, Հասմիկ Անդրեասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.06.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ Վերգուշ Վարդանյանի հայցի ընդդեմ Եղիշ Թորոսյանի, Արամայիս Օհանջանյանի և Միշա Գրիգորյանի՝ ընդհանուր գույքում բաժինն առանձնացնելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Վերգուշ Վարդանյանը պահանջել է ընդհանուր սեփականության ներքո գտնվող Վ.Շենգավիթ 1-ին փողոց 27-րդ տնից առանձնացնել իր բաժինը և դրա նկատմամբ ճանաչել սեփականության իրավունքը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հատուցել շուկայական արժեքը:

Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 13.12.2005 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 18.06.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Արամայիս Օհանջանյանի իրավահաջորդներ Մարինա Հովսեփյանը, Հասմիկ, Աննա, Լիլիթ Օհանջյանները, Մերի Ստեփանյանը և Հասմիկ Անդրեասյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. 

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ և 220-րդ հոդվածները, ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն քաղաքացիական գործով պատասխանողներ Մարինա Հովսեփյանը, Մերի Ստեփանյանը, Հասմիկ Անդրեասյանը, Հասմիկ, Աննա և Լիլիթ Օհանջանյանները պատշաճ ձևով չեն ծանուցվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին և գործում առկա չէ պատշաճ ծանուցելու փաստը հավաստող որևէ ապացույց:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը, վճիռը հրապարակելու օրվանից եռօրյա ժամկետում այն պատշաճ ձևով չի ուղարկել պատասխանողներ Մարինա Հովսեփյանին, Մերի Ստեփանյանին, Հասմիկ Անդրեասյանին, Հասմիկ, Աննա և Լիլիթ Օհանջանյաններին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 18.06.2007 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 05.09.2005 թվականի վճիռը (գ.թ. 28), որով հաստատվել է, որ դեռևս 1965 թվականին Արամայիս Օհանջանյանը ներքին առուվաճառքի պայմանագրի հիման վրա վաճառել է Եղիշ Թորոսյանին Վ. Շենգավիթ 1-ին փողոցի 27 հասցեում գտնվող 1031 քմ մակերեսով ընդհանուր սեփականության ներքո գտնվող հողամասից փաստացի առանձնացված 260,7քմ մակերեսով հողամասը:

2) Նշված վճռի հիման վրա 09.11.2005 թվականին գրանցվել է Եղիշ Թորոսյանի սեփականության իրավունքը (գ.թ. 60, 111):

3) Վերաքննիչ դատարանի 18.06.2007 թվականի վճռի համաձայն՝ Վերաքննիչ դատարանն որոշում է կայացրել Մարինա Հովսեփյանին, Հասմիկ, Աննա և Լիլիթ Օհանջանյաններին, Մերի Ստեփանյանին և Հասմիկ Անդրեասյանին ներգրավել սույն գործի քննությանը որպես պատասխանողներ:

4) 18.06.2007թ. դատական նիստի ժամանակի և վայրի մասին Արամայիս Օհանջանյանի իրավահաջորդներ Մարինա Հովսեփյանին, Հասմիկ, Աննա և Լիլիթ Օհանջանյաններին, Մերի Ստեփանյանին, Աննա և Լիլիթ Օհանջանյանների ներկայացուցիչ Հասմիկ Անդրեասյանին պատշաճ ձևով ծանուցված լինելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ: Վերաքննիչ դատարանը գործը քննել է նրանց բացակայությամբ:

5) Սույն քաղաքացիական գործում բացակայում է Վերաքննիչ դատարանի 18.06.2007 թվականի վճիռը Մարինա Հովսեփյանին, Հասմիկ, Աննա և Լիլիթ Օհանջանյաններին, Մերի Ստեփանյանին և Հասմիկ Անդրեասյանին ուղարկելու մասին որևէ ապացույց:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. 

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին, իսկ 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով: Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:

Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Մարինա Հովսեփյանին, Հասմիկ, Աննա և Լիլիթ Օհանջանյաններին, Մերի Ստեփանյանին և Հասմիկ Անդրեասյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է նրանց բացակայությամբ ու վճիռ կայացրել:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տե՜ս` Շենգավիթի թաղապետարան ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոներ, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյաններ, 21.12.2006թ., քաղաքացիական գործ թիվ 3-2236/Ա (բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջով) Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, հատոր առաջին, էջ 473-476):

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:

Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում նաև Վերաքննիչ դատարանում գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի խախտման՝ վճռաբեկ բողոքի հիմքը: Վերոհիշյալ հոդվածի համաձայն՝ վերաքննիչ դատարանի վճիռը հրապարակման պահից եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկվում է գործին մասնակցող անձանց:

Մինչդեռ, բողոքարկվող վճիռը բողոք բերած անձանց պատշաճ ձևով ուղարկելու մասին որևէ ապացույց գործում առկա չէ:

Վերաքննիչ դատարանում գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:

Այսպիսով, սույն բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից հետևյալ պատճառաբանությամբ.

Վերաքննիչ դատարանը վճռի եզրափակիչ մասում նշվել է. «Արամայիս Օհանջանյանի իրավահաջորդներից և Միշա Գրիգորյանից համապարտության կարգով հօգուտ Վերգուշ Վարդանյանի բռնագանձել Վ. Շենգավիթ 1-ին փողոցի 27 հասցեում գտնվող 770,3 քմ մակերեսով հողամասից 64 քմ մակերեսով հողամասի շուկայական արժեքը»:

Փաստորեն, Վերաքննիչ դատարանի վճռով Արամայիս Օհանջանյանի իրավահաջորդների համար սահմանվել է պարտավորություն: Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն Արամայիս Օհանջանյանի իրավահաջորդներն որևէ առնչություն չունեն վերը նշված պարտավորության հետ, քանի որ անպատշաճ պատասխանողներ են:

Այսպես, Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 05.09.2005 թվականի վճռով (գ.թ. 28) հաստատվել էր այն հանգամանքը, որ դեռևս 1965 թվականին Արամայիս Օհանջանյանը ներքին առուվաճառքի պայմանագրի հիման վրա վաճառել է Եղիշ Թորոսյանին սույն գործով վեճի առարկա Վ. Շենգավիթ 1-ին փողոցի 27 հասցեում գտնվող 1031 քմ մակերեսով ընդհանուր սեփականության ներքո գտնվող հողամասից փաստացի առանձնացված 260,7քմ մակերեսով հողամասի և դրա վրա առկա 118,6 քմ ընդհանուր մակերեսով շինությունների (այդ թվում՝ 11,7 քմ մակերեսով նկուղն իր տանիքով հանդերձ) և սեփականատեր էր ճանաչվել Եղիշ Աբգարի Թորոսյանը: 09.11.2005թ. Եղիշ Թորոսյանին տրվել է թիվ 1515088 սեփականության իրավունքի վկայականը (գ.թ. 60, 111):

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 18.06.2007 թվականի վճիռը մասնակիորեն բեկանել և փոփոխել` վճռի եզրափակիչ մասից հանել «Արամայիս Օհանջանյանի իրավահաջորդներին», «Արամայիս Օհանջանյանի իրավահաջորդներից և», ինչպես նաև «համապարտության կարգով» բառերը:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան
  Ս. Օհանյան