Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.02.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.03.05/14(604)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
01.02.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
01.02.2008
Дата вступления в силу
01.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-1961/2007թ.

Քաղաքացիական գործ թիվ  3-84(ՎԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Վ. Ավանեսյան

Դատավորներ՝ Գ. Մատինյան Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

                                                                                                     

 2008 թվականի փետրվարի 1-ին,

 

դռնբաց դատական նիստում, քննելով Գայանե և Կարինե Հայրապետյանների, Վարդգես Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Վարդիթեր Ավոյանի ընդդեմ Գայանե և Կարինե Հայրապետյանների, Վարդգես Վարդանյանի՝ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան, Վարդիթեր Ավոյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Ներքին Շենգավիթի 12 փողոցի 1-ին նրբանցքի 19ա տան 25 և 22 քմ մակերեսով սենյակների նկատմամբ:

Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 27.03.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 31.05.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է: Ճանաչվել է Վարդիթեր Ավոյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 12 փողոցի 1-ին նրբանցքի 19ա տան 25 և 22 քմ մակերեսներով սենյակների, 8,37 և 1,44 քմ մակերեսներով օժանդակ հարմարությունների և այդ կառույցներով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Գայանե, Կարինե Հայրապետյանները և Վարդգես Վարդանյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածները, ինչպես նաև Կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ, 280-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

23.04.1970 թվականի պայմանագրով վեճի առարկա 25 և 14 քմ մակերեսներով սենյակների նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցելու պարտավորություն նախատեսված չէ: Այդ պայմանագրով Ավետիք Մարտիրոսյանը և Վարդիթեր Ավոյանը ձեռք են բերել ընդամենը բնակության (օգտագործման) իրավունք վիճելի բնակմակերեսի նկատմամբ: Նշվածը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ վերոհիշյալ պայմանագրով որպես պայմանագրի հիմնական առարկա նշվում է գրանցման հանգամանքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ և 280-րդ հոդվածները տվյալ դեպքում չէին կարող կիրառվել, քանի որ Վարդիթեր Ավոյանի կողմից վիճարկվող գույքը ունի սեփականատեր, որի իրավունքները գրանցված են պետական մարմնում: Նախկինում այն պատկանել է Նինա Գալուստի Հովհաննիսյանին, որը 09.08.1988 թվականի նվիրատվության պայմանագրով այն օտարել է Գայանե, Կարինե Հայրապետյաններին և Վարդգես Վարդանյանին:

Բացի այդ, ինչպես պարզ հետևում է գործում եղած ապացույցներից, թե Նինա Հովհաննիսյանը, և թե մյուս համասեփականատերեր Գայանե և Կարինե Հայրապետյանները, Վարդգես Վարդանյանը երբևիցե չեն հրաժարվել իրենց պատկանող վեճի առարկա անշարժ գույքից, վճարել են հարկեր:

Ընդ որում, մշտական բնակության իրավունք վերապահելու մասին 23.04.1970 թվականի պայմանագիրը կնքվել է այդ պահին գործող խորհրդային օրենսդրության ժամանակաշրջանում, երբ «մշտական գրանցումը» արդեն իսկ բավարար հիմք էր մշտական բնակության իրավունքի ծագման համար: Հենց այդ պատճառով էլ պայմանագրում նշված է «բնակության պայմանով» արտահայտությունը, ինչից պարզ հետևում է, որ տվյալ պայմանագրի առարկան հենց «բնակության իրավունքն» է:

2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով:

Վարդիթեր Ավոյանը պահանջ է ներկայացրել ճանաչելու սեփականության իրավունքը Երևանի Ներքին Շենգավիթի 12 փողոցի 1-ին նրբանցքի 19ա տան 25քմ և 22քմ մակերեսներով սենյակների նկատմամբ: Մինչդեռ. դատարանի վճռով ճանաչվել է հայցվորի սեփականության իրավունքը նաև 8.37քմ և 1.44քմ մակերեսով օժանդակ կառույցների և շինություններով ծանրաբեռնված հողամասի վերաբերյալ:

3) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը, 111-րդ հոդվածը, 47-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

Վերաքննիչ դատարանը, մերժելով գործի քննությունը հետաձգելու՝ պատասխանող կողմի միջնորդությունը, ըստ էության, վերջինիս զրկել է գործի ելքի համար էական նշանակություն ունեցող ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31.05.2007 թվականի վճիռը և հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 23.04.1970 թվականին կնքվել է «Պայմանագիր», ըստ որի` Գալուստ Հովհաննիսյանն իրեն պատկանող մեկ սենյակը` 25քմ մակերեսով, նրան հարակից մեկ սենյակը` 12քմ մակերեսով, բնակվելու պայմանով վաճառել է Ավետիք Մարտիրոսյանին և Վարդիթեր Ավոյանին:

2) 1970 թվականի ապրիլի 23-ի պայմանագրում 8.37քմ և 1.44քմ մակերեսներով օժանդակ կառույցների, ինչպես նաև վեճի առարկա շինություններով ծանրաբեռնված հողամասի վերաբերյալ որևէ նշում չկա:

3) Հայցվորը 8.37քմ և 1.44քմ մակերեսներով օժանդակ հարմարությունների, ինչպես նաև կառույցներով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ հայցապահանջ ընդհանրապես չի ներկայացրել:

4) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման 07.07.1997 թվականի վկայականի համաձայն՝ Ն.Շենգավիթի 12 փողոցի 1-ին նրբ. 19ա տան 1/4-րդ մասը Գայանե Կարապետյանի սեփականությունն է:

5) 31.07.1989 թվականի տեխնիկական անձնագրի համաձայն՝ վեճի առարկա գույքը սեփականության իրավունքով պատկանում է Ռայա Հովհաննեսյանին:

6) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր) պետի տված 21.11.2006 թվականի եզրակացության համաձայն՝ Ն.Շենգավիթի 12 փողոցի 1-ին նրբ. 19ա տուն հասցեում Վարդիթեր Ավոյանի հայտարարության հիման վրա չափագրվել է ամբողջությամբ կառուցապատված 150 քմ մակերեսներով հող: Սակայն, քանի որ կադաստրային գործում գլխավոր հատակագիծ առկա չէ, ուստի Վարդիթեր Ավոյանի կողմից օգտագործվող մակերեսների՝ հողի և շինությունների կարգավիճակի մասին տվյալների տրամադրումը հնարավոր չէ:

7) Պատասխանող Վարդգես Վարդանյանը Վերաքննիչ դատարանի 22.05.2007 թվականի դատական նիստում միջնորդել է նոր ապացույցներ ներկայացնելու համար գործի քննությունը հետաձգել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

Նույն օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, oգտագործումից և տնoրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես, դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը ձեռք է բերում և տիրապետելու է որպես սեփականություն,

2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում,

3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն,

4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տես օրինակ` Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ ընդդեմ Մանվել, Սոֆիկ, Մելանյա, Սամվել Սարիբեկյաններ և Քնարիկ Աղազարյան, Մանվել Սարիբեկյան և Քնարիկ Աղազարյան ընդդեմ Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ, 10.10.2007, քաղ. գործ թիվ 3-1435/ՎԴ (ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջ)):

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը վճռի հիմքում դնելով 1970 թվականին Ավետիք Մարտիրոսյանի, Վարդիթեր Ավոյանի և Գալուստ Հովհաննիսյանի միջև կնքված պայմանագիրը հաստատված է համարել, որ Գալուստ Հովհաննիսյանը 1970 թվականին գրավոր հրաժարվել է իր սեփականությունից, իսկ հայցվորը շուրջ 37 տարի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է այն որպես սեփական գույք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերաքննիչ դատարանը վճռի հիմքում դնելով վերոնշյալ պայմանագիրը, պատշաճ գնահատման առարկա չի դարձրել այն և չի պարզել, թե արդյո՞ք պայմանագրի կնքման պահին (1970 թվականին) վեճի առարկա գույքի սեփականատերը հանդիսացել է պայմանագիրը ստորագրած Գալուստ Հովհաննիսյանը:

Այսինքն, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել և գնահատման առարկա չի դարձրել այն հարցը, թե արդյո՞ք վեճի առարկա գույքը հայցվորի փաստացի տիրապետման անցնելու պահին նա ուներ բավարար հիմքեր ենթադրելու, որ այդ գույքը ձեռք է բերում և այդ պահից սկսած տիրապետելու է որպես սեփականություն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով պայմանագրի կնքման պահին վեճի առարկա գույքը Գալուստ Հովհաննիսյանին սեփականության իրավունքով չպատկանելու դեպքում պայմանագրի կողմ հանդիսացող Ավետիք Մարտիրոսյանը և Վարդիթեր Ավոյանը չէին կարող բավարար հիմքեր ունենալ ենթադրելու, որ այդ գույքը տիրապետելու են որպես սեփականը: Վերոնշյալ հարցադրումը կարևորվում է նաև այն տեսանկյունից, որ նման հանգամանքը կբացառի վեճի առարկա գույքի իրական սեփականատիրոջ կողմից գույքից հրաժարվելու փաստը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել և գնահատման առարկա չի դարձրել պատասխանողի այն փաստարկները, թե կողմերի միջև կնքված պայմանագրով հայցվորը ձեռք է բերել ընդամենը բնակության իրավունք: Մասնավորապես, նման փաստի հաստատման պարագայում նույնպես կբացառվի հայցվորի կողմից վեճի առարկա գույքը որպես սեփականություն տիրապետելու հանգամանքը:

Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձրել նաև Կադաստրի 21.11.2006 թվականի եզրակացությունը, որի համաձայն՝ Ն.Շենգավիթի 12 փողոցի 1-ին նրբ. 19ա տուն հասցեում Վարդիթեր Ավոյանի հայտարարության հիման վրա չափագրվել է ամբողջությամբ կառուցապատված 150 քմ մակերեսներով հող: Սակայն, քանի որ կադաստրային գործում գլխավոր հատակագիծ առկա չէ, ուստի Վարդիթեր Ավոյանի կողմից օգտագործվող մակերեսների՝ հողի և շինությունների կարգավիճակի մասին տվյալների տրամադրումը հնարավոր չէ:

Վերոնշյալից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը ճանաչել է Վարդիթեր Ավոյանի սեփականության իրավունքը իր կողմից օգտագործվող մակերեսների նկատմամբ առանց պարզելու դրանց կարգավիճակը: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրելու, որ անհայտ կարգավիճակ ունեցող կառույցների (ինքնակամ կառույցի) նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք չի կարող ճանաչվել,

2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում արդեն անդրադարձել է նշված իրավական հարցի գնահատականին (տես օրինակ` Ժիրայր Մինասյան ընդդեմ Արուս Խաչումյանի, Հրաչիկ Մինասյանի, 26.01.2007, քաղ. գործ թիվ 3-29/ՎԴ (բնակարանի նկատմամբ իր և որդու սեփականության իրավունքը ճանաչելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և բաժինն առանձնացնելու)):

Սակայն կարևորելով սույն բողոքի հիմքում ընկած իրավական հարցադրումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ նշված հարցին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա: Իսկ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ դատարանը վճիռ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Այսինքն` վերը նշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր է՝

- քաղաքացիական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա,

- քաղաքացիական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածի համաձայն՝ վերաքննիչ դատարանում գործը քննվում է առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով, բացառությամբ հայցի հիմքը կամ առարկան փոխելու, հայցային պահանջների չափը փոփոխելու, հայցից հրաժարվելու (32-րդ հոդվածի 1-ին կետ) կանոնների:

Սույն գործով հայցվորը առաջին ատյանի դատարանում հայցի առարկան և հայցապահանջի չափը չի փոխել, իսկ Վերաքննիչ դատարանում նա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածի ուժով արդեն իսկ զրկված էր նման դատավարական գործողություն կատարելու իրավական հնարավորությունից:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոքի սույն հիմքում նշված այն փաստարկը, թե Վերաքննիչ դատարանը ճանաչելով հայցվորի սեփականության իրավունքը նաև 8.37քմ և 1.44քմ մակերեսով օժանդակ կառույցների, ինչպես նաև վեճի առարկա շինություններով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ, դուրս է եկել գործով ներկայացված հայցապահանջի շրջանակից,

3) բողոքը երրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Վերաքննիչ դատարանում գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 217-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց ներկայացրած լրացուցիչ ապացույցները վերաքննիչ դատարանն ընդունում է, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է առաջին ատյանի դատարանում այդ ապացույցները ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:Իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե գործին մասնակցող անձինք ներկայացնում են վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող լրացուցիչ ապացույցներ, ապա դատարանը գործին մասնակցող անձանց միջնորդությամբ ողջամիտ ժամկետով հետաձգում է գործի քննությունը: Տվյալ դեպքում պատասխանողը գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս չի հիմնավորել գործի համար էական նշանակություն ունեցող չներկայացրած ապացույցների՝ իրենից անկախ պատճառներով առաջին ատյանի դատարանում ներկայացնելու անհնարինությունը, ինչի պայմաններում անհիմն է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի պատճառաբանությունները:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի առաջին և երկրորդ հիմքերի հիմնավոր լինելը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 31.05.2007 թվականի վճիռը բեկանելու հիմք է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան
  Ս. Օհանյան