Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.02.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.03.05/14(604)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
01.02.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
01.02.2008
Дата вступления в силу
01.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ տնտեսական դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ Տ2-71

Քաղաքացիական գործ թիվ 3-20(ՏԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Վ. Ասլանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի փետրվարի 1-ին,

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 08.08.2007 վճռի դեմ` ըստ ՀՀ գլխավոր դատախազության հայցի ընդդեմ «Վանաձորի ոչ ալկոհոլային խմիչքների և գարեջրի գործարան» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 9.560.900 ՀՀ դրամը:

ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Տնտեսական դատարան) 08.08.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. 

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Տնտեսական դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված դատաքննությանը մասնակից դարձվելու անձի իրավունքը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով որպես ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ լիազորված էր մասնակցելու Լոռու մարզի դատախազի տեղակալը, սակայն վերջինս պատշաճ կարգով չի ծանուցվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, որի պատճառով զրկվել է իր պահանջների հիմքում ընկած հանգամանքները դատարանում ապացուցելու հնարավորությունից: Փաստորեն, Տնտեսական դատարանը գործը քննել է հայցվորի ներկայացուցչի բացակայությամբ:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Տնտեսական դատարանի 08.08.2007 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. 

      

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Սույն գործի դատաքննությանը որպես ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ լիազորված էր մասնակցելու Լոռու մարզի դատախազի տեղակալը (գ.թ. 4):

2) 20.04.2007 թվականի (գ.թ. 78) և 31.05.2007 թվականի (գ.թ. 80) դատական նիստի և ժամանակի մասին Տնտեսական դատարանը ծանուցել է Լոռու մարզի դատախազությանը:

3) 25.07.2007 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Լոռու մարզի դատախազի տեղակալին պատշաճ ձևով տեղեկացնելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ: Տնտեսական դատարանը գործը քննել է նրա բացակայությամբ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. 

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը նշված հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին, իսկ 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ՝ պատշաճ ձևով): Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:

Սույն գործի դատաքննությանը որպես ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ լիազորված էր մասնակցելու Լոռու մարզի դատախազի տեղակալը (գ.թ. 4): 20.04.2007 թվականի (գ.թ. 78) և 31.05.2007 թվականի (գ.թ. 80) դատական նիստի և ժամանակի մասին Տնտեսական դատարանը ծանուցել է Լոռու մարզի դատախազությանը: 25.07.2007 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Լոռու մարզի դատախազի տեղակալին պատշաճ ձևով տեղեկացնելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ: 25.07.2007 թվականին (գ.թ. 84) նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցումն ուղարկվել է ոչ թե Լոռու մարզի դատախազության, այլ ՀՀ Գլխավոր դատախազության հասցեով: Մինչդեռ, գործում առկա արձանագրության համաձայն Տնտեսական դատարանը որոշել էր «գործի քննությունը հետաձգել և նշանակել 25.07.2007 թվականին ժամը 11-ին, որի մասին պատշաճ ծանուցել կողմերին» (գ.թ. 92):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը, այնուամենայնիվ Տնտեսական դատարանը գործը քննել է որպես ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ լիազորված Լոռու մարզի դատախազի տեղակալի բացակայությամբ:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում:

Տնտեսական դատարանում գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն Տնտեսական դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 08.08.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ Հյուսիսային քաղաքացիական դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան
  Ս. Օհանյան