Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.02.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.04.30/25(615)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
29.02.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
29.02.2008
Дата вступления в силу
29.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-3582/3072

Քաղաքացիական գործ թիվ 3-23(ՎԴ)
2008թ.

Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան

դատավորներ՝ Վ. Ավանեսյան

                   Գ. Մատինյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի փետրվարի 29-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Հասմիկ Ճշմարիտյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.11.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ Սիրանուշ և Սաթենիկ Ճշմարիտյանների օրինական ներկայացուցիչ Անահիտ Ալեքսանյանի դիմումի՝ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և ժառանգությունն ընդունած ժառանգներ ճանաչելու, ինչպես նաև ըստ Հասմիկ Ճշմարիտյանի դիմումի՝ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Անահիտ Ալեքսանյանը պահանջել է հարգելի համարել անչափահասներ Սիրանուշ և Սաթենիկ Ճշմարիտյանների կողմից Տիգրան Ճշմարիտյանի ժառանգությունն ընդունելու բաց թողնված ժամկետը և նրանց ճանաչել Երևանի Սևքարեցի Սաքոյի փողոցի թիվ 16 տան՝ Սիրանուշ Ղազարյանին պատկանող բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ:

Դիմելով դատարան՝ Հասմիկ Ճշմարիտյանը պահանջել է հարգելի համարել ժառանգությունն ընդունելու բաց թողնված ժամկետը և ճանաչել Երևանի Սևքարեցի Սաքոյի փողոցի թիվ 16 տան՝ Սիրանուշ Ղազարյանին պատկանող բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 28.09.2007 թվականի որոշմամբ վերոնշյալ քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում:

Վերաքննիչ դատարանի 07.11.2007 թվականի վճռով Անահիտ Ալեքսանյանի դիմումը բավարարվել է, իսկ Հասմիկ Ճշմարիտյանի դիմումը՝ մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հասմիկ Ճշմարիտյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.           

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված՝ ապացույցների գնահատման կանոնները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ, 1226-րդ և 1228-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել վիճելի տան միակ բնակիչ Հասմիկ Ճշմարիտյանի կողմից ներկայացված՝ կոմունալ վճարումները հիմնավորող անդորրագրերը, ինչի արդյունքում չի փաստել Հասմիկ Ճշմարիտյանի՝ ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետում ժառանգական զանգվածի փաստացի տիրապետմանն ու կառավարմանն անցած լինելը:

2) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածը, խախտել է 42-րդ հոդվածը:

Հասմիկ Ճշմարիտյանը լինելով ըստ օրենքի առաջին հերթի ժառանգ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ և 1226-րդ հոդվածների ուժով համարվում է ժառանգությունն ընդունած ժառանգ, ինչի պայմաններում ժառանգությունն ընդունելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու պահանջի մասով գործի վարույթը ենթակա էր կարճման:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը խախտել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածը, քանի որ Անահիտ Ալեքսանյանը չի ներկայացրել լիազորագիր չափահաս դստեր՝ Սիրանուշ Ճշմարիտյանի անունից` դատաքննությանը նրա շահերը ներկայացնելու համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.11.2007 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Հասմիկ և Տիգրան Ճշմարիտյանները` գրանցված ամուսնության մեջ գտնված Կառլեն Լևոնի Ճշմարիտյանի (մահացած՝ 01.03.2003 թվականին) և Սիրանուշ Մուրադի Ղազարյանի (մահացած՝ 08.12.1994 թվականին) ըստ օրենքի առաջին հերթի ժառանգներն են.

2) Տիգրան Ճշմարիտյանը մահացել է 08.11.2005 թվականին.

3) Սիրանուշ և Սաթենիկ Ճշմարիտյանները Տիգրան Ճշմարիտյանի ըստ օրենքի առաջին հերթի ժառանգներն են.

4) Հասմիկ Ճշմարիտյանը 1976 թվականից հաշվառված է Երևանի Սևքարեցի Սաքոյի փողոցի թիվ 16 փողոցի հասցեում գտնվող տանը.

5) Գործում առկա են Հասմիկ Ճշմարիտյանի կողմից ներկայացված՝ վեճի առարկա տան կոմունալ և այլ անհրաժեշտ վճարումները հավաստող անդորրագրերը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսերը, իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ ժառանգության փաստացի տիրապետումը կամ կառավարումը, որպես ժառանգության ընդունման եղանակ, կարող է դրսևորվել ժառանգի կողմից ժառանգական գույքի պահպանման ծախսերը կատարելով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 53-րդ հոդվածի 1-ին մասի hամաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել քննվող քաղաքացիական գործում առկա բոլոր ապացույցները, որի արդյունքում անտեսել է վեճի առարկա տան միակ բնակիչ Հասմիկ Ճշմարիտյանի կողմից ներկայացված՝ ժառանգությունն ընդունելու համար սահմանված ժամկետում կոմունալ և տան տիրապետման և շահագործման համար անհրաժեշտ այլ վճարումներ կատարված լինելու մասին ապացույցները, որոնցով հիմնավորվում է Հասմիկ Ճշմարիտյանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով ժառանգությունը ընդունելու հանգամանքը:

Հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որի համաձայն՝ Հասմիկ Ճշմարիտյանը ժառանգական գույքը փաստացի տիրապետելու վերաբերյալ որևէ հիմնավոր ապացույց դատարանին չի ներկայացրել:

Վճռաբեկ դատարանը բազմիցս անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի

53-րդ և 218-րդ հոդվածների ճիշտ և միատեսակ կիրառման խնդրին (տե՜ս, oրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն, 21.12.2006թ., քաղաքացիական գործ թիվ 3-2504/ՏԴ (գումար բռնագանձելու պահանջով)) և սույն քաղաքացիական գործով նպատակահարմար չի գտնում կրկին անդրադառնալ այդ հարցի մեկնաբանմանը:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները:

Հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 109-րդ հոդվածի 1-ին կետի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի պատճառաբանությունը, քանի որ ժառանգությունն ընդունելու բաց թողած ժամկետը հարգելի համարելու պահանջը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով, ենթակա է դատարանում քննության:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածների խախտման մասին վճռաբեկ բողոքի պատճառաբանությունը հիմնավոր է, քանի որ գործի քննության ժամանակ 31.07.1989 թվականին ծնված Սիրանուշ Ճշմարիտյանը 31.07.2007 թվականին ձեռք է բերել լրիվ գործունակություն, հետևաբար, նրա շահերը դատարանում կարող էին ներկայացվել միայն վերջինիս կողմից տրված համապատասխան լիազորագրի հիման վրա, ինչը սույն քաղաքացիական գործում բացակայում է:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ փաստը Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու հիմք չէ, քանի որ հայցապահանջի ներկայացման պահին Սիրանուշ Ճշմարիտյանն անչափահաս էր, հետևաբար, Անահիտ Ալեքսանյանն իրավասու էր Սիրանուշ Ճշմարիտյանի անունից ներկայացնելու հայց, իսկ 31.07.2007 թվականին վերջինիս չափահաս դառնալը ինքնին չի կարող խոչընդոտ հանդիսանալ դատարանի կողմից գործի քննությունը շարունակելու և վճիռ կայացնելու համար:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Սույն քաղաքացիական գործով հաստատված փաստական հանգամանքները Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.11.2007 թվականի վճիռը փոփոխելու համար, որը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.11. 2007 թվականի վճիռը և այն փոփոխել:

2. Անահիտ Կամոյի Ալեքսանյանի դիմումը բավարարել մասնակիորեն` ժառանգությունն ընդունելու սահմանված ժամկետի բացթողումը համարել հարգելի: Սիրանուշ Տիգրանի և Սաթենիկ Տիգրանի Ճշմարիտյաններին ճանաչել ք. Երևան, Սևքարեցի Սաքոյի փող. թիվ 16 հասցեում գտնվող` Սիրանուշ Մուրադի Ղազարյանին պատկանող տան և հողամասի կես մասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ:

3. Հասմիկ Կառլենի Ճշմարիտյանի դիմումը բավարարել մասնակիորեն` ժառանգությունն ընդունելու սահմանված ժամկետի բացթողումը համարել հարգելի: Հասմիկ Ճշմարիտյանին ճանաչել ք. Երևան, Սևքարեցի Սաքոյի փող. թիվ 16 հասցեում գտնվող` Սիրանուշ Մուրադի Ղազարյանին պատկանող տան և հողամասի կես մասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ:

4. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան