Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-732
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.02.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.02.13/9(599) Հոդ.135
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
01.02.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
01.02.2008
Дата вступления в силу
01.02.2008

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

1 փետրվարի 2008 թ.

 

2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ԱԲՈՒ ԴԱԲԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԲՈՒ ԴԱԲԻԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ ԹՈՒՆԵԼԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի դեկտեմբերի 12-ին Աբու Դաբիում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի միջև Արփա-Սևան թունելի վերականգնման նախագծի ֆինանսավորման մասին վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2007 թ. դեկտեմբերի 12-ին Աբու Դաբիում` Արփա-Սևան թունելի վերականգնման նախագծի ֆինանսավորման նպատակով:

2. Նախագծի նպատակն է նպաստել Սևանա լճի մակարդակի բարձրացմանը և բնապահպանական կայունության պահպանմանը:

3. Ըստ համաձայնագրի` Աբու Դաբիի զարգացման հիմնադրամը, համաձայնագրում ամրագրված պայմաններով, Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է երեսունվեց միլիոն յոթ հարյուր երեսուն հազար (36.730.000) ԱՄԷ դիրհեմի չափով վարկ։

4. Համաձայնագիրը սահմանում է այն նախագիծը, որի իրականացմանն ուղղվում է վարկավորումը, վարկավորման չափը, վճարման կարգն ու ժամանակացույցը, կատարվելիք աշխատանքների նկարագրությունը, վերահսկողության իրականացման կարգը, ֆինանսավորման ընթացակարգը, վեճերի լուծման կարգը, ինչպես նաև համաձայնագրի գործողության և գործողության դադարման կարգն ու ժամկետները: Համաձայնագրի մասն են կազմում նաև երկու հավելվածները՝ Հավելված 1. «Պարտքի մարման ժամանակացույց» և Հավելված 2. «Նախագծի նկարագրություն»:

5. Սույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- վճարել տարեկան երեք տոկոս (3%) տոկոսադրույք վարկի հիմնական գումարից օգտագործված և ժամանակին չմարված պարտքի hամար,

- վարկի միջոցներն ուղղել բացառապես նախագծի իրականացման համար պահանջվող ապրանքների իրական արժեքի և ծառայությունների ֆինանսավորմանը,

- ապահովել, որպեսզի վարկի հիմնական գումարը, տոկոսները և այլ վճարները վճարվեն առանց որևէ պահումների և ազատված լինեն ՀՀ օրենսդրությամբ գործող հարկերից,

- վարկի հիմնական գումարը, տոկոսավճարները և այլ վճարները վճարել անկախ ՀՀ-ում գործող որևէ սահմանափակումից,

- ձեռնարկել անհրաժեշտ քայլեր նախագծի իրականացման համար և չձեռնարկել կամ չթույլատրել ձեռնարկել որևէ քայլ, որը կկանխի կամ կխոչընդոտի նախագծի իրականացմանը կամ շահագործմանը կամ համաձայնագրի որևէ դրույթի կատարմանը,

- Հիմնադրամի բոլոր փաստաթղթերը, արձանագրությունները, նամակագրությունը և նմանօրինակ բոլոր նյութերը համարել կոնֆիդենցիալ և երաշխավորել Հիմնադրամի բացարձակ անձեռնմխելիությունը գրաքննությունից և հրապարակումների ստուգումներից,

- Հիմնադրամի բոլոր ակտիվները և եկամուտն ազատել ազգայնացումից, առգրավումից և բռնագրավումից:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64, 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2007 թվականի դեկտեմբերի 12-ին Աբու Դաբիում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի միջև Արփա-Սևան թունելի վերականգնման նախագծի ֆինանսավորման մասին վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


1 փետրվարի 2008 թ.
ՍԴՈ-732

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան