Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.12.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.01.29/5(595)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
25.12.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
25.12.2007
Дата вступления в силу
25.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ
դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-2633

Քաղաքացիական գործ թիվ 3-1881(ՎԴ)
2007թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան
Դատավորներ՝ Դ. Խաչատրյան, Վ. Ավանեսյան  

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ս. Գյուրջյանի

 

Է. Հայրիյանի

 

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի դեկտեմբերի 25-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Սերոբ Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 07.08.2007 թվականի վճռի դեմ՝ քաղաքացիական գործով ըստ հայցի Սերոբ Հարությունյանի ընդդեմ Ջանիբեկ Հարությունյանի և Աննա Հովհաննիսյանի, ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտարի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու, տան 1/3 մասի նկատմամբ սեփականատեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Սերոբ Հարությունյանը պահանջել է ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ, մասնակիորեն անվավեր ճանաչել պատասխանողներին տրված 21.07.2006 թվականի ժառանգության իրավունքի վկայագիրը, Սիլիկյան թաղամասի 3-րդ փողոցի թիվ 4 տան նկատմամբ պատասխանողների անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և իրեն ճանաչել տան 1/3 մասի սեփականատեր:

Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 01.06.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 07.08.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սերոբ Հարությունյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել նախկին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, և կիրառել է գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ, 1226-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը բողոքի սույն հիմքը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

1972 թվականից մինչև 1990 թվականի դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում հայցվորը տիրապետել, կառավարել է վիճելի տունը և հոր մահից հետո 1972 թվականից սկսած կատարել է գույքի հետ կապված բոլոր տեսակի հարկերի վճարումները: Հայցվորի մայրը մահացել է 1988 թվականին, որից հետո մինչև հաշվառումից դուրս գալը` 1990 թվականի դեկտեմբեր ամիսը, հայցվորը պատասխանողների հետ միասին տիրապետել է վիճելի գույքը:

Նախկին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածի համաձայն` ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա փաստորեն սկսում է տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը, կամ երբ նա ժառանգության բացման վայրի նոտարական մարմնին հայտարարել է ժառանգությունն ընդունելու մասին, այս հոդվածում նշված գործողությունները պետք է կատարվեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Փաստորեն, տիրապետելով վիճելի գույքը, ՀՀ նախկին քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածի ուժով հայցվորը հանդիսացել է ժառանգությունն ընդունած ժառանգ` պատասխանողների հետ մեկտեղ: Սակայն դատարանը հաշվի չի առել նշված հանգամանքը և որպես ժառանգությունն ընդունած ժառանգներ համարել է պատասխանողներին, այն էլ 1991 թվականից սկսած:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 07.08.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 13.06.1973 թվականի մահվան վկայականի համաձայն` Ստեփան Հարությունյանը (հայցվորի հայրը) մահացել է 20.10.1972 թվականին (գ.թ.16):

2) 14.04.1989 թվականին տրված մահվան վկայականի համաձայն` Արեգնազ Հարությունյանը (հայցվորի մայրը) մահացել է 26.12.1988 թվականին (գ.թ.15):

3) Հայցվորը վիճելի տան հաշվառումից դուրս է գրվել 1990 թվականին:

4) Երևանի Սպանդարյան թաղամասի 3-րդ փողոցի թիվ 4 հասցեում գտնվող վիճելի անշարժ գույքը` բաղկացած 113,93 քմ մակերեսով շենք-շինությունից և դրանով զբաղեցված 963,5 քմ մակերեսով հողամասից, սեփականության իրավունքով պատկանել է Ստեփան Հարությունյանին (հայցվորի հորը) (գ.թ.34):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Մինչև 1990 թվականին հաշվառումից դուրս գալը, բացառությամբ 1973-1975 թվականներին զիվորական ծառայության մեջ գտնվելու ժամանակահատվածի, հայցվորը բնակվել է Երևանի Սիլիկյան թաղամաս, 3-րդ փողոց թիվ 4 հասցեի վիճելի տանը, որը սեփականության իրավունքով պատկանել է Ստեփան Հարությունյանին: Ստեփան Հարությունյանը մահացել է 20.10.1972 թվականին:

04.06.1964 թվականի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (ուժը կորցրել է 01.01.1999 թվականին) 549-րդ հոդվածի համաձայն` ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա փաստորեն սկսում է տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը, կամ երբ նա ժառանգության բացման վայրի նոտարական մարմնին հայտարարել է ժառանգությունն ընդունելու մասին, այս հոդվածում նշված գործողությունները պետք է կատարվեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Նույն օրենսգրքի 531-րդ հոդվածի համաձայն` ժառանգության բացման ժամանակ է համարվում ժառանգատուի մահվան օրը: Նշվածի հիման վրա պետք է եզրակացնել, որ Ստեփան Հարությունյանի մահից` 20.10.1972 թվականից հետո, շարունակելով տիրապետել վիճելի գույքը, հայցվորը հանդիսացել է Ստեփան Հարությունյանի ժառանգական գույքի իր մասի ժառանգությունն ընդունած ժառանգ:

26.12.1988 թվականին մահացել է հայցվորի մայրը, որից հետո մինչև 1990 թվականին հաշվառումից դուրս գալը, փաստացի տիրապետելով վիճելի գույքը, ՀՀ նախկին քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածի ուժով հայցվորը հանդիսանում է ծնողների ժառանգական գույքի նկատմամբ իր մասով ժառանգությունն ընդունած ժառանգ:

«ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի իմաստով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի տասնմեկերորդ բաժնի նորմերը, որոնք կարգավորում են ժառանգության հետ կապված իրավահարաբերությունները, կիրառվում են նաև այն ժառանգությունների նկատմամբ, որոնք բացվել են մինչև օրենսգիրքը գործողության մեջ դնելը, սակայն չեն ընդունվել ժառանգներից ոչ մեկի կողմից և ժառանգման իրավունքով պետության կամ համայնքի սեփականությունը չեն դարձել մինչև 1999 թվականի հունվարի 1-ը: Նկատի ունենալով, որ ծնողների մահից հետո մինչև վիճելի տան հաշվառումից դուրս գրվելն ընկած ժամանակահատվածում փաստացի տիրապետելով գույքը` հայցվորը վիճելի ժառանգական գույքի նկատմամբ իր մասով ժառանգությունն ընդունած ժառանգ է, այսինքն` ժառանգությունն ընդունվել է, հետևաբար, սույն իրավահարաբերության նկատմամբ 01.01.1999 թվականից ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ բաժնում զետեղված նորմերը կիրառելի չեն:

Նշված պատճառաբանությամբ հիմնավոր են նախկին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածը չկիրառելու և գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ և 1226-րդ հոդվածները ճիշտ չկիրառելու մասին բողոքում նշված պատճառաբանությունները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքում նշված փաստարկները հիմնավոր համարելով, Վճռաբեկ դատարանն այն դիտում է որպես բավարար հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 07.08.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ`

Ա. Մկրտումյան

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ`

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Ս. Գյուրջյան

 

Է. Հայրիյան

 

Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան