Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.12.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.01.29/5(595)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
25.12.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
25.12.2007
Дата вступления в силу
25.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ
դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-1548/2007թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-1832(ՎԴ)
2007թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան
Դատավորներ՝ Ն. Հովսեփյան, Մ. Ասատրյան  

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Է. Հայրիյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

 

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի դեկտեմբերի 25-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Լաուրա Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 11.09.2007 թվականի վճռի դեմ ըստ հայցի Երևանի քաղաքապետի (այսուհետ՝ Քաղաքապետ) ընդդեմ Լաուրա Հակոբյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կադաստր)՝ Քաղաքապետի 19.07.2004 թվականի թիվ 1319-Ա որոշման հիման վրա կնքված վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, սեփականության և վարձակալության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու և Լաուրա Հակոբյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Քաղաքապետի և Կադաստրի՝ Քաղաքապետի 19.06.2006 թվականի թիվ 994-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Քաղաքապետը դիմելով դատարան պահանջել է Քաղաքապետի 19.07.2004 թվականի թիվ 1319-Ա որոշման հիման վրա Լաուրա Հակոբյանի հետ կնքված վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծել, անվավեր ճանաչել վերջինիս անվամբ տրված սեփականության և վարձակալության իրավունքի գրանցման վկայականը:

Հակընդդեմ հայցով Լաուրա Հակոբյանը դիմելով դատարան պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետի 19.06.2006 թվականի թիվ 994-Ա որոշումը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 26.12.2006 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 11.09.2007 վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լաուրա Հակոբյանը։

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Քաղաքապետը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով՝

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ և 53-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը հայցը բավարարելիս վճռի հիմքում դրել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 02.08.2007 թվականի թիվ 07-0497 փորձագիտական եզրակացությունը, որը թույլատրելի ապացույց չէ, քանի որ վեճի առարկան չի վերաբերել կառույցի քաղաքաշինական նորմերի համապատասխանությանը, այլ խնդիրը վերաբերել է «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներին, ինչը փորձաքննությամբ որոշել հնարավոր չէ:

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա բոլոր ապացույցները, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված 26.04.2007 թվականի թիվ 02/18-Հ-788 գրությունը, որով հաստատվում է, որ Երևանի Քաջազնունու փողոցի թիվ 16 տանը կից տեղադրված կրպակով զբաղեցված հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, սակայն ՀՀ հողային օրենսգրքի 62-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն այն չի կարող փոխանցվել սեփականության իրավունքով: Այսինքն՝ քաղաքապետարանը հաստատել է, որ Լաուրա Հակոբյանին տրամադրված հողատարածքն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ինչը Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել:

2) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը, «Վարչարարության և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ, 63-րդ և 71-րդ հոդվածները, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնար վարչական ակտի բողոքարկման օրենքով սահմանված ժամկետներին և սկզբնական հայցը մերժեր՝ բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառաբանությամբ:

Քաղաքապետը որոշում է կայացրել Լաուրա Հակոբյանին սեփականության իրավունքից զրկելու մասին, որով խախտել է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի պահանջները, ինչը Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.09.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 26.12.2006 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանը.

 

«Երևան-Ջուր» ՓԲԸ-ի գրությամբ հայտնվել է, որ վիճելի հասցեին կից, Լ.Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող կրպակի զբաղեցրած տարածքով անցնում է d50մմ ջրագիծ և առկա է կոյուղու դիտահոր:

Վիճելի տաղավարի առկայության նպատակահարմարության մասին մասնագիտական կարծիք է հայտնել նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետավտոտեսչության բաժինը, համաձայն որի՝ նշված խաչմերուկում առևտրի կրպակի առկայությունն ու գործունեությունը հնարավոր չէ, քանի որ այն սահմանափակում է անհրաժեշտ տեսանելիությունը խաչմերուկի սահմանում, խոչընդոտում է տրանսպորտային հոսքերին և կարող է նպաստել ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացմանը:

Վերը շարադրվածի հիման վրա և «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաև ՍՆԻՊ-ի 6.23 կետի հիման վրա Երևանի քաղաքապետի 19.06.2006 թվականի թիվ 994-Ա որոշումը օրինական է:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Քաղաքապետի 19.07.2004 թվականի թիվ 1319-Ա որոշմամբ Երևանի Քաջազնունու 16 հասցեին կից կրպակի նկատմամբ ճանաչվել է Լաուրա Հակոբյանի սեփականության իրավունքը, իսկ դրանով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ` վարձակալության իրավունքը: Այդ իրավունքներն ենթարկվել են պետական գրանցման:

2) Քաղաքապետի 19.06.2006 թվականի թիվ 994-Ա որոշմամբ չեղյալ է ճանաչվել Քաղաքապետի 19.07.2004 թվականի թիվ 1319-Ա որոշումը, հիմք ընդունելով` «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման ընթացքում քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների աշխատանքներում տեղ գտած խախտումների պայմաններն ու պատճառները վերացնելու մասին Երևան քաղաքի դատախազի 07.06.2006 թվականի հ.6-4/գ-06 միջնորդագիրը:

3) «Երևան-Ջուր» ՓԲԸ-ի կողմից 23.11.2006 թվականին Լաուրա Հակոբյանին տրվել է տեխնիկական պայման կոյուղագիծը շրջանցելու թույլտվության վերաբերյալ:

4) Քաղաքապետի տեղակալի 26.04.2007 և 31.05.2007 թվականների գրություններով նշվել է, որ վեճի առարկա հողատարածքը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում:

5) Վերաքննիչ դատարանը հայցը բավարարելիս վճռի հիմքում դրել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 02.08.2007 թվականի թիվ 07-0497 փորձագիտական եզրակացությունը, որով վեճի առարկա հողատարածքը գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված 26.04.2007 և 31.05.2007 թվականների գրությունները, և համակցությամբ չի գնահատել գործում առկա ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 02.08.2007 թվականի թիվ 07-0497 փորձագիտական եզրակացության հետ, որի պայմաններում պատշաճ չի գնահատել այն փաստը, որ քաղաքապետարանն արդեն իսկ ընդունել է, որ վեճի առարկա հողամասնն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:

Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Քաղաքապետի 19.07.2004 թվականի թիվ 1319-Ա որոշումը կայացվել է «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան և մինչ որոշում կայացնելը Քաղաքապետն արդեն իսկ ունեցել է քաղաքապետարանի համապատասխան գերատեսչությունների դրական եզրակացություններն ինչպես ինքնակամ կառույցի, այնպես էլ դրանով զբաղեցված հողամասի վերաբերյալ:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ հողային օրենսգրքի 55-րդ հոդվածի հիմքով քաղաքացիներին, իրավաբանական անձանց կամ համայնքներին չպատկանող հողերը պետության սեփականությունն են:

Պետության սեփականություն հանդիսացող հողերը Երևան քաղաքում վարձակալության տրամադրում է Քաղաքապետը:

Նշված իրավունքից օգտվելով, Քաղաքապետը ունենալով խնդրին առնչվող գերատեսչությունների համաձայնությունը, Երևանի Քաջազնունու 16 հասցեին կից 19,6 քմ մակերեսով հողամասը վարձակալության է տրամադրել Լաուրա Հակոբյանին:

Քաղաքապետը, ղեկավարվելով «Ինքնակամ կառույցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կագավիճակի մասին» ՀՀ օրենքով, 19.07.2004 թվականի որոշմամբ ճանաչել է Լաուրա Հակոբյանի սեփականության իրավունքը 19,6 քմ մակերեսով տաղավարի նկատմամբ:

Այնուհետև, Քաղաքապետը 19.06.2006 թվականի որոշմամբ չեղյալ է ճանաչել 19.07.2004 թվականի որոշման 91-րդ կետը՝ շինության նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և զբաղեցված հողամասը վարձակալության տրամադրելու մասին:

Մինչդեռ, ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի:

Տվյալ դեպքում, Քաղաքապետը 19.06.2006 թվականի որոշմամբ չեղյալ է ճանաչել 19.07.2004 թվականի որոշման 91-րդ կետը՝ շինության նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և զբաղեցված հողամասը վարձակալության տրամադրելու մասին, որով խախտել է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի պահանջները:

«Վարչարարության և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք) սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերությունները:

Օրենքի երկրորդ գլխով, Օրենսդիրը անդրադարձել է վարչարարության հիմնական սկզբունքներին, ինչպիսիք են՝ վարչարարության օրինականությունը, ձևական պահանջները չարաշահելու արգելքը, հայեցողական լիազորությունները սահմանափակելը, կամայականության արգելքը, վարչարարության համաչափությունը, առավելագույնի սկզբունքը, հավաստիության կանխավարկածը, տնտեսվարությունը:

Օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք:

Եթե վարչական մարմինը որևէ հայեցողական լիազորություն իրականացրել է որոշակի ձևով, ապա միանման դեպքերում հետագայում ևս պարտավոր է իր այդ հայեցողական լիազորությունն իրականացնել նույն ձևով:

Վարչական մարմինն այդ սահմանափակումից կարող է հրաժարվել, եթե գերակա շահի առկայության պատճառով նա հետագայում մտադիր է մշտապես ընդունել մեկ այլ հայեցողական որոշում:

Օրենքի 63-րդ հոդվածը սահմանում է ոչ իրավաչափ ակտն անվավեր ճանաչելու հիմքերը, որով՝ անվավեր է առոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է`

ա) oրենքի խախտմամբ, այդ թվում` oրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով.

բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:

Վերոնշյալը հաշվի առնելով, Վճռաբեկ դատարանը բողոքի՝ «Վարչարարության և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ հիմքը հիմնավոր է համարում:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքն ամբողջությամբ, իսկ երկրորդ հիմքը՝ մասնակիորեն Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում և դրանց առկայությունը բավարար է դիտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 11.09.2007 թվականի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը նկատի ունենալով, որ Լ.Հակոբյանի ամուսինը մահացել է, խնամքին են գտնվում երեք անչափահաս երեխաներ, ղեկավարվելով «Պետական տուրքի մասին» ՀՀ մասին 31-րդ հոդվածի «գ» կետով՝ գտնում է, որ Լ.Հակոբյանին պետք է ազատել վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 11.09.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

2. Լաուրա Հակոբյանին ազատել վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումից:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ`

Ա. Մկրտումյան

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ`

Է. Հայրիյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

Ս. Գյուրջյան

 

Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան