Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.12.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.01.29/5(595)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
25.12.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
25.12.2007
Дата вступления в силу
25.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ տնտեսական դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ Տ-2624/2007թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-1820(ՏԴ)
2007թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Ղազարյան  

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Է. Հայրիյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

 

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի դեկտեմբերի 25-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի (այսուհետ՝ Նախարար) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 09.10.2007 թվականի վճռի դեմ ըստ հայցի «Է.Պ.Գ.» Էջմիածնի պահածոների գործարան» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության՝ «Տուգանքի նշանակման և շահագործումն արգելելու մասին» Նախարարի 04.06.2007 թվականի թիվ 128-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Ընկերությունը դիմելով դատարան պահանջել է անվավեր ճանաչել «Տուգանքի նշանակման և շահագործումն արգելելու մասին» Նախարարի 04.06.2007 թվականի թիվ 128-Ա հրամանը:

ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Տնտեսական դատարան) 09.10.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով՝

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, սխալ է մեկնաբանել Նախարարի 04.06.2007 թվականի թիվ 128-Ա հրամանը, չի կիրառել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը և 4-րդ հոդվածի վերջին պարբերությունը, որը պետք է կիրառեր, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 55-րդ և 57-րդ հոդվածները, որը չպետք է կիրառվեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Տնտեսական դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա բոլոր ապացույցները, մասնավորապես՝ Ընկերության արտադրական վտանգավոր օբյեկտների զննման վերաբերյալ կազմված արձանագրությունը և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 08.05.2007 թվականի թիվ ԱՌԳ-05-15/1672 գրությունը: Առաջին փաստաթղթով հիմնավորվում է, որ Ընկերությունում առկա է երկու շոգեկաթսա, որոնք ենթակա են շահագործման, իսկ երկրորդով՝ նշվել է տնտեսվարող սուբյեկտի սպառած գազի ծավալները, որոնցով հիմնավորվում է տվյալ սուբյեկտի, որպես արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման փաստը:

«Շահագործվող» եզրույթը իր մեջ ներառում է նաև «շահագործման նպատակով նախապատրաստվող» հասկացությունը, որը հիմնավորվում է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներով, ինչն էլ դրված է վարչական մարմնի ընդունած ակտի հիմքում:

Տնտեսական դատարանը հղում կատարելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 55-րդ և 57-րդ հոդվածներին գտել է, որ վարչական մարմինը չի հիմնավորել իր կողմից կայացված ակտի օրինականությունը: Մինչդեռ, վիճարկվող հրամանում հստակ շարադրվել են այն էական փաստերը, որոնք հիմք են հանդիսացել հաստատված համարելու տեխնոլոգիական նպատակով գազ օգտագործող օբյեկտի շահագործման (շահագործման նպատակով նախապատրաստելու) հանգամանքը:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Տնտեսական դատարանի 09.10.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ընկերության արտադրական վտանգավոր օբյեկտների զննման վերաբերյալ կազմված արձանագրությամբ հաստատվել է երկու շոգեկաթսաների առկայությունը:

2) 2006 թվականի ընթացքում Ընկերությունը ծախսել է 126.6 հազար խմ բնական գազ:

3) ՀՀ կառավարության 16.02.2006 թվականի թիվ 182-Ն որոշմամբ սահմանված սահմանաքանակների համաձայն՝ գազերի օգտագործման թույլատրելի չափը օրական կազմում է 50-100 կգ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը նշված հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքը տարածվում է ՀՀ տարածքում շահագործվող (շահագործման նպատակով նախապատրաստվող) արտադրական վտանգավոր օբյեկտների վրա:

Օրենքի 6-րդ հոդվածով արտադրական վտանգավոր օբյեկտ են համարվում` արտադրություններ կամ առանձին տեղամասեր, արտադրամասեր, արտադրական հրապարակներ, պահեստարաններ, տեղակայանքներ, տեխնոլոգիական սարքավորումներ կամ ցանկացած այլ օբյեկտ, որտեղ` ՀՀ կառավարության հաստատած սահմանաքանակները գերազանցող չափերով օգտագործվում կամ ստացվում են այրվող նյութերը` հեղուկներ, գազեր, փոշիներ, որոնք ունեն ինքնաբռնկվելու հատկություններ, ինչպես նաև կարող են բռնկվել կրակի աղբյուրից:

Նշված սահմանաքանակները նշված են ՀՀ կառավարության 16.02.2006 թվականի թիվ 182-Ն որոշմամբ, որով գազերի օգտագործման թույլատրելի չափը օրական կազմում է 50-100 կգ:

Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված է նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, որով արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձ է համարվում` ՀՀ տարածքում Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված բնորոշմանը համապատասխանող օբյեկտ փաստացի շահագործող (շահագործման նպատակով նախապատրաստող) ֆիզիկական անձ կամ կազմակերպություն:

Արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգությունը ապահովելու նպատակով օրենսդիրը համապատասխան կարգ է մշակել, որն իր արտացոլումն է գտել վերոնշյալ օրենքի 12-րդ հոդվածում, որով՝ արտադրական վտանգավոր օբյեկտները հաշվառելու, ինչպես նաև դրանց վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները գրառելու, վերլուծելու և դրա արդյունքում լիազոր մարմնին ամփոփ տեղեկատվություն տրամադրելու նպատակով Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը վարում է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը:

Ռեեստրում գրանցման ենթակա է ՀՀ տարածքում շահագործվող յուրաքանչյուր արտադրական վտանգավոր օբյեկտ:

Սույն գործում առկա՝ Ընկերության արտադրական վտանգավոր օբյեկտների զննման վերաբերյալ կազմված արձանագրության համաձայն, մասնագիտական խումբը հանգել է հետևության, որ 2005 թվականի օգոստոս ամսին Ընկերության երկու շոգեկաթսաները «Հայլեռտեխհսկողություն» տեսչության կողմից ենթարկվել են հերթական զննման, հիդրավլիկ փորձարկման և ենթակա են շահագործման:

Նշվածից հետևում է, որ Ընկերությունում առկա է շահագործման պիտանի շոգեկաթսա:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 08.05.2007 թվականի թիվ ԱՌԳ-05-15/1672 գրության համաձայն՝ Ընկերությունը 2006 թվականի ընթացքում ծախսել է 126.6 հազար խմ բնական գազ:

Սույն գործի փաստերի համաձայն՝ 2006 թվականի կտրվածքով Ընկերությունը ծախսել է օրական 3468,5 խմ գազ, որն էլ հավասար է 2324 կգ:

ՀՀ կառավարության 16.02.2006 թվականի թիվ 182-Ն որոշմամբ հաստատվել են վնասակար նյութերի սահմանաքանակները: Այդ որոշման հիման վրա և գործի փաստերը հաշվի առնելով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունը 2006 թվականի ընթացքում միջինացված հաշվարկով օրական սահմանված չափից ավելի գազ է օգտագործել:

Վերոնշյալների հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունը հանդիսանում է արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձ:

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձինք պարտավոր են մինչև 01.09.2006 թվականը արտադրական վտանգավոր օբյեկտները նույն օրենքով սահմանված կարգով ներկայացնել գրանցման ռեեստրում և գրանցման պահից մեկ տարվա ընթացքում ապահովել շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը:

Այդ նորմի պահանջների խախտման համար Օրենքի 15-րդ հոդվածով լիազոր մարմնին՝ տվյալ դեպքում Նախարարությանը, իրավունք է վերապահվել տեխնիկական անվտանգության կանոնների և նորմերի խախտման դեպքում կիրառել կարգադրագիր, որը լիազոր մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով և լիազորությունների սահմաններում ընդունված իրավական ակտ է, որն ուղղված է արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման արգելմանը, եթե այն չի գրանցվել ռեեստրում: Տվյալ պարագայում, լիազոր մարմինը կարգադրագիր է կիրառել արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործումը արգելելու մասին և հիմք ընդունելով ռեստրում չգրանցելու հանգամանքը ու ղեկավարվելով քննարկվող Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետով Ընկերությանը տուգանել է նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ և 54-րդ հոդվածների համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

Վարչական ակտը, որպես կանոն, ընդունվում է գրավոր` որոշման, հրամանի, կարգադրության կամ օրենքով նախատեսված այլ ձևով:

Տվյալ դեպքում, Նախարարը, հանրային իրավունքի բնագավառում վարչական ակտ է ընդունել հրամանի ձևով, որով Ընկերության նկատմամբ տուգանք վճարելու պարտավորություն է սահմանել:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում և դրա առկայությունը բավարար է դիտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների ուժով Տնտեսական դատարանի 09.10.2007 թվականի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 09.10.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ`

Ա. Մկրտումյան

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ`

Է. Հայրիյան

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

Ս. Գյուրջյան

 

Ս. Սարգսյան