Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.12.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.01.29/5(595)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
25.12.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
25.12.2007
Дата вступления в силу
25.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ
դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-514

Քաղաքացիական գործ թիվ 3-1906(ՎԴ)
2007թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան
Դատավորներ՝ Կ. Հակոբյան, Լ. Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Սարգսյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

 

Է. Հայրիյանի

 

2007 թվականի դեկտեմբերի 25-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Համբարձում Կաչաչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 07.05.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Համբարձում Կաչաչյանի ընդդեմ Մկրտիչ, Ցողիկ, Հասմիկ, Հովհաննես և Ալինա Հովհաննիսյանների՝ հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջի մասին, 

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է սահմանել պատասխանողներին պատկանող Երևանի Արագածի փողոցի թիվ 74 տան հողամասի անվճար, մշտական և հարկադիր սերվիտուտ:

Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 26.10.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.05.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համբարձում Կաչաչյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. 

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, կասեցնելով սույն գործի վարույթը, նշանակել էր դատատեխնիկական համալիր փորձաքննություն, սակայն որոշման մեջ պատասխանողների բնակության վայրը Երևանի Արագածի փողոց թիվ 74 նշելու փոխարեն սխալմամբ նշվել է Երևան, Բաշինջաղյան թիվ 89: Այդ պատճառով փորձաքննություն չի կատարվել: Վերաքննիչ դատարանը, առանց փորձաքննության արդյունքների, գործի վարույթը վերսկսել է և ավարտել գործի քննությունը:

2) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի2 212-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է գործում առկա բավարար ապացույցները, մասնավորապես «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերության 09.06.2005 թվականի թիվ 3-Շ-1/93 և Շենգավիթի թաղապետարանի 27.07.2001 թվականի թիվ 22/02-396 գրություններն այն մասին, որ Համբարձում Կաչաչյանի տան կոյուղագծի միացումը կենտրոնականին հնարավոր է միայն Երևանի Արագածի փողոցի թիվ 74 տան հողամասով, իսկ նման պայմաններում պետք է սահմանվեր հարկադիր սերվիտուտ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.05.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 26.10.2006 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Համբարձում Կաչաչյանը բնակվում է Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 89 տանը, իսկ Հովհաննիսյանները բնակվում են Երևանի Արագածի փողոցի թիվ 74 տանը: Նրանք բնակվում են հարևանությամբ:

2) Համբարձում Կաչաչյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տունը չունի կոյուղագիծ:

3) Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությանը հասցեագրված 13.03.2001 թվականի գրությամբ Շենգավիթի թաղապետը հայտնել է, որ Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 89 բնակարանի կոյուղին հնարավոր է միացնել Երևանի Արագածի փողոցի կոյուղատարին, որի դեպքում խրամուղին նախատեսվում է անցկացնել Երևանի Արագածի փողոցի թիվ 74 կամ Ղարիբջանյան փողոցի թիվ 91 տնատերերի տարածքով:

4) Վերաքննիչ դատարանի 22.01.2007 թվականի որոշմամբ սույն գործով նշանակվել է դատատեխնիկական համալիր փորձաքննություն՝ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 89 հասցեում կոյուղագիծ անցկացնելու հնարավորության վերաբերյալ, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Շենգավիթի տարածքային ստորաբաժանմանը, Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերությանը:

5) ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Շենգավիթի տարածքային ստորաբաժանումը 30.01.2007 թվականի գրությամբ վերադարձրել է Վերաքննիչ դատարանի որոշումը՝ նշված հասցեի տարածքը Էրեբունու տարածքային ստորաբաժանման կողմից սպասարկվելու պատճառաբանությամբ, իսկ «Երևանի Ջուր» ՓԲ ընկերության Շենգավիթի մասնաճյուղը 31.01.2007 թվականի, Շենգավիթի թաղապետարանը 01.02.2007 թվականի գրություններով հայտնել են, որ իրավասու չեն դատատեխնիկական համալիր փորձաքննություն իրականացնելու համար փորձագետ հանդես գալու համար մասնագետ նշանակել:

6) Վերաքննիչ դատարանի 02.02.2007 թվականի որոշմամբ վերսկսվել է սույն գործի վարույթը՝ Շենգավիթի թաղապետարանի, «Երևան-Ջուր» ՓԲ ընկերության Շենգավիթի մասնաճյուղի և ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Շենգավիթի տարածքային ստորաբաժանման կողմից փորձաքննությանն առաջադրված հարցերին պատասխան չտրվելու պատճառաբանությամբ:

7) Գործում առկա ապացույցների համաձայն՝ Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 89 տան կոյուղագիծը Երևանի Արագածի փողոցով անցնող կոյուղագծին միացնելու համար անհրաժեշտ է Երևանի Արագածի փողոցի թիվ 74 տան կամ Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 91 տան բնակիչների գրավոր համաձայնությունը՝ իրենց հողամասով կոյուղագիծ անցկացնելու համար:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը, եթե նշանակել է փորձաքննություն, իսկ 107-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո: Նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը փորձաքննությունը նշանակում է գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված դրույթների իմաստով, գործի վարույթը կասեցնելու հիմք է հանդիսանում գործի քննության ժամանակ ծագած հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման անհրաժեշտությունը, իսկ գործի վարույթը վերսկսելու համար պետք է հիմք հանդիսանա դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերացումը, այսինքն՝ գործի վարույթը պետք է վերսկսվի գործի քննության ժամանակ ծագած հատուկ գիտելիքներ պահանջող հարցերը պարզաբանելու վերաբերյալ փորձաքննության արդյունքները դատարան ներկայացվելուց հետո:

Սույն գործով հայցվորը դատարանից պահանջել է Երևանի Արագածի փողոցի թիվ 74 հասցեի տնամերձ հողամասով կոյուղագիծ անցկացնելու համար սահմանել այդ հողամասի սահմանափակ օգտագործման սերվիտուտ: Հայցվորի պահանջին համապատասխան, սերվիտուտ սահմանելու հնարավորությունը պարզելու նպատակով, Վերաքննիչ դատարանի 22.01.2007 թվականի որոշմամբ նշանակվել է դատատեխնիկական համալիր փորձաքննություն և այդ հիմքով գործի վարույթը կասեցվել է: Սերվիտուտով ծանրաբեռնելու հողամասի հասցեն Երևանի Արագածի փողոց թիվ 74-ի փոխարեն նշվել է Երևանի Բաշինջաղյան փողոց թիվ 89, որը Շենգավիթ համայնքի վարչական տարածքում չի գտնվում: Հասցեն սխալ նշելու պատճառով փորձաքննություն չի կատարվել, որի մասին տեղեկացվել է Վերաքննիչ դատարանին: Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ տարբեր մարմիններից «ստացվել են պատասխաններ, որոնցով փորձաքննությանն առաջադրված հարցերին պատասխան չի տրվել», 02.02.2007 թվականի որոշմամբ վերսկսել է սույն գործի վարույթը և պատճառաբանելով, որ «դատարանին հայցվոր կողմը չներկայացրեց ապացույց այն մասին, որ իր կարիքները չի կարող հոգալ առանց պատասխանողների հողամասի նկատմամբ հարկադիր սերվիտուտ սահմանելու», հիմնավորված չհամարելով այն հանգամանքը, որն ըստ էության պետք է պարզվեր փորձաքննության արդյունքում, կայացրել է վճիռ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի խնդիրը ոչ թե զուտ փորձաքննություն նշանակելն է, այլ գործի քննության ժամանակ ծագած հատուկ գիտելիքներ պահանջող հանգամանքները փորձաքննության միջոցով պարզելը: Սույն գործում այդ հանգամանքը Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 89 տան հարևանությամբ գտնվող բնակելի տների հողամասերը սահմանափակ օգտագործելու, կոյուղագիծ անցկացնելու հնարավորության հարցն է:

Հետևաբար, Վերաքննիչ դատարանը կարող էր վերսկսել գործի վարույթը, եթե դրա կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքները վերացել էին, այսինքն՝ գործի վարույթը կարող էր վերսկսել գործի քննության ժամանակ ծագած հատուկ գիտելիքներ պահանջող հարցերը՝ տվյալ դեպքում Երևանի Արագածի փողոցի թիվ 74 տան տնամերձ հողամասը հայցվորի կողմից սահմանափակ օգտագործման սերվիտուտ սահմանելու հնարավորության հարցը, պարզաբանվելուց հետո: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը սույն գործի վարույթը վերսկսել է առանց վերը նշված հարցը պարզելու և գործի վարույթը կասեցնելու հանգամանքները վերացնելու:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածը, քանի որ գործի վարույթը վերսկսել է առանց այն կասեցնելու համար հիմք հանդիսացած հանգամանքները վերացնելու.

2) բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը հայցը մերժելու համար հիմք է ընդունել փորձաքննության արդյունքների բացակայությունը: Հետևաբար, առանց փորձաքննության արդյունքների չի կարող գնահատվել նյութական իրավունքի խախտման վերաբերյալ բողոքում նշված փաստարկները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 07.05.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ`

Ա. Մկրտումյան

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ`

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

Ս. Գյուրջյան

 

Է. Հայրիյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան