Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.12.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.01.29/5(595)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
25.12.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
25.12.2007
Дата вступления в силу
25.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ
դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 07-2926

Քաղաքացիական գործ թիվ 3-1816(ՎԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան
Դատավորներ` Լ. Գրիգորյան, Լ. Սոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

 

Է. Հայրիյանի

 

Ս. Սարգսյանի

 

Ս. Գյուրջյանի

 

2007 թվականի դեկտեմբերի 25-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Տիգրան և Տաթևիկ Ստեփանյանների վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 04.10.2007 թվականի վճռի դեմ` ըստ Վիկտորյա Խաչատրյանի և Արտակ Ստեփանյանի հայցի ընդդեմ Ջավահիր Ազիզյանի՝ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը բաժանելու և բաժինն առանձնացնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ հայցվորները պահանջել են բաժանել համատեղ սեփականության ներքո գտնվող Կոտայքի մարզի Զովունի գյուղի 43-4 կադաստրային համարի 0,118 հա տնամերձ հողամասը, 0,52 հա պտղատու այգին և նույն գյուղի թիվ 83/3 բնակարանը:

ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 23.04.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 04.10.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Տիգրան և Տաթևիկ Ստեփանյանները:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը և 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված անձի՝ դատաքննությանը մասնակից դարձվելու իրավունքը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Դատարանը գործը քննել է բողոք բերած անձանց բացակայությամբ, որոնք մասնակից չեն դարձվել դատաքննությանը և նրանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 04.10.2007 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 05.11.2003 թվականի թիվ 1339102 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 83/3 տունը և 0,118 հա տնամերձ հողամասը համատեղ սեփականության իրավունքով պատկանել է Արտակ Ստեփանյանին, Վիկտորյա Խաչատրյանին, Ջավահիր Ազիզյանին, ինչպես նաև Տիգրան և Տաթևիկ Ստեփանյաններին:

2) Վերաքննիչ դատարանի վճռով առանձնացվել են Արտակ Ստեփանյանի, Վիկտորյա Խաչատրյանի, Ջավահիր Ազիզյանի, ինչպես նաև Տիգրան և Տաթևիկ Ստեփանյանների բաժինները:

3) Տիգրան և Տաթևիկ Ստեփանյանները սույն գործի քննությանը մասնակից չեն դարձվել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վերաքննիչ դատարանը, ընդհանուր գույքից առանձնացնելով Վիկտորյա Խաչատրյանի և Արտակ Ստեփանյանի բաժինը, վճիռ է կայացրել նաև Տիգրան և Տաթևիկ Ստեփանյանների իրավունքների վերաբերյալ՝ առանց վերջիններիս գործի քննությանը մասնակից դարձնելու:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տես` Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի, 17.11.2006 թ., քաղաքացիական գործ թիվ 3-2343/ՎԴ (զբաղեցրած բնակարանից ընտանիքի անդամների հետ միասին վտարելու պահանջով)):

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հիմքով Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 04.10.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Ա. Մկրտումյան

Դատավորներ՝

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

 

Է. Հայրիյան

 

Ս. Սարգսյան

 

Ս. Գյուրջյան