Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.12.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.01.29/5(595)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
25.12.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
25.12.2007
Дата вступления в силу
25.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Շիրակի մարզի առաջին
ատյանի դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 2-93/2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-1803(Ա)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Մխիթարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Է. Հայրիյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ս. Գյուրջյանի

 

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի դեկտեմբերի 25-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով «ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 23.07.2007 թվականի վճռի դեմ, ըստ հայցի Բանկի ընդդեմ Լիանա, Հասմիկ, Արմենակ, Արմենուհի և Լևոն Մարտիրոսյանների՝ վարկային պայմանագրերը լուծելու, պատասխանողների վարկի դիմաց գրավադրված գրավներից և անձնական գույքի իրացումից համապարտության կարգով 4.597.095 ՀՀ դրամ պարտքի և 103.941 ՀՀ դրամ պետական տուրքի գումարի բռնագանձման պահանջի մասին

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Բանկը դիմելով դատարան՝ պահանջել է լուծել վարկային պայմանագրերը, պատասխանողների վարկի դիմաց գրավադրված գրավների և անձնական գույքի հաշվին բռնագանձել 4.597.095 ՀՀ դրամ պարտքի և 103.941 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը:

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 23.07.2007 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը։

Վճռաբեկ բողոքին պատասխան են ներկայացրել Լիանա, Հասմիկ, Արմենակ, Արմենուհի և Լևոն Մարտիրոսյանները:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով՝

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ, 52-րդ և 53-րդ հոդվածների պահանջները, ինչի արդյունքում կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը գործում առկա ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել, մասնավորապես՝ չի ուսումնասիրել նույն դատարանի 27.02.2007 թվականի դատավճիռը և ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 08.06.2007 թվականի դատավճիռը:

Վճռի հիմքում դատարանը դրել է այն հանգամանքը, որ նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, նկատի ունենալով Դատարանի 27.02.2007 թվականի դատավճիռը և ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 08.06.2007 թվականի դատավճիռը: Մինչդեռ, այդ դատավճիռներով դատապարտվել է միայն Լիանա Մարտիրոսյանը, իսկ իրենց պահանջը ուղղված է եղել Լիանա, Հասմիկ, Արմենակ, Արմենուհի և Լևոն Մարտիրոսյանների դեմ, ինչը նշանակում է, որ վեճը նույն անձանց մեջ չի եղել: Բացի այդ, իրենք վիճարկել են սպառողական վարկի պայմանագիրը, մինչդեռ, վերոնշյալ դատավճիռներով այդ պայմանագրին անդրադարձ չի կատարվել:

2) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ և 362-րդ, հոդվածների և 466-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Դատարանը պետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ և 362-րդ հոդվածների և 466-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, նկատի ունենալով, որ սպառողական վարկի պայմանագրով ստանձնած պարտավորությունները Լիանա Մարտիրոսյանը չի կատարել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակի՝ սպառողական վարկի (թիվ 50600000080 վարկային պայմանագիր) դիմաց չվճարված 2.188.736 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով Դատարանի 23.07.2007 թվականի վճիռը բեկանել, գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան՝ նոր քննության կամ կայացնել նոր դատական ակտ:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Լիանա, Հասմիկ, Արմենակ, Արմենուհի և Լևոն Մարտիրոսյանները ներկայացրել են վճռաբեկ բողոքի պատասխան, ըստ որի՝ ներկայացված վճռաբեկ բողոքի փաստարկներն անհիմն են և ենթակա մերժման, քանի որ վեճի առարկա վարկային պայմանագրով ստացած գումարը, 23.05.2005 թվականից սկսած բանկի սահմանած ժամանակացույցին համապատասխան իրենք վճարել են, որի վերաբերյալ առկա են վճարման փաստաթղթեր: Բացի այդ, թիվ 50600000080 վարկային պայմանագրով ստացել են 2.450.000 ՀՀ դրամ վարկ, սակայն իրենց անհայտ հանգամանքներում այդ գումարը բանկը ավելացրել է՝ դարձնելով 4.597.055 ՀՀ դրամ, ինչը որևէ փաստաթղթով չի հիմնավորվել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) վարկային պայմանագիրը լուծելու և գումար բռնագանձելու պահանջով Բանկը պատասխանող է ճանաչել Լիանա, Հասմիկ, Արմենակ, Արմենուհի և Լևոն Մարտիրոսյաններին:

2) Բանկի «Շիրակ» մասնաճյուղից Լիանա Մարտիրոսյանը երեք վարկային պայմանագրերով՝ թիվ 50600500080/1, 5060021154, 5060021202, ստացել է ընդհանուր առմամբ 5.026.100 ՀՀ դրամ սպառողական վարկ:

3) Բանկի և Լիանա Մարտիրոսյանի միջև, որը հանդես է եկել նաև Հասմիկ, Արմենակ, Արմենուհի և Լևոն Մարտիրոսյանների անունից, կնքվել է հիփոթեքի երկու պայմանագիր:

4) Օրինական ուժի մեջ մտած դատավճռով Լիանա Մարտիրոսյանից վճռվել է բռնագանձել 33.642.000 ՀՀ դրամ գումար, որպես հանցագործությամբ Բանկին պատճառված նյութական վնաս: Դատավճռում անդրադարձ է կատարվել միայն թիվ 50600221202, 5060321226, 506032874, 506032875, 506032951, 506032912, 506032911 վարկային պայմանագրերին:

5) Թիվ 50600500080/1 վարկային պայմանագրի 2.3 կետով կողմերը սահմանել են, որ Լիանա Մարտիրոսյանի կողմից քրեորեն պատժելի արարք կատարելու կամ սույն պայմանագրով նախատեսված կետերից որևէ մեկը խախտելու դեպքում, Բանկը իրավունք ունի պահանջելու պայմանագրի դադարեցում, վարկի տոկոսագումարների և վարկի գումարի վաղաժամկետ վճարում:

6) Դատարանը քաղաքացիական գործի վարույթը կարճել է՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Մինչդեռ, սույն գործում առկա՝ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 08.06.2007 թվականի դատավճիռը Դատարանի կողմից բազմակողմանիորեն չի հետազոտվել և գնահատվել:

Նշված դատավճռով, վարկային պայմանագրերի մասով հաստատված է համարվել, որ Լիանա Մարտիրոսյանը թիվ 50600221202, 5060321226, 506032874, 506032875, 506032951, 506032912, 506032911 վարկային պայմանագրերով ստացած գումարի դիմաց գրավադրված ոսկյա զարդերի պարկերը դատարկելու, դրանց փոխարեն պարկերում «բիժուտերիա» լցնելու, նույն զարդերով առանց նախկին վարկերը մարելու, հափշտակել և յուրացրել է 9.880 ԱՄՆ դոլար և 2.567.100 ՀՀ դրամ գումար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով: Նշված դատավճռով Լիանա Մարտիրոսյանից բռնագանձվող գումարի մեջ թիվ 50600500080 վարկային պայմանագրով տրամադրված վարկի գումարը ներառված լինելու հանգամանքը չի հաստատվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բացի վերը նշված փաստերից, մնացած բոլոր հանգամանքները քաղաքացիական դատավարության կարգով գործի քննության ընթացքում ենթակա են ապացուցման՝ ընդհանուր կարգով: Նշվածներից բացի որևէ այլ փաստ քաղաքացիական գործի համար նախադատելի չէ:

Տվյալ դեպքում, վիճելի՝ թիվ 50600500080 վարկային պայմանագրի մասով Դատարանի համար որևէ փաստ պարտադիր չի կարող համարվել, քանի որ նշված դատավճռում դրան որևէ անդրադարձ չի կատարվել:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ, 52-րդ և 53-րդ հոդվածների պահանջների խախտման վերաբերյալ սույն բողոքի հիմքը հիմնավոր է համարում:

Նշված դատավարական իրավունքի խախտումը հանգեցրել է գործի սխալ լուծման, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով դատարանը, մասնավորապես, թիվ 50600500080 վարկային պայմանագրի մասով կարճել է գործի վարույթը.

2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի համաձայն՝ վարկային պայմանագրով բանկը կամ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով ու պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից:

Նույն օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է՝ վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնապահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

Նույն օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ՝ պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում՝ գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

Տվյալ պարագայում վարկային պայմանագրի կողմերը, մի կողմից Բանկը, որպես պարտատեր, մյուս կողմից Լիանա Մարտիրոսյանը՝ պարտապան, մտել են քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ, ստանձնելով որոշակի պարտականություններ և ձեռք բերելով որոշակի իրավունքներ: Կնքված պայմանագրերով պարտապանը պարտավորվել է Բանկից ստացած գումարը վճարել սահմանված ժամկետներում՝ միաժամանակ վճարելով հաշվարկված տոկոսները:

Թիվ 50600500080 վարկային պայմանագրի 2.3 կետով սահմանվել է, որ Լիանա Մարտիրոսյանի կողմից քրեորեն պատժելի արարք կատարելու կամ սույն պայմանագրով նախատեսված կետերից որևէ մեկը խախտելու դեպքում, Բանկը իրավունք ունի պահանջելու պայմանագրի դադարեցում, վարկի տոկոսագումարների և վարկի գումարի վաղաժամկետ վճարում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի համաձայն՝ պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Պայմանագիրը, կողմերից մեկի պահանջով, կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով միայն մյուս կողմի թույլ տված՝ պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում: Էական է ճանաչվում կողմերից մեկի թույլ տված պայմանագրի խախտումը, որը հանգեցնում է մյուս կողմի համար այնպիսի վնասի, որն զգալիորեն զրկում է վերջինիս այն բանից, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիր կնքելիս:

Նշված նորմը պայմանագրի կողմերին հնարավորություն է ընձեռում ինչպես կողմերի համաձայնությամբ, այնպես էլ կողմերից մեկի նախաձեռնությամբ, պայմանագիրը լուծել դատական կարգով, միայն ներքոհիշյալ երեք դեպքերում՝

ա) կողմի թույլ տված պայմանագրի էական խախտման կապակցությամբ,

բ) հանգամանքների էական փոփոխության կապակցությամբ,

գ) օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

Սույն գործով առկա է պայմանագիրը լուծելու պայմանագրով նախատեսված դեպքը, որից օգտվելով Բանկը դատարան է դիմել պայմանագիրը լուծելու համար:

Վերը շարադրված պատճառաբանությունների հիման վրա Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում սույն վեճի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ հոդվածների և 466-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառելիության վերաբերյալ բողոքի հիմքը:

Ինչ վերաբերում է բողոքի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ հիմքին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վեճի նկատմամբ նշված նորմը կիրառելի չէ ներքոհիշյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ պարտապանների համապարտ պարտականության դեպքում պարտատերն իրավունք ունի, ինչպես բոլոր պարտապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից, պահանջել կատարելու պարտավությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով:

Նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի համաձայն՝ համապարտ պարտականությունը (պատասխանատվությունը) կամ համիրավ պահանջը ծագում է, եթե պարտականության համապարտությունը կամ պահանջի համիրավությունը նախատեսված է պայմանագրով կամ սահմանված է օրենքով, մասնավորապես, եթե անբաժանելի է պարտավորության առարկան:

Տվյալ պարագայում վարկային պայմանագիրը կնքվել է միայն Լիանա Մարտիրոսյանի հետ, իսկ պայմանագրով համապարտ պատասխանատվության մասին որևէ պայման չի սահմանվել, ինչի բացակայության պարագայում պայմանագրով պարտապան է հանդիսանում միայն Լիանա Մարտիրոսյանը, որն էլ կրում է վեճի առարկա վարկային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման պատասխանատվությունը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքը ամբողջությամբ, իսկ երկրորդ հիմքը մասնակիորեն հիմնավոր է համարում և դրանց առկայությունը բավարար է դիտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների ուժով Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 23.07.2007 թվականի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 23.07.2007 թվականի վճիռը՝ թիվ 50600000080 վարկային պայմանագրով տրամադրված վարկի դիմաց չվճարված 2.188.736 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով և գործն այդ մասով ուղարկել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Ա. Մկրտումյան

Դատավորներ՝

Է. Հայրիյան

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Ս. Գյուրջյան

 

Ս. Սարգսյան