ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ տնտեսական դատարանի վճիռ |
Քաղաքացիական գործ թիվ 3-1802(ՏԴ) |
Նախագահող դատավոր՝ Ա. Բարսեղյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
|
Ս. Գյուրջյանի | |
|
Է. Հայրիյանի | |
|
Ս. Սարգսյանի |
2007 թվականի դեկտեմբերի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 04.06.2007 թվականի վճռի դեմ ըստ Գյումրու քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետարան) հայցի ընդդեմ Ընկերության՝ 1.759.179 (մեկ միլիոն յոթ հարյուր հիսունինը հազար հարյուր յոթանասունինը) ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին և ըստ Ընկերության հակընդդեմ հայցի ընդդեմ Քաղաքապետարանի` 10.10.2002 թվականին կնքված «Էներգետիկայի օբյեկտների համար հողամասը վարձակալության հանձնելու մասին» պայմանագիրը մասնակի` հավելված N 1-ի կետ 1-ից մինչև 302 համարը ներառյալ, անվավեր ճանաչելու և օրենքով սահմանված սերվիտուտի իրավունքը հաստատելու պահանջների մասին
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Քաղաքապետարանը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 1.759.179 (մեկ միլիոն յոթ հարյուր հիսունինը հազար հարյուր յոթանասունինը) ՀՀ դրամ (այդ թվում նաև՝ 26.215 (քսանվեց հազար երկու հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը):
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է մասնակի՝ հավելված N 1-ի կետ 1-ից մինչև 302 համարը ներառյալ, անվավեր ճանաչել Ընկերության և Քաղաքապետարանի միջև 10.10.2002 թվականին կնքված «Էներգետիկայի օբյեկտների համար հողամասը վարձակալության հանձնելու մասին» պայմանագիրը:
ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ` Տնտեսական դատարան) 04.06.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Քաղաքապետարանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Տնտեսական դատարանի 04.06.2007 թվականի վճիռը ենթակա է բեկանման նոր երևան եկած հանգամանքի հիմքով:
Տնտեսական դատարանի կողմից թիվ Տ1-136 քաղաքացիական գործով 20.08.2007 թվականին կայացրած վճիռը սույն գործով նոր երևան եկած հանգամանք է: Նշված վճռով անվավեր է ճանաչվել Գյումրու քաղաքապետի 03.10.2002 թվականի թիվ 847 որոշումը, որը հիմք էր հանդիսացել 10.10.2002 թվականին կնքված «Էներգետիկայի օբյեկտների համար հողամասը վարձակալության հանձնելու մասին» պայմանագրի կնքման համար:
Բողոք բերած անձը պահանջել է բեկանել Տնտեսական դատարանի 04.06.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանը.
Ընկերությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-49-րդ հոդվածների համաձայն, չի ապացուցել իր պահանջների հիմքում ընկած հանգամանքները: Մասնավորապես, չի ներկայացվել որևէ պատշաճ հիմնավորում, որը կվկայեր էլեկտրաենթակայանների՝ մայրուղային-գծային ինժեներական ենթակառուցվածք կամ էլեկտրահաղորդման գծերի անվտանգ շահագործման հետ կապված այլ շինություն լինելու հանգամանքը:
ՀՀ հողային օրենսգրքի 1-ին հոդվածի, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2, 9-րդ հոդվածի 6-րդ և 24-րդ հոդվածի 3-րդ կետերի վերլուծությունից բխում է, որ իրավական ակտերը, այդ թվում նաև՝ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, հողային իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի են բացառապես ՀՀ հողային օրենսգրքի դրույթների հաշվառմամբ, որոնցով էլեկտրաենթակայանների տակ գտնվող, դրանց կառուցման և սպասարկման հողամասերի համար սերվիտուտ սահմանված չէ:
ՀՀ տնտեսական դատարանի 04.06.2007 թվականի վճռի կայացման համար Գյումրու քաղաքապետի 03.10.2002 թվականի թիվ 847 որոշումը հիմք չի ծառայել, ուստի անհիմն է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն դիտարկել ՀՀ տնտեսական դատարանի 20.08.2007 թվականի վճիռը որպես նոր երևան եկած հանգամանք:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 10.10.2002 թվականին Ընկերության և Քաղաքապետարանի միջև կնքվել է «Էներգետիկայի օբյեկտների համար հողամասը վարձակալության հանձնելու մասին» պայմանագիր, որի 1.1 կետի համաձայն՝ Քաղաքապետարանը, հիմք ընդունելով Գյումրու քաղաքապետի 03.10.2002 թվականի թիվ 847 որոշումը, Ընկերության ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանն է հանձնել պայմանագրի N 1 հավելվածում սահմանված հատակագծով հողամասը:
2) ՀՀ տնտեսական դատարանի կողմից թիվ Տ1-136/2007 թ. քաղաքացիական գործով 20.08.2007 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով Գյումրու քաղաքապետի 03.10.2002 թվականի թիվ 847 որոշումը մասնակի՝ Ընկերությանը «Գյումրի» էներգաիրացման և շահագործման հենակետային մասնաճյուղին 99 տարի ժամկետով վարձակալության տրամադրված Ընկերությանը պատկանող արտադրական և տնտեսական շինությունների տակ գտնվող և Ընկերության կողմից փաստացի օգտագործվող հողամասի մասով, ճանաչել է անվավեր: Միևնույն ժամանակ նշված վճռով որպես անվավերության հետևանք և Ընկերության խախտված իրավունքի վերականգնման երաշխիք ՀՀ տնտեսական դատարանը պարտադրել է Գյումրու քաղաքապետին ընդունել համապատասխան ակտ և ճանաչել Ընկերության անվճար, հարկադիր և մշտական սերվիտուտի իրավունքը քննարկվող հողամասերի նկատմամբ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 26.06.2002 թ.) 1-ին հոդվածով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 212-րդ հոդվածը լրացվել է հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-րդ մասով, որի համաձայն՝ հասարակական կարիքների համար մայրուղային-գծային ինժեներական ենթակառուցվածքների (էլեկտրահաղորդման և կապի գծեր, գազատարներ, ջրամատակարարման, ջրահեռացման, ջերմամատակարարման համակարգեր), oդային ստորգետնյա մալուխային գծերի ու խողովակաշարերի, հենասյուների և դրանց անվտանգ շահագործման հետ կապված այլ շինությունների պահպանման ու սպասարկման նպատակով համապատասխան հողամասերում, անկախ սեփականության իրավունքի սուբյեկտից, սահմանվում է անվճար, հարկադիր և մշտական սերվիտուտ:
Վերը նշված հոդվածի հիմքով ՀՀ տնտեսական դատարանը 20.08.2007 թվականի վճռով բավարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի դիմումը՝ Գյումրու քաղաքապետի 03.10.2002 թվականի թիվ 847 որոշումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին: Նշված վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտի վերանայման հիմքերից են գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց:
Գյումրու քաղաքապետի 03.10.2002 թվականի որոշումն անվավեր ճանաչելու հանգամանքը հաստատող՝ ՀՀ տնտեսական դատարանի վճիռը կայացվել և օրինական ուժի մեջ է մտել սույն գործի դատական քննության ավարտից մի քանի ամիս անց, հետևաբար այդ հանգամանքը հայտնի չէր և չէր կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց:
Վերը նշված որոշումը դրված է եղել սույն քաղաքացիական գործով ներկայացված հակընդդեմ հայցով վիճարկվող 10.10.2002 թվականի վարձակալության պայմանագրի հիմքում:
Նշված հանգամանքները հաշվի առնելով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ տնտեսական դատարանի 20.08.2007 թվականի թիվ Տ1-136 քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճիռը սույն գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 04.06.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ՝ |
Վ. Աբելյան |
Ս. Անտոնյան | |
Ս. Գյուրջյան | |
Է. Հայրիյան | |
Ս. Սարգսյան |