Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.12.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.01.29/5(595)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
25.12.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
25.12.2007
Дата вступления в силу
25.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ տնտեսական դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 2-2457

Քաղաքացիական գործ թիվ 3-1799(ՏԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Ե. Սողոմոնյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

 

Է. Հայրիյանի

 

Ս. Սարգսյանի

 

Ս. Գյուրջյանի

 

2007 թվականի դեկտեմբերի 25-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 02.10.2007 թվականի վճռի դեմ` ըստ «Գրվաչ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) դիմումի ընդդեմ Ծառայության` 26.04.2007 թվականի թիվ 1107563 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ դիմողը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության Արաբկիրի հարկային տեսչության 26.04.2007 թվականի թիվ 1107563 ստուգման ակտը` «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկված տուգանքի մասով:

ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Տնտեսական դատարան) 02.10.2007 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Տնտեսական դատարանը սխալ է մեկնաբանել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ պարբերությունները, «Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) մասին» ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 315 որոշման պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Տվյալ դեպքում տուգանք է կիրառվել ոչ թե արդեն իսկ արձանագրված խախտման համար, ինչպես նշել է Տնտեսական դատարանը, այլ՝ նույն առարկա ունեցող, սակայն իր օբյեկտիվ կողմով նախորդից տարբերվող այլ իրավախախտման համար:

Ակնհայտ է, որ քննարկվող դեպքում պատասխանողն օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկվելուց հետո չի վերացրել իրավախախտումը, որն էլ հիմք է տվել ստուգումն իրականացնող պաշտոնատար անձանց արձանագրել խախտման կրկնակի փաստ և առաջնորդվելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ պարբերություններով, առաջադրել տուգանք՝ խախտման արժեքի 50 տոկոսի չափով:

2) Տնտեսական դատարանը սխալ է մեկնաբանել «Հյաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Օրենքի վերոհիշյալ նորմի համաձայն՝ հրամանի կամ հանձնարարագրի մեկ օրինակն ստուգումը սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ տրվում է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին:

Տվյալ դեպքում, բացակայում է հիշյալ նորմի խախտումը, քանի որ հրամանի կամ հանձնարարագրի մեկ օրինակն ստուգումը սկսվելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ տրվել է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին փոխարինող անձին, տվյալ դեպքում՝ Ընկերության 100 տոկոս բաժնետեր հանդիսացող Վաչագան Գրիգորյանին:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Տնտեսական դատարանի 02.10.2007 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 16.11.2006 թվականի թիվ 1105464 հանձնարարագրի հիման վրա Ծառայությունը կատարել է ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման ճշտության ստուգում, որի արդյունքում արձանագրվել է 05.11.2006 թվականին ձեռք բերված և արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) թիվ 3 գրքում չգրանցված 4.080.000 ՀՀ դրամի ապրանքներ:

2) 29.03.2007 թվականի թիվ 1107563 ստուգման հանձնարարագրի հիման վրա Ծառայությունը կատարել է ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման ճշտության ստուգում, որի արդյունքում արձանագրվել է, որ Ընկերությունն արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) թիվ 3 գրքում չի գրանցել վերը նշված 4.080.000 ՀՀ դրամի ապրանքները:

3) 29.03.2007 թվականին տրված թիվ 1107563 ստուգման հանձնարարագրի «Ստուգումը փաստացի սկսվել է» մասում առկա է «Վ.Գրիգորյան, ստորագրություն, 12.04.2007 թվական» գրառումը:

4) Քաղաքացիական գործում բացակայում է վերոհիշյալ հանձնարարագիրն Ընկերության տնօրենին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին հանձնված լինելու մասին որևէ ապացույց:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու…, դեպքում հարկ վճարողից գանձվում է՝ տուգանք՝ ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 25 տոկոսի չափով, այդ թվում՝ վաճառված (իրացված) մասի համար:

Նույն հոդվածի 3-րդ և 4-րդ պարբերությունների համաձայն՝ հարկային տեսչության կողմից խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու կրկնական փաստ արձանագրելու դեպքում գանձվում է տուգանք՝ ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 50 տոկոսի չափով, այդ թվում՝ վաճառված (իրացված) մասի համար:

Տնտեսական դատարանը դիմումը բավարարելու հիմքում դրել է այն փաստարկը, որ նույն ապրանքները չգրանցելու համար պատասխանատվության ենթարկված լինելու պայմաններում դրանց չգրանցելը զանցանքի կրկնական փաստ դիտելը չի բխում «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակությունից:

Տնտեսական դատարանի վերոնշյալ փաստարկը Վճռաբեկ դատարանը գտնում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ.

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը նախատեսում է պատասխանատվություն ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու, ինչպես նաև չգրանցելու կրկնական փաստ արձանագրելու համար: Այսինքն, վերոնշյալ հոդվածից հետևում է, որ ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելը և նույն իրավախախտումը կրկին անգամ կատարելն ինքնուրույն վարչական իրավախատումներ են, որոնց համար նախատեսված է պատասխանատվության տարբեր չափ:

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն Ընկերությունը 16.11.2006 թվականին թիվ 1105464 ստուգման ակտով պատասխանատվության է ենթարկվել ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու համար: Վերոնշյալ ակտով արձանագրվել է ձեռնարկատիրական գործունեության առարկաների չգրանցման փաստը, որը Ընկերության կողմից չի վերացվել, խախտումը շարունակվել է և կրկին անգամ արձանագրվել 29.03.2007 թվականի թիվ 1107563 ստուգման հանձնարարագրի հիման վրա կատարված ստուգման արդյունքում:

Այսինքն, առաջին անգամ ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու համար վարչական պատասխանատվության ենթարկելուց հետո անգործությունը փաստացի շարունակվել է, որը իրենից ներկայացնում է ինքնուրույն վարչական իրավախախտում, և որի համար պատասխանատվությունը նախատեսված է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ պարբերությամբ.

2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հրամանի կամ հանձնագարագրի մեկ օրինակը, ստուգումն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տրվում է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:

Մինչդեռ, տվյալ դեպքում, գործում բացակայում է որևէ ապացույց մինչև ստուգումը սկսելու փաստացի օրը, այն է՝ 12.04.2007 թվականը, հանձնարարագրի օրինակը տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին հանձնելու մասին որևէ ապացույց:

Ինչ վերաբերում է հանձնարարագրի օրինակի վրա «Ստուգումը փաստացի սկսվել է» մասում առկա «Վ.Գրիգորյան, ստորագրություն, 12.04.2007 թվական» գրառմանը, ապա դա չի կարող հաստատել տվյալ հանձնարարագիրը դրա ստորագրման պահից երեք օր առաջ հանձնված լինելը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի հիմքով Տնտեսական դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 02.10.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Ա. Մկրտումյան

Դատավորներ՝

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

 

Է. Հայրիյան

 

Ս. Սարգսյան

 

Ս. Գյուրջյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան