ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ |
Քաղաքացիական գործ թիվ 3-1855(ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան | |
Դատավորներ՝ Ն. Հովսեփյան, Տ. Սահակյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Անտոնյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Գյուրջյանի | |
Է. Հայրիյանի | ||
|
Ս. Սարգսյանի |
2007 թվականի դեկտեմբերի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արևիկ Մանուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 31.08.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Մհեր Ավետիսյանի, Ասյա Մեսրոբյանի, Աննա և Գուրգեն Ավետիսյանների ընդդեմ Արևիկ Մանուկյանի, Նաիրա Հակոբյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային ստորաբաժանման` բնակարանի պետական գրանցումը և սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու, Արևիկ Մանուկյանին և Նաիրա Հակոբյանին հաշվառումից հանելու և վտարելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Մհեր Ավետիսյանը, Ասյա Մեսրոբյանը, Աննա և Գուրգեն Ավետիսյանները պահանջել են անվավեր ճանաչել Արևիկ Մանուկյանի անվամբ` Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի 1/1 շենքի թիվ 35 բնակարանի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականը, Արևիկ Մանուկյանին և Նաիրա Հակոբյանին հանել անձնագրային հաշվառումից և վտարել:
ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 14.06.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 31.08.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արևիկ Մանուկյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածները, ինչի արդյունքում խախտվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի և 172-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը պատշաճ չի գնահատել միասնական օրդերի կրկնօրինակը, կոոպերատիվի նախագահի կողմից տրված տեղեկանքը, գործադիր կոմիտերի որոշումը՝ մասնավորապես դրա կայացման ամսաթիվը:
Տվյալ դեպքում միասնական օրդերի կրկնօրինակը չէր կարող հանդիսանալ թույլատրելի ապացույց, քանի որ «Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ փաստաթղթերը ներկայացվում են մեկ օրինակից՝ բնօրինակով: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել այն հանգամանքը, որ կոոպերատիվի նախագահի կողմից տրված տեղեկանքը և գործադիր կոմիտեի որոշման ամսաթիվը կեղծ են:
Վերոշարադրյալ խախտումների արդյունքում Վերաքննիչ դատարանը անտեսել է այն հանգամանքը, որ գործում առկա վճարման անդորրագրով հիմնավորվում է, որ վիճելի կոոպերատիվ բնակարանի գումարը ամբողջությամբ մարել է Արևիկ Մանուկյանը, ինչի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ մասը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31.08.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան, այլ կազմով՝ նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Մհեր Ավետիսյանը, Ասյա Մեսրոբյանը, Աննա և Գուրգեն Ավետիսյանները հանդիսացել են «Հոկտեմբեր 12» բնակշինկոոպերատիվի (այսուհետ` Կոոպերատիվ) անդամներ:
2) Հոկտեմբերյանի քաղսովետի գործկոմի 29.09.1989 թվականի թիվ 10 որոշման հիման վրա 29.09.1989 թվականին Հայկական ՍՍՀ Աշխատավորների դեպուտատների Հոկտեմբերյանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեն Մհեր Ավետիսյանին Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի 1/1 շենքի թիվ 35 բնակարանի նկատմամբ տվել է թիվ 35 օրդերը:
3) 1989 թվականին Մհեր Ավետիսյանը դիմում է ներկայացրել Կոոպերատիվ` խնդրելով իրեն հանել կոոպերատիվի անդամությունից և իր փոխարեն գրանցել Արևիկ Մանուկյանին:
4) 25.02.1992 թվականին Հոկտեմբերյանի բնակշինկոոպերատիվի վարչության նիստում որոշվել է ազատել Մհեր Ավետիսյանին Կոոպերատիվի անդամությունից և վերջինիս փոխարեն ընդունել Արևիկ Մանուկյանին:
5) 04.11.2003 թվականին ինչպես հայցվորներին, այնպես էլ պատասխանողներին վիճելի բնակարանի նկատմամբ տրվել են սեփականության իրավունքի գրանցման վկայականներ:
6) Մհեր Ավետիսյանը Կոոպերատիվի փայի նախնական վճարումը կատարել է 16.01.1986 թվականին:
7) Կոոպերատիվի փայի վերջնական արժեքը` 8990 ռուբլու չափով 24.12.1992 թվականին մուծել է Արևիկ Մանուկյանը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` բնակարանային, ամառանոցային, ավտոտնակային կամ այլ կոոպերատիվի անդամը և փայակուտակման իրավունք ունեցող այլ անձինք, որոնք լրիվ մուծել են իրենց փայավճարը կոոպերատիվի կողմից իրենց տրամադրված բնակարանի, ամառանոցի, ավտոտնակի կամ այլ շինության համար, այդ գույքի նկատմամբ ձեռք են բերում սեփականության իրավունք:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ կոոպերատիվի կողմից կոոպերատիվի անդամին տրամադրված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման նախապայման են հանդիսանում կոոպերատիվի անդամ լինելու և փայավճարը ամբողջությամբ վճարելու հանգամանքները:
Սույն քաղաքացիական գործով հաստատված փաստերի համաձայն՝ Մհեր Ավետիսյանը 1989 թվականին դիմում է ներկայացրել Կոոպերատիվ` խնդրելով իրեն հանել կոոպերատիվի անդամությունից և իր փոխարեն գրանցել Արևիկ Մանուկյանին:
25.02.1992 թվականին Հոկտեմբերյանի բնակշինկոոպերատիվի վարչության նիստում որոշվել է ազատել Մհեր Ավետիսյանին Կոոպերատիվի անդամությունից և վերջինիս փոխարեն ընդունել Արևիկ Մանուկյանին: Արևիկ Մանուկյանը 24.12.1992 թվականին վճարել է Կոոպերատիվի փայի վերջնական արժեքը:
Հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոոպերատիվում անդամության փոխանցման և փայի մնացած մասի արժեքի վճարման արդյունքում Արևիկ Մանուկյանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ կետի ուժով ձեռք է բերել սեփականության իրավունք Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի 1/1 շենքի թիվ 35 բնակարանի նկատմամբ: Հետևաբար, անհիմն է սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու, ինչպես նաև Արևիկ Մանուկյանին և Նաիրա Հակոբյանին հաշվառումից հանելու և վտարելու պահանջները:
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանն այն անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված քաղաքացիական գործով oրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:
Տվյալ դեպքում, վճռաբեկ բողոքում վկայակոչված Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 22.01.2007 թվականի թիվ 2-47 քաղաքացիական գործով կայացված վճիռը բողոքարկվել է վերաքննության կարգով և հայցը թողնվել է առանց քննության, հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածը սույն քաղաքացիական գործով կիրառելի չէ:
Այսպիսով, բողոքի մասնակիորեն հիմնավոր լինելը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն` վճռաբեկ բողոքը բավարարելու և ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 31.08.2007 թվականի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 31.08.2007 թվականի վճռի՝ Արևիկ Մանուկյանի անվամբ տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականի մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 31.08.2007 թվականի վճռի մնացած մասերը բեկանել և փոփոխել՝ Մհեր Ավետիսյանի, Ասյա Մեսրոբյանի, Աննա և Գուրգեն Ավետիսյանների հայցը մերժել:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` |
Ա. Մկրտումյան | |
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` |
Ս. Անտոնյան | |
|
Վ. Աբելյան | |
|
Ս. Գյուրջյան | |
Է. Հայրիյան | ||
|
Ս. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|