Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-724
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.01.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.01.30/6(596) Հոդ.105
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
18.01.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
18.01.2008
Дата вступления в силу
18.01.2008

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

18 հունվարի 2008 թ.

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-ԻՆ ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ԾՐԱԳԻՐ (ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Ա. Մանուկյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի հոկտեմբերի 31-ին և 2007 թվականի նոյեմբերի 15-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Գյուղական ճանապարհահատվածի ծրագիր (Հատուկ գործառնություններ)» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2007 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանում և 2007 թվականի նոյեմբերի 15-ին Մանիլայում` Ասիական զարգացման բանկի Հատուկ ֆոնդի ռեսուրսներից Հայաստանի Հանրապետությանը վարկ տրամադրելու նպատակով: Ըստ համաձայնագրի` նախատեսվում է, որ Ծրագիրը դրական, երկարաժամկետ ազդեցություն կունենա դրանում ընդգրկված թվով չորս կոնկրետ տարածաշրջաններում աղքատության եկամտային և ոչ եկամտային պարագծերի վրա` ծառայելով երկրի ընդհանուր գյուղական բնակչության շուրջ 10%-ին:

Ծրագրի բաղադրիչներն են` ծրագրային ճանապարհների վերականգնումը, ծրագրի կառավարման աջակցությունը և խորհրդատվական ծառայությունները` կապված ենթածրագրի նախապատրաստման, շինարարական աշխատանքների վերահսկման, աուդիտի, սոցիալական և էկոլոգիական գնահատումների և այլ աշխատանքների հետ:

Համաձայնագրի բաղկացուցիչ մասն է Ասիական զարգացման բանկի կողմից 2006 թվականի հունվարի 1-ին ընդունված Հատուկ գործառնությունների վարկային կանոնակարգը:

Համաձայնագիրն ունի վեց հավելված` Հավելված 1. «Ծրագրի նկարագրություն», Հավելված 2. «Ամորտիզացիոն ժամանակացույց (Գյուղական ճանապարհների հատվածի ծրագիր)», Հավելված 3. «Վարկային միջոցների բաշխում և մասհանումներ», Հավելված 4. «Ապրանքների, աշխատանքների, խորհրդատվական ծառայությունների ապահովում», Հավելված 5. «Ծրագրի իրականացում. Ծրագրային ճանապարհների շահագործում և պահպանություն. Ֆինանսական խնդիրներ», Հավելված 6. «Ենթածրագրերի ընտրության չափանիշներ»:

 

2. «Գյուղական ճանապարհահատվածի ծրագիրն» իրականացնելու համար Ասիական զարգացման բանկը համաձայնագրում շարադրված պայմաններով և ժամկետներում իր Հատուկ ֆոնդի ռեսուրսներից Հայաստանի Հանրապետությանը պարտավորվում է տրամադրել քսան միլիոն յոթանասունհինգ հազար Փոխառության հատուկ իրավունքներին (20,075,000 ՓՀԻ) համարժեք գումար` տարբեր արտարժույթներով:

 

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ պարտավորությունները` կապված ինչպես «Գյուղական ճանապարհահատվածի ծրագրի» իրականացման, այնպես էլ ֆինանսական միջոցների օգտագործման և տոկոսների վճարման հետ.

- վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածում` մինչև 2016 թ. փետրվարի 1-ը, Ասիական զարգացման բանկին վարկային տոկոսներ վճարել տարեկան մեկ տոկոս (1%) տոկոսադրույքով, իսկ այնուհետև` տարեկան մեկ և կես տոկոս (1.5%), որը ենթակա է հաշվարկման վարկային հաշվից ստացված վարկի և տարբեր ժամանակահատվածներում չմարված գումարների նկատմամբ,

- վճարել վարկի գումարի վրա հաշվարկված տոկոսները և ցանկացած այլ վճարներ կիսամյակը մեկ անգամ` ամեն տարվա փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին,

- վարկային հաշվից ստացված վարկի մայր գումարը մարել ըստ համաձայնագրին կցված` ամորտիզացիոն վճարումների Հավելված 2-ի,

- ապահովել, որ վարկային միջոցներն ուղղվեն Ծրագրային ծախսերի ֆինանսավորմանը` համաձայնագրի դրույթներին համապատասխան,

- ապահովել, որպեսզի վարկային միջոցների հաշվին ապրանքների, աշխատանքների, խորհրդատվական ծառայությունների և այլ ծախսերի ֆինանսավորումը, ինչպես նաև վարկային գումարների բաշխումը տարբեր կատեգորիաների միջև, ինչպիսիք են ապրանքները, աշխատանքները, խորհրդատվական ծառայությունները և այլ ծախսերը, համապատասխանեն համաձայնագրի Հավելված 3-ի դրույթներին, որը կարող է ժամանակ առ ժամանակ լրամշակվել` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի փոխադարձ համաձայնությամբ,

- Ասիական զարգացման բանկի հետ այլ պայմանավորվածության բացակայության դեպքում վարկային միջոցների հաշվին ֆինանսավորման ենթակա ապրանքների, աշխատանքների, խորհրդատվական ծառայությունների գնումները պետք է կատարվեն համաձայնագրի Հավելված 4-ի դրույթներին համապատասխան,

- ապրանքների, աշխատանքների և խորհրդատվական ծառայությունների առնչությամբ վարկային հաշվից կատարվող մասհանումներն ուղղել միայն Ասիական զարգացման բանկի կողմից` որպես գնումների ընդունելի աղբյուրներ ժամանակ առ ժամանակ առանձնանշվող` Ասիական զարգացման բանկի անդամ պետությունների կողմից արտադրվող կամ մատակարարվող ապրանքների, ինչպես նաև տրամադրվող խորհրդատվական ծառայությունների, և Ասիական զարգացման բանկի կողմից ժամանակ առ ժամանակ առանձնանշվող համապատասխանության այլ պահանջները բավարարող ապրանքների, աշխատանքների և խորհրդատվական ծառայությունների ծախսերի ծածկմանը,

- Ծրագրի իրականացման և ծրագրային ճանապարհների գործարկման ընթացքում կատարել կամ ապահովել, որպեսզի կատարվեն համաձայնագրի Հավելված 5-ում շարադրված բոլոր պարտավորությունները,

- Ծրագրի համար նախատեսված առանձին հաշիվներ վարել կամ ապահովել դրանց վարումը, ամենամյա աուդիտի ենթարկել նշված հաշիվները և դրանց առնչվող ֆինանսական հաշվետվությունները` հետևողականորեն կիրառվող աուդիտորական չափանիշներին համապատասխան, այնպիսի անկախ աուդիտորների կողմից, որոնց որակավորումն ու գործելակերպն ընդունելի են Ասիական զարգացման բանկի համար, տրամադրել Ասիական զարգացման բանկին որքան հնարավոր է շուտ, սակայն ոչ ուշ, քան յուրաքանչյուր համապատասխան ֆինանսական տարվա ավարտից վեց ամիս անց, նշված հաշիվների և ֆինանսական հաշվետվությունների աուդիտի հաստատված պատճեններ, ինչպես նաև աուդիտորների` դրանց վերաբերող հաշվետվությունը, ընդ որում, բոլորը` անգլերենով, և տրամադրել Ասիական զարգացման բանկին ցանկացած այլ նման տեղեկատվություն նշված հաշիվների և ֆինանսական հաշվետվությունների, ինչպես նաև դրանց առնչվող աուդիտի մասին, որն Ասիական զարգացման բանկը կարող է ժամանակ առ ժամանակ պահանջել տրամաբանական սահմաններում,

- Ասիական զարգացման բանկին հնարավորություն ընձեռել, նրանից նման առաջարկ ստանալու դեպքում, ժամանակ առ ժամանակ քննարկումներ անցկացնել Հայաստանի Հանրապետության` Ծրագրին վերաբերող ֆինանսական հաշվետվությունների և Ծրագրի հետ կապված նրա ֆինանսական իրավիճակի վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության կողմից համաձայնագրի Բաժին 4.02(ա) կետում սահմանված կարգով նշանակված աուդիտորների հետ, լիազորել և պահանջել, որ նշված աուդիտորների ներկայացուցիչը մասնակցի Ասիական զարգացման բանկի նախաձեռնությամբ նման քննարկումներին, պայմանով, որ ցանկացած նման քննարկում անցկացվելու է Հայաստանի Հանրապետության լիազոր պաշտոնյայի ներկայությամբ, եթե այլ կերպ չի որոշել Հայաստանի Հանրապետությունը,

- Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռել զննության ենթարկելու վարկային միջոցների հաշվին ֆինանսավորվող Ծրագիրը, ապրանքները և աշխատանքները, ինչպես նաև գործին վերաբերող ցանկացած գրանցումներն ու փաստաթղթերը:

Համաձայնագրի հավելվածներում նախատեսված են Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված մի շարք այլ պարտավորություններ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2007 թվականի հոկտեմբերի 31-ին և 2007 թվականի նոյեմբերի 15-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Գյուղական ճանապարհահատվածի ծրագիր (Հատուկ գործառնություններ)» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


18 հունվարի 2008 թ.
ՍԴՈ-724

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան