Գլխավոր տեղեկություն
Номер
N ԱԽ-2-Ո-5
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.02.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.03.19/17(607)
Принят
Արդարադատության խորհուրդ
Дата принятия
29.02.2008
Подписан
Արդարադատության խորհրդի անդամներ
Дата подписания
29.02.2008
Дата вступления в силу
29.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N ԱԽ-2-Ո-5

2008 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱՆ ԵՎ ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Ա. ԴԱՎԹՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

 

մասնակցությամբ ԱԽ անդամներ

 

Վ. Աբելյանի, Ս. Անտոնյանի,

Տ. Բարսեղյանի, Ա. Թումանյանի,

Ա. Խաչատրյանի, Մ. Մարտիրոսյանի,

Տ. Պետրոսյանի, Ն. Տավարացյանի


մասնակցությամբ դատավոր


Ա. Դավթյանի

քարտուղարությամբ


Շ. Վարդանյանի

 

2008 թվականի փետրվարի 29-ին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Դավթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

2008 թվականի փետրվարի 6-ին Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի թիվ N-Կ-2-4/08 որոշմամբ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Դավթյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ դատարաններում կատարված դատական պրակտիկայի ամփոփման տեղեկանքը:

2. Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.

Կարգապահական հանձնաժողովը Արդարադատության խորհրդին է ներկայացրել եզրակացություն՝ կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող ներքոհիշյալ խախտումների վերաբերյալ, որոնք հանձնաժողովը գնահատել է որպես նյութական և դատավարական նորմերի ակնհայտ խախտումներ:

Ըստ եզրակացության՝

2007 թվականի հուլիսի 24-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանը քննել է թիվ 2-2198/07թ. քաղաքացիական գործն ըստ հայցի Աշոտ Գրիշայի Գրիգորյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության` ավտոմեքենան արգելանքից հանելու և հաշվառման վերցնելու պահանջի մասին:

Դատարանը գտել է, որ հայցը հիմնավոր է, բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի պահանջներից և ենթակա է բավարարման:

Կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով քաղաքացիական գործը, եզրակացրել է, որ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Դավթյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել նյութական և դատավարական օրենքների ակնհայտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի ուժով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք են հանդիսացել:

Այն է` ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 3-րդ վարչության` գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը կայացվել է քրեական դատավարության շրջանակներում կատարվող գործողությունների ընթացքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն ենթակա է բողոքարկման դատախազին: Ուստի, դատարանն իրավասու չէր քրեական դատավարության կարգով բողոքարկման ենթակա որոշումը վերացնելու մասին հայցադիմումն ընդունել վարույթ և քննել քաղաքացիական դատավարության կարգով:

Հետևաբար, տվյալ պարագայում, դատարանը պետք է ղեկավարվեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն որի դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

Դատարանի կողմից կիրառված՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը վերաբերում է բարեխիղճ ձեռք բերողից գույքը հետ պահանջելուն, այսինքն՝ պետք է սեփականատիրոջ կողմից գույքը հետ վերադարձնելու պահանջ ներկայացված լինի, որպեսզի քննարկվի այն հարցը, թե արդյոք այդ գույքը ձեռք բերողը բարեխիղճ ձեռք բերող է, թե` ոչ: Իսկ տվյալ գործերով ավտոմեքենայի «սեփականատիրոջ» կողմից գույքի պահանջ ներկայացված չէ: Բարեխիղճ ձեռք բերողից գույքը պահանջելու իրավունքը ծագում է, եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր և չէր կարող իմանալ, ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը, հանձնել է տիրապետման կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Դավթյանը չառարկեց եզրակացության մեջ նշված փաստերի առկայության դեմ, վիճարկեց դրանց որակումը որպես կարգապահական խախտում:

Այսպես.

Դատավոր Ա. Դավթյանն իր բացատրության մեջ նշում է, որ Ա. Գրիգորյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ և ՃՈ թիվ 2-2198/07 քաղաքացիական գործը դատարանը քննության է առել քաղաքացիական դատավարության կարգով, նկատի ունենալով, որ քրեական դատավարության շրջանակներում կատարվող գործողությունների ընթացքում կայացված գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը չի բողոքարկվել, այլ հայցվորը խնդրել է արգելանքից հանել գույքը, ինչը քննության է առնվում քաղաքացիական դատավարության կարգով, նկատի ունենալով, որ դատավարական որևէ նորմ չի արգելում նման վեճի քննությունը քաղաքացիական դատավարության կարգով:

Իսկ կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը դատարանը նկատի է ունեցել բարեխիղճ ձեռք բերողի ինստիտուտը, կարծելով, որ այն չի կարող պայմանավորվել միայն գույքի սեփականատիրոջ կողմից պահանջի ներկայացմամբ:

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստական հանգամանքները.

1. Դատարանի կողմից կիրառված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը, որը վերաբերում է բարեխիղճ ձեռք բերողից գույքը հետ պահանջելուն:

2. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի 06.02.2008թ. Կ-2-04/08 որոշմամբ դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը, որի արդյունքում Կարգապահական հանձնաժողովը Խորհրդին միջնորդություն է ներկայացրել դատավոր Աիդա Դավթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Միջնորդությանը կից ներկայացվել է նաև կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը:

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Խորհուրդը որպես կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք արձանագրում է այն, որ դատարանը, 24.07.2007թ. գտնելով, որ հայցը հիմնավոր է, բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի պահանջներից և ենթակա է բավարաման: Վերացրել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 3-րդ բաժնի ավագ օպեր լիազորի որոշմամբ ավտոմեքենայի վրա դրված կալանքը և Աշոտ Գրիգորյանին թույլատրել այն հաշվառելու ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում:

Խորհուրդը գտնում է, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 3-րդ վարչության` գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը կայացվել է քրեական դատավարության շրջանակներում կատարվող գործողությունների ընթացքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն ենթակա է բողոքարկման դատախազին: Ուստի, դատարանն իրավասու չէր քրեական դատավարության կարգով բողոքարկման ենթակա որոշումը վերացնելու մասին հայցադիմումն ընդունել վարույթ և քննել քաղաքացիական դատավարության կարգով:

Տվյալ պարագայում, դատարանը պետք է ղեկավարվեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն որի դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

Խորհուրդը նկատի է ունենում այն հանգամանքը, որ դատավորը նման որոշման կայացմամբ իրեն չի օժտել լրացուցիչ իրավասությամբ, այլ կիրառել է օրենքի դրույթ, որը կոնկրետ տվյալ իրավահարաբերության նկատմամբ կիրառելի չէր: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275 հոդվածին, որը վերաբերում է բարեխիղճ ձեռք բերողից գույքը հետ պահանջելուն, այսինքն՝ պետք է սեփականատիրոջ կողմից գույքը հետ վերադարձնելու պահանջ ներկայացված լինի, որպեսզի քննարկվի այն հարցը, թե արդյոք այդ գույքը ձեռք բերողը բարեխիղճ ձեռք բերող է, թե` ոչ: Իսկ տվյալ գործերով ավտոմեքենայի «սեփականատիրոջ» կողմից գույքի պահանջ ներկայացված չէ: Բացի դա, եթե առկա է ավտոմեքենայի առուվաճառքի օրինական պայմանագիր, որն անվավեր ճանաչված չէ, դիմումատուն արդեն իսկ հանդիսանում է նշված գույքի օրինական սեփականատերը և բարեխիղճ ձեռք բերող ճանաչելու որևէ իրավական հիմք չկա:

Բարեխիղճ ձեռք բերողից գույքը պահանջելու իրավունքը ծագում է, եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր և չէր կարող իմանալ, ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը, կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:

Քննարկելով ներկայացված միջնորդությունը, ուսումնասիրելով միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերը և դատավորների բացատրությունները` Խորհուրդը գտնում է, որ սույն գործով կիրառելի է ՀՀ դատական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ եթե Արդարադատության խորհուրդը նպատակահարմար չի գտնում դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժի միջոց, ապա կարող է բավարարվել հարցի քննարկմամբ` որոշմամբ ամրագրելով կարգապահական պատասխանատվության հիմքերի առկայությունը և կարճելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը:

Դատավորի գործողություններում մեղքի առկայության մասին.

Խորհուրդը գտնում է, որ վերը հիշատակված այն խախտումները, որոնք Խորհուրդը կարգապահական պատասխանատվության հիմք համարեց, դատավոր Ա. Դավթյանի կողմից կատարվել են մեղավորությամբ հետևյալ պատճառաբանությամբ:

Սույն կարգապահական վարույթը Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցվել է դատավոր Աիդա Դավթյանի կողմից նյութական և դատավարական նորմերի ակնհայտ խախտումներ թույլ տալու հիմքով: Խորհուրդը գտնում է, որ այն դեպքերում, երբ կարգապահական պատասխանատվության հիմք են դատավորի կողմից նյութական կամ դատավարական նորմերի ակնհայտ խախտումները, որոնց առկայությունը հաստատվում է կարգապահական պատասխանատվության գործի քննությամբ, Խորհուրդը ելնում է դատավորի մեղավորության կանխավարկածից, քանի որ դատական ակտերը, որոնք պարունակում են նյութական և դատավարական օրենքի նորմերի խախտումներ, չեն կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ:

Խորհուրդը դատավարական և նյութական օրենքների նորմերի վերը նշված խախտումները բնութագրում է որպես ակնհայտ այն պատճառաբանությամբ, որ դրանցով խախտվել են արդարադատության իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքների, միջազգային պայմանագրերի նորմերի պահանջները, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել վերոհիշյալ իրավական ակտերով երաշխավորված իրավունքների և ազատությունների սահմանափակմանը, դրանցից զրկելուն, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը խոչընդոտելուն և ազդել են կամ կարող են ազդել գործով ճիշտ և օրինական որոշման կայացմանը (Խորհուրդը նյութական կամ դատավարական օրենքի նորմերի ակնհայտ խախտման վերաբերյալ իր իրավական դիրքորոշումն արտահայտել է նախկինում կայացված որոշումներում. տես օրինակ՝ Արդարադատության խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 12-ի ԱԽ-7-Ո-18 թվակիր որոշումը):

Խորհուրդը հարկ է համարում արձանագրել նաև, որ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Դավթյանը դատավորի պաշտոնը ստանձնել է 1996 թվականից, աչքի է ընկել օրինավոր վարքագծով, նպաստել է արդարադատության որակի բարձրացմանը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 162-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Խորհուրդը.

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը մերժել: Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Դավթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել` բավարարվելով հարցի քննարկմամբ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Տ. Բարսեղյան

Ա. Թումանյան

Ա. Խաչատրյան

Մ. Մարտիրոսյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան