Գլխավոր տեղեկություն
Номер
N ԱԽ-2-Ո-2
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.02.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.03.19/17(607)
Принят
Արդարադատության խորհուրդ
Дата принятия
29.02.2008
Подписан
Արդարադատության խորհրդի անդամներ
Дата подписания
29.02.2008
Дата вступления в силу
29.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N ԱԽ-2-Ո-2

2008 թ.

 

ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Ե. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

 

մասնակցությամբ ԱԽ անդամներ

 

Վ. Աբելյանի, Ս. Անտոնյանի,

Տ. Բարսեղյանի, Ա. Թումանյանի,

Ա. Խաչատրյանի, Մ. Մարտիրոսյանի,

Տ. Պետրոսյանի, Ն. Տավարացյանի


մասնակցությամբ դատավոր


Ե. Քոչարյանի

քարտուղարությամբ


Շ. Վարդանյանի

 

2008 թվականի փետրվարի 29-ին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ե. Քոչարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

2008 թվականի փետրվարի 6-ին Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի թիվ N-Կ-2-1/08 որոշմամբ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ե. Քոչարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Արարատի մարզի Մասիս քաղաքի 2-րդ և 3-րդ փողոցների բնակիչների Արդարադատության խորհրդին հասցեագրված դիմումը:

2. Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.

Կարգապահական հանձնաժողովը Արդարադատության խորհրդին է ներկայացրել եզրակացություն՝ կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող ներքոհիշյալ խախտումների վերաբերյալ, որոնք հանձնաժողովը գնահատել է որպես նյութական և դատավարական նորմերի ակնհայտ խախտումներ:

Ըստ եզրակացության՝

Մասիս քաղաքի 2-րդ փողոցի 81-րդ տան բնակիչ Անահիտ Համբարձումյանը դիմել է Մասիսի քաղաքապետին և հայտնել, որ իր բնակարանի վթարային վիճակի պատճառը բաց դրենաժային կոլեկտրում ջրի կուտակումն է, որը հնարավոր է կասեցնել` այն փակ դրենաժային կոլեկտրով փոխարինելու միջոցով: Մասիսի քաղաքապետի 18.06.2007թ. թիվ 016 գրությամբ հայցվորին թույլատրվել է իր բնակելի տան և տնամերձ հողամասին հարակից անցկացնել փակ դրենաժ` 40 մետրի սահմաններում:

Տեղեկանալով այդ մասին, Մասիս քաղաքի 2-րդ և 3-րդ փողոցի մի խումբ բնակիչներ դիմում-բողոք են ներկայացրել Մասիսի քաղաքապետին` իր կողմից 18.06.2007թ. տրված դիմումի գրավոր պատասխանը վերանայելու խնդրանքով:

Մասիսի քաղաքապետն իր 13.08.2007թ. թիվ 243 գրությամբ վերանայել է իր 18.06.2007թ. թիվ 016 գրությամբ տրված թույլտվությունը և նպատակահարմար չի գտել տվյալ տարածքում փակ դրենաժի անցկացումը:

Ա. Համբարձումյանը հայցադիմում է ներկայացրել Արարատի մարզի առաջին ատյանի դատարան ընդդեմ Մասիսի քաղաքապետի` օրենքին հակասող ակտն անվավեր ճանաչելու և իր` օրենքով երաշխավորվող իրավունքները վերականգնող ակտի ընդունման քաղաքապետին պարտադրելու պահանջով:

Մասիս քաղաքի 2-րդ և 3-րդ փողոցների մի շարք բնակիչներին գործի քննությանը ներգրավելու մասին պատասխանողի ներկայացուցչի միջնորդությունը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ հայցը կապված է մասնագիտական եզրակացությունների հետ:

Դատարանի 05.11.2007թ. վճռով հայցը բավարարվել է մասնակի` Մասիսի քաղաքապետի 18.06.2007թ. թիվ 016 ակտը ճանաչվել է անվավեր, իսկ պահանջի մի մասը` հայցվորի՝ օրենքով երաշխավորվող իրավունքները վերականգնող ակտի ընդունման քաղաքապետին պարտադրելու պահանջի մասին, մերժվել է: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Այնուհետև հայցվորը դիմել է Մասիսի քաղաքապետին փակ դրենաժ անցկացնելու պահանջով, սակայն պահանջը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ դատարանի վճռով անվավեր է ճանաչվել Մասիսի քաղաքապետի 18.06.2007թ. թիվ 016 ակտը, ուստի ի կատարումն վճռի` քաղաքապետը 23.11.2007թ. թիվ 516 որոշմամբ անվավեր է ճանաչել իր 18.06.2007թ. թիվ 016 ակտը:

Դրանից հետո հայցվորը դիմել է դատարան վճիռը պարզաբանելու պահանջով:

05.12.2007թ. որոշմամբ դատարանը գտել է, որ քաղաքապետն իր 13.08.2007թ. թիվ 243 գրությամբ վերանայել է իր 18.06.2007թ. թիվ 016 ակտը, հետևաբար, վճռով 18.06.2007թ. թիվ 016 ակտի` որպես հայցվորի կողմից իր տանը և տնամերձ հողամասին հարակից 40 մետրանոց փակ դրենաժի կառուցապատումը թույլատրող բովանդակությամբ ակտի անվավեր ճանաչման ընկալումն անտրամաբանական է և չի բխում վճռի բովանդակությունից:

18.12.2007թ. Մասիսի քաղաքապետարանը վերաքննիչ բողոք է ներկայացրել 05.12.2007թ. դատարանի պարզաբանման մասին որոշման դեմ:

Արդյունքում, դատարանի կողմից խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ կետը, համաձայն որի վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին պահանջը կարող է ներկայացվել մինչև վճռի կատարումը (23.11.2007թ. քաղաքապետի թիվ 516 որոշմամբ անվավեր է ճանաչվել 18.06.2007թ. թիվ 016 ակտը):

Դատավոր Ե. Քոչարյանի կողմից չեն պահպանվել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները. այն է` վճռի պատճառաբանական մասում չեն նշվել այն օրենքները, միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս, 132-րդ հոդվածի 3-րդ կետի իմպերատիվ պահանջը, համաձայն որի` վճռի եզրափակիչ մասում պարտադիր նշվում է նաև, որ վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

Ուսումնասիրելով Մասիս քաղաքի 2-րդ և 3-րդ փողոցների բնակիչների դիմումը, դիմումին կից նյութերը` Կարգապահական հանձնաժողովը գտել է, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ե. Քոչարյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել նյութական և դատավարական օրենքների ակնհայտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի ուժով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք են հանդիսանում:

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ե. Քոչարյանը չժխտելով եզրակացության մեջ նշված փաստերի առկայությունը՝ վիճարկեց դրանց որակումը որպես կարգապահական խախտում:

Այսպես. Արարատի մարզի առաջին ատյանի դատարանը քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի Անահիտ Համբարձումյանի ընդդեմ Մասիսի քաղաքապետ Ա. Հակոբյանի` տեղական ինքնակառավարման մարմնի և դրա պաշտոնատար անձի օրենքին հակասող ակտն անվավեր ճանաչելու և օրենքով երաշխավորվող իր իրավունքները վերականգնող ակտի ընդունման քաղաքապետին պարտադրելու պահանջներով, 2007 թվականի նոյեմբերի 5-ին կայացրել է վճիռ, որով Անահիտ Համբարձումյանի հայցը բավարարվել է մասնակի: Անվավեր է ճանաչվել Մասիսի քաղաքապետի 18.06.2007թ. թիվ 016 ակտը, իսկ հայցվորի` օրենքով երաշխավորվող իր իրավունքները վերականգնող ակտի ընդունման քաղաքապետին պարտադրելու պահանջը մերժվել է, գտնելով, որ այդպիսի ակտի ընդունումը ենթակա է տեղական ինքնակառավարման մարմնի իրավասությանը:

Դատաքննությամբ դատարանը պարզել է հետևյալը. Մասիս քաղաքի 2-րդ փողոցի բնակիչ, հայցվոր Անահիտ Համբարձումյանը դիմելով դատարանը հայտնել է, որ իրենց տան և հողամասի երկայնքով անցնում է ջրանցք, որի խոնավությունը տարիների ընթացքում վթարային են դարձրել իրենց բնակելի տան պատերն ու հիմքը: Վթարայնությունը վերացնելու համար դիմել է Ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրենին, որն էլ գրությամբ պատասխանել է, որ վթարային վիճակի պատճառը բաց դրենաժային կոլեկտորում ջրի կուտակման արդյունք է, ինչը հնարավոր է կասեցնել փակ դրենաժի անցկացման միջոցով:

Նշված հարցով 06.06.2007թ. դիմել է Մասիսի քաղաքապետին: Վերջինս իր 18.06.2007թ. թիվ 016 գրությամբ պատասխանել է, որ քաղաքապետարանը չի առարկում բնակելի տան և տնամերձ հողամասին հարակից անցկացնելու փակ դրենաժ:

Սակայն Մասիս քաղաքի 2-րդ և 3-րդ փողոցների մի խումբ բնակիչների դիմում-բողոքի հիման վրա քաղաքապետը 13.08.2007թ. թիվ 243 գրությամբ վերանայել է իր թիվ 016 թույլտվությունը և նպատակահարմար չի գտել տվյալ տարածքում փակ դրենաժի անցկացումը:

Հայցվորը, դիմելով դատարան, խնդրել է Մասիսի քաղաքապետի թիվ 016 ակտը ճանաչել անվավեր և վճռով պարտադրել քաղաքապետին ընդունելու իր՝ օրենքով երաշխավորվող իրավունքները վերականգնող ակտը: Դատարանը հայցը քննության է առել հատուկ հայցային վարույթի կարգով` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխի կանոնների համաձայն:

Դատաքննության ընթացքում քաղաքապետարանի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել` Մասիս քաղաքի 2-րդ և 3-րդ փողոցների բնակիչներին մասնակից դարձնել գործի քննությանը` որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող անձանց, սակայն միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք օգտվում են հայցվորի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները: Սակայն հայցի առարկան եղել է տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի` Մասիսի քաղաքապետի՝ օրենքին հակասող ակտն անվավեր ճանաչելու պահանջը: Այսինքն, դատարանի խնդիրն է եղել պարզել քաղաքապետի կողմից հայցվորի նկատմամբ ընդունված ակտի օրինականությունը, ինչը չի կարող դիտարկվել այլ քաղաքացիների իրավունքների վերաբերելիության տեսանկյունից:

Հարուցված կարգապահական վարույթի որոշման մեջ նշված է նաև, որ դատարանի կողմից չեն պահպանվել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները. այն է` վճռի պատճառաբանական մասում չեն նշվել այն օրենքները, միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս, 132-րդ հոդվածի 3-րդ կետի իմպերատիվ պահանջը, համաձայն որի` վճռի եզրափակիչ մասում պարտադիր նշվում է նաև, որ վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

Դատաքննության ընթացքում դատարանը, գտնելով, որ քաղաքապետի կողմից ընդունված ակտի օրինականությունը պարզելը պահանջում է հատուկ մասնագիտական գիտելիքներ, որոշմամբ հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին համապատասխան ուսումնասիրություններ կատարել և դատարանին մասնագիտական պարզաբանում տալ: 15.10.2007թ. դատարանին ներկայացվել է մասնագիտական եզրակացություն, համաձայն որի փակ դրենաժի կառուցապատումը տեխնիկապես թույլատրելի է և ոչ մի բացասական երևույթների տեղիք տալ չի կարող: Դատարանը, միաժամանակ հիմք ընդունելով նաև 04.06.2007թ. թիվ 89/1 եզրակացությունը, վճռի պատճառաբանական մասում հաստատված համարելով, որ հայցվորի տան վթարային վիճակի պատճառը բաց դրենաժային կոլեկտորում ջրի կուտակման արդյունք է, որը հնարավոր է կասեցնել փակ դրենաժով փոխարինելու միջոցով, հանգել է հետևության, որ հայցը` Մասիսի քաղաքապետի 15.06.2007թ. թիվ 016 ակտն անվավեր ճանաչելու պահանջով պետք է բավարարվի:

Այսինքն, վճռի պատճառաբանական մասում դատարանի կողմից նշվել են այն մասնագիտական եզրակացությունները, որոնք հիմք են հանդիսացել դատարանի եզրահանգման համար:

Դատավոր Ե. Քոչարյանն իր բացատրության մեջ նշել է, որ 05.11.2007թ. կայացված վճռի եզրափակիչ մասում չի նշվել, որ վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշին, կատարման ենթակա գործողություններ չլինելու պատճառով:

Նշված նույն պատճառաբանությամբ էլ դատավորի կողմից հայցվոր Ա. Համբարձումյանի դիմումի հիման վրա 05.12.2007թ. որոշում է կայացվել վճռի պարզաբանման մասին, նկատի ունենալով Մասիսի քաղաքապետի 18.06.2007թ. թիվ 016 ակտի` փակ դրենաժի անցկացումը թույլատրող, թե առարկող իմաստի ընկալման շուրջ առաջացած տարբեր ըմբռնումները:

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստական հանգամանքները.

1. Վճռի պատճառաբանական մասում դատարանը գտել է, որ անվավեր պետք է ճանաչվի հայցվորի համար միջամտող վարչական ակտը` Մասիսի քաղաքապետի 13.08.2007թ. թիվ 243 ակտը, սակայն վճռի մասում նշվել է` «Մասիսի քաղաքապետի 18.06.2007թ. թիվ 016 ակտը ճանաչել անվավեր»:

2. Դատարանի կողմից 05.12.2007թ կայացված վճիռը պարզաբանելու մասին որոշումը:

3. Վճռի պատճառաբանական մասում չեն նշվել այն օրենքները, միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս:

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննարկելով ներկայացված միջնորդությունը, ուսումնասիրելով միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերը և դատավորի բացատրությունները` Խորհուրդը եզրահանգում է, որ սույն գործով կիրառելի է ՀՀ դատական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի` եթե Արդարադատության խորհուրդը նպատակահարմար չի գտնում դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժի միջոց, ապա կարող է բավարարվել հարցի քննարկմամբ` որոշմամբ ամրագրելով կարգապահական պատասխանատվության հիմքերի առկայությունը և կարճելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը:

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ե. Քոչարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճելու Խորհրդի եզրահանգումը պայմանավորված է հետևյալ պատճառաբանությամբ.

Խորհուրդը հաշվի է առնում այն հանգամանքը, որ դատարանը, դատաքննության ընթացքում, գտնելով, որ քաղաքապետի կողմից ընդունված ակտի օրինականությունը պարզելը պահանջում է հատուկ մասնագիտական գիտելիքներ, որոշմամբ հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին համապատասխան ուսումնասիրություններ կատարել և դատարանին մասնագիտական պարզաբանում տալ: 15.10.2007թ. դատարանին ներկայացվել է մասնագիտական եզրակացություն, համաձայն որի փակ դրենաժի կառուցապատումը տեխնիկապես թույլատրելի է և ոչ մի բացասական երևույթների տեղիք տալ չի կարող: Դատարանը, միաժամանակ հիմք ընդունելով նաև 04.06.2007թ. թիվ 89/1 եզրակացությունը, վճռի պատճառաբանական մասում հաստատված համարելով, որ հայցվորի տան վթարային վիճակի պատճառը բաց դրենաժային կոլեկտորում ջրի կուտակման արդյունք է, որը հնարավոր է կասեցնել փակ դրենաժով փոխարինելու միջոցով, հանգել է հետևության, որ հայցը` Մասիսի քաղաքապետի 15.06.2007թ. թիվ 016 ակտն անվավեր ճանաչելու պահանջով պետք է բավարարվի:

Իսկ վճռի եզրափակիչ մասում չի նշվել, որ վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշին` կատարման ենթակա գործողություններ չլինելու պատճառով:

Հայցվոր Ա. Համբարձումյանի դիմումի հիման վրա 05.12.2007թ. կայացնելով վճռի պարզաբանման մասին որոշում, դատարանը նկատի է ունեցել Մասիսի քաղաքապետի 18.06.2007թ. թիվ 016 ակտի իմաստի ընկալման շուրջ առաջացած տարբեր ըմբռնումները:

Դատավորի գործողություններում մեղքի առկայության մասին.

Խորհուրդը գտնում է, որ վերը հիշատակված այն խախտումները, որոնք Խորհուրդը կարգապահական պատասխանատվության հիմք համարեց, դատավոր Ե. Քոչարյանի կողմից կատարվել են մեղավորությամբ հետևյալ պատճառաբանությամբ:

Սույն կարգապահական վարույթը Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցվել է դատավոր Ելենա Քոչարյանի կողմից նյութական և դատավարական նորմերի ակնհայտ խախտումներ թույլ տալու հիմքով: Խորհուրդը գտնում է, որ այն դեպքերում, երբ կարգապահական պատասխանատվության հիմք են դատավորի կողմից նյութական կամ դատավարական նորմերի ակնհայտ խախտումները, որոնց առկայությունը հաստատվում է կարգապահական պատասխանատվության գործի քննությամբ, Խորհուրդը ելնում է դատավորի մեղավորության կանխավարկածից, քանի որ դատական ակտերը, որոնք պարունակում են նյութական և դատավարական օրենքի նորմերի խախտումներ, չեն կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ (Խորհուրդը նյութական կամ դատավարական օրենքի նորմերի ակնհայտ խախտման վերաբերյալ իր իրավական դիրքորոշումն արտահայտել է նախկինում կայացված որոշումներում. տես օրինակ՝ Արդարադատության խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 12-ի ԱԽ-7-Ո-18 թվակիր որոշումը):

Խորհուրդը հարկ է համարում արձանագրել նաև, որ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ե. Քոչարյանը դատավորի պաշտոնը ստանձնել է 1999 թվականից, աչքի է ընկել օրինավոր վարքագծով, նպաստել է արդարադատության որակի բարձրացմանը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 162-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Խորհուրդը.

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը մերժել: Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ե. Քոչարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել` բավարարվելով հարցի քննարկմամբ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Տ. Բարսեղյան

Ա. Թումանյան

Ա. Խաչատրյան

Մ. Մարտիրոսյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան