Գլխավոր տեղեկություն
Номер
N 312-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (22.07.2004-13.08.2009)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.04.16/20(255) Հոդ.349
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.03.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.04.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.04.2003
Дата вступления в силу
17.04.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 ապրիլի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 մարտի 2003 թվականի N 312-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 202 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության համակարգի բարեփոխումների ու մի շարք պետական մարմինների վերակազմակերպման մասին» N 202 որոշման 4-րդ կետի «գ» ենթակետում կատարել հետևյալ փոփոխությունը՝

«Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարանի» բառերը փոխարինել «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի, «Արփի» բնապատմական արգելոցի, «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցի» բառերով։

2. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության «Պատմական միջավայրի պահպանության հանրապետական ծառայություն» պետական հիմնարկը «Գառնի» և «Զվարթնոց» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանների, «Դիլիջան» ժողովրդական ճարտարապետության արգելոց-թանգարանի, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի, «Արփի» բնապատմական արգելոցի, «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցի և «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի (այսուհետ՝ պետական հիմնարկ) հետ միացման ձևով վերակազմակերպել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

21. Ստեղծել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղեր` համաձայն N 1 հավելվածի:

(21 կետը լրաց. 08.07.04 N 979-Ն)

3. Հաստատել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն N 2 հավելվածի:

4. Պետական հիմնարկի տնօրինության՝ 27900,1 հազ. դրամ արժողությամբ պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։

Պետական հիմնարկի տնօրինության՝ 53567,1 հազ. դրամ արժողությամբ շենքերը և շինությունները, ինչպես նաև դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000ապատիկից ավելի արժողությամբ գույքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով՝ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր։

5. Սահմանել, որ՝

ա) «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են՝ պետական սեփականություն հանդիսացող պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձանախմբերի, հուշարձանների համալիրների, պատմական և բնապատմական միջավայրի, պատմամշակութային հողերի, տեղանքապատկերների (լանդշաֆտների), մշակութային այլ արժեքների պահպանությունը, ուսումնասիրումը, հանրահռչակումը և օգտագործումը.

բ) «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

6. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

ա) հուշարձանների պատկերով հուշանվերների պատրաստում և իրացում.

բ) պայմանագրային հիմունքներով իրավաբանական և ֆիզիկական անձանց հուշարձաններին վերաբերող փաստավավերագրական նյութերի տրամադրում.

գ) ժողովրդական վարպետների ստեղծագործությունների ցուցահանդեսների կազմակերպում.

դ) հրատարակչական գործ։

7. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «ե» և «է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը:

8. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարին՝ մեկամսյա ժամկետում`

ա) ապահովել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.

բ) հաստատել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը:

9. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ կետին հանապատասխան:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. ապրիլի 4
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 7-ի N 312-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ

 

1. «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան

2. «Դիլիջան» ժողովրդական ճարտարապետության արգելոց-թանգարան

3. «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան

4. «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան

5. «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան

6. «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոց

7. «Արփի» բնապատմական արգելոց

8. Պատմական միջավայրի պահպանության Երևանի մարզային ծառայություն

9. Պատմական միջավայրի պահպանության Արագածոտնի մարզային ծառայություն

10. Պատմական միջավայրի պահպանության Արարատի մարզային ծառայություն

11. Պատմական միջավայրի պահպանության Արմավիրի մարզային ծառայություն

12. Պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայություն

13. Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայություն

14. Պատմական միջավայրի պահպանության Կոտայքի մարզային ծառայություն

15. Պատմական միջավայրի պահպանության Շիրակի մարզային ծառայություն

16. Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայություն

17. Պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայություն

18. Պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 7-ի N 312-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ - ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և գիտալուսավորչական, գիտատեղեկատվական, մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություն է, որն ստեղծվել է պատմական, հնագիտական, ճարտարապետական կամ այլ մշակութային արժեք ներկայացնող անշարժ հուշարձանների, հուշարձանախմբերի ուսումնասիրման, հանրա-հռչակման և օգտագործման, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային անշարժ հուշարձանախմբերի, հուշարձանների համալիրների, բնապատմական, պատմական միջավայրի, պատմամշակութային հողերի և դրան հարող տեղանքապատկերների (լանդշաֆտների) ամբողջական պահպանումն իրականացնելու նպատակով:

Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության «Պատմական միջավայրի պահպանության հանրապետական ծառայություն» պետական հիմնարկի, «Գառնի» և «Զվարթնոց» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանների, «Դիլիջան» ժողովրդական ճարտարապետության արգելոց-թանգարանի, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի, «Արփի» բնապատմական արգելոցի, «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցի և «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի իրավահաջորդն է։

Կազմակերպությունն ստեղծված է համարվում նրա՝ օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

2. Կազմակերպության գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:

3. Կազմակերպությունը՝ որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

4. Կազմակերպությունն այլ կազմակերպության հիմնադիր (կամ մասնակից) կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:

5. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք ու դրոշմակնիք, ձևաթղթեր, ինչպես նաև խորհրդանիշ:

6. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, հաշվարկային հաշիվ բանկերում` Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով:

7. Կազմակերպությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով:

Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում կազմակերպության պարտավորությունների, իսկ կազմակերպությունը` հիմնադրի պարտավորությունների համար:

Հիմնադիրը պատասխանատվություն է կրում մինչև կազմակերպության պետական գրանցումը ծագած` կազմակերպության ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:

8. Կազմակերպության անվանումն է՝

հայերեն լրիվ՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

կրճատ՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ,

Ռուսերեն լրիվ` «Служба по оxране исторической среды и историкокультурныx музеев-заповедников» государственная некоммерческая организация,

ռուսերեն կրճատ «Служба оxран» ГНО,

անգլերեն լրիվ՝ «Service for the protection of historical environment and cultural museum-reservations» Non-commercial state organization;

անգլերեն կրճատ՝ «Protection service» NSO։

9. Կազմակերպության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Թաիրովի 15:

 

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

 

10. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են պետական սեփականություն հանդիսացող պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձանախմբերի, հուշարձանների համալիրների, պատմական և բնապատմական միջավայրի, պատմամշակութային հողերի, տեղանքապատկերների (լանդշաֆտների), մշակութային այլ արժեքների պահպանությունը, ուսումնասիրումը, հանրահռչակումը և օգտագործումը:

11. Իր գործունեության առարկային և նպատակներին համապատասխան կազմակերպությունը`

ա) իրականացնում է արգելոց-թանգարանների, պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային անշարժ հուշարձանների և պատմամշակութային հողերի պահպանությունը.

բ) մշակում և լիազորված պետական մարմնի հաստատմանն է ներկայացնում արգելոց-թանգարանների, պատմամշակութային անշարժ հուշարձանների պահպանության և օգտագործման հեռանկարային զարգացման գլխավոր նախագիծը.

գ) որպես պատվիրատու` կազմակերպում է արգելոց-թանգարանների հուշարձանների ամրակայման, վերականգնման, նորոգման և հարմարեցման աշխատանքների իրականացումը.

դ) կազմակերպում և իրականացնում է արգելոց-թանգարանների պատմամշակութային ժառանգության օբյեկտների ուսումնասիրումն ու հետազոտումը: Հայտնաբերում և իրականացնում է պատմամշակութային ժառանգության օբյեկտների անձնագրավորումը.

ե) հաստատում է արգելոց-թանգարանների տարածքներում գտնվող շենքերի և շինությունների օգտագործման ու վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը.

զ) քննարկում և իր իրավասության սահմաններում որոշումներ է ընդունում պատմամշակութային ժառանգության օբյեկտների պահպանվածության վտանգի դեպքում ամեն տեսակի աշխատանքների և տնտեսական գործունեության դադարեցման հետ կապված խնդիրների վերաբերյալ։ Իրավապահ համապատասխան մարմիններին փոխանցելու նպատակով կազմում է ակտեր և արձանագրություններ արգելոց-թանգարաններին և պատմամշակութային անշարժ հուշարձաններին, դրանց տարածքներին հասցված վնասին համապատասխան պատասխանատվություն սահմանելու համար.

է) արգելոց-թանգարանների ու պատմամշակութային անշարժ հուշարձանների և դրանց տարածքների պահպանության պայմանակարգն ու կանոնակարգը խախտելու դեպքում հայց է հարուցում հուշարձանն օգտագործողի դեմ.

ը) իրականացնում է թանգարանային առարկաների և հավաքածուների հայտնաբերում և հավաքում` գիտարշավների, գնումների, նվիրատվությունների, կտակների միջոցով.

թ) իրականացնում է թանգարանային առարկաների և հավաքածուների հաշվառումը, ստեղծում դրանց էլեկտրոնային տվյալների շտեմարանը.

ժ) կազմակերպում է պատմամշակութային արժեքների վերականգնման, գիտամեթոդական խորհրդի, թանգարանային հավաքածուի գնման հանձնաժողովի աշխատանքները.

ժա) կազմակերպում է պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման խնդիրներին նվիրված գիտական նստաշրջաններ, համաժողովներ, գիտագործնական սեմինարներ ու խորհրդակցություններ.

ժբ) պատրաստում և հրատարակում է աշխատություններ, մենագրություններ, ուղեցույցներ, կատալոգներ, գիտահանրամատչելի, գիտատեղեկատու, քարոզչական և գովազդային նյութեր.

ժգ) կազմակերպում է մշտական, ժամանակավոր և շրջիկ ցուցադրություններ ու ցուցահանդեսներ.

ժդ) իրականացնում է պատմամշակութային ժառանգության վերաբերյալ քարոզչական, գիտալուսավորչական և կրթական միջոցառումներ:

12. Կազմակերպությունը, որպես ձեռնարկատիրական գործունեություն, իրականացնում է՝

ա) հուշարձանների պատկերով հուշանվերների պատրաստում և իրացում.

բ) պայմանագրային հիմունքներով իրավաբանական և ֆիզիկական անձանց հուշարձաններին վերաբերող փաստավավերագրական նյութերի տրամադրում.

գ) ժողովրդական վարպետների ստեղծագործությունների ցուցահանդեսների կազմակերպում.

դ) հրատարակչական գործ։

13. Կազմակերպությունը, որպես մասնաճյուղեր, ունի արգելոց-թանգարաններ և մարզային ծառայություններ։

 

III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

14. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կազմակերպության գործունեության ընթացքում արտադրված ու ձեռք բերված գույքից:

Կազմակերպության գույքի ձևավորման աղբյուր կարող են հանդիսանալ նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, այդ թվում` բարեգործական, հովանավորչական, նպատակային նվիրատվություններն ու հատկացումները:

15. Կազմակերպությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) սույն կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

16. Կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ հիմնադիրը չունի իրավունքներ՝ բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:

17. Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:

18. Կազմակերպության սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով:

19. Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է աուդիտի (վերստուգման)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ

 

20. Հիմնադրի որոշմամբ կազմակերպությանն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է ցանկացած գույք:

21. Հիմնադիրն իրավունք ունի վերցնելու իր կողմից կազմակերպությանն ամրացված գույքը:

22. Կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, հանձնելու անհատույց օգտագործման:

23. Կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ: Ամրացված գույքի օգտագործման արդյունքում կազմակերպության ստացած եկամուտները կազմակերպության սեփականությունն են, բացառությամբ ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարների, որոնք սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

Պետական կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

24. Հիմնադրի կողմից կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ կազմակերպության օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:

 

V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

25. Կազմակերպության կառավարումն իրականացնում է հիմնադրի կողմից լիազորված պետական մարմինը և գործադիր մարմինը` տնօրենը:

26. Կազմակերպության ընդհանուր կառավարումն իրականացնում է հիմնադրի կողմից լիազորված պետական մարմինը:

27. Լիազորված պետական մարմինը`

ա) ապահովում է կազմակերպության բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրա չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.

բ) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է կազմակերպության տնօրենին.

գ) հաստատում է կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշիվը.

դ) իրականացնում է կազմակերպության գործունեության վերահսկողությունը.

ե) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կազմակերպության տնօրենի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.

զ) լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները, քննում դրա գործունեության վերստուգման արդյունքները.

է) հաստատում է կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը.

ը) վերահսկողություն է իրականացնում կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.

թ) վերահսկողություն է իրականացնում կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ, իսկ օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս կազմակերպության գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

ժ) հաստատում է կազմակերպության տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը.

ժա) իրականացնում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

28. Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է հիմնադրի կողմից լիազորված պետական մարմնի ղեկավարը:

29. Կազմակերպության տնօրենին պաշտոնի նշանակելն ու պաշտոնից ազատելը կարգավորվում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Կազմակերպության տնօրենի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Պայմանագրով սահմանվում են կազմակերպության տնօրենի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները լիազորված պետական մարմնի հետ, նրա աշխատանքի վարձատրման պայմանները, պայմանագրի դադարման՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բոլոր հիմքերն ու այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերն անհրաժեշտ կգտնեն: Պայմանագրի դրույթները չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

30. Կազմակերպության տնօրենն օրենքով, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով ու սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորության սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի կամ նրա կողմից լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

31. Կազմակերպության տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից:

32. Կազմակերպության տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար: Նրա լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

33. Կազմակերպության տնօրենը`

ա) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով ու սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ ու նշանակում կարգապահական տույժեր.

ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

զ) կատարում է պարտականությունների բաշխում իր տեղակալների միջև.

է) սահմանում է կազմակերպության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

ը) սահմանված կարգով լիազորված պետական մարմին է ներկայացնում կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշիվը.

թ) հաստատում է ձեռնարկատիրական գործունեության եկամուտների և ծախսերի նախահաշիվը.

ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով իր լիազորության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:

34. Կազմակերպության տնօրենը պարտավոր է չկատարել հիմնադրի և լիազորված պետական մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

35. Կազմակերպության տնօրենի բացակայության դեպքում նրա լիազորություններն իրականացնում է կազմակերպության տնօրենի տեղակալներից մեկը:

36. Կազմակերպության աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, կազմակերպության առանձին ստորաբաժանումների ու աշխատանքային ներքին կանոնակարգերով և այլ իրավական ակտերով:

37. Կազմակերպության գործունեության հիմնական հարցերի քննարկման և կազմակերպական աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով տնօրենին առընթեր ստեղծվում են խորհրդակցական մարմիններ` գիտամեթոդական խորհուրդ, թանգարանային հավաքածուների գնման ու որակավորման հանձնաժողովներ:

Գիտամեթոդական խորհրդի, ինչպես նաև թանգարանային հավաքածուների գնման, որակավորման հանձնաժողովների կազմը և կանոնակարգը հաստատում է կազմակերպության տնօրենը՝ համաձայնեցնելով լիազորված պետական մարմնի հետ։

Խորհրդակցական մարմինների որոշումներն իրականացվում են կազմակերպության տնօրենի հրամաններով:

 

VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

38. Կազմակերպության ֆինանսական միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Կազմակերպության լրացուցիչ ֆինանսական աղբյուրներն են՝

ա) հիմնադրի կողմից սահմանված ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

բ) բարեգործական, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվությունները.

գ) կազմակերպության կանոնադրական խնդիրներին համապատասխան գործունեությունից ստացված միջոցները:

39. Արգելոց-թանգարանների և արգելոցների տարածքում էքսկուրսիաների, գիտալուսավորչական, կուլտուրմասսայական աշխատանքների կազմակերպման ու անցկացման բացառիկ իրավունքը պատկանում է կազմակերպությանը: Այլ կազմակերպություններ արգելոց-թանգարանների, արգելոցների տարածքներում նշված գործունեությամբ կարող են զբաղվել կազմակերպության հետ կնքված համապատասխան պայմանագրերի առկայության դեպքում:

40. Կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար՝ հետևյալ ուղղություններով՝

ա) կազմակերպության աշխատանքային գործունեությունն ապահովող գույքի և նյութերի ձեռքբերում.

բ) կազմակերպության աշխատողների կենսաապահովման մակարդակի բարձրացում` պարգևատրումներով, հավելավճարներով և այլ խրախուսման միջոցներով.

գ) կազմակերպության տեխնիկական հագեցվածության բարելավում, այդ թվում` հիմնական միջոցների ձեռքբերում.

դ) կազմակերպության աշխատողների որակավորման բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպում կամ մասնակցություն կազմակերպված դասընթացներին.

ե) լիազորված պետական մարմնի կողմից նախատեսված այլ ուղղություններ:

 

VII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

41. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

42. Կազմակերպությունը դատական կարգով կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

43. Կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

44. Կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Կազմակերպությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:

45. Կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

46. Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան