Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.12.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.12.26/66.1
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
12.12.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
12.12.2007
Дата вступления в силу
12.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ
դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 07-2567

Քաղաքացիական գործ թիվ 3-1695(ՎԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Վ.Ավանեսյան
Դատավորներ՝ Գ.Մատինյան
Դ.Խաչատրյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

 

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի դեկտեմբերի 12-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Մ.Եղիյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 30.07.2007 թվականի վճռի դեմ՝ քաղաքացիական գործով ըստ Մ.Եղիյանի հայցի ընդդեմ «Շատրվան» ՍՊԸ-ի, «Վան-Արյան» ՍՊԸ-ի, Աշոտ Հարությունյանի՝ վտարման, գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ Աշոտ Հարությունյանի հակընդդեմ հայցի՝ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին

 

Պ Ա Ր Զ Ե Ց 

 

1. Գործի դատավարական նախապատմությունը. 

 

Դիմելով դատարան՝ Մ.Եղիյանը պահանջել է «Շատրվան» ՍՊԸ-ին, «Վան-Արյան» ՍՊԸ-ին, Աշոտ Հարությունյանին վտարել Մ.Բաղրամյան 54 հասցեի տարածքից և Ա.Հարությունյանից բռնագանձել 10.300.000 դրամ:

Հակընդդեմ հայցով Ա.Հարությունյանը պահանջել է պարտավորեցնել Մ.Եղիյանին շուկայական գներով հատուցել Մ.Բաղրամյան թիվ 54 հասցեում գտնվող խանութ-սրահի ձեռքբերման կապակցությամբ կատարված ծախսերը՝ որպես պատճառված վնաս:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 01.06.2007 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը բավարարվել են մասնակիորեն: Վճռվել է Մ.Եղիյանի կողմից «Շատրվան» ՍՊԸ-ին 4.700.000 դրամ փոխհատուցելու միջոցով «Շատրվան» ՍՊԸ-ին, «Վան-Արյան» ՍՊԸ-ին, Աշոտ Հարությունյանին վտարել Երևան քաղաքի Մ.Բաղրամյան 54 հասցեում գտնվող ընդհանուր սեփականության իրավունքով Մ.Եղիյանին պատկանող հողամասից: Մ.Եղիյանի հայցը՝ 10.300.000 դրամ Ա.Հարությունյանից բռնագանձելու մասով մերժվել է: 

 

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 30.07.2007 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը բավարարվել են մասնակիորեն: Վճռվել է Մ.Եղիյանի կողմից «Շատրվան» ՍՊԸ-ին 11.100.000 դրամ փոխհատուցելու միջոցով «Շատրվան» ՍՊԸ-ին, «Վան-Արյան» ՍՊԸ-ին, Աշոտ Հարությունյանին վտարել Երևան քաղաքի Մ.Բաղրամյան 54 հասցեում գտնվող ընդհանուր սեփականության իրավունքով Մ.Եղիյանին պատկանող հողամասից: Մ.Եղիյանի հայցը՝ 10.300.000 դրամ Ա.Հարությունյանից բռնագանձելու մասով մերժվել է:

 

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մ.Եղիյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Ա.Հարությունյանը: 

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. 

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

Երևան քաղաքի Մ.Բաղրամյան 54 հասցեում գտնվող հողամասն ընդհանուր սեփականության իրավունքով պատկանում է Մ.Եղիյանին, որին հողամասի մյուս սեփականատերերի համաձայնությամբ Երևանի 26 Կոմիսարների շրջխորհրդի գործկոմի 28.02.1991 թվականի թիվ 1/22 որոշմամբ թույլատրվել է Մ.Բաղրամյան 54 հասցեի բակում կառուցել «Մասիս» արտադրական միավորման կոշիկի թիվ 4 ‎ֆաբրիկային կից խանութ-սրահ:

20.04.1993 թվականին «Շատրվան» ՍՊԸ-ի և Մ.Եղիյանի միջև կնքվել է վարձակալության պայմանագիր, որով Մ.Եղիյանը նույն հողամասի տարածքից պարտավորվել է առանձնացնել 80 քմ տարածք, որից 30 քմ մակերեսով տարածքը՝ 5 տարով, իսկ 50 քմ մակերեսով տարածքը՝ երեք տարով, վարձակալությամբ հանձնել ընկերությանը՝ խանութ-սրահ կառուցելու նպատակով: Նշված պայմանագրի 3-րդ պարբերության համաձայն, եթե պայմանագիրը լուծվի Մ.Եղիյանի մեղքով, ապա նա պարտավոր է շուկայական գներով փոխհատուցել շինարարության հետ կապված բոլոր կատարված ծախսերը: Պայմանագրի ժամկետն ավարտվել է 1998 թվականին, այսինքն՝ պայմանագրի դադարման մեջ Մ.Եղիյանը մեղավոր չէ: Հետևաբար, կատարված շինարարության հետ կապված ծախսերի շուկայական գներով հատուցման պարտավորություն Մ.Եղիյանը չպետք է կրի:

Վերաքննիչ դատարանը հղում կատարելով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 28.06.1999 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռին՝ Ա.Հարությունյանի հակընդդեմ հայցը բավարարել է «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացությամբ նշված 11.100.000 դրամի չափով: Մինչդեռ, Ա.Հարությունյանի կողմից խանութ-սրահի կառուցման կապակցությամբ կատարված ծախսերի շուկայական գներով հատուցման վերաբերյալ հանգամանք Վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 28.06.1999 թվականի վճռով չի հաստատվել, այլ հաստատվել է պայմանագրի դադարման դեպքում փոխհատուցում տալու վերաբերյալ հանգամանք: Նկատի ունենալով, որ «Կառուցագետ» ՍՊԸ-ի եզրակացության համաձայն՝ խանութ-սրահի իրական արժեքը կազմում է 4.700.000 դրամ, ուստի հակընդդեմ հայցը պետք է բավարարվեր 4.700.000 դրամի չափով, ինչն արվել է Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.07.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 01.06.2007 թվականի վճռին կամ բեկանել Վերաքննիչ դատարանի 30.07.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները. 

 

«ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացությամբ տրվել է ինչպես կառույցի շուկայական արժեքը, այնպես էլ նմանատիպ խանութ-սրահ կառուցելու համար անհրաժեշտ ծախսերը: Իսկ «Կառուցագետ» ՍՊԸ-ի կողմից կատարվել է խանութ-սրահի թերի հետազոտություն և գնահատում: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը իրավացիորեն հակընդդեմ հայցը բավարարել է «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացությամբ նշված խանութ-սրահի շուկայական արժեքի՝ 11.100.000 դրամի չափով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Երևանի 26 Կոմիսարների շրջխորհրդի գործկոմի 28.02.1991 թվականի թիվ 1/22 որոշմամբ Մ.Եղիյանին թույլատրվել է Մ.Բաղրամյան 54 հասցեում կառուցել «Մասիս» արտադրական միավորման կոշիկի թիվ 4 խանութ-սրահ (գ.թ. 9):

2) Մ.Եղիյանի (վարձատու) և Ա.Հարությունյանի (վարձակալ) միջև 20.04.1993 թվականին կնքված վարձակալության պայմանագրով Մ.Եղիյանը պարտավորվել է ընդհանուր սեփականությամբ իրեն պատկանող հողամասից առանձնացնել 80 քմ մակերեսով տարածք և դրանից 30 քմ մակերեսով տարածքը 5 տարի ժամկետով, իսկ 50 քմ մակերեսով տարածքը՝ 3 տարի ժամկետով, խանութ-սրահ կառուցելու համար վարձակալությամբ հանձնել Ա.Հարությունյանին, իսկ Ա.Հարությունյանը պարտավորվել է վարձավճարի դիմաց վարձակալած 80 քմ մակերեսով տարածքից 10 քմ մակերեսով տարածք 3 տարի ժամկետով տրամադրել Մ.Եղիյանին (գ.թ. 7):

3) Մ.Բաղրամյան 54 հասցեում գտնվող խանութ-սրահի իրական արժեքն՝ առանց դրա ներքո գտնվող հողատարածքի արժեքի ներառման և առանց տեղակայման հաշվառման կազմում է 4.700.000 դրամ (գ.թ. 146-153):

4) 09.03.2005 թվականի թիվ 03360507 եզրակացության համաձայն՝ վիճելի խանութ-սրահի շուկայական արժեքը՝ առանց հողատրածքի արժեքի ներառման, կազմում է 11.100.000 դրամ (գ.թ. 79-82):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն գործով հակընդդեմ հայցը մասնակիորեն բավարարելիս՝ Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը հիմք է ընդունել «Կառուցագետ» ՍՊԸ-ի 20.02.2007 թվականի եզրակացությունը, համաձայն որի՝ վիճելի խանութ-սրահի իրական արժեքը` առանց դրա ներքո գտնվող հողատարածքի արժեքի ներառման և առանց տեղակայման հաշվառման կազմում է 4.700.000 դրամ:

Վերաքննիչ դատարանը հակընդդեմ հայցը մասնակիորեն բավարարելիս հիմք է ընդունել «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 09.03.2005 թվականի եզրակացությունը, ըստ որի՝ վիճելի խանութ-սրահի շուկայական արժեքն՝ առանց հողատրածքի արժեքի ներառման, կազմում է 11.100.000 դրամ:

Վերաքննիչ դատարանը, հղում կատարելով Վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 28.06.1999 թվականի վճռին, եզրահանգել է, որ փոխհատուցումը պետք է տրվի շուկայական գներով: Մինչդեռ, Մ.Եղիյանի և Ա.Հարությունյանի միջև 20.04.1993 թվականին կնքված պայմանագրով նախատեսված՝ պայմանագրի դադարման դեպքում շուկայական գներով Մ.Եղիյանի կողմից փոխհատուցում տրամադրելու մասին դրույթը վերաբերել է պայմանագրով սահմանված ժամկետում Մ.Եղիյանի մեղքով պայմանագրի դադարման դեպքին: Իսկ վարձակալության պայմանագրի ժամկետն ավարտվել է 1998 թվականին: Այսինքն, պայմանագիրը դադարել է ժամկետի ավարտմամբ, հետևաբար Մ.Եղիյանի մեղքը պայմանագրի դադարման հարցում բացակայում է: Նշվածից հետևում է, որ պայմանագրի դադարեցման և վարձակալի վտարման դեպքում Մ.Եղիյանը ներկա պահին գույքի արժեքի շուկայական գներով փոխհատուցման պարտավորություն չի կարող կրել: Իսկ Վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 28.06.1999 թվականի վճռով հաստատվել է ոչ թե Մ.Եղիյանի մեղքով պայմանագրի դադարման դեպքում շուկայական գներով վնասների հատուցման վերաբերյալ հանգամանքը, այլ պայմանագրի գործողության ժամկետում դրա դադարեցման դեպքում փոխհատուցում տալու վերաբերյալ հանգամանքը:

«ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 09.03.2005 թվականի թիվ 03360507 եզրակացության համաձայն՝ վիճելի խանութ-սրահի շուկայական արժեքն՝ առանց հողատարածքի արժեքի ներառման, կազմել է 11.100.000 դրամ:

Փաստորեն, «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված փորձաքննությամբ գնահատվել է խանութ-սրահի շուկայական արժեքը՝ խանութ-սրահի գտնվելու վայրի, այսինքն՝ տեղակայման գործոնի ազդեցությամբ: Հետևաբար, նշված փորձաքննության եզրակացությունը չի արտացոլում խանութ-սրահի իրական արժեքը: Մինչդեռ, «Կառուցագետ» ՍՊԸ-ի 20.02.2007 թվականի թիվ Կ-07/015-01 եզրակացության համաձայն` վիճելի խանութ-սրահի արժեքն՝ առանց դրա ներքո գտնվող հողատարածքի արժեքի ներառման և առանց տեղակայման հաշառման, կազմում է 4.700.000 դրամ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը վերը նշված ապացույցները պատշաճ գնահատման չի արժանացրել, որի արդյունքում հանգել է սխալ հետևության:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը վճռի բեկանման հիմք է, եթե դա հանգեցրել է գործի սխալ լուծման:

Այսպիսով՝ վճռաբեկ բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը գտնում է հիմնավոր և դրա առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 30.07.2007 թվականի վճիռը բեկանելու բավարար հիմք է դիտում:

 

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք:

Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի քննության անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

 

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 30.07.2007 թվականի վճիռը պետք է բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 01.06.2007 թվականի վճռին, որը պատճառաբանված է և հիմնավորված: 

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը 

 

Ո Ր Ո Շ Ե Ց 

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 30.07.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 01.06.2007 թվականի վճռին:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման: 

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ`

Ա. Մկրտումյան

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ`

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

 

Է. Հայրիյան

 

Ս. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան