Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.12.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.12.26/66.1
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
12.12.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
12.12.2007
Дата вступления в силу
12.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռ
քաղաքացիական գործ թիվ 07-3016/2007թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-1759(ՎԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան
Դատավորներ՝

Տ. Սահակյան
Մ. Ասատրյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Է. Հայրիյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի դեկտեմբերի 12-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Փարիշ Զատիկյանի, Վոլոդյա և Աշոտ Ղազարյանների վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 11.09.2007 թվականի վճռի դեմ քաղաքացիական գործով ըստ հայցի Փարիշ Զատիկյանի, Վոլոդյա և Աշոտ Ղազարյանների ընդդեմ Գոհարիկ Եղիազարյանի՝ Երևանի Դուրյան փողոցի թիվ 15 հասցեում գտնվող հողամասի և շինությունների փաստացի զբաղեցրած մասը տիրազուրկ ճանաչելու, դրանց նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և ընդհանուր սեփականությունից դրանք առանձնացնելու պահանջների մասին, ինչպես նաև Գոհարիկ Եղիազարյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Փարիշ Զատիկյանի, Վոլոդյա և Աշոտ Ղազարյանների՝ բնակելի տարածության օգտագործման իրավունքն առանց փոխհատուցման դադարեցնելու և վտարելու պահանջների մասին, 

 

Պ Ա Ր Զ Ե Ց 

 

1. Գործի դատավարական նախապատմությունը. 

 

Հայցվորները դիմելով դատարան՝ պահանջել են Երևանի Դուրյան փողոցի թիվ 15 հասցեում գտնվող հողամասի և շինությունների փաստացի զբաղեցրած մասը ճանաչել տիրազուրկ, դրանց նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը և դրանք առանձնացնել ընդհանուր սեփականությունից:

Հակընդդեմ հայցով Գոհարիկ Եղիազարյանը դիմելով դատարան՝ պահանջել է առանց փոխհատուցման դադարեցնել Փարիշ Զատիկյանի, Վոլոդյա և Աշոտ Ղազարյանների բնակելի տարածության օգտագործման իրավունքը և նրանց վտարել բնակարանից:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 12.07.2007 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարվել:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 11.09.2007 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարվել: 

Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել են Փարիշ Զատիկյանը, Վոլոդյա և Աշոտ Ղազարյանները:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել: 

 

2. Սույն վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. 

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի և 218-րդ հոդվածի պահանջները:

Բողոքի սույն հիմքը բողոք բերող անձինք հիմնավորել են հետևյալ փաստարկով:

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա բոլոր ապացույցները, մասնավորապես՝ Շահումյանի շրջանի ժողդատարանի 02.06.1989 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը, քանի որ դրանով հաստատվել են այնպիսի հանգամանքներ, որոնք բացառում են հայցվորի ընտանիքի անդամներին վիճելի բնակարանից վտարելը: 

2) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ մասը, 187-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ կետը, որոնք պետք է կիրառեր:

Բողոքի սույն հիմքը բողոք բերող անձինք հիմնավորել են հետևյալ փաստարկով:

Հայցվորները շուրջ 36 տարի անընդմեջ, բացահայտ և բարեխիղճ տիրապետել են վեճի առարկա գույքն այն պայմաններում, երբ դրա սեփականատերը 1971 թվականից հրաժարվել է դրանից, այսինքն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով վիճելի գույքը համարվում է տիրազուրկ: Ուստի, տիրազուրկ հողամասի և բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի պահանջները: 

3) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ հոդվածը, «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու» մասին ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ պարբերությունները, «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու» մասին ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետը, որը չպետք է կիրառվեր:

Վճռաբեկ բողոք բերած անձինք բողոքի սույն հիմքի վերաբերյալ որևէ հիմնավորում չեն ներկայացրել:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 11.09.2007 թվականի վճիռը, այն փոփոխել և հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը 

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Փարիշ Զատիկյանը, Վոլոդյա և Աշոտ Ղազարյանները 1971 թվականից բնակվում են Երևան քաղաքի Դուրյան թաղամասի թիվ 15 բնակարանում, զբաղեցնելով կիսանկուղային երկու սենյակներ:

2) Շահումյանի շրջանի ժողդատարանի 02.06.1989 թվականի վճռով ըստ հայցի Գոհար Եղիազարյանի ընդդեմ Վոլոդյա Ղազարյանի՝ հողի օգտագործման կարգ սահմանելու, բնակարանից վտարելու, մուտքն առանձնացնելու պահանջի մասին, մերժվել է: ՀԽՍՀ գերագույն դատարանի քաղաքացիական գործերի դատական կոլեգիայի 21.07.1989 թվականի որոշմամբ նշված վճիռը թողնվել է ուժի մեջ:

3) Փարիշ Զատիկյանը, Վոլոդյա և Աշոտ Ղազարյանները Երևան քաղաքի Դուրյան թաղամասի թիվ 15 հասցեում կառուցել են երկու անօրինական սենյակներ, որոնք մինչ օրս օգտագործում են:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը 

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է.

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել գործում առկա ապացույցները: Մասնավորապես, Շահումյանի շրջանի ժողդատարանի 02.06.1989 թվականի վճռով հաստատված հանգամանք է համարվել այն, որ պատասխանողները վիճելի տունը զբաղեցնում են օրինական հիմքով՝ պատասխանողները վճարել են գումար և շուրջ 18 տարի գրանցված բնակվում են, կատարել են որոշակի շինարարական աշխատանքներ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված դատավարական իրավունքի խախտումը հանգեցրել է գործի սխալ լուծման: 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը վճռի բեկանման հիմք է, եթե դա հանգեցրել է գործի սխալ լուծման:  

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ վերաքննիչ դատարանի վճռում պետք է նշվեն. վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցները, ինչպես նաև այն օրենքները և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:

Նշվածի հիման վրա հիմնավոր է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի պահանջների խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկը, քանի որ Վերաքննիչ դատարանը չի նշել այն օրենքները և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է հայցը մերժելու և հակընդդեմ հայցը բավարարելու մասին վճիռ կայացնելիս: 

2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով՝ անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

Նույն օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից՝ այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, oգտագործումից և տնoրինումից նրա մեկուսացման մասին՝ առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ Օրենսգրքի 187-րդ հոդվածի (ձեռքբերման վաղեմություն) գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ գույքի տիրապետումն սկսվել է 1999 թվականի հունվարի 1-ից առաջ և շարունակվում է օրենսգիրքը գործողության մեջ դնելու պահին:

Հետևաբար, բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ տիրապետման ժամկետի մեջ պետք է հաշվարկել նաև 1999 թվականի հունվարի 1-ից առաջ սկսված և ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակվող տիրապետման ժամկետը:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման (կորստի) միջոց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Գույքը անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. տիրապետումը պետք է լինի 10 տարի, անընդմեջ: Այսինքն 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով:

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն՝ Փարիշ Զատիկյանը, Վոլոդյա և Աշոտ Ղազարյաններն ավելի քան 10 տարվա ընթացքում, բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետել են վեճի առարկա գույքը, հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել են վերը նշված հոդվածների պահանջները:

3) բողոքի երրորդ հիմքը Վճռաբեկ դատարանը քննության առարկա չի դարձնում այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձինք չեն ներկայացրել այն հիմնավորող որևէ իրավական փաստարկներ:

Ինչ վերաբերվում է ինքնակամ կառույցների նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով հայցվորների սեփականության իրավունքը ճանաչելուն, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ պահանջը դատարանում քննության ենթակա չէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե՝ վեճը ենթակա չէ դատարանում քննության:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասով քաղաքացիական գործի վարույթը ենթակա է կարճման: 

Վերը շարադրված պատճառաբանությունների հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը բողոքի առաջին հիմքն ամբողջությամբ, իսկ երկրորդ հիմքը մասնակիորեն հիմնավոր համարելով՝ դրանց առկայությունը բավարար է դիտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար: 

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը 

 

Ո Ր Ո Շ Ե Ց 

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 11.09.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

2. Ինքնակամ կառույցների նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով Փարիշ Զատիկյանի, Վոլոդյա և Աշոտ Ղազարյանների սեփականության իրավունքը ճանաչելու մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման: 

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Է. Հայրիյան

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Ս. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան