ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ տնտեսական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ Տ2-42/2007 թ. |
Քաղաքացիական գործ թիվ 3-1717(ՏԴ) |
Նախագահող դատավոր՝ | Վ. Ասլանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Է. Հայրիյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Ս. Սարգսյանի |
2007 թվականի դեկտեմբերի 12-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ՝ Վարչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 11.09.2007 թվականի վճռի դեմ ըստ Վարչության հայցի ընդդեմ «Սպիտակի վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) աշխատավորական կոլեկտիվի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան, հայցվորը պահանջել է բռնագանձել Ընկերության աշխատավորական կոլեկտիվից 30.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և 10.500.000 ՀՀ դրամ:
ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 11.09.2007 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:
Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել է Վարչությունը:
Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Հենրիկ Պողոսյանը:
2.Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը կիրառել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետը, որը չպետք է կիրառվեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ, 106-րդ, 345-րդ, 347-րդ և 348-րդ հոդվածների պահանջները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.
Դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ պայմանագիրը կնքվել է ոչ թե Ընկերության, այլ աշխատավորական կոլեկտիվի հետ: Հետևաբար, Ընկերությանը սնանկ ճանաչելը չի կարող հիմք հանդիսանալ նրա աշխատավորական կոլեկտիվի դեմ հարուցված քաղաքացիական գործի վարույթի կարճման համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 11.09.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Դատարանը վճիռ կայացնելիս ղեկավարվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետով, ինչը իրավաչափ է և բխել է գործի փաստական հանգամանքներից:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Վարչության, ի դեմս վարչության պետ Կ.Կիրակոսյանի և Ընկերության աշխատավորական կոլեկտիվի, ի դեմս Հ.Պողոսյանի միջև 02.08.2004 թվականին կնքվել է Ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի (մասնավորեցման) պայմանագիր, որի 5.7.2 և 5.7.3 կետերով գնորդը պարտավորվել է.
ա) երկու տարվա ընթացքում կատարել՝ 450.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում. առաջին տարում՝ 200.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ երկրորդ տարում 250.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ.
բ) երկու տարվա ընթացքում ապահովել 270 նոր աշխատատեղ՝ 35.000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով. առաջին տարում ապահովել 100 աշխատատեղ, իսկ երկրորդ տարում 170 աշխատատեղ:
2) Պայմանագրի 7.3 կետով սահմանվել է.
ա) պայմանագրի 5.7.2 կետով սահմանված ներդնումը չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում Գնորդը մեկ ամսվա ընթացքում պարտավոր է կատարել ներդրումը ամբողջությամբ, միաժամանակ պետական բյուջե վճարելով տուգանք՝ ներդրում չկատարած գումարի 15 տոկոսի չափով, իսկ նույն կետով սահմանված ներդրումը 50 և ավել տոկոսով կատարելու դեպքում՝ Գնորդը մեկ ամսվա ընթացքում պարտավոր է կատարել ներդրումը ամբողջությամբ, միաժամանակ պետական բյուջե վճարելով տուգանք՝ ներդրում չկատարած գումարի 10 տոկոսի չափով,
բ) պայմանագրի 5.7.3 կետով նախատեսված նոր աշխատատեղերից մինչև 50 տոկոս նախատեսված աշխատավարձի ֆոնդի պահպանմամբ ապահովելու դեպքում, Գնորդը մեկ ամսվա ընթացքում պարտավոր է ապահովել աշխատատեղերն ամբողջությամբ, միաժամանակ պետական բյուջե վճարելով տուգանք պայմանագրով նախատեսված և չվճարված աշխատավարձի 25 տոկոսի չափով, ամսվա համար նախատեսված աշխատատեղերի և աշխատավարձի հաշվարկով, իսկ նույն կետով սահմանված նոր աշխատատեղերից 50 և ավելին տոկոսով նախատեսված աշխատավարձի ֆոնդի պահպանմամբ ապահովելու դեպքում, Գնորդը մեկ ամսվա ընթացքում պարտավոր է ապահովել աշխատատեղերն ամբողջությամբ, միաժամանակ պետական բյուջե վճարելով տուգանք պայմանագրով նախատեսված և չվճարված աշխատավարձի 20 տոկոսի չափով:
3) Պարտավորություններից որևէ մեկը տույժով հաշվարկված ժամկետում չկատարելու դեպքում Վարչությունը օրենքով սահմանված կարգով դիմում է դատարան Գնորդին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա բռնագանձում կիրառելու պահանջով:
4) Ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրով ստանձնած պարտավորությունները չեն կատարվել:
5) Դատարանի 18.05.2007 թվականի վճռով Ընկերությունը սնանկ է ճանաչվել:
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է՝
1) բողոքը նշված հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն oրինական ուժի մեջ մտնելու պահից՝ կարճվում է սնանկության վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող պարտապանի համար գույքային պարտավորություն առաջացնող այն քաղաքացիական գործի վարույթը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ՝ պարտապանի մասով:
Վերոնշյալ հոդվածում սահմանված է սնանկության գործընթացի հիմնական առանձնահատկություններից մեկը: Դա այն է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից սառեցվում է պարտատերերի պահանջների բավարարումը (մորատորիում): Այդ պահից սառեցվում են պարտատերերի բոլոր գործողությունները, որոնք ուղղված են պարտապանի նկատմամբ պահանջների բավարարմանը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի համաձայն՝ առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել գույք (ապրանք), իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար (գինը):
Ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցվել են «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Նշված բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է Վարչության և Ընկերության աշխատավորական կոլեկտիվի (Գնորդ) միջև, ի դեմս լիազորված անձ Հ.Պողոսյանի:
Առուվաճառքի պայմանագրով կողմերը ստանձնել են պարտավորություններ, որոնց կատարման համար ժամկետներ են սահմանվել: Սահմանված ժամկետներում Գնորդը պարտավորությունները չի կատարել: Տվյալ դեպքում պայմանագրով ստանձնած Գնորդի պարտավորությունները չեն կարող նույնացվել Ընկերության պարտավորությունների հետ:
Վերոնշյալ պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վեճի նկատմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետը կիրառելի չէ:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն բողոքի հիմքը հիմնավոր է համարում և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով ՀՀ տնտեսական դատարանի 11.09.2007 թվականի վճիռը բեկանելու բավարար հիմք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 11.09.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ՝ |
Է. Հայրիյան |
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | |
Ս. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|