ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ |
Քաղաքացիական գործ թիվ 3-1666(ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ | Լ. Գրիգորյան |
Դատավորներ` |
Կ. Հակոբյան Ա. Խառատյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Սարգսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
Է. Հայրիյանի |
2007 թվականի դեկտեմբերի 12-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Նոննա Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 08.06.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Միխաիլ Հարությունյանի ընդդեմ Նոննա Հարությունյանի՝ բնակարանի նվիրատվության պայմանագիրը և սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Միխաիլ Հարությունյանը պահանջել է անվավեր ճանաչել իր և Նոննա Հարությունյանի միջև 10.10.2004 թվականին կնքված Երևանի Ավան համայնքի Աճառյան փողոցի 15 շենքի թիվ 10 բնակարանի նվիրատվության պայմանագիրը և սեփականության իրավունքի գրանցման վկայականը:
Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 19.03.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.06.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու մասով: Սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նոննա Հարությունյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Միխաիլ Հարությունյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, 595-րդ և 596-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի համաձայն` նվիրատվության պայմանագրով մի կողմը (նվիրատուն) մյուս կողմի (նվիրառուի) սեփականությանն անհատույց հանձնում է կամ պարտավորվում է հանձնել գույք իրեն կամ երրորդ անձին ուղղված գույքային իրավունք (պահանջ) կամ պարտավորվում է նրան ազատել իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած գույքային պարտավորությունից:
Սույն գործով նվիրատվության պայմանագիրը կնքվել է վերը նշված հոդվածների պահանջներին համապատասխան` գրավոր և նոտարական վավերացմամբ, որից հետո նշված պայմանագրից ծագող Նոննա Հարությունյանի իրավունքը գրանցվել է պետական մարմնում և նրան տրվել է սեփականության իրավունքի գրանցման վկայական:
Անհիմն է Վերաքննիչ դատարանի վճռի հիմքում դրված այն հանգամանքը, որ Նոննա Հարությունյանը պարտավորվել էր հոգ տանել Միխաիլ Հարությունյանի մասին մինչև նրա կյանքի վերջը, որի համար էլ վերջինս նվիրատվության պայմանագրով բնակարանը նվիրել է Նոննա Հարությունյանին: 08.10.2004 թվականի նվիրատվության պայմանագրում Միխաիլ Հարությունյանին ցմահ հոգալու պայման չկա, Նոննա Հարությունյանը ոչ գրավոր և ոչ էլ բանավոր նման պարտավորություն չի ստանձնել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.06.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 19.03.2007 թվականի վճռին:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.
Միխաիլ Հարությունյանը, լինելով 72 տարեկան և գտնվելով հոգեկան ծանր ապրումների մեջ ու նյութական վատ պայմաններում, հոգեկան անհավասարակշիռ վիճակում հավատացել և ընդունել է Նոննա Հարությունյանի առաջարկությունը` սեփականության իրավունքով Միխաիլ Հարությունյանին պատկանող Երևանի Ավան համայնքի Աճառյան փողոցի 15 շենքի թիվ 10 բնակարանն իրեն նվիրելու մասին` մինչև իր կյանքի վերջն իրեն խնամելու պայմանով: Սակայն, նրա կարծիքով, ցմահ հոգալու պայմանը նվիրատվության պայմանագրում խաբեությամբ չի նշվել, որից օգտվելով, պայմանագրի կնքումից որոշ ժամանակ անց Նոննա Հարությունյանը հրաժարվել է խնամել նրան, սկսել է արհամարհել, անպատվել, պահել լարված վիճակում՝ սպառնալով վտարել բնակարանից, անգամ փորձել է սննդի միջոցով թունավորել, և իր առողջությունը միայն հարևանների միջամտությամբ է վերականգնվել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
1) Միխաիլ Հարությունյանի և Նոննա Հարությունյանի միջև 08.10.2004 թվականին կնքվել է Երևանի Ավան համայնքի Աճառյան փողոցի 15 շենքի թիվ 10 բնակարանի նվիրատվության պայմանագիր, որը գրանցվել է պետական մարմնում: 12.10.2004 թվականին Նոննա Հարությունյանին տրվել է սեփականության իրավունքի գրանցման վկայական:
2) Նվիրատվության պայմանագրում նվիրատու Միխաիլ Հարությունյանին ցմահ հոգալու նվիրառու Նոննա Հարությունյանի պարտականություն նախատեսված չէ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի համաձայն՝ նվիրատվության պայմանագրով մի կողմը (նվիրատուն) մյուս կողմի (նվիրառուի) սեփականությանն անհատույց հանձնում կամ պարտավորվում է հանձնել գույք կամ իրեն կամ երրորդ անձին ուղղված գույքային իրավունք (պահանջ), կամ ազատում է կամ պարտավորվում է նրան ազատել իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած գույքային պարտավորությունից: Նույն օրենսգրքի 595-րդ հոդվածի համաձայն՝ նվիրատվության պայմանագիրը կնքվում է գրավոր: Անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ 596-րդ հոդվածի համաձայն՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցումը ենթակա է պետական գրանցման:
Սույն քաղաքացիական գործով Միխաիլ Հարությունյանի և Նոննա Հարությունյանի միջև բնակարանի նվիրատվության 08.10.2004 թվականի պայմանագիրը կնքվել է օրենսդրության պահանջներին համապատասխան` գրավոր, վավերացվել է նոտարական կարգով, նշված պայմանագրով Նոննա Հարությունյանի սեփականության իրավունքը գրանցվել է պետական մարմնում:
Վերաքննիչ դատարանը, արժանահավատ համարելով Միխաիլ Հարությունյանի փաստարկն այն մասին, որ Նոննա Հարությունյանը պարտավորվել է մինչև Միխաիլ Հարությունյանի կյանքի վերջը հոգ տանել նրա մասին, որի համար էլ նվիրատվության պայմանագրով Երևանի Ավան համայնքի Աճառյան փողոցի 15 շենքի թիվ 10 բնակարանը նվիրել է նրան, հաստատված է համարել, որ Նոննա Հարությունյանի կողմից Միխաիլ Հարությունյանի նկատմամբ ցմահ հոգ տանելու հանգամանքն առկա է եղել նվիրատվության գործարքը կատարելու պահին, որը ազդեցություն է ունեցել Միխաիլ Հարությունյանի վրա և գործարք կնքելու ժամանակ էական նշանակություն ունեցող մոլորության մեջ է գցել նրան և գտել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 312-րդ հոդվածի հիմքով նվիրատվության պայմանագիրը պետք է անվավեր ճանաչել:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 312-րդ հոդվածի համաձայն` էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված գործարքը դատարանով կարող է անվավեր ճանաչվել մոլորության ազդեցության ներքո գործած կողմի հայցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները:
Սույն քաղաքացիական գործում առկա փաստերից ելնելով, Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ վեճի առարկա նվիրատվության պայմանագրում բացակայում է Նոննա Հարությունյանի կողմից Միխաիլ Հարությունյանին խնամելու վերաբերյալ պայմանը: Բացի այդ, սույն գործի նյութերում բացակայում է որևէ ապացույց, որը կհաստատեր Միխաիլ Հարությունյանի փաստարկն այն մասին, որ նվիրատվության պայմանագիրը կնքվել է մոլորության ազդեցության տակ:
Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում բացակայում են Միխաիլ Հարությունյանի և Նոննա Հարությունյանի միջև կնքված նվիրատվության պայմանագրի անվավերության հիմքերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանի վճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված, իսկ նույն օրենսգրքի 218-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ պարբերության համաձայն՝ վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևությունները:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՜ փաստական և թե՜ իրավական հիմնավորումները:
Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տես` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ընդդեմ «Քնար-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, քաղաքացիական գործ թիվ 3-2504(ՏԴ) (գումար բռնագանձելու պահանջի մասին)):
Մինչդեռ սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանն անվավեր է ճանաչել նվիրատվության պայմանագիրը, առանց համապատասխան հիմքերի առկայության:
Վճռաբեկ բողոքի պատասխանում առկա փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների համաձայն, վճռաբեկ բողոքը բավարարելու համար:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք:
Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի քննության անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 08.06.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 19.03.2007 թվականի վճռին:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` |
Ա. Մկրտումյան | |
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` |
Ս. Սարգսյան | |
Վ. Աբելյան | ||
|
Ս. Անտոնյան | |
Է. Հայրիյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|