Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.12.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.12.26/66.1
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
12.12.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
12.12.2007
Дата вступления в силу
12.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական գործերով
վերաքննիչ դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 07-1305

Քաղաքացիական գործ թիվ 3-1661(ՎԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Վ. Ավանեսյան

Դատավորներ`

Դ.Խաչատրյան
Գ. Մատինյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Սարգսյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Է. Հայրիյանի

 

2007թ. դեկտեմբերի 12 -ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Դավիթ և Հայկ Ղազարյանների օրինական ներկայացուցիչ Անահիտ Անիսոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 14.03.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Դավիթ և Հայկ Ղազարյանների օրինական ներկայացուցիչ Անահիտ Անիսոնյանի ընդդեմ Ֆիրդուս, Արմեն, Արմինե Ղազարյանների, Զեմֆիրա Բաբայանի՝ բնակտարածության օգտագործման իրավունքը ճանաչելու, բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց 

 

2. Գործի դատավարական նախապատմությունը. 

 

Դիմելով դատարան՝ Անահիտ Անիսոնյանը պահանջել է Երևանի Վրացական փողոցի 10 շենքի թիվ 45 բնակարանի նկատմամբ ճանաչել 26.06.1999 թվականին ծնված անչափահաս որդու՝ Դավիթ Ղազարյանի բնակտարածության օգտագործման իրավունքը, ընդհանուր գույքից առանձնացնել 08.07.1994 թվականին ծնված որդու` Հայկ Ղազարյանի բաժինը, իսկ դրա անհնարինության դեպքում նշված բնակարանը վաճառել հրապարակային սակարկություններով և առաջացած գումարից իրեն հատկացնել Հայկ Ղազարյանին` որպես սեփականատիրոջ և Դավիթ Ղազարյանին` որպես բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցողի, հասանելիք գումարը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 29.11.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.03.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անահիտ Անիսոնյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Ֆիրդուս և Արմեն Ղազարյանների, Զեմֆիրա Բաբայանի ներկայացուցիչը: 

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 43-րդ, 47-րդ, 49-րդ, 52-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել ալիմենտ բռնագանձելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 08.12.2006 թվականի վճիռը, որով հաստատվել է այն հանգամանքը, որ երեխաները գտնվում են Անահիտ Անիսոնյանի խնամքին, ապրում են նրա հետ, Անահիտ Անիսոնյանն է պաշտպանում նրանց շահերը: Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Անահիտ Անիսոնյանը չի ներկայացրել ապացույց այն մասին, որ հարուցված հայցը բխում է Հայկ Ղազարյանի շահերից, քանի որ բնակարանը տեխնիկապես հնարավոր չէ բաժանել, անհիմն է, քանի որ երեխայի ծնողներն ամուսնալուծված են, նա գտնվում է մոր խնամքին, ժամանակավորապես բնակվում են երեխայի տատիկի մոտ, և նման պայմաններում սույն հայցի հարուցումը երեխայի շահերից է բխում:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 43-րդ, 49-րդ, 52-րդ հոդվածների և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի իմաստից չի բխում, որ եթե ծնողներից մեկը՝ սույն գործով երեխաների հայրը, նրանց օրինական շահերի պաշտպանությունը չի իրականացնում, ապա մյուս ծնողը` սույն գործով Անահիտ Անիսոնյանը, միանձնյա իրավունք չունի պաշտպանելու երեխաների օրինական շահերը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Հայկ Ղազարյանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջ ներկայացնելով` Անահիտ Անիսոնյանը ցանկանում է երեխայի բաժին գույքը նրա շահերին ծառայեցնել, նրա համար բնակարան գնել: 

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.03.2007 թվականի վճիռը` Հայկ Ղազարյանի մասով և այդ մասով օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 29.11.2006 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.

 

Սույն գործով Անահիտ Անիսոնյանի և Արմեն Ղազարյանի ամուսնալուծված լինելու և Արմեն Ղազարյանից ալիմենտ բռնագանձելու հանգամանքները երեխայի գույքային իրավունքների մասով որևէ կերպ չեն անդրադառնում ծնողների իրավունքների և պարտականությունների վրա, ուստի սույն վեճի հետ կապ չունեն և դրանց գնահատական չտալը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտում չէ:

Անահիտ Անիսոնյանը և Արմեն Ղազարյանն իրենց երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրականացման հարցում ունեն հակասական դիրքորոշում: Միայն Անահիտ Անիսոնյանի ցանկությունը և դիրքորոշումը բավարար չէ երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնելու համար, քանի որ չկա որևէ իրավական նորմ, որը, մի ծնողի ծնողական իրավունքները սահմանափակելով կամ դրանցից զրկելով, մյուս ծնողին կվերապահի ինքնուրույն կամ միանձնյա որոշելու երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրականացումը:

Անահիտ Անիսոնյանի գործողությունները` Հայկ Ղազարյանի բաժինն առանձնացնելու կամ դրա անհնարինության դեպքում բնակարանը հրապարակային սակարկություններով իրացնելու և բաժնի գումարը տրամադրելու պահանջը, չեն բխում Հայկ Ղազարյանի շահերից: Հայկ Ղազարյանի բաժինը կազմում է ընդհանուր գույքի արժեքի 20 տոկոսը, իսկ այդ գումարով Անահիտ Անիսոնյանը նոր բնակարան գնել չի կարող: Բացի այդ, գործում առկա չէ նաև Անահիտ Անիսոնյանի այդ պահանջն իրականացնելու համար խնամակալության և հոգաբարձության մարմնի թույլտվությունը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

1) Անահիտ Անիսոնյանի և Արմեն Ղազարյանի ամուսնությունը գրանցված է ՔԿԱԳ բաժնում:

2) 08.07.1994 թվականին ծնված Հայկ Ղազարյանը և 26.06.1999 թվականին ծնված Դավիթ Ղազայանն Անահիտ Անիսոնյանի և Արմեն Ղազարյանի որդիներն են:

3) Երևանի Վրացական փողոցի 10 շենքի թիվ 45 բնակարանի համասեփականատերերն են Ֆիրդուսի, Արմեն, Արմինե Ղազարյանները, Զեմֆիրա Բաբայանը և 1994 թվականին ծնված Հայկ Արմենի Ղազարյանը:

4) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման 07.09.2006 թվականի թիվ Ս/Շ ԵԼ-2762ա գրության համաձայն` Երևանի Վրացական փողոցի 10 շենքի թիվ 45 բնակարանից 1/5-րդ բաժինը կազմում է 5,9քմ մակերես, որն առանձնացնել տեխնիկապես հնարավոր չէ:

5) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 08.12.2006 թվականի վճռով` ըստ հայցի Անահիտ Անիսոնյանի ընդդեմ Արմեն Ղազարյանի` ալիմենտի պահանջի մասին, հաստատված է համարվել այն հանգամանքը, որ դատարանի 08.12.2006 թվականի վճռով Անահիտ Անիսոնյանը և Արմեն Ղազարյանն ամունալուծվել են, նրանց երեխաները` Հայկ և Դավիթ Ղազարյանները, մշտապես գտնվել են Անահիտ Անիսոնյանի խնամքին: 

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի՝ բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխան ունի իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրավունք: Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում են ծնողները (օրինական ներկայացուցիչները),: Նույն օրենսգրքի 52-րդ հոդվածի համաձայն՝ երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը դրվում է նրանց ծնողների վրա: Ծնողները համարվում են իրենց երեխաների օրինական ներկայացուցիչները և նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությամբ առանց լիազորագրի հանդես են գալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ ցանկացած հարաբերություններում, ինչպես նաև դատարանում, իսկ 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխաների շահերին հակառակ: Երեխաների շահերի ապահովումը պետք է լինի ծնողների հիմնական հոգածության առարկան: Ծնողական իրավունքներն ի վնաս երեխաների իրավունքների և շահերի իրականացնող ծնողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

Սույն քաղաքացիական գործով կայացված դատական ակտը վերանայելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում ընտանեկան օրենսդրության սկզբունքները: Մասնավորապես, ՀՀ ընտանեկան օրենսգրքի առաջին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետությունը երաշխավորում է երեխաների իրավունքների առաջնային պաշտպանությունը: Ընտանեկան օրենսդրությունը պահանջում է առաջին հերթին ելնել երեխաների շահերից, իրականացնել երեխաների իրավունքների պաշտպանությունը՝ ելնելով բացառապես երեխաների շահերից: ՀՀ ընտանեկան օրենսգրքի 52-րդ հոդվածը երեխաների իրավունքների պաշտպանությունը դնում է նրանց ծնողների վրա: Ընդ որում, ծնողները նրանց իրավունքները պաշտպանում են ոչ միայն երրորդ անձանց հետ հարաբերություններում, այլև երեխայի իրավունքները կարող են պաշտպանել մյուս ծնողից, եթե վերջինս ոչ միայն չի կատարում օրենսդրությամբ իր վրա դրված պարտականությունը, այլև խախտում է երեխայի իրավունքները:

Սույն քաղաքացիական գործով կարևոր է պարզել, թե որն է երեխայի շահը: Տվյալ դեպքում Անահիտ Անիսոնյանը երեխաների հետ ժամանակավորապես բնակվում է Երևանի Վարդանանց 5ա շենքի թիվ 262 բնակարանում: Նման պայմաններում ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքից երեխայի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու Անահիտ Անիսոնյանի պահանջը նպատակաուղղված է երեխայի բնակարան ունենալու իրավունքն ապահովելուն:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում առկա ապացույցները, գնահատման առարկա չի դարձրել այն հանգամանքը, թե արդյո՞ք Անահիտ Անիսոնյանը կարող է առանց սույն պահանջը ներկայացնելու պատշաճ պայմաններ ապահովել երեխաների բնակության իրավունքն ապահովելու համար: 

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում առկա փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով: 

 

Այսպիսով, բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների համաձայն, վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը 

 

Ո Ր Ո Շ Ե Ց 

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 14.03.2007 թվականի վճիռը` Հայկ Ղազարյանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասով և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ`

Ա. Մկրտումյան

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ`

Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

Է. Հայրիյան