Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.12.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.12.26/66.1
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
12.12.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
12.12.2007
Дата вступления в силу
12.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ

դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 07-2330

Քաղաքացիական գործ թիվ 3-1546(ՎԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Ն.Հովսեփյան
Դատավորներ` Մ.Ասատրյան
  Կ.Հակոբյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի դեկտեմբերի 12-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Հ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 18.07.2007 թվականի վճռի դեմ քաղաքացիական գործով ըստ Հ.Գրիգորյանի հայցի ընդդեմ Հ.Թադևոսյանի, Ս.Զարգարյանի՝ տան և հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, և ըստ Հ.Թադևոսյանի, Ս.Զարգարյանի հակընդդեմ հայցի՝ պայմանագրային պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1.Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է ճանաչել սեփականության իրավունքը ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ այգետարածքի 6-րդ թաղամասի թիվ 30 այգեգործական հողամասի և այգետնակի (այսուհետ՝ տուն և հողամաս) նկատմամբ:

Հակընդդեմ հայցով պատասխանողները պահանջել են որպես նախավճար վճարված 5.880.000 դրամը ի սեփականություն թողնել Հ.Թադևոսյանին և Ս.Զարգարյանին և հանձնել գույքը:

ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 14.05.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 18.07.2007 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հ.Գրիգորյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը բողոքի սույն հիմքը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

Հայցվորի և պատասխանողների միջև 28.06.2006 թվականին կնքված նախավճարի պայմանագրով տան և հողամասի առուվաճառքի պայմանագիր կնքելու համար, որպես նախավճար պատասխանողներին վճարվել է 5.880.000 դրամ, իսկ մնացած գումարը պետք է վճարվեր ութ ամսվա ընթացքում: Պայմանագիրը կնքելուց հետո պատասխանողների կողմից վիճելի տունը և հողամասը հանձնվել է հայցվորի տիրապետմանը: Հայցվորի կողմից պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարվել են պատշաճ՝ համապատասխան պարբերականությամբ կատարվել են նախատեսված վճարումները: Սակայն պատասխանողները հայցվորին վնաս պատճառելու մտադրությամբ անհիմն պատճառաբանություններով հրաժարվել են տան արժեքից մնացած 2.000 ԱՄՆ դոլար գումարը ստանալուց: Գործում առկա են ապացույցներ, որոնք հիմնավորում են այն հանգամանքը, որ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ հայցվորը կատարել է բոլոր անհրաժեշտ գործողությունները:

Հայցվորի կողմից նախավճարի պայմանագրով արդեն իսկ վճարված 5.880.000 ՀՀ դրամը յուրացնելու նպատակով պատասխանողը դիմել է Կոտայքի մարզի ոստիկանություն՝ ցանկանալով ամեն բան անել ձեռք բերելու համար թվացյալ հիմնավոր փաստաթղթեր այն մասին, թե իբր հայցվորը խախտել է նախավճարի պայմանագրով սահմանված պարտավորությունները: Պատասխանողի նշված գործողություններն իրականացվել են հայցվորին վնաս պատճառելու մտադրությամբ, ինչը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածով արգելվում է:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը, անտեսելով գործով ձեռք բերված ապացույցների իրական ապացուցողական նշանակությունը, վճռում նշել է, որ հայցվորը չի ցանկացել պատասխանողներին տալ գույքի արժեքից մնացած 2.000 ԱՄՆ դոլար գումարը: ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջների խախտումը կայանում է նրանում, որ դատարանը գործում առկա ապացույցների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ վերլուծություն չի կատարել, և որոշ ապացույցներ, մասնավորապես` հայցվորի կողմից ներկայացված Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 19.02.2007 թվականի որոշումն ընդհանրապես չի գնահատել և վերլուծել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 18.07.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 14.05.2007 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Հ.Գրիգորյանի և Հ.Թադևոսյանի ու Ս.Զարգարյանի միջև 28.06.2006 թվականին կնքված նախավճարի պայմանագրով տան և հողամասի (կողմերի համաձայնությամբ արժեքը կազմել է 9.240.000 դրամ) գնման պայմանով Հ.Թադևոսյանին և Ս.Զարգարյանին Հ.Գրիգորյանի կողմից վճարվել է 5.880.000 դրամ` որպես նախավճար (գ.թ.6): Տան և հողամասի արժեքի մնացած մասը կողմերի համաձայնությամբ պետք է վճարվեր մինչև 28.02.2007 թվականը (գ.թ.75),

2) Գործում առկա ստացականի համաձայն` 08.01.2007 թվականի դրությամբ հայցվորը տան և հողամասի արժեքից պարտք է մնացել պատասխանողներին 2.000 ԱՄՆ դոլար գումար (գ.թ.65):

3) Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 19.02.2007 թվականի որոշմամբ Հ.Գրիգորյանի հայցադիմումն ընդդեմ Հ.Թադևոսյանի, Ս.Զարգարյանի` նախավճարի պայմանագրի հիման վրա տան և հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, վերադարձվել է (գ.թ.8):

4) ՀՀ արդարադատության նախարարության նոտարիատի բաժնի պետի 27.03.2007 թվականի թիվ Ե-1526 գրությամբ հայցվորի դիմումին ի պատասխան հայտնվել է, որ ՀՀ նոտարները դեռևս չունեն դեպոզիտային հաշիվներ (գ.թ. 112):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն գործով կողմերի միջև 28.06.2006 թվականին կնքված նախավճարի պայմանագրով տան և հողամասի, որի արժեքը կողմերի համաձայնությամբ կազմել է 9.240.000 դրամ, գնման պայմանով հայցվորի կողմից պատասխանողներին վճարվել է 5.880.000 դրամ՝ որպես նախավճար: Տան և հողամասի արժեքի մնացած մասը կողմերի համաձայնությամբ պետք է վճարվեր մինչև 28.02.2007 թվականը: Պայմանագիրը կնքելուց հետո վիճելի տունը և հողամասը հանձնվել է հայցվորի տիրապետմանը, որի ընթացքում վճարումներին զուգընթաց հայցվորի կողմից կատարվել են վերանորոգման և այլ բարելավման աշխատանքներ:

Գործում առկա ստացականի համաձայն` 08.01.2007 թվականի դրությամբ հայցվորը տան և հողամասի արժեքից պարտք է մնացել պատասխանողներին 2.000 ԱՄՆ դոլար գումար (գ.թ.65): Պատասխանողը հրաժարվել է նախավճարի պայմանագրով սահմանված պայմանները կատարելուց, այն է` նշված 2.000 ԱՄՆ դոլար գումարն ընդունելուց` զրկելով հայցվորին պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման հնարավորությունից, որպիսի հանգամանքը հիմնավորվում է տան բանալիները վերադարձնելու վերաբերյալ հայցվորին հասցեագրված գրավոր պահանջներով, որոնք Հ.Գրիգորյանին ուղարկվել և վերջինիս կողմից ստացվել են մինչև 28.02.2007 թվականը, այսինքն` մինչև վճարման պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետի ավարտը: Նշվածից բխում է, որ հայցվորի կողմից պարբերաբար վճարված գումարների ողջամիտ հաճախականության պայմաններում գույքի արժեքից մնացած 2.000 ԱՄՆ դոլար գումարն ընդունելուց պատասխանողի հրաժարվելն, ինչպես նաև տան բանալիները վերադարձնելու և գույքն ազատելու պահանջներն անհիմն են:

Փաստորեն, պատասխանողն առանց հիմնավոր պատճառների, հրաժարվել է անշարժ գույքի առուվաճառքի գործարքից՝ չարաշահելով իր իրավունքը, ինչը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն չի թույլատրվում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 366-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ պարտապանն իրավունք ունի իրենից գանձվելիք դրամը կամ արժեթղթերը մուծել նոտարի դեպոզիտ, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ դատարանի դեպոզիտ, եթե նա չի կարողանում կատարել պարտավորությունը, քանի որ պարտատերը խուսափել է կատարումն ընդունելուց կամ թույլ է տվել այլ կետանց: Պատասխանողի կողմից անշարժ գույքի արժեքից մնացած մասը ստանալուց հրաժարվելու պատճառով հայցվորը նշված հոդվածով սահմանված պահանջների պահպանմամբ փորձել է վճարման պարտավորություններն ամբողջությամբ կատարելու համար 2.000 ԱՄՆ դոլար մնացորդ գումարը վճարել նոտարի դեպոզիտ, սակայն հայցվորի դիմումին ի պատասխան 27.03.2007 թվականի գրությամբ ՀՀ արդարադատության նախարարության նոտարիատի բաժնի պետը հայտնել է, որ ՀՀ նոտարները դեռևս չունեն դեպոզիտային հաշիվներ: Ավելին, Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանին հասցեագրված 11.05.2007 թվականի գրությամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության նոտարիատի բաժնի պետը հայտնել է, որ մինչև վճարման պարտավորության կատարման ժամկետի լրանալը (28.02.2007 թվականը)՝ 21.02.2007 թվականին հայցվորը դիմել է նոտարի դեպոզիտ հաշվի կապակցությամբ:

Փաստորեն, սահմանված ժամկետում վճարման պարտավորությունների կատարման ուղղությամբ հայցվորը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված համապատասխան գործողությունները կատարել է: Հետևաբար, սահմանված ժամկետում տան և հողամասի արժեքից մնացած գումարի վճարումից հայցվորի կողմից հրաժարվելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը հիմնավոր չէ:

Բացի այդ, պատասխանողների կողմից գույքի արժեքից մնացած մասը ստանալուց հրաժարվելու պատճառով հայցվորն իր իրավունքների պաշտպանության համար, վճարման պարտավորությունների կատարման ժամկետի սահմաններում տան և հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին Հ.Թադևոսյանի, Ս.Զարգարյանի դեմ հայց է ներկայացրել Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարան, սակայն դատարանի 19.02.2007 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է, որից հետո հայցվորը 23.02.2007 թվականին ներկայացրել է սույն հայցադիմումը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել հայցվորի կողմից դատարան ներկայացված՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 19.02.2007 թվականի որոշումը (գ.թ.8)՝ վճռում նշելով, որ հայցադիմումը վերադարձնելու վերաբերյալ դատարանի որոշում առկա չէ:

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածի պահանջների խախտումներն առկա են, ինչը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների համաձայն Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու հիմք է:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ: ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Բացի այդ, սույն գործով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու լիազորությունն իրականացնելիս Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տան և հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հարցը լուծելիս անհրաժեշտ է լուծել նաև նշված անշարժ գույքի արժեքից մնացած 2.000 ԱՄՆ դոլար գումարի բռնագանձման հարցը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 18.07.2007 թվականի վճիռը և այն փոփոխել: ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ այգետարածքի 6-րդ թաղամասի թիվ 30 այգեգործական հողամասի և այգետնակի նկատմամբ ճանաչել Հրաչյա Գրիգորյանի սեփականության իրավունքը: Հրաչյա Գրիգորյանից հօգուտ Հայրապետ Թադևոսյանի և Սուսաննա Զարգարյանի բռնագանձել 2000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Ա. Մկրտումյան

Դատավորներ՝

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

  Է. Հայրիյան
 

Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան