Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-720
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.12.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.12.26/66(590) Հոդ.1341
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
11.12.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
11.12.2007
Дата вступления в силу
11.12.2007

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

11 դեկտեմբերի 2007 թ.

ՔԱՂԱՔԱՑԻ ԷՄՄԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 419 ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝

դիմող` քաղ. Է. Կարապետյանի,

գործով որպես պատասխանող ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 46 հոդվածի համաձայն` սահմանադրական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Ա. Սարգսյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Էմմա Կարապետյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419 հոդվածի 6-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղ. Է. Կարապետյանի` 29.08.2007 թ. դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թ. հունվարի 12-ից:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող 419 հոդվածը փոփոխվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2006 թվականի հուլիսի 7-ին ընդունված` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419 հոդվածը վերնագրված է «Բողոքը քննող դատարանի որոշումները», որը 2006 թվականի հուլիսի 7-ի խմբագրությամբ սահմանում է.

«Դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը`

1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանների կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտերը թերի պատճառաբանված, սխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված են, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է լրացուցիչ նախաքննության կամ համապատասխան ստորադաս դատարան` այլ կազմով նոր քննության: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է oրինական ուժի մեջ.

3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը.

4) բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի դատական ակտը, եթե ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս նման փոփոխության, և դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.

5) կարճում է գործի վարույթը և դադարեցնում քրեական հետապնդումն ամբողջությամբ կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում քաղաքացիական հայցն ամբողջությամբ կամ դրա մի մասը, եթե գործի վարույթը կարճելու կամ քաղաքացիական հայցն առանց քննության թողնելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ.

6) վերաքննիչ դատարանի դատական ակտը վերանայելիս oրինական ուժ է տալիս առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի դատական ակտերից որևէ մեկին»:

 

2. Դիմողը դիմումին կից ՀՀ սահմանադրական դատարան է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 26.03.2007 թ., ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 14.05.2007 թ. և ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 13.07.2007 թ. որոշումները:

Վերոհիշյալ դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանն իր 26.03.2007 թ. որոշմամբ մերժել է քաղ. Է. Կարապետյանի` ՀՀ գլխավոր դատախազության անգործության դեմ բերված բողոքը, իսկ որոշման եզրափակիչ մասում ամրագրել է, որ տվյալ որոշումը ենթակա չէ բողոքարկման: ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը, քննության առնելով քաղ. Է. Կարապետյանի վերաքննիչ բողոքը, իր 14.05.2007 թ. որոշմամբ բավարարել է այն և բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 26.03.2007 թ. որոշումը: ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից բերված վճռաբեկ բողոքը, իր 13.07.2007 թ. որոշմամբ անհիմն համարելով բողոքատուի այն փաստարկը, որ ՀՀ քր. դատ. օր.-ի 278 հոդվածով նախատեսված` հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումները չեն կարող բողոքարկվել վերաքննիչ դատարան, բայցևայնպես, հիմնավոր համարելով առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումը, կիրառելով ՀՀ քր. դատ.օր.-ի 419 հոդվածի 6-րդ կետը` բեկանել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 14.05.2007 թ. որոշումը և օրինական ուժ է տվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի որոշմանը:

Դիմողը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իր գործով կիրառելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419 հոդվածի 6-րդ կետը` իրեն զրկել է ՀՀ Սահմանադրության 19 հոդվածի հիմքերով իր խախտված իրավունքները դատական կարգով վերականգնելու հնարավորությունից, խախտել է Սահմանադրության 19 հոդվածով նախատեսված իր սահմանադրական իրավունքը, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419 հոդվածի 6-րդ կետով սահմանված դրույթն անհրաժեշտ է ճանաչել ՀՀ Սահմանադրության 19 հոդվածի պահանջներին հակասող և անվավեր:

 

3. Պատասխանողը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 19 հոդվածով երաշխավորված` յուրաքանչյուրի` իր խախտված իրավունքները վերականգնելու համար հավասարության պայմաններում անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը ենթադրում է յուրաքանչյուր գործով դատարանի կողմից համապատասխան դատավարական փաստաթղթում իր դիրքորոշման արտահայտում: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով վճռաբեկ դատարանի կողմից կայացվող որոշումների տեսակների սահմանումը պայմանավորված է ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակով, ներհամակարգային գործառութային տարանջատման սկզբունքի վրա հիմնված դատական համակարգում վճռաբեկ դատարանի դերով և նշանակությամբ, իր կարգավիճակից բխող լիազորությունների առանձնահատկությամբ:

Ըստ պատասխանող կողմի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419 հոդվածի 6-րդ կետում և ՀՀ դատական օրենսգրքի 60 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում ամրագրված` վճռաբեկ դատարանի եզրափակիչ որոշման նոր տեսակը ոչ միայն չի հակասում ՀՀ Սահմանադրության 19 հոդվածին, այլ, ընդհակառակը, այն կարելի է դիտել որպես նշված հոդվածում ամրագրված իրավունքի իրականացման գործուն երաշխիք: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով վերաքննիչ դատարանի դատական ակտը, օրինական ուժ է տալիս առաջին ատյանի դատարանի` իր կարծիքով արդարացի դատական ակտին: Օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին` վճռաբեկ դատարանը դրանով իսկ հաստատում է, որ առաջին ատյանի դատարանում գործի քննությունն իրականացվել է հավասարության և հրապարակայնության պայմաններում, ողջամիտ ժամկետներում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից:

Վճռաբեկ դատարանի եզրափակիչ որոշման նոր տեսակը նպաստում է նաև դատական ակտերի շրջապտույտի կանխմանը` ապահովելով դատավարական խնայողության և ՀՀ Սահմանադրության 19 հոդվածով երաշխավորված` «դատավարության ողջամիտ տևողության» սկզբունքների իրացումը:

Պատասխանողը գտնում է, որ դիմողի փաստարկները հիմնավոր չեն, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419 հոդվածի 6-րդ կետով սահմանված դրույթը չի հակասում ՀՀ Սահմանադրության 19 հոդվածի պահանջներին և դիմումը ենթակա է մերժման:

 

4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը, հռչակելով իրեն որպես իրավական պետություն, ՀՀ Սահմանադրության 19 հոդվածով հստակ նախատեսում և երաշխավորում է յուրաքանչյուր անձի` իր խախտված իրավունքները դատական կարգով պաշտպանելու իրավունքը` օրենքով սահմանված ձևերով ու ծավալով: Սահմանադրության 19 հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք»:

Մի շարք միջազգային պայմանագրերով, մասնավորապես` Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով (10 հոդված), Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով (6 հոդված), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով (14 հոդված) և այլ իրավական ակտերով Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է պարտավորություններ` երաշխավորելու անձանց` իրենց խախտված իրավունքները վերականգնելու և անկախ ու անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իրենց գործի հրապարակային քննության իրավունքը:

 

5. ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակով և դատական համակարգում նրա դերով են պայմանավորված դատական բողոքարկման հարաբերությունների կարգավորման բնագավառում 2006 թվականի հուլիսի 7-ի օրենսդրական փոփոխությունները, որի արդյունքում վճռաբեկ դատարանին, ի լրումն այլ լիազորությունների, իրավունք է վերապահվում օրինական ուժ տալ ստորադաս դատարանների դատական ակտերից մեկին, որը հիմնավոր կհամարվի` դրանով իսկ եզրափակելով տվյալ գործով քննությունն ընդհանուր իրավասության դատարաններում:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419 հոդվածի նախորդ խմբագրությունը հանգեցնում էր նրան, որ երբեմն պրակտիկայում հնարավոր չէր լինում խուսափել այնպիսի դեպքերից, երբ գործի քննությունն ընկնում էր շրջապտույտի մեջ և դատական քաշքշուկի պատճառով ստեղծվում էր ՀՀ Սահմանադրության 19 հոդվածով, Եվրոպական կոնվենցիայի 6 հոդվածով և մի շարք այլ իրավական ակտերով երաշխավորված` ողջամիտ ժամկետներում գործի քննության իրավունքի խախտման վտանգ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419 հոդվածի 3, 4 և 6 կետերով նախատեսված լիազորությունների համադրված վերլուծությունը վկայում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանին նման լիազորություններ վերապահելը նպատակ է հետապնդել կանխելու այն դատական շրջապտույտը, որը գոյություն է ունեցել մինչ այդ: Այդ լիազորությունների միջոցով դատական շրջապտույտի կանխումն իր հերթին հնարավորություն է ընձեռում երաշխավորել դատաքննությունը ողջամիտ ժամկետում կազմակերպելու սահմանադրաիրավական պահանջի իրացումը, ինչպես նաև ապահովել իրավական որոշակիության սկզբունքի իրացումը:

 

6. Հարցն է´լ ավելի է կարևորվում, երբ խոսքը վերաբերում է քրեական դատավարությանը, երբ գործի քննության անհարկի ձգձգումների պայմաններում, օրինակ, անձը շարունակում է գտնվել անազատության մեջ: Այս հարցի առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումն արտահայտված է ՍԴՈ-710 որոշման մեջ:

Համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման` ճանաչվում է քրեական գործով հետապնդվող յուրաքանչյուր անձի` ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը: Կոնկրետ քրեական դատավարության ձգձգումների առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցնում է պետություններին ստեղծել այնպիսի իրավական դաշտ և դատական համակարգ, որի պայմաններում կպաշտպանվեն մեղադրյալների` Եվրոպական կոնվենցիայի 6 հոդվածով երաշխավորված իրավունքները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր վճիռներում բազմիցս բացասական դիրքորոշում է արտահայտել հսկողական վարույթի շրջանակներում օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի վերաբերյալ: Ըստ եվրոպական դատարանի` նման դատավարական ընթացակարգի կիրառման արդյունքում խախտվում են դատաքննությունը ողջամիտ ժամկետում կազմակերպելու կոնվենցիոն պահանջը, ինչպես նաև իրավական որոշակիության սկզբունքը, որը, ի թիվս այլ խնդիրների, պահանջում է, որ դատարանների ուժի մեջ մտած որոշումները կրկին չդառնան քննության առարկա:

 

7. Սահմանադրական դատարանը միաժամանակ ընդգծում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419 հոդվածի 6-րդ կետով նախատեսված լիազորությունը ՀՀ վճռաբեկ դատարանը կարող է կիրառել բոլոր այն դեպքերում, երբ գործի փաստական հանգամանքները չեն փոխվում և´ առաջին ատյանի դատարանի, և´ վերաքննիչ դատարանի դատաքննության արդյունքում, և դատավճիռներով հաստատված միևնույն փաստը տարբեր դատարանների կողմից տարբեր քրեաիրավական գնահատականի է արժանանում: Նման գործը վճռաբեկության կարգով վերանայելիս ՀՀ վճռաբեկ դատարանը կարող է ուժի մեջ թողնել իրար հակասող դատական ակտերից մեկը: Այդպիսի որոշման հիմք կարող է հանդիսանալ միայն որևէ ատյանի դատարանի կողմից քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառումը:

Նման գործերի քննության ժամանակ պետք է հաշվի առնվեն նաև ՀՀ քր. դատ. օր.-ի 397 հոդվածով նախատեսված դատավարության սկզբունքները:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419 հոդվածի 6-րդ կետը սահմանադրականության խնդիր չի առաջացնում և վճռաբեկ դատարանին վերապահված լիազորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրությամբ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորված` ողջամիտ ժամկետներում դատական քննության իրավունքին: Հիշյալ լիազորությունների բացակայությունը, ընդհակառակը, կարող է վտանգել դատական պաշտպանության, արդար դատաքննության, ողջամիտ ժամկետներում դատաքննության իրավունքները: Այնուամենայնիվ, տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու, իրավական որոշակիությունն ապահովելու առումով ճիշտ կլիներ օրենքում հնարավորինս հստակեցնել այն հիմքերը, որոնք դատարանին հնարավորություն են տալիս կիրառել նշված լիազորությունը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419 հոդվածի 6-րդ կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


11 դեկտեմբերի 2007 թ.
ՍԴՈ-720