Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.10.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.12.21/65.1
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
26.10.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
26.10.2007
Дата вступления в силу
26.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ 

 

Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի որոշում

Գործ ՎԲ - 179/07

կայացրած կազմը

Նախագահող դատավոր՝ Վ. Գրիգորյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

26 հոկտեմբերի 2007 թ.

 ք. Երևան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Տ. Սահակյանի

մասնակցությամբ դատավորներ

Դ. Ավետիսյանի

Հ. Ասատրյանի

Հ. Ղուկասյանի

Մ. Սիմոնյանի

Ս. Օհանյանի

քարտուղար՝

Ք. Մարտիրոսյանի

մասնակցությամբ դատախազ՝

Ա. Սիրունյանի

դատապարտյալ՝

Ի. Ռուշանյանի

 

 

դռնբաց դատական նիստում, քննելով Իշխան Հովսեփի Ռուշանյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հունիսի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանի վճռաբեկ բողոքը, 

 

Պ Ա Ր Զ Ե Ց 

 

1. Գործի դատավարական նախապատմությունը. 

 

Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի նոյեմբերի 29-ի դատավճռով Իշխան Ռուշանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով և 292-րդ հոդվածի

1-ին մասի 2-րդ կետով ու ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել ազատազրկման` 1 /մեկ/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով, 292-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` տուգանքի` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով` 300.000 ՀՀ դրամ: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ կետի կիրառմամբ պատիժները մասնակի գումարելու միջոցով Ի.Ռուշանյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 1 /մեկ/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով և տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով ` 200.000 ՀՀ դրամ: Պատժի սկիզբը հաշվվել է 30.11.2006թ.

Միաժամանակ վճռվել է Ի.Ռուշանյանից հօգուտ տուժողի իրավահաջորդ Ռ.Գալստյանի բռնագաձել 800.000 /ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ` որպես թաղման ծախսերի փոխհատուցում:

Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի նոյեմբերի 29-ի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք չի բերվել, և այն մտել է օրինական ուժի մեջ:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովը 2007 թվականի հունիսի 6-ին միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան` Իշխան Ռուշանյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին:

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հունիսի 29-ի որոշմամբ բավարարվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի միջնորդությունը, և դատապարտյալ Ի.Ռուշանյանը պայմանական վաղաժամկետ ազատվել է նշանակված պատժի չկրած մասի` 11 /տասնմեկ/ ամիս ժամկետով ազատազրկում կրելուց:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2007թ. հոկտեմբերի 3-ի որոշմամբ 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ընդունվել է վարույթ:  

 

2. Գործի փաստական հանգամանքները. 

 

Իշխան Ռուշանյանը 2006 թվականի հունիսի 30-ին Կոտայքի մարզի Հանքավան գյուղի տարածքով հոսող Մարմարիկ գետում զանգվածային ոչնչացման եղանակով` հոսանքալարերի օգնությամբ, բեղլու և այլ տեսակի ձկներ է ապօրինի արդյունահանել, որի ընթացքում` ժամը 13.30-ի սահմաններում, գետի հուն մտած Դավիթ Ռոբերտի Գալստյանը, անզգուշությամբ ձեռք տալով գետի ջրերում գտնվող հոսանքալարերին, էլեկտրահարվել է և մահացել:  

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. 

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոքաբերը գտնում է, որ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը, Ի.Ռուշանյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը քննելիս թույլ է տվել նյութական իրավունքի նորմի խախտում, այն է` չի կիրառել այն օրենքը, որը պետք է կիրառեր:

Համաձայն բողոքի` դատարանը Ի.Ռուշանյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելիս գնահատել է քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում վերջինիս կողմից խախտումներ թույլ չտալու և դրականորեն բնութագրվելու հանգամանքները` անտեսելով, որ Ի.Ռուշանյանը տուժողի իրավահաջորդին ամբողջ ծավալով չի փոխհատուցել դատավճռով սահմանված գումարը: Մինչդեռ, ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի համաձայն` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելիս դատարանը հաշվի է առնում դատապարտվածի կողմից տուժողին պատճառված վնասը հարթելու հանգամանքը, որը դատարանը տվյալ դեպքում հաշվի չի առել և որոշման մեջ չի գնահատել: Բացի այդ, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատում չի կիրառվում, երբ հանցագործությունը առաջացրել է մարդու մահ, և դատապարտյալն ամբողջությամբ չի հարթել տուժողին պատճառված վնասը:

Վերը նշված հիմնավորումներով վճռաբեկ բողոքում խնդրվում է բեկանել Իշխան Հովսեփի Ռուշանյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հունիսի 29-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության: 

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը սահմանում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հիմքերը, որի 1-ին մասի համաձայն` ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրող անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի: Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելիս դատարանը հաշվի է առնում նաև դատապարտվածի կողմից տուժողին պատճառված վնասը հարթելու հանգամանքը:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով կարող է փոխարինվել, եթե դատապարտյալը փաստացի կրել է պատժի` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով դրա համար սահմանված նվազագույն ժամկետը:

Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատում կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինում չի կիրառվում, երբ հանցագործության կատարմամբ մարդու առողջությանը պատճառվել է վնաս կամ առաջացրել է մարդու մահ, և դատապարտյալն ամբողջությամբ չի հարթել տուժողին պատճառված վնասը:

Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի նոյեմբերի 29-ի դատավճռով Ի.Ռուշանյանը դատապարտվել է ազատազրկման` 1 տարի 6 ամիս ժամկետով և տուգանքի` 200.000 ՀՀ դրամի չափով: Միաժամանակ վճռվել է Ի.Ռուշանյանից հօգուտ տուժողի իրավահաջորդի բռնագանձել 800.000 ՀՀ դրամ` որպես թաղման ծախսերի փոխհատուցում:

Ինչպես երևում է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի ներկայացրած 2007 թվականի հունիսի 20-ի միջնորդությունից` Ի.Ռուշանյանը դատավճռով սահմանված 800.000 ՀՀ դրամ հօգուտ տուժողի իրավահաջորդի փոխհատուցումից մուծել է ընդամենը 15.000 ՀՀ դրամը:

2007 թվականի հունիսի 29-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդագրի հիման վրա քննարկելով դատապարտյալ Ի.Ռուշանյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը, հանգել է հետևության, որ դատապարտյալ Ի.Ռուշանյանն ապացուցել է իր ուղղված լինելը, նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի և բավարարել է միջնորդությունը: Այդ որոշումը դատարանը հիմնավորել է հետևյալ հանգամանքներով. Ի.Ռուշանյանը դատավճռով նշանակված պատժից կրել է 1/3- ից ավելին, պատիժը կրելու ընթացքում կարգապահական խախտումներ թույլ չի տվել, բնութագրվում է դրական, իր օրինակելի վարքագծով ապացուցել է հաստատապես ուղղման ճանապարհ բռնած լինելը: Սակայն դատարանն անտեսել է ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը և չի անդրադարձել դատապարտյալի կողմից տուժողին պատճառված վնասի հարթման հարցի քննարկմանը: Մինչդեռ, ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այդ հանգամանքը հաշվի առնելու անհրաժեշտությունը, իսկ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատումը կամ պատժի չկրած մա սն ավելի մեղմ պատժատե սակով փոխարինումն արգելող ուղղակի նորմ այն դեպքերում, երբ հանցագործության կատարմամբ մարդու առողջությանը պատճառվել է վնա ս կամ առաջացրել է մարդու մահ, և դատապարտյալն ամբողջությամբ չի հարթել տուժողին պատճառված վնա սը:

Ինչպես երևում է Ի.Ռուշանյանի վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 29.11.2006 թվականի դատավճռից` դատապարտյալի գործողությունների հետևանքով անզգուշությամբ մահ է պատճառվել:

Այսպիսով, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը դատապարտյալ Ի.Ռուշանյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը քննելիս թույլ է տվել նյութական իրավունքի նորմի խախտում, այն է` չի կիրառել այն հոդվածը, որը ենթակա էր կիրառման: Այսինքն` առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Հետևաբար` դատապարտյալ Ի.Ռուշանյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ դատարանի 29.06.2007 թվականի որոշումն օրինական և հիմնավորված չէ:

Վերը նշված հիմնավորումները հիմք են Ի.Ռուշանյանի վերաբերյալ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան 2007 թվականի հունիսի 29-ի որոշումը բեկանելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում քննարկվող հարցերով առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը 

 

Ո Ր Ո Շ Ե Ց 

 

Վճռաբեկ բողոքը բավարարել:

Բեկանել Իշխան Հովսեփի Ռուշանյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հունիսի 29-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման: 

 

Նախագահող`

Տ. Սահակյան

Դատավորներ`

Դ. Ավետիսյան

Հ. Ասատրյան

Հ. Ղուկասյան

Մ. Սիմոնյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան