Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.11.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.04.06/21(393)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
09.11.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
09.11.2007
Дата вступления в силу
09.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ Արմավիրի մարզի

առաջին ատյանի դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 2-1080

Քաղաքացիական գործ թիվ 3-1298(Ա)

2007 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Ադամյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

2007 թվականի նոյեմբերի 9-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Տոսյա Թադևոսյանի վճռաբեկ բողոքը Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ դատարան) 10.05.2006 թվականի թիվ 2-1080 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ ըստ Կարինե Մնացականյանի դիմումի՝ փաստացի տիրապետման եղանակով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Կարինե Մնացականյանը պահանջել է ճանաչել հանգուցյալ քույրերի ժառանգությունը փաստացի տիրապետման եղանակով ընդունած ժառանգ, ինչպես նաև ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը բնակելի տան և հողամասի բաժնի նկատմամբ:

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 10.05.2006 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել է Տոսյա Թադևոսյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դատավարական իրավունքի խախտում, ինչպես նաև չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 166-րդ, 167-րդ, 172-րդ, 178-րդ, 187-րդ, 189-րդ, 191-րդ, 192-րդ և 198-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը վճիռ է կայացրել սեփականատեր ունեցող գույքի վերաբերյալ: Բողոք բերած անձը փաստացի տիրապետում է այն և չի կատարել այնպիսի գործողություններ, որոնք վկայեն այդ գույքի սեփականությունից նրա հրաժարվելու մասին:

Ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչելով դիմումատուի սեփականությունը, դատարանի վճռում չի նշվել, թե ինչ ապացույցների հիման վրա է այն ճանաչվել տիրազուրկ:

Դատարանի վճռում լուծվել է նաև վիճելի տանը կից տնամերձ հողամասի հարցը` այն նույնպես ամբողջությամբ ճանաչելով դիմողի սեփականությունը, այն դեպքում, երբ դատարանների վճիռներով տնամերձ հողամասը չի տնօրինվել և օգտագործման կարգ չի սահմանվել քույրերի միջև և, հետևաբար, մինչև օրս մնացել է որպես ընդհանուր օգտագործման հողամաս:

Դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 10.05.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի այն փաստը, որ Տոսյա Թադևոսյանը սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել:

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով դիմողի սեփականության իրավունքը ճանաչելով, դատարանը վճիռ է կայացրել Տոսյա Թադևոսյանի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, որը գործի քննությանը մասնակից չի դարձվել:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձը զրկված է եղել դատարանում իր դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորությունից: Արդյունքում խախտվել է անձի՝ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ հավաuարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը (արդար դատաքննության իրավունք):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը սահմանում է վճռի՝ բոլոր դեպքերում բեկանման ենթակա լինելու մասին դրույթ այն դեպքերի համար, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

Այսպիսով` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջների խախտումը բավարար հիմք է դատարանի 10.05.2006 թվականի վճիռը բեկանելու համար, որի պայմաններում Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքում նշված մյուս փաստարկների իրավական վերլուծությանը չի անդրադառնում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 10.05.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

 

Ս. Գյուրջյան

 

Է. Հայրիյան

 

Ս. Սարգսյան