«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
11 դեկտեմբերի 2003 թվականի N 1687-Ա
ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով վերցնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության «Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Դիլիջանի Մաքսիմ Գորկու N 3 հասցեում գտնվող շենքերը, կառուցվածքները և փոխանցվող հարմարանքները` 8 հատ (այսուհետ` գույք) և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
1.2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով 2003 թվականի oգոստոսի 7-ին գնահատված 10959,14 հազար դրամ արժեք ունեցող` սույն որոշման 1.1-ին կետում նշված գույքը և դրան հարող 6 հեկտար հողատարածքը կադաստրային արժեքով վաճառել Գ. Ծառուկյանին (անձնագիր` AE 0580303) (այսուհետ` գնորդ):
1.3. Սահմանել գույքի վաճառքի գինը` 7,0 մլն դրամ:
1.4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշիվներին վճարել սույն որոշման 1.2-րդ կետում նշված հողատարածքի կադաստրային արժեքը և 1.3-րդ կետով սահմանված գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը.
գ) 4 տարվա ընթացքում գույքի վերանորոգման նպատակով ներդնել 80 մլն դրամ, հետևյալ համամասնությամբ`
2006 թվականին` 20 մլն դրամ.
2007-2009 թվականներին` ևս 60 մլն դրամ:
(«գ» ենթակետը խմբ. 09.02.06 N 148-Ա, 25.01.08 N 50-Ա)
1.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 1.4-րդ կետի «ա» ենթակետում նշված վճարումները կատարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
1.6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում կատարել սույն որոշման 1.1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքները:
2.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինության` Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 29-ի փողոցի N 3 շենքը Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով 2003 թվականի oգոստոսի 19-ին գնահատված 2218,63 հազար դրամ արժեք ունեցող շենքը` 383,54 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, վաճառել դրա վարձակալ «Շուշան և Մհեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գտնվելու վայրը` Տավուշի մարզ, քաղ. Նոյեմբերյան, Դպրոցականների փող., շենք 42, բն. 9) (այսուհետ` գնորդ):
2.2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 555000 դրամ:
2.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 2.2-րդ կետով սահմանված գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը.
գ) 2 տարվա ընթացքում գույքի վերանորոգման նպատակով ներդնել 3,0 մլն դրամ`
1-ին տարում` 1,0 մլն դրամ,
2-րդ տարում` 2,0 մլն դրամ:
2.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 2.3-րդ կետի «ա» ենթակետում նշված վճարումը կատարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|